Միտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միտք, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ Լեզվաբանության մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես միտք արտահայտող լեզվական միավոր՝ Այն միտքը, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է դատողություն։ «Միտք» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ ըմբռնումների, գիտելիքների ամբողջությունը (օրինակ, «հասարակական միտքի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես մտածողություն, գիտակցություն (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է մտքում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։

Մտքի որակներ և հատկություններ[խմբագրել]

Մարդու մտածողության (լայն առումով` իմացական ակտիվության) կոմպլեքսային հատկությունները (ճկունությունը, լայնությունը, խորությունը, արագությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը և այլն),ըստ որոնց մարդկանց միջև դիտվում են անհատական մեծ տարբերություններ դեռևս վաղ տարիքից, հատկապես սկսած դեռահասության և պատանեկության տարիքային փուլերից։

Մտքի արագություն[խմբագրել]

Դատողություններ կատարելու, խնդիրներ լուծելու, վճիռներ կայացնելու արագությունը, որով մարդիկ զգալի չափով տարբերվում են միմյանցից։ Լավագույն դեպքում մտքի արագությունը զուգորդվում է նրա խորության, լայնության և այլ դրական որակների հետ։:

Մտքի լայնություն[խմբագրել]

Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու, դրանց միջև կապեր հաստատելու, մի շարք բնագավառներում իմացական ակտիվ գործունեություն կատարելու (լավագույն դեպքում` նաև ստեղծագործելու) ընդունակությունը,որը պայմանավորված է բնածին օժտվածությամբ և զարգանում է ուսման և դաստիարակության գործընթացներում։

Մտքի խորություն[խմբագրել]

Մարդու մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը, որը նրան թույլ է տալիս թափանցել երևույթների և խնդիրների էության մեջ, բացահայտել նրանց իմաստն ու ծագման զարգացման օրինաչափությունները և պայմանները, պատճառական փոխկապակցությունները, կանխատեսել իրադրությունների ընթացքն ու հետևանքները։

Մտքի հետևողականություն[խմբագրել]

Խնդիրներ լուծելիս տրամաբանական կարգ ու նպատակասլացություն հանդես բերելու, լուծումը մինչև վերջ հասցնելու և շեղումներից խուսափելու ընդունակությունը։Մտքի հետևողականությունը այն դրական առանձնահատկություններից մեկն է, առանց որի մարդու իմացական գործունեությունը չի կարող բավարար չափով արդյունավետ լինել։

Մտքի ճկունություն[խմբագրել]

Մարդու մտածողության(և ընդհանրապես իմացական գործունեության)այն անհատական առանձնահատկությունը, որը նրան թույլ է տալիս խնդիրներ լուծելիս շեղվել ընդհանուր ճանաչման արժանացած մեթոդներից և որոնել նորերը, նոր մտահղացումներ ունենալ, անհրաժեշտության դեպում նոր վճիռներ կայացնել : Մտքի ճկունությունը ստեղծագործական ընդունակությունների առկայության դրսևորումներից մեկն է։

Մտքի իներտություն[խմբագրել]

Մարդու մտածողության բացասական գիծ, ճկունության հակադարձ որակը։ Այն կարող է կապված լինել բնավորության իներտության (ակտիվության, նախաձեռնության բացակայության, անգործունեության և այլն) հետ։

Մտքի քննադատականություն[խմբագրել]

Մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը, որի առկայության դեպքում անձը ճիշտ և քննադատորեն է վերաբերվում ուրիշների մտքերին, չի ներշնչվում, կարողանում է տարբերել դրականը, օգտակարն ու ճիշտը` սխալներից ու թյուրիմացություններից։ Մտքի քննադատությունը հաճախ, բայց ոչ միշտ, զուգորդվում է ինքնաքննադատականության հետ։ Ինքնաքննադատականության բացակայությունը կարող է պայմանավորված լինել հոգեբանական ինքնապաշտպանության պահանջմունքների առկայությամբ։ Մտքի քննադատությունը պետք է տարբերել այսպես կոչված քննադատությունից, որը կարելի է բնորոշել որպես միտումնավորության և մտքի աշխատանքում ագրեսիվության դրսևորում, որի դեպքում ճշմարտության իմացության ցանկությունը մղվում է հետին պլան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Տես նաև[խմբագրել]

Մտածողություն