Ձեռնարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեռնարկություն, հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ։ Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, աշխատանքային և մտավոր ռեսուրսները պահանջվող ծավալի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու, շահույթ ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար։ Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ։ Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով։ Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և տնտեսությունը վարում է տնտեսավարման որևէ եղանակով։ Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր՝ մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և կորպորացիաները։

Բովանդակություն

Ձեռնարկություն հասկացություն[խմբագրել]

Ամերիկյան տնտեսագետները, այդ թվում՝ Պոլ Դրաքերը և Պոլ Սամուելսոնը, ձեռնարկությունը դիտարկում են որպես մի տնտեսական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալում որոշակի տեսակի արտադրանք թողարկելու կամ ծառայություն մատուցելու և շահույթ ստանալու նպատակով։ Այն պետք է ստանա այնպիսի չափի շահույթ, որը կապահովի և՛ ձեռնարկության տնտեսական բարձր աճը, և՛ աշխատողների՝ միջազգային չափանիշներին համապատասխանող վարձատրությունը։ Արևելաեվրոպական տնտեսագետներ Կամենիցերը, Գրուզինովը և ուրիշներ, ձեռնարկությունը դիտարկում են որպես արտադրության միջոցների մի ընդհանրություն, որն աշխատողները օգտագործում են անհրաժեշտ արտադրանք թողարկելու կամ որոշակի տեսակի աշխատանք կատարելու և բնակչության պահանջները բավարարելու համար։

Ձեռնարկության միասնություններ[խմբագրել]

Յուրաքանչյուր ձեռնարկություն ունի արտադրատեխնոլոգիական, տնտեսական և կազմակերպական միասնություն : Արտադրատեխնոլոգիականն արտահայտվում է պատրաստվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, արտադրական միջոցների համալիր կազմով, տեխնոլոգիական պրոցեսների համասեռությամբ և արտադրության առանձին փուլերի փոխկապակցվածությամբ։ Այդ ամենի արդյունքում օգտագործվող հումքն ու նյութերը վերափոխվում են պատրաստի արտադրանքի։ Ձեռնարկությունը մեկ՝ միասնական օրգանիզմում միավորող կարևոր հատկանիշներից է ընդհանուր օժանդակ տնտեսության առկայությունը և տարածքային ընդհանրությունը։ Արտադրատեխնոլոգիական միասնությունը ստեղծում է ձեռնարկությունը օպերատիվ ու արդյունավետ կառավարելու պայմաններ։ Ձեռնարկության տնտեսական միասնությունը արտահայտվում է զարգացման ռազմավարության և պլանների մշակման, նյութական, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման, հաշվառման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արդյունքի գնահատման և բաշխման սկզբունքների միասնությամբ։ Ձեռնարկության կազմակերպական միասնությունն արտահայտվում է աշխատավորների կոլեկտիվի առկայությամբ, կառավարչական միասնական ապարատով, աշխատանքի նյութական և բարոյական խրախուսման մեխանիզմների մշակման ու կիրառման սկզբունքների ընդհանրությամբ։

Ձեռնարկությունը տնտեսական գործունեության սուբյեկտ[խմբագրել]

Ձեռնարկությունը տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ է։ Այն ինքնուրույն է կազմակերպում գործունեությունը շուկայում․ վարձում է աշխատուժ, ձեռք է բերում մեքենաներ և սարքավորումներ, հումք և հիմնական նյութեր, վառելիք և էներգիա, համակցում է դրանք և կազմակերպում արտադրություն, թողարկում և վաճառում է արտադրանքը, իրականացնում է կապիտալի վերարտադրությունը, ինքնուրույն որոշում է անդամակցել ձեռնարկությունների ցանկացած միավորմանը կամ դուրս գալ դրանից։ Ձեռնարկությունը ոչ միայն տնտեսական սուբյեկտ է, այլև իրավաբանական անձ։ Այն ունի կանոնադրական կապիտալ, ինքնուրույն հաշվեկշիռ և ծախսերի նախահաշիվ։ Կանոնադրական կապիտալը ձեռնարկության հիմնական և շրջանառու կապիտալի հաստատագրված գումարն է, որը ձևավորվում է ստեղծման պահին և ձեռնարկության տնօրինության տակ է գտնվում գործունեության ամբողջ ժամանակաշրջանում։ Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներից կախված՝ կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր աղբյուրների հաշվին։ Կապիտալը կանոնադրական է կոչվում այն պատճառով, որ դրա չափը սահմանվում է ձեռնարկության կանոնադրությունում։ Կանոնադրական կապիտալի նվազագույն մեծությունը, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների համար, սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Կանոնադրական կապիտալը սեփականատերերի կողմից ներդրված միջոցների այն գումարն է, որը օգտագործվում է ձեռնարկության կանոնադրական գործունեությունը ապահովելու համար։

Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներ[խմբագրել]

Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն[խմբագրել]

Անհատական է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի՝ անձնական սեփականության իրավունքով։ Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական աշխատանքի հիման վրա։ Անհատը, հարկերը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը։ Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է ընտանիքի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Ընտանեկան ձեռնարկությունը, որպես կանոն, գործում է ընտանիքի անդամների աշխատանքի հիման վրա։ Այն կարող է գործել նաև՝ վարձու աշխատողներ ընդգրկելով։ Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար, ընդ որում՝ այդ պատասխանատվությունը ոչնչով սահմանափակված չէ։

Տնտեսական ընկերակցություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տնտեսական ընկերակցություն

Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն։ Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ։Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և գույքային ավանդները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ։ Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար։ Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում։ Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ։

Արտադրական կոոպերատիվներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտադրական կոոպերատիվներ

Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև գույքային ներդրում, սակայն դա չի որոշում նրա իրավունքները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով): գ

Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ[խմբագրել]

Սպառողական կոոպերատիվը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն է։ Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ):

Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն[խմբագրել]

Գյուղական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն է։

Բաժնետիրական ընկերություններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են բաժնետոմսերի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։

ԲԲԸ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բաց բաժնետիրական ընկերություն

Ընկերությունը համարվում է բաց , եթե բաժնետերերը իրենց պատկանող բաժնետոմսերը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։

ՓԲԸ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փակ բաժնետիրական ընկերություն

Ընկերությունը համարվում է փակ , եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։ Ընդ որում՝ փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 25-ից ոչ ավելի։ Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 25-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը։ Հակառակ դեպքում այն կլուծարվի։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն[խմբագրել]

ՍՊԸ-ը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, պարտադիր գույքային մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի բաժնեմասի չափով պատասխանատվությամբ ընկերություն է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն՝ սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս։

Համատեղ ձեռնարկություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Համատեղ ձեռնարկություն

Համատեղ ձեռնարկությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, օտարերկրյա քաղաքացիների, կազմակերպությունների պարտադիր գույքային կամ արտարժույթային ներդրմամբ ձեռնարկություն է։ Այն կարող է ստեղծվել և գործել ընկերությունների տեսքով։ Համատեղի կարգավիճակ ստանալու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից։ Համատեղ ձեռնարկությունը, որպես կանոն, համարվում է այն երկրինը, որտեղ ստեղծվում և գործում է։ Այսպիսի ձեռնարկությունները ստանում են հարկային, մաքսային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ։

Դուստր ձեռնարկություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դուստր ձեռնարկություն

Դուստր ձեռնարկություն է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև հասարակական կամ կրոնական կազմակերպության։ Դուստր ձեռնարկություն կարող են հիմնադրել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին արգելված գործունեության տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկություններին։

Վարձակալական ձեռնարկություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վարձակալական ձեռնարկություն

Վարձակալական ձեռնարկությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են մեկ կամ մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից՝ անհրաժեշտ գույքը վարձակալելու միջոցով։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են արտադրական կոոպերատիվի կամ ընկերության կազմակերպաիրավական կանոնակարգով, պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, որը հանդես է գալիս որպես վարձատու։ Գույքը վարձակալության է տրվում առանձին կազմակերպության կամ անձի՝ գործակալների միջև կնքվող պայմանագրերի, մրցույթների և աճուրդների միջոցով։

Կարտել[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարտել

Կարտելը մեկ ճյուղի ձեռնարկությունների միավորում է, որը ստեղծվում է համատեղ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով։ Այս տիպի միավորումները գործում են պայմանագրային հիմունքներով, պահպանում են մասնակիցների իրավական ինքնուրույնությունը և սահմանված նորմերի, իրացման պայմանների և գների օգնությամբ կարգավորում են առևտրական ընդհանուր գործունեությունը։

Սինդիկատ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սինդիկատ

Սինդիկատը ձեռնարկությունների կարտելային համաձայնության տարատեսակ է, որը ստեղծվում է մասնակիցների արտադրանքը կամ ծառայությունները ընդհանուր ստորաբաժանման միջոցով արդյունավետ իրացնելու համար։ Սինդիկատի, ինչպես և կարտելի մասնակիցները պահպանում են արտադրական, առևտրական և իրավական ինքնուրույնություն։ Սինդիկատները առավել տարածված են նմանատիպ արտադրանք թողարկող հանքաարդյունահանման, մետաղամշակման և քիմիական արդյունաբերության ճյուղերում։

Տրեստ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տրեստ

Տրեստը իրավաբանական անձի իրավունքներից օգտվող ձեռնարկությունների միավորում է, որի ստեղծման դեպքում տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միավորվում են մեկ՝ ընդհանուր արտադրական համալիրում՝ կորցնելով տնտեսական և իրավական ինքնուրույնությունը։ Տրեստները միավորում են արտադրության այնպիսի ճյուղերի ձեռնարկություններ, որոնք կամ իրագործում են հումքի մշակման տարբեր փուլերը։ Ձեռնարկությունների միավորումների այս տեսակը լայն տարածում է գտնում այն ճյուղերում, որոնցում հնարավոր է ձեռնարկությունների կոմբինացումը, ինչը համարվում է ԳՏԱ արագացման, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, աշխատանքի ռացիոնալ կազմակերպման և արտադրության արդյունավետության բարձրացման նախապայմաններից մեկը։

Կոնցեռն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կոնցեռն

Կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ուղղահայաց կամ հորիզոնական սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի կարգավիճակից, սակայն ունեն աշխատանքի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։

Ասոցիացիա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ասոցիացիա

Ասոցիացիան անկախ արտադրական ձեռնարկությունների կամավոր միավորում է։ Ասոցիացիայի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի իրավունքներից և հանդիսանում են իրավահավասար գործընկերներ։ Դրանք պատասխանատվություն են կրում միայն տվյալ ֆիրմայի գործունեության համար։

Կոնսորցիում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կոնսորցիում

Կոնսորցիումը կոնկրետ խնդիրներ լուծելու համար ձեռնարկությունների ժամանակավոր միավորում է։ Կոնսորցիումի կազմում կարող են ընդգրկվել կազմակերպաիրավական ցանկացած տեսակի և ենթակայության ձեռնարկություններ։

Հոլդինգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հոլդինգ

Հոլդինգը գլխամասային կազմակերպություն է, որը տիրում է կառուցվածքում ընդգրկված նոր ձեռնարկությունների փայաբաժիններին կամ վերահսկիչ փաթեթներին դրանց գործունեությունը կառավարելու և վերահսկելու նպատակով։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների մեխանիզմը հոլդինգին տալիս է վճռական ձայնի իրավունք, ինչի շնորհիվ հոլդինգը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների շահերը պաշտպանելու և տարբեր ուղղություններով զարգացնելու համար ստանում է տնտեսական ընդհանուր քաղաքականություն իրականացնելու հնարավորություն։Հոլդինգային կազմակերպությունը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների (կարտել, կորպորացիա, կոնցեռն, տրեստ) բուրգի գագաթն է, քանի որ ակտիվների կազմում ընդգրկում է մասնակիցների բաժնետոմսերի վերահսկող փաթեթները։ Հոլդինգները ստեղծվում են բաց բաժնետիրական ընկերությունների տեսքով։ Դրանք ծավալում են ներդրումային գործունեություն՝ մասնավորապես գնում և վաճառում են ցանկացած տեսակի արժեթղթեր, թողարկում և վաճառում են բազմատեսակ ապրանքներ, մատուցում են ծառայություններ։ Կուտակելով մեծ քանակությամբ տնտեսական ռեսուրսներ, դրանք ծավալում են տարբերակված բազմապլանային գործունեություն՝ շեշտը դնելով գիտատեխնիկական նորույթների մշակման ու ներդրման, երկարաժամկետ ներդրումային նախագծերի ու ծրագրերի իրականացման վրա։

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն[խմբագրել]

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից՝ որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց կողմից՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով։ Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ նաև հիմնադիր պայմանագիրը։

Փոքր ձեռնարկություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փոքր ձեռնարկություն

Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտում՝ ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում՝ 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում՝ 50, այլ ոլորտներում՝ 25 աշխատող։

Ձեռնարկությունների դասակարգումը[խմբագրել]

Ձեռնարկությունը տնտեսության սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը։ Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման մասշտաբներով, օգտագործվող հումքի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, աշխատանքի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով։ Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, տեխնիկայի և տեխնոլոգիայի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի՝ հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները։ Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը։

Ըստ գործունեության տեսակների[խմբագրել]

Ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են ճյուղային պատկանելիության հատկանիշով , ըստ որի՝ ստորաբաժանվում են արտադրական և ոչ արտադրական ոլորտների ձեռնարկությունների։ Արտադրական ոլորտի ձեռնարկությունները, իրենց հերթին, բաժանվում են ըստ նյութական արտադրության խոշոր ոլորտներին (արդյունաբերական, գյուղատնտեսական, առևտրական, շինարարական, ֆինանսավարկային, տրանսպորտի և կապի) պատկանելիության։ Առևտրական ձեռնարկությունները հիմնականում իրականացնում են ապրանքների առք ու վաճառքի գործառնություններ։ Դրանք կարող են անդամակցել իրացնող ձեռնարկությունների խոշոր ասոցիացիաների համակարգին կամ ծավալել ինքնուրույն առևտրամիջնորդային գործունեություն։ Տրանսպորտային ձեռնարկությունները կատարում են բազմաբնույթ գործառնություններ՝ ստուգում և պարզում են ապրանքի վիճակը, իրականացնում բեռնման, փոխադրման և բեռնաթափման աշխատանքներ, ձևակերպում ուղեկցող փաստաթղթերը, պահպանում և ապահովագրում ապրանքային զանգվածները։

Չափ[խմբագրել]

Ձեռնարկության կարևորագույն բնութագրիչներից մեկը չափն է։ Այն որոշվում է զբաղված աշխատողների թվաքանակով, թողարկված արտադրանքի կամ վաճառքի ծավալով և ներգրավված կապիտալի մեծությամբ։ Ըստ այդ հատկանիշի՝ ձեռնարկությունները լինում են փոքր, միջին և խոշոր։ Ձեռնարկությունների չափը սերտորեն կապված է ճյուղային պատկանելիության հատկանիշի հետ։ Օրինակ՝ մետաղաձուլման և մեքենաշինության ճյուղերում, որպես կանոն, ստեղծվում են խոշոր, երբեմն էլ՝ գերխոշոր ձեռնարկություններ։ Սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերում հիմնականում ստեղծվում են փոքր և միջին չափերի ձեռնարկություններ։ Մետաղաձուլման ճյուղում գործող փոքր ձեռնարկությունները չափերով մի քանի անգամ կարող են գերազանցել սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններին։

Սեփականության ձևեր[խմբագրել]

Մասնավոր ձեռնարկությունները ստեղծվում են մասնաբաժինների համակարգի կամ միավորման ճանապարհով՝ մասնակիցների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և գոյատևում են ինքնուրույն գործող ընկերության կամ միավորման տեսքով։ Կազմակերպաիրավական ձևերից կախված՝ մասնավոր ձեռնարկությունները կարող են օգտվել իրավաբանական անձի կարգավիճակից՝ սեփական ուժերով լուծել տնտեսական բոլոր հիմնահարցերը և պատասխանատվություն կրել պարտավորությունների համար կամ հրաժարվել տնտեսաիրավական ինքնուրույնությունից՝ գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծումը թողնելով գլխամասային ձեռնարկությանը։

Կապիտալի պատկանելիություն[խմբագրել]

Պետական է կոչվում այն ձեռնարկությունը, որի բաժնետիրական ամբողջ կապիտալը պատկանում է պետությանը։ Կապիտալի պատկանելիության հատկանիշից կախված՝ դրանք լինում են զուտ պետական և խառը։ Զուտ պետական ձեռնարկությունում հիմնադիր կապիտալը 100 տոկոսով պատկանում է պետությանը։ Խառը կապիտալով ձեռնարկություններում պետությունը կարող է տնօրինել բաժնետոմսերի նշանակալից մասին (51 և ավելի %) և այդ դեպքում այն իրականացնում է ձեռնարկության լիարժեք վերահսկողությունը։ Պետական ձեռնարկությունները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում տարբեր երկրների տնտեսություններում։ Առանձին երկրներում արտադրանքի ընդհանուր ծավալում դրանց բաժինը տատանվում է 25-ից 70 տոկոսների սահմաններում։ Ֆրանսիայում այն կազմում է 23.3, Իտալիայում՝ 68.2 տոկոս։ Այդպիսի ձեռնարկությունների մեծ մասը գործում է տնտեսության կարևորագույն ճյուղերում։ Ըստ կապիտալի պատկանելիության հատկանիշի՝ առանձնացվում են ազգային, օտարերկրյա և խառը կապիտալով ձեռնարկություններ։ Ազգային է համարվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է տվյալ երկրի գործարարներին, ինչը թույլ է տալիս ապահովել գործունեության իրավական միջավայր և իրականացնել լրիվ կամ մասնակի վերահսկողություն։ Օտարերկրյա է կոչվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է արտասահմանյան գործարարներին։ Օտարերկրյա ձեռնարկությունները կազմավորվում են կամ բաժնետիրական ընկերության ստեղծման կամ տեղական ֆիրմաների վերահսկիչ փաթեթները գնելու ճանապարհով։ Վերջին եղանակը ստացել է առավել լայն տարածում, որը հնարավորություն է ընձեռում օգտագործելու արդեն ձևավորված կառավարման ապարատը, կապերը, սպառողների և շուկայի վերաբերյալ կուտակված տեղեկատվությունը։ Խառն է կոչվում այն ձեռնարկությունը, որի հիմնադիր կապիտալը պատկանում է երկու կամ ավելի երկրների գործարարներին։ Խառը կապիտալով ձեռնարկությունը գրանցվում է այն երկրում, որին պատկանում է վերահսկող փաթեթը։ Այդպիսի ձեռնարկությունները բազմազան են և առավել հաճախ ստեղծվում են միջազգային ընկերությունների՝ կարտելների, սինդիկատների և կոնցեռնների տեսքով։ Ըստ գործունեության նպատակի՝ ձեռնարկությունները ստորաբաժանվում են. մասնավոր առևտրական, մասնավոր ոչ առևտրական, պետական առևտրական և պետական ոչ առևտրական խմբերի։ Առևտրական ձեռնարկությունների գործունեության հիմնական նպատակը շահույթի ստացումն է։ Ոչ առևտրական ձեռնարկությունների համար շահույթը նպատակ չէ, և ստանալու դեպքում այն չի բաշխվում մասնակիցների միջև։ Դրանք ստեղծվում են բարեգործական նպատակներով և գոյատևում են նվիրատվությունների, անդամավճարների և անվերադարձ պետական հատկացումների շնորհիվ։

Ձեռնարկության միջոցներ և դրանց կազմավորման աղբյուրներ[խմբագրել]

Ձեռնարկության գույքը կազմում են նյութական և ոչ նյութական տարրերը, որոնք օգտագործվում են տնտեսական գործունեության ընթացքում։ Սկզբնական շրջանում ձեռնարկության գույքը ստեղծվում է հիմնադիրների կողմից ներդրված միջոցների հաշվին, իսկ այնուհետև արտադրական և տնտեսական գործունեության ընթացքում այն ավելանում կամ պակասում է։ Ձեռնարկության գույքը համարվում է գործարքների օբյեկտ, որոնց արդյունքում այն կարող է կուտակվել կամ օտարվել։ Ձեռնարկությունը պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփական գույքով, պարտատերերը կարող են դատական հայց ներկայացնել հենց այդ գույքի նկատմամբ։ Ձեռնարկության գույքը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գույքի բոլոր տեսակները, որոնք բաժանվում են երկու խմբերի՝ նյութաիրային և ոչ նյութական տարրերի։

Նյութաիրային տարրեր[խմբագրել]

Նյութաիրային տարրերից են ՝

Ոչ նյութական տարրեր[խմբագրել]

Ոչ նյութական տարրերը ստեղծվում են ձեռնարկության կենսագործունեության ընթացքում։ Դրանցից են՝

Ձեռնարկության կենսապարբերաշրջան[խմբագրել]

Որպես տնտեսավարող ինքնուրույն սուբյեկտ, ձեռնարկությունն իր գոյության ընթացքում անցնում է կյանքի բոլոր փուլերը՝ ստեղծում, վերակազմավորում, սնանկացում, առողջացում, լուծարում։

Ստեղծում[խմբագրել]

Ձեռնարկությունը ստեղծվում է մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից, պետական լիազորված մարմնի որոշումով՝ հետևյալ հիմնադիր փաստաթղթերի հիման վրա. 1. Սեփականատիրոջ դիմումը։ 2. Ձեռնարկություն ստեղծելու մասին հիմնադիրների ժողովի որոշումը և գրանցման համար սահմանված անհրաժեշտ տուրքը։ 3. Հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը։ 4. Հիմնադրի (հիմնադիրների) կողմից հաստատված կանոնադրությունը։ 5. Գործունեության կանոնակարգը։ 6. Գործունեությամբ զբաղվելու լիցենզիան (ոչ պարտադիր): Հիմնադիր փաստաթղթերում նշվում են ձեռնարկության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), գործունեության նպատակը, խնդիրները և զբաղմունքի կոնկրետ բնագավառները, գույքի կազմավորման աղբյուրները, եկամուտների գոյացման և բաշխման կարգը։

Վերկազմավորում[խմբագրել]

Ձեռնարկության կենսապարբերաշրջանի երկրորդ փուլը վերակազմավորումն է։ Վերակազմավորում է համարվում միավորումը այլ ձեռնարկությունների հետ կամ ձեռնարկության բաժանումը ինքնուրույն միավորների՝ առանց լուծարման ընթացակարգը իրականացնելու։ Գործունեության ընթացքում ձեռնարկությունը անընդհատ վերակազմավորվում է։ Ստեղծվում են նոր ստորաբաժանումներ և ֆունկցիոնալ բաժիններ, կատարվում է ստորաբաժանումների միավորում, ոչ արդյունավետ ստորաբաժանումների լուծարում։ Բացի այդ, տվյալ ձեռնարկությունը կարող է միաձուլվել այլ ձեռնարկությունների հետ կամ բաժանվել մի քանի ինքնուրույն ձեռնարկությունների՝ փոխանցելով դրանց իրավունքներն ու պարտավորությունները։ Վերակազմավորումը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը։ Վերակազմավորումը կարող է կատարվել նաև դատական մարմիների կողմից։ Վերակազմավորման արդյունքում առաջացած ձեռնարկությունը համարվում է վերակազմավորվածի (վերակազմավորվածների) գույքային և այլ իրավունքների ու պարտավորությունների իրավահաջորդը։ Այն պահպանում է նախորդողների կարգավիճակն ու տեսակը։ Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը չի կարող վերափոխվել իրաբանական անձ հանդիսացող ձեռնարկության, և՝ հակառակը։ Բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման վերաբերյալ որոշումները ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը։

Սնանկացում[խմբագրել]

Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորոշության կամ ներդրած գումարը կորցնելու ռիսկի հետ։ Վերջինը առկա է արտադրության բոլոր փուլերում՝ սկսած հումքի, նյութերի ու համալրող շինվածքների ձեռք բերումից և տեղ հասցնելուց, մինչև պատրաստի արտադրանքի իրացումը։ Դրա պատճառն են հանդիսանում սպառողների անվճարունակությունը, մատակարարների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելը, դեբիտորական պարտքերը, ցածրորակ, անմրցունակ արտադրանքը, կառավարող անձնակազմի անիրազեկությունը։ Կորուստները հանգեցնում են կապիտալի շահութաբերության նվազեցմանը և ծախսերի փոխհատուցման դժվարությունների առաջացմանը։ Այդ ամենի արդյունքում ստեղծվում է կանխիկ միջոցների պակաս, որն ավելի է խորանում, երբ վարկատուները չեն դադարեցնում վարկավորումը։ Այս դեպքերում ձեռնարկությունը վերադարձնում է ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը՝ հիմնական պարտքը։ Կանխիկ միջոցների պակասի պայմաններում առաջանում է ակտիվների վաճառքի խնդիր։ Ձեռնարկության այսպիսի վիճակը կոչվում է անվճարունակություն։

Առողջացում[խմբագրել]

Անվճարունակ ճանաչված ձեռնարկության նկատմամբ կիրառվում են մի շարք ընթացակարգեր՝ արտադրատնտեսական գործունեության վերակազմավորում, լուծարում, ֆինանսական առողջացում սեփականատերերի և վարկատուների փոխհամաձայնության հիման վրա։ Առողջացման դեպքում անվճարունակ ճանաչված պարտապանին ներկայացվում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ձեռնարկության վճարունակության վերականգնման և գործունեության արդյունավետության բարձրացման ռազմավարություն։ Այդպիսի ծրագիր կազմում և ներկայացնում են պարտատերերը, կառավարիչը, պարտապանները, ինչպես նաև յուրաքանչյուր՝ կանոնադրական հիմնադրամի ոչ պակաս, քան մեկ երրորդ մասին տիրող մասնակիցը։ Ձեռնարկության ֆինանսական առողջացման եղանակներն են․

  • Փոխարինվում է ոչ իրազեկ՝ ձեռնարկությունը առկա ծանր վիճակի համար պատասխանատու ղեկավարների անձնակազմը և այն հանձնվում է արտաքին կառավարման՝ գործունեությունը շարունակելու նպատակով։ Iրացվում է գույքի մի մասը, իրականացվում են տեխնիկական, արտադրական և կազմակերպական բարեփոխումներ։
  • Պարտապանի և պարտատերերի համաձայնությանբ ձեռնարկությունը վաճառվում է՝ պահպանելով նախկին կարգավիճակը, սակայն թոխվում է սեփականատերը։
  • Պարտքերը փոխարինվում են տարբեր տեսակի արժեթղթերով։ Այս դեպքում նույնպես սեփականատերը փոխվում է։
  • Ներգրավվում են մեծածավալ միջոցներ, ընդ որում՝ վարկատուների պարտքերը նախատեսվում է վճարել ապագա եկամուտներից (վարկատուների համաձայնության դեպքում): Գործնականում այս վերջին եղանակը կիրառվում է շատ հազվագյուտ։

Լուծարում[խմբագրել]

Լուծարման գործընթացի ժամանակ վաճառվում է պարտապանին պատկանող գույքը և բաշխվում պարտատերերի միջև։ Գույքի վաճառքը իրականացնում է կառավարիչը՝ աճուրդով, կամ ուղղակի գործարքի միջոցով։ Աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին։ Բավարարվում են լուծարվող ձեռնարկության գույքի գրավով առաջացած պարտքերը։ Բավարարվում են արտադրությունում վնասվածք ստացած կամ տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած քաղաքացիների պահանջները։ Վճարվում են աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց արձակման նպաստները և աշխատավարձերը։ Մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարումների պարտքը։ Վերջին հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ։ Անվճարունակության վերաբերյալ գործը համարվում է ավարտված, երբ դատարանը հաստատում է կառավարչի վերջնական հաշվետվությունը։

Գրականություն[խմբագրել]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Գալստյան Ա.Ս. Պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում. բնութագիրը և զարգացման հեռանկարները, Երևան, 2000
  • Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին ՀՀ օրենք
  • Մարկոսյան Ա.Խ. Պետությունը և շուկան, Երևան, 2000
  • «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքը, Գործող օրենքների ժողովածու, գիրք Ա, էջ 820
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007թ