Անքնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անքնություն
Տեսակ հիվանդություն
Ենթադաս քնի խանգարում
Բժշկական մասնագիտություն նյարդաբանություն
ՀՄԴ-9 307.42, 307.41, 327.0, 780.51 և 780.52
ՀՄԴ-10 F51.0 և G47.0
Հիվանդությունների բազա 26877
MedlinePlus 000805
eMedicine 1187829
MeSHID D007319
Insomnia Վիքիպահեստում

Անքնություն, գիշերային քնի խանգարումների (դժվար քնելը, վաղ արթնանալը, գիշերվա ընթացքում հաճախ արթնանալը և, վերջապես, գիշերային քնի լրիվ բացակայությունը) ընդհանուր անվանումը։ Ժամանակակից բժշկություն հիմնախնդիրներից մեկն է, որը լինելով շատ տարածված, իսկ քնաբանության մեջ ամենատարածված ախտորոշումը, և առնչվելով առողջական այլ խնդիրների հետ, հասցնում է մարդու ֆիզիկական և սոցիալական առողջությանը լուրջ վնասներ։ Այն լինում է առաջնային (առանց առկա պատճառի) և երկրորդային (որևէ այլ ախտաբանական վիճակի հետևանք), և ուղեկցվում է քնի անցնելու կամ քունը պահպանելու հաճախ կրկնվող դժվարությամբ։ Չնայած նրան, որ գոյություն ունեն անքնության բուժման դեղորայքային և վարքային հոգեբանական եղանակներ, միշտ չէ, որ դրանք օգնում են հասնել բավարար արդյունքի։ Անքնության պատճառով թե մարդկանց առողջությունը, թե հասարակական կյանքը ենթարկվում են լուրջ փորձությունների։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական առանձնահատկություններին համապատասխան խոր քնի ժամանակ դրա խանգարումներն առաջանում են տարբեր ազդեցություններից։ Մի շարք հիվանդությունների, օրինակ՝ նևրոզների, ալկոհոլամոլության ժամանակ քնի խանգարումը պարտադիր ախտանշան է։ Անքնության պատճառ կարող են դառնալ քնի նույնատիպության հարկադրական խանգարումը (գիշերային աշխատանքը, ուշ ժամերին պարապմունքները), անսովոր տեղում գիշերելը, ցերեկը կրած ապրումները (վատ քնող մարդու համար բավական է ամենաչնչին առիթը), սկսվող հիվանդությունը։ Հաճախ տարեց, ծեր մարդկանց քնի և արթնացման կարգը փոխվում է, քունը դառնում է ավելի մակերեսային, կարճատև, որը պայմանավորված է նրանց օրգանիզմի տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Բնորոշում և կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում անքնությամբ տառապող անձանց թիվը 100 000 բնակչության հաշվով, ըստ 2002 թվականի տվյալների
     տվյալներ չկան      25-ից քիչ      25–30.25      30.25–36      36–41.5      41.5–47      47–52.5      52.5–58      58–63.5      63.5–69      69–74.5      74.5–80      ավելի քան 80

Անքնությունը (ինսոմնիան)` քնի խանգարման տեսակ է, որի ժամանակ, չնայած քնի համար հարմար հնարավորությանը և իրավիճակին, հայտնվում է քնի անցնելու, քունը պահպանելու շարունակ դժվարություն, նորմայից ավելի վաղ ժամերի արթնանալու կամ վերականգնող հատկությունը կորցնելու տեսքով, երեխաների մոտ քնի խնդիրը հայտնում է ծնողը, որը կարող է նշել քնի անցնելիս դիմադրություն կամ առանց ծնողի ներկայության քնելու անկարողություն։ Վերը նշվածը պետք է ուղեկցվի ցերեկային ժամերին ինքնազգացողության վատացմամբ։ Անքնության ստորև բերված ցերեկային նշաններից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է. հոգնածություն, տրամադրության անկում և դյուրագրգիռություն, ուշադրության, հիշողության ու կենտրոնացման վատացում, հասարակական կամ հանգստյան ակտիվության պակաս, կամ դպրոցում ցածր առաջադիմություն, ցերեկային քնկոտություն, մոտիվացիայի ու նախաձեռնողականության պակաս, աշխատավայրում կամ մեքենա վարելիս սխալներ գործելու կամ վթարներ ունենալու հակվածություն, լարվածություն, գլխացավ ու ստամոքսաղիքային ախտանշաններ` քնի պակասի հետևանքով, քնի հետ կապված մտահոգություն և անհանգստություն։ Ծանր անքնությունը կարող է հանգեցնել արտահայտված հոգեկան (դեպրեսիվ և տագնապային խանգարումներ) և սրտանոթային հիվանդացության։ Հայտնի է, որ այն բազմաթիվ ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների պատճառ է հանդիսանում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքնության հնարավոր բարդությունները։[1]

Այն դասակարգվում է կլինիկորեն, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասակարգումների մեջ է ներառված։ Վերջիններից կիրառելիությամբ առանձնացվում են հիվանդությունների միջազգային դասակարգումը (ICD-10), հոգեկան հիվանդությունների դասակարգումը (DSM-5), և առավել նեղ մասնագիտացված Քնի խանգարումների միջազգային դասակարգումը (ICSD-3)։ Կլինիկորեն տարբերում են առաջնային անքնություն՝առանց որևէ էական առկա պատճառի ընթացող և երկրորդային անքնություն, երբ պատճառ կարող են հանդիսանալ սթրեսային իրավիճակները, սոմատիկ կամ հոգեկան հիվանդությունները։ Նաև ըստ տևողության տարբերում են խրոնիկական անքնություն (3 ամիս և ավելի տևող անքնություն) և սուր կամ կարճատև (երեք ամսից կարճ տևող անքություն)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկական անքնությունը տարբեր հետազոտությունների միջին արդյունքով հանդիպում է ընդհանուր բնակչության մոտ 10%-ի շրջանում։ Սակայն ավելի կարճատև անցողիկ կամ սուր անքնության տարածվածությունը ավելի բարձր է՝ հասնելով մինչև 30-35%։ Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց և մեծահասակների շրջանում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացվում է մասնագիտացված կլինիկական հարցազրույցի միջոցով, որից հետո կիրառվում են քնի օրագիր, հարցարաններ։ Օբյեկտիվ ախտորոշման մեթոդներից կիրառվում է ակտիգրաֆիան՝ քնի և արթուն վիճակի շարունակական մոնիտորինգը (սովորաբար 1-2 շաբաթ) ձեռքին կրվող հատուկ սարքի՝ ակտիգրաֆի միջոցով։ Բարդ դեպքերում կիրառվում է նաև պոլիսոմնոգրաֆիան։ Վերջինս համարվում է քնի խանգարումների օբյեկտիվ ախտորոշման «ոսկե» ստանդարտ և ներառում է իր մեջ մի քանի կարևոր ֆիզիոլոգիական ցուցանիշների միաժամանակյա մոնիտորինգ, որոնց մեջ են մտնում էլեկտրաուղեղագրությունը (էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, ԷԷԳ), էլեկտրաօկուլոգրաֆիան (ակնագնդերի շարժումների գրանցում, ԷՕԳ), էլէկտրամիոգրաֆիան (էլեկտրամկանագրությունը, ԷՄԳ) կզակի և ոտքերի մկաններից, օդի հոսքի, խռմփոցի, ինչպես նաև կրծքավանդակի ու որովայնի շնչառական շարժումների գրանցումը հատուկ ընկալիչների միջոցով, էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ), պուլսօքսիմետրիան (թթվածնով արյան հագեցվածության աստիճանի գրանցում), մարմնի դիրքի որոշումը և զուգահեռ տեսաձայնագրումը։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկավոր է հաշվի առնել, որ անքնության գանգատ կարող է առաջանալ նաև այլ քնի խանգարումների ժամանակ։ Հատկապես հաճախ են անքնությունից կամ չվերականգնող քնից գանգատվում քնի շնչառական խանգարումներով (քնի օբստրուկտիվ ապնոէ), քնի շարժողական խանգարումներով (անհանգիստ ոտքերի համախտանիշ, ոտքերի պարբերական շարժումներ քնած ժամանակ) և որոշ այլ առաջնային քնի խանգարումներով տառապող մարդիկ։ Նման որևէ խնդիր կասկածելու դեպքում պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություն անցնելը պարտադիր է՝ քնի խնդիրը մանրազնին ուսումնասիրելու և առավել ճիշտ ախտորոշելու համար։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմիսոնը բենզոդիազեպին է, որը շատ հաճախ նշանակվում է անքնության և քնի այլ խանգարումների դեպքում։[2]

Անքնության բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային և ոչ-դեղորայքային եղանակներով։ Ոչ դեղորայքային բուժումը ենթադրում է քնի հիգիենայի շտկում, հատուկ տեսակի կոգնիտիվ-վարքային հոգեթերապիայի կիրառում։ Վերջինս շատ արդյունավետ է, հատկապես խրոնիկական անքնությամբ տառապողների շրջանում։ Դեղորայքային բուժման նպատակով կիրառվում են բազմաթիվ դեղամիջոցներ, սկսած լայնորեն կիրառվող բուսական ծագում ունեցող պատրաստուկներից մինչև քնաբերների տարբեր դեղորայքային խմբեր. տրանկվիլիզատորներ, քնաբերներ (հիպնոտիկներ), քնաբեր հակադեպրեսանտներ, հակահիստամինային դեղեր և այլն։ Դեղորայքային բուժման տևողությունը սահմանափակ է ու արդյունավետությունը միշտ չէ բավարարում հիվանդի պահանջները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Insomnia > Complications. Mayo Clinic. Retrieved on May 5, 2009
  2. Temazepam. Websters-online-dictionary.org. Retrieved on 2011-11-20.