Կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կապիտալ (այլ կիրառումներ)

Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։

Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ'=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ Փոփոխուն կապիտալը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգում Է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի ամակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մենաշնորհների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտեսական կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 254 CC-BY-SA-icon-80x15.png