Կառավարում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառավարում (այլ կիրառումներ)
Կառավարում, ընդհանուր փիլիսոփայական առումով՝ իրական աշխարհի որոշակի համակարգերում կանոնավորման, կազմավորման և ինքնակարգավորման պրոցես։ Բնության և հասարակության առանձին համակարգերում կառավարման պրոցեսների էությունն արտացոլվում է բնական ու հասարակական գիտությունների համապատասխան հասկացություններում։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում են կառավարման հետևյալ տեսակներ.
- «կառավարում»,
- «սոցիալական կառավարում»,
- «պետական կառավարում»,
- «հասարակական ինքնակառավարում» և այլն
Առավել բարդ ինքնակառավարվող համակարգը հասարակական կյանքն է, սոցիալական օրգանիզմը: Հասարակական կյանքի տարբեր կողմերի կառավարումը գոյություն ունի մարդկային հասարակության երևան գալու հետ մեկտեղ։ Հասարակության կառավարման օբյեկտիվ անհրաժեշտության գիտական բացատրությունը, նրա բնույթը և նպատակները տվել է մարքս-լենինյան տեսությունը: Սոցիալական առավարման էությունը պայմանավորված է արտադրական հարաբերությունների բնույթով, որը ենթադրում է մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման ու համակեցության որոշակի կազմակերպում։ Կառավարումը, նշել է Կարլ Մարքսը, որպես հատուկ ֆունկցիա, ծագում է աշխատանքի հասարակական պրոցեսից և ունի համընդհանուր բնույթ։ «Կարգ ու կանոնն է,-գրել է Մարքսը,-հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետևաբար նրա հարաբերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու քմահաճույքից» (1949 թվականին հրատարակված «Կապիտալ» գիրք, հատոր 3, մաս 2, էջ 331)։ Սոցիալական կառավարումն արտացոլում է հասարակության կամ նրա առանձին օղակների վրա ներգործության պրոցեսը՝ նրանց բնականոն գործառնությունը, կատարելագործումը և զարգացումը ապահովելու նպատակով։ Բոլոր հակամարտ ֆորմացիաներին հատուկ է կառավարման կազմակերպման շահագործողական բնույթը և տարերայնության տիրապետությունը։ Արդի կապիտալիզմը, չնայած կյանքի տարբեր ոլորտներում պետության ակտիվացող միջամտությանը, սրում է սոցիալական հակասությունները, ուժեղացնում շահագործումը, ընդլայնում տարերայնությունն ու անարխիան: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով իրագործվեցին տնտեսական, սոցիալ-քաղաքական և հոգեբանական արմատական փոփոխություններ, որոնց պրոցեսում ծագեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտների գիտական կառավարման օբյեկտիվ պայմաններ և սուբյեկտիվ գործոններ։ Միայն սոցիալիստական հասարակարգում հնարավոր դարձավ իսկական ժողովրդապետությունը, ուր սոցիալական պրոցեսների կարգավորումն ու կանոնավորումը ենթարկվում է ժողովրդի շահերին։ Կառավարման գիտական և դեմոկրատական կազմակերպման սերտ փոխկապակցությունը սոցիալիզմի և կոմունիզմի շինարարության օրինաչափությունն է։ Այդ օրինաչափությունը ճանաչվում և իրագործվում է կոմունիստական կուսակցության գիտականորեն հիմնավորված քաղաքականությամբ, սոցիալիստական կառավարման բոլոր սուբյեկտների նպատակամղված գործունեությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 270)։ ![]() |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |