Jump to content

Տրանսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրանսպորտային միջոցից)
Տրանսպորտ
Ենթակատեգորիակամային քայլ, նյութական հոսքեր Խմբագրել Wikidata
Կիրառությունըճանապարհորդություն, լոգիստիկա, փոխադրում Խմբագրել Wikidata
ՀետևանքՄթնոլորտի աղտոտում Խմբագրել Wikidata
Հետազոտվում էգիտություն տրանսպորտի մասին Խմբագրել Wikidata
Թեմայի աշխարհագրությունտրանսպորտի աշխարհագրություն Խմբագրել Wikidata
Բնութագրվում էփոխադրամիջոցի տեսակ Խմբագրել Wikidata
Ով է կիրառումբեռնակիր Խմբագրել Wikidata
Կազմված էփոխադրամիջոցի տեսակ, Երկաթուղի Խմբագրել Wikidata
Ֆրանսիական Ազգային ոստիկանությունը օգտագործում է տարբեր փոխադրամիջոցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները
BW Fjord ապրանքների ոչ տարային տեղափոխման բեռնանավ
Էյր Ֆրանս ավիափոխադրողի A380 օդանավը՝ Վաշինգտոն Դալլասի միջազգային օդանավակայանին մոտենալիս

Տրանսպորտ (լատին․՝ trans - "մեջ", portare - "տանել"), տնտեսության առանձին ճյուղ, որը սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։ Տրանսպորտ ասելիս հաճախ ի նկատի ունեն նաև առանձին տեսակի փոխադրամիջոցները[1]։ Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։ Ոլորտը ներառում է 3 հիմնական բաղկացուցիչ մաս՝ ենթակառուցվածքները, փոխադրամիջոցները և վերջիններիս շահագործումը։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս զբաղվել առևտրով, ինչը կարևոր է քաղաքակրթությունների զարգացման համար։

Տրանսպորտային ենթակառուցվածքը բաղկացած է ֆիքսված համակարգերից՝ ճանապարհներից, երկաթուղիներից, ջրային ուղիներից, ջրանցքներից և խողովակաշարերից, տերմինալներից (օրինակ՝ օդանավակայաններից), երկաթուղային կայաններից, ավտոկայաններից, պահեստներից, բեռնափոխադրման տերմինալներից, լցավորման դեպոներից (այդ թվում նաև լցավորման հարթակներից և լցակայաններից) և նավահանգիստներից։

Այս ցանցերով երթևեկող փոխադրամիջոցների թվում են մեքենաները, հեծանիվները, ավտոբուսերը, գնացքները, մարդիկ, ուղղաթիռները, նավերը, տիեզերանավերը և օդանավերը։

Շահագործում ասելով հասկանում ենք փոխադրամիջոցների կառավարումը, որն իրականացվում է դրա համար նախատեսված ընթացակարգերով՝ ֆինանսավորմամբ, օրինական կարգավորմամբ և տրանսպորտային քաղաքականությամբ։ Տրանսպորտային արդյունաբերության մեջ կառավարումը և ենթակառուցվածքների սեփականությունը, կախված երկրից և տեսակից, կարող է լինել հանրային և մասնավոր։

Ուղևորատրանսպորտը լինում է հասարակական (մատուցող կողմը ժամանակագրված ծառայություններ տրամադրում է) և անձնական։ Բեռնափոխադրող միջոցները մեծ մասամբ զբաղվում են բեռնարկղավորմամբ, չնայած որ մեծածավալ և դիմացկուն իրերը հնարավոր է փոխադրվել նաև ոչ տարային փոխադրամիջոցներով։ Տրանսպորտի դերը մեծ է տնտեսական աճի և գլոբալացման գործում, սակայն փոխադրամիջոցների բազում տեսակներ աղտոտում են օդը և զբաղեցնում մեծ հողատարածքներ։ Կառավարությունները զգալիորեն ֆինանսավորում են տրանսպորտը, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ նախագծել տրանսպորտային ենթակառուցվածները՝ երթևեկությունը ճիշտ կազմակերպելու և քաղաքային բնակավայրերի տարածումը սահմանափակելու համար։

Մարդկությանը հայտնի ամենահին անվավոր փոխադրամիջոցի պատկերով բրոնզե թաս, Լեհաստան
Բուրդ տեղափոխող եզների խումբ, Ավստրալիա

Ի սկզբանե մարդիկ մեկ կետից մյուսը տեղաշարժվելու համար քայլում, վազում կամ լողում էին։ Կենդանիների ընտելացումը հնարավորություն ընձեռեց ազատվելու բեռնափոխադրման դժվարություններից՝ դրանք հանձնելով ավելի ուժեղ արարածների, հնարավոր դարձնելով ծանր բեռների փոխադրումը և, ընտելացված կենդանիներին հեծնելով, ավելի արագ ու երկար երթևեկելը։ Անվի և սահմակի գյութից հետո առաջին փոխադրամիջոցների շնորհիվ կենդանական տրանսպորտն էլ ավելի արդյունավետ դարձավ։ Մարդիկ անհիշելի ժամանակներից շահագործում էին թիավարվող նավեր, որոնք ընդհուպ մինչև Արդյունաբերական հեղափոխությունը համարվում էին մեծ հեռավորությամբ մեծաքանակ ապրանքներ փոխադրելու ամենաարդյունավետ միջոցը։

Ստեղծված առաջին ճանապարհատրանսպորտային միջոցներում օգտագործվում էին կենդանիներ՝ մ․թ․ա․ 4-րդ կամ 3-րդ հազարամյակում ընտելացված ձիեր, սկսած մ․թ․ա․ 8000-ականներից ընտանի ցլեր և մարդիկ, ովքեր ապրանքները քարշ տալիս էին ցեխոտ արահետներով[2]։ Բազում վաղ քաղաքակրթություններում, այդ թվում նաև Միջագետքում և Հարապպայի քաղաքակրթությունում, կառուցվել են սալարկված ճանապարհներ։ Հին աշխարհում՝ Պարսկական և Հռոմեական կայսրություններում բանակի արագ տեղաշարժման համար կառուցվում էին քարերով սալարկված ճանապարհներ։ Նմանատիպ ճանապարհները խոնավությունից զերծ էին պահվում հաստ խճային պաստառի շնորհիվ։ Միջնադարում Արաբական Խալիֆայությունում ճանապարհները կառուցվում էին ձութի և խճաքարի խառնուրդից։

Ջրային առաջին փոխադրամիջոցները ծառաբներից պատրաստված մակույկներն էին։ Ջրային փոխադրամիջոցները շարժման էին դրվում թիավարելով, քամու ուժով կամ երկուսի համադրությամբ։ Ջրամբարների կարևորությունը բերեց նրան, որ մի շարք ափամերձ գոտիներում՝ գետերի, ծովերի մոտ կամ երկու ջրային մարմինների միջև տեղակայված քաղաքները վերածվեցին առևտրային կենտրոնների։ Մինչ Արդյունաբերական հեղափոխությունը տրանսպորտը դանդաղ էր և թանկարժեք, իսկ արտադրամասերն սպառման շուկաներին հնարավորին չափ մոտ էին տեղակայված։

Ռայթ եղբայրների առաջին թռիչքը, 1903 թվական

19-րդ դարում տեղի ունեցած Արդյունաբերական հեղափոխության ընթացքում տրանսպորտը շրջադարձորեն փոփոխվեց՝ շնորհիվ մի շարք հայտնագործությունների։ Հեռագրության շնորհիվ հաղորդակցությունը դարձավ ակնթարթային և վերացավ առարկաները ֆիզիկապես տեղափոխելու անհրաժեշտությունը։ Շոգեմեքենայի հայտնագործումից ոչ շատ անց այն կիրառության դրվեց երկաթուղային տրանսպորտում՝ վերացնելով հողային տրանսպորտային միջոցներում մարդկային և կենդանական ուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Միանգամից ավելացավ փոխադրամիջոցների թե արագությունը, թե հզորությունը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ արտադրամասերի հիմնել անգամ այն վայրերում, ուր հումքի աղբյուրներ չկային։ 19-րդ դարում հայտնագործվեց նաև շոգենավը, որը թույլ տվեց արագացնել համաշխարհային տրանսպորտը։

1900-ականներին ներքին այրման շարժիչի և ավտոմեքենայի գյուտը ճանապարհային տրանսպորտը կրկին մրցակցային դարձրեց․ ստեղծվեցին առաջին մեխանիկական անձանական մեքենաները։ Առաջին "ժամանակակից" մայրուղիները կառուցվել են 19-րդ դարում՝ մակադամից։ Ավելի ուշ գործածության մեջ դրվեցին բիտումի խառնուրդով խճաքարային և բետոնե պատվածքները, որոնցով ներկայումս սալարկված է ճանապարհների գերակշիռ մասը։ 1903 թվականին Ռայթ եղբայրներին հաջողվեց կառուցել առաջին կառավարվող օդանավը, և արդեն Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո օդանավերը դարձան մեծ հեռավորությամբ ուղևորներ և ապրանքներ փոխադրելու արագ տարբերակ[3]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո ավտոմեքենաների և օդանավերի քանակը ավելացավ՝ նվազեցնելով երկաթուղային և ջրային փոխադրամիջոցների դերը․ վերջիններս արդեն իրականացնում էին բեռնափոխադրումներ կամ կարճատև ուղևորափոխադրումներ[4]։ 1950-ականներին սկիզբ դրվեց գիտական ուսումնասիրությունների նպատակով դեպի տիեզերք թռիչքներին, որոնք սրընթաց զարգացում ապրեցին ընդհուպ մինչև 1970-ական թվականները, ինչից հետո այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց։ 1950-ական թվականներին բեռնարկղավորման տեխնոլոգիայի հայտնագործումը դրական տեղաշարժ ապահովեց բեռնափոխադրման ոլորտում՝ նպաստելով գլոբալացմանը[5]։ 1960-ականներին ռեակտիվ շարժիչի առևտրայնացման շնորհիվ միջազգային օդային ճանապարհորդություններն առավել հասանելի դարձան։ Ավտոմեքենաների և ճանապարհների աճին զուգընթաց երկաթուղային և ջրային տրանսպորտը համեմատաբար կորցրեցին իրենց կարևորությունը։ Սակայն 1964 թվականին Ճապոնիայում Սինկանսեն տեխնոլոգիայի հայտնագործումից հետո Ասիայում և Եվրոպայում արագագնաց երկաթուղին ավելի գրավիչ դարձավ հեռավոր վայրեր ուղևորվելիս՝ որպես այլընտրանք ավիափոխադրումներին[4]։

Տրանսպորտի տեսակը համապատասխան փոխադրամիջոցից, ենթակառուցվածքից և կառավարումից օգտվելու եղանակն է։ Անհատի կամ բեռի փոխադրումը կարելի է իրականացնել մեկ կամ մի քանի տեսակի փոխադրամիջոցներով, դա կոչվում է միջտեսակային կամ բազմատեսակային փոխադրում։ Տրանսպորտի յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու թերությունները և ընտրվում է կախված ուղևորության արժեքից և երթուղուց։

Մարդկային ուժով գործի դրվող տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկային ուժով շարժվող տրանսպորտը տարածված է զարգացող երկրներում

Մարդկային ուժով գործի դրվող տրանսպորտը շրջակա միջավայրի համար ոչ վնասակար տրանսպորտի տեսակներից է, մարդկանց և/կամ ապրանքներ տեղափոխելու համար այն օգտագործում է մարդու մկանային ուժը՝ քայլքը, վազքը և լողը։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառուցել մարդկային ուժը բազմապատկող մեքենաներ։ Տրանսպորտի այս տեսակը մասսայականություն է վայելում, քանի որ խնայողական է, ժամանց է ապահովում, մարզում և վնաս չի հասցնում շրջակա միջավայրին․ որոշ դեպքերում՝ հատկապես թերզարգացած կամ դժվարանցանելի տարածքներում, հասանելի է միայն այս տեսակի տրանսպորտ։

Չնայած որ մարդիկ կարող են քայլել անգամ ենթակառուցվածքների բացակայության դեպքում, ճանապարհների շահագործումը կարող է բարելավել տեղաշարժը, հատկապես մարդկային ուժով գործի դրվող փոխադրամիջոցների՝ հեծանիվների, չմուշկների օգտագործման դեպքում։ Ստեղծվել են նաև դժվար եղանակային պայմաններում, օրինակ ձյունառատ շրջաններում, կամ ջրում մարդկային ուժով գործի դրվող փոխադրամիջոցներ՝ թիավարվող նավակներ և դահուկներ․ գոյություն ունեն անգամ մարդկային ուժով գործի դրվող օդանավեր։

Կենդանական ուժով գործի դրվող տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական ուժով գործի դրվող տրանսպորտի միջոցները մարդկանց և ապրանքների փոխադրման համար օգտագործում են լծկան կենդանիների։ Մարդիկ ուղղակիորեն հեծնում են դրանք, բեռնում ապրանքներով, միայնակ կամ խմբերով կապում սահնակների և անվավոր փոխադրամիջոցների։

Օդային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
White jet aircraft coming into land, undercarriage fully extended. Under each wing is a turbofan engine
Էյր Ֆրանս ավիաընկերության Էյրբաս Ա318-ը վայրէջք է կատարում Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում

Անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ, "օդից թեթև" օդանավեր են․ դրանք վեր բարձրացնելու համար օգտագործվում է թևերի նկատմամբ օդի շարժումը։ Տերմինն օգտագործվում վերջիններս՝ պտտաթևքային օդանավերից տարբերակելու համար, որոնք վեր են բարձրացվում օդի նկատմամբ բարձրացող շարժմամբ։ Գիրոպլան-ուղղաթիռները ունեն թե անշարժ, թե պտտվող թևեր։ Անշարժ թևերով օդանավերի թվին են պատկանում թե փոքր մարզական կամ տուրիստական օդանավերը և թե մեծ մարդատար ինքնաթիռներն ու ռազմական բեռնատար օդանավերը։

Օդային տրանսպորտի շահագործման համար անհրաժեշտ են օդային հոսանքներ (այն վեր բարձրացնելու համար) և վայրէջքի գոտի։ Անհրաժեշտ է նաև օդանավակայանային ենթակառուցվածք՝ օդանավերի մեծ մասի տեխնիկական սպասարկման, վերազինման, լցավորման ու անձնակազմը, բեռները և ուղևորներին օդանավ բարձրացնելու համար։ Չնայած որ օդանավերի մեծ մասը օդ է բարձրանում և վայրէջք կատարում հողի վրա, դրանցից որոշները կարող են նույնը կատարել այլ մակերևույթներին՝ սառույցի, ձյան կամ հանդարտ ջրային մակերևույթի վրա։

Օդանավը՝ հրթիռից հետո, աշխարհում երկրորդ ամենաարագ տրանսպորտային միջոցն է։ Մարդադար օդանավերը կարող են շարժվել ժամում 955կմ արագությամբ (593 mph), մեկ շարժիչով օդանավերը՝ ժամում 555կմ (345 mph)։ Օդային հաղորդակցության միջոցով հնարավոր է հեռավոր վայրեր տեղափոխել մարդկանց և սահմանափակ քանակությամբ բեռներ, սակայն դա կապված է մեծ ծախսերի և էներգիայի սպառման հետ․ փոքր հեռավորության վրա և դժվարանցանելի վայրերում կարելի է օգտագործել ուղղաթիռներ[6]։ 2009թ․ ապրիլի 28-ին The Guardian պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն․ "ԱՄԿ տվյալներով յուրաքանչյուր վայրկյան օդում գտնվում է մոտ 500,000 մարդ"[7]։

Ցամաքային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային տրանսպորտը ներառում է մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժն ապահովող ցամաքային բոլոր փոխադրական համակարգերը։ Ցամաքային տրանսպորտը մեծ դեր է խաղում համայնքները միմյանց հետ կապելու գործում։ Ցամաքային տրանսպորտը քաղաքների նախագծման հիմնական գործոնն է։ Այն բաժանվում է երկու խմբի՝ երկաթուղային և ճանապարհային։

Երկաթուղային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
White electric train with red cheatline emerging from tunnel in the countryside
Գերմանական գերարագ ուղևորագնացք
Նյու-Յորք քաղաքի մետրոպոլիտենը աշխարհում ամենամեծն է՝ ըստ ուղեգծերի երկարության և կայարանների քանակի

Երկաթուղային տրանսպորտը շարժվում է երկու զուգահեռ պողպատե ռելսերով, որոնք այլ կերպ կոչվում են երկաթուղի կամ երկաթգիծ։ Ռելսերի միջև տարածությունը պահպանելու համար դրանց միջև ուղղահայած խարսխված են փայտե, բետոնե կամ պողպատե կոճեր։ Ռելսերը և ուղղահայաց հեծանները տեղադրվում են բետոնե, ավազակոպիճային կամ հողային հիմքի վրա։ Երկաթուղիների այլընտրանքային տարբերակներից են միառելսեր և մագլեվ գնացքները։

Գնացքը բաղկացած է ռելսերով շարժվող մեկ կամ մի քանի միմյանց կապված փոխադրամիջոցներից։ Այն ընթացքի մեջ է դնում լոկոմոտիվը, որն իր հետևից է քաշում ուղևորատար կամ բեռնատար չմեքենայացված վագոնները։ Լոկոմոտիվները կարող են գործարկվել գոլորշու, դիզվառելիքի կամ էլեկտրականության միջոցով։ Զուգահեռաբար գոյություն ունեն նաև այնպիսի գնացքներ, որոնց բոլոր վագոնները մեքենայացված են․ դրանց կոչվում են մեքենայացված շարժակազմեր։ Գնացքը կարող է գործարկվել նաև ձիերի միջոցով, մալուխներով, ձգողականությամբ, օդամղմամբ և գազային տուրբիններով։ Ռելսային տրանսպորտի շարժման ընթացքում հաղթահարվող շփման ուժն ավելի քիչ է, քան ռետինե ակերի՝ սալարկված ճանապարհներով շարժման ժամանակ, ինչի շնորհիվ գնացքները, էներգիայի սպառման տեսանկյունից, ավելի խնայողական են, սակայն ոչ այնքան, ինչքան նավերը։

Միջքաղաքային գնացքները քաղաքներն իրար կապող հեռահար ծառայություններ են․ ժամանակակից արագագնաց շարժակարգերը զարգացնում են մինչև 350կմ/ժ (220 mph) արագություն, սակայն դրանց շարժման համար անհրաժեշտ են հատուկ ուղեգծեր[8]։ Տարածաշրջանային և մերձքաղաքային գնացքները փոխադրումներ են կատարում քաղաքի արվարձաններից և շրջակայքից դեպի քաղաք և հակառակը, իսկ ներքաղաքային սպասարկումն իրականացնում են տրամվայները և մետրոպոլիտենը, որոնք հաճախ հանդիսանում են քաղաքային տրանսպորտի հիմքը։ Բեռնատար գնացքներում սովորաբար օգտագործվում են բեռնարկղ-վագոններ, որոնք բեռնվում ու բեռնաթափվում մարդկանց կողմից։ 1960-ական թվականներից բեռնափոխադրումների համար մեծ մասամբ օգտագործվում էին բեռնարկղային գնացքներ, իսկ ոչ տարային փոխադրումներն իրականացվում են հատուկ դրա համար նախատեսված գնացքներով։

Ճանապարհային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելես քաղաքի կենտրոնական Ֆրիվեյ Հարբորը սովոբար խցանված է պիկ ժամերին

Ճանապարհը երկու կետեր իրար կապող երթևեկության գիծն է[9]։ Ճանապարհները, որպես կանոն, հարթեցված են, սալարկված կամ որևէ այլ կերպ հարմարեցված առանց խոչընդոտների ուղևորվելու համար, սակայն պատմության ընթացքում մի շարք ճանապարհներ իրենցից ներկայացրել են ընդամենը բոլորի կողմից օգտագործվող ուղիներ, որոնք չէին կառուցապատվում և չէին սպասարկվում[10][11]։ Ճանապարհները կարող են անցնել քաղաքներով կամ գյուղերով և կոչվում են փողոցներ՝ կատարելով կրկնակի՝ տարածքի արդյունավետ օգտագործման և երթուղու գործառույթ։

Ամենատարածված ճանապարհային փոխադրամիջոցը ավտոմեքենան է՝ սեփական շարժիչի ուժով գործի դրվող անվավոր ուղևատրանսպորտ։ Ճանապարհներով երթևեկում նաև այլ փոխադրամիջոցներ՝ ավտոբուսներ, բեռնատարներ, մոտոցիկլետները, հեծանիվներ և հետիոտներ։ 2010 թվականի դրությամբ աշխարհում կա 1,015 միլիարդ ավտոմեքենա։ Ճանապարհային տրանսպորտը հնարավորություն է տալիս ազատորեն փոխել երթուղին՝ կախված անհրաժեշտությունից և հարմարությունից։ Միայն ճանապարհային տրանսպորտով է հնարավոր պատվերը հասցնել անմիջապես պատվիրատուին։

Ավտոմեքենաները տեղաշարժման տեսանկյունից շատ ճկուն են, բայց, միևնույն ժամանակ, ծախսատար և շատ տարածք են զբաղեցնում. դրանք քաղաքներում աղմուկի և մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրն են[12]։ Ավտոբուսները, ավելի քիչ ճկունությամբ, թույլ են տալիս ավելի արդյունավետ երթևեկել։ Բետնափոխադրումները են սովորաբար սկսվում և ավարտվում բեռնատարներով տեղափոխմամբ։

Ջրային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդացիների կողմից համեմունքների փոխադրման համար կառուցված Նեգոմբո ջրանցքն այժմ օգնագործվում է ձնկորսության նպատակով բաղ ծով դուրս գալու համար
White ferry with ramps in the up-position, moored at jetty
Ավտոմոբիլային լաստանավ, Խորվաթիա

Ջրային տրանսպորտը ծովերով, օվկիանոսներով, լճերով, ջրանցքներով կամ գետերով ջրային փոխադրամիջոցներով՝ բեռնանավերով, զբոսանավերով, նավակներով, լաստանավերով, տեղաշարժն է։ Ջրային փոխադրամիջոցները պիտի օժտված լինեն լողունությամբ, այդ իսկ պատճառով նախագծման, կառուցման և սպասարկման ժամանակ մեծ նշանակություն ունի դրանց կմախքը։

Առաջին շոգենավերը, որոնցում նավը շարժող թիավար անիվը կամ թիապտուտակը գործի դնելու համար օգտագործվում էր շոգեմեքենա, ստեղծվել են 19-րդ դարում։ Գոլորշին արտադրվում էր ջեռուցիչ կաթսայում՝ փայտի կամ ածխի այրմամբ և շարժվում դեպի արտաքին այրման շարժիչ։ Ներկայումս նավերի մեծ մասը զինված է ներքին այրման շարժիչով, որն աշխատանքի է դրվում բունկերային վառելիքով (չնչին կերպով թորված նավթ)։ Որոշ նավերում, օրինակ՝ սուզանավերում, գոլորշու արտադրության համար օգտագործվում է միջուկային էներգիա։ Տուրիստական և ուսումնական նավերը շարժվում են քամու ուժով, իսկ ավելի փոքր մասշտաբի նավերը շարժման մեջ են դրվում մեկ կամ ավելի պտուտակները շարժող ներքին այրման շարժիչներով, իսկ ռեակտիվ նավերը՝ ռեակտիվ ջրային շարժիչներով։ Իսկ ծանծաղ ջրերով երթևեկող օդային բարձով նավակները շաժվում են հսկայական հրող հսկայական հրող պտտանիվներով։

Չնայած որ այն, այլ տրանսպորտային միջոցների համեմատ, դանդաղ է, ժամանակակից ծովային տրանսպորտը մեծաքանակ բեռների փոխադրման շատ արդյունավետ եղանակ է։ 2007թվականին մոտ 35,000 առևտրային նավ փոխադրել է 7,4 միլիարդ տոննա բեռ[13]։ Միջմայրցամաքային բեռնափոխադրումների պարագայում ջրային տրանսպորտի օգտագործումը շատ ավելի էժան է, քան օդայինինը, իսկ առափնյա տարածքներում լայնորեն տարածված են փոքրիկ նավերը և լաստանավերը[14][15][16]։

Այլ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Oil pipeline winding through cold Alaskan country-side. In the background are mountains, partly snow-capped
Հում նավթ փոխադրող խողովակահար, Ալյասկա

Խողովակաշարային տրանսպորտով ապրանքները փոխադրվում են խողովակների միջոցով․ հիմնականում փոխադրվում են հեղուկ կամ գազային նյութեր, սակայն հատուկ օդամղիչ խողովակներով, խտացված օդի միջոցով հնարավոր է փոխադրել նաև պինդ ապրանքներ։ Խողովակաշարերով հնարավոր է փոխադրել ցանկացած, քիմիական տեսանկյունից կայուն հեղուկ կամ գազ։ Կոյուղաջրերը, ջուրը կամ խմորված գաղծուն փոխադրելու համար կառուցվում են փոքր երկարությամբ համակարգեր, իսկ երկարաձիգ ցանցերն օգտագործվում են նավթ կամ բնական գազ առաքելու համար։

Մալուխային տրանսպորտ տերմինն ընդհանուր առմամբ վերաբերում է այնպիսի փոխադրամիջոցների, որոնք շարժվում են ոչ թե էներգիայի ներքին աղբյուրների միջոցով, մալուխներով։ Այն առավելապես կիրառվում է կտրուկ թեքությամբ տեղանքներում։ Այսպիսի տրանսպորտի տիպիկ օրինակներ են օդային տրամվայները, վերալակները, շարժասանդուղքը և ճոպանուղին․ սրանք դասակարգվում են նաև որպես կոնվեյերային տրանսպորտ։

Տիեզերական թռիչքները Երկրագնդի մթնոլորտից դուրս՝ դեպի բաց տիեզերք տիեզերանավերով ուղևորվելու եղանակ են։ Չնայած որ տեխնոլոգիան շատ է ուսումնասիրվել, այն շատ հազվադեպ է օգտագործվում՝ միայն Երկրագնդի ուղեծիր արբանյակներ ուղարկելու և գիտական ուսումնասիրություններ կատարելու համար։ Սակայն մարդկությանը հաջողվել է վայրէջք կատարել Լուսնի մակերևույթին և զոնդեր ուղարկել Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներ։

Երկրագնդի մեկ կետից մյուսն ուղևորվելու ամենաարագ գոյություն ունեցող եղանակը սուբօրբիտալ թռիչքներն են։ Երկրագնդի ստորին ուղեծրով թռչելու դեպքում հնարավոր է ավելի արագ երթևեկել, իսկ դրա հետագծից հրթիռի միջոցով խուսափելու դեպքում՝ թռիչք էլ ավելի կարագանա։

Ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլդեն Գեյթս և մի շարք այլ կամուրջների միջոցով կարելի է անցնել ջրամբարների մի ափից մյուսը

Ենթակառուցվածքը փոխադրամիջոցների շահագործման համար օգտագործվող ֆիքսված համակարգ է։ Ենթակառուցվածք են հանդիսանում ճանապարհները, տերմինալները, կայանման և սպասարկման օժանդակ կառույցները։ Երկաթուղային, ճանապարհային, կաբելային տրանսպորտի և խողովակաշարերի պարագայում անհրաժեշտ է ամբողջովին կառուցել փոխադրամիջոցի երթուղին։ Օդային և ջրային փոխադրամիջոցները ուղեգծերի կարիք չունեն։ Սակայն վերջիններիս ֆիքսված ենթակառուցվածքներ անհրաժեշտ են տերմինալներում։

Տերմինալ են կոչվում այն վայրերը, որտեղ ուղևորները և բեռները կարող են տեղափոխվել մեկ փոխադրամիջոցից կամ տրանսպորտի տեսակից մյուսը։ Ուղևորատրանսպորտի պարագայում ենթակառուցվածքներն այնպես են նախագծված, որ տարբեր տեսակի տրանսպորտից օգտվող ուղևորները հնարավորինս հարմարավետորեն օգտվեն դրանցից։ Օրինակ՝ օդանակայանները երկաթուղու միջոցով կապվում են մոտակա բնակավայրերին։ Ավտոմեքենաների համար տերմինալ են հանդիսանում կայանատեղիները, իսկ ավտոբուսները հնարավոր է շահագործել կարճատև դադարներով[17]։ Բեռնափոխադրման տերմինալները անցումային կետեր են, չնայած որոշ բեռներ արտադրությունից միանգամից փոխադրվում են սպառման կետ։

Ենթակառուցվածքների ֆինանսավորումը կարող է լինել պետական և մասնավոր։ Տրանսպորտը հանրությանն անհրաժեշտ բնական մենաշնորհ է, ուստի ճանապարհները, իսկ որոշ երկրներում անգամ երկաթուղին և օդանավակայնները ֆինանսավորվում են հարկերից։ Նոր ենթակառուցվածքների շինարարությունը կարող է թանկ արժենալ, և այն հաճախ ֆինանսավորվում է վարկերից։ Ուստի ենթակառուցվածքների որոշ սեփականատերեր դրանց օգտագործման դիմաց գումար են գանձում, ինչպես, օրինակ, օդանավակայաններում վայրէջքի դիմաց գանձվող վճարը, կամ վճարովի ճանապարհահատվածները։ Բացի այդ, իշխանությունները կարող են փոխադրամիջոցների գնման և շահագործման դիմաց հարկեր գանձել։ Սխալ կանխատեսումների և ուղևորների թվի գերագնահատման հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքներից շահույթը հաճախ ակնկալածից քիչ է[18]։

Փոխադրամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆիատ Ունո» մակնիշի ավտոմեքենա, 2018 թվական

Փոխադրամիջոցը մարդկանց և ապրանքներ տեղափոխող սարքն է։ Ի տարբերություն ենթակառուցվածքների՝ փոխադրամիջոցները շարժվում են՝ փոխադրելով բեռներ և ուղևորներ։ Փոխադրամիջոցները շարժման մեջ են դրվում կամ քաշելու/հրելու, մկանային ուժի շնորհիվ, կամ շարժվում ինքնաբերաբար․ դա առավել հաճախ կատարվում է շոգեմեքենային, ներքին այրման շարժիչի, էլեկտրական շարժիչի, ռեակտիվ շարժիչի կամ հրթիռի միջոցով, չնայած որ կան այլ եղանակներ ևս։ Փոխադրամիջոցներին անհրաժեշտ է նաև էներգիան շարժման վերածող համակարգ․ այս դերը դեպքերի մեծամասնությունում կատարում են ակերը, պտտաթիակները կամ ճնշումը։

Փոխադրամիջոցները կառավարում են վարորդները։ Մի շարք համակարգեր ամբողջությամբ ավտոմատացված են, օրինակ՝ ինքնավար վագոնները կամ որոշ արագագնաց գնացքներ։ Ուղևատրանսպորտի պարագայում փոխադրամիջոցում պիտի լինի ուղևորական խցիկ, նստատեղ կամ հարթակ։ Պարզ փոխադրամիջոցների՝ մեքենաների, հեծանիվների կամ պարզաբույն օդանավերի ուղևորներից մեկը հանդիսանում է նաև վարորդ։

Անձնական փոխադրամիջոցները պատկանում են սեփականատերերին, ովքեր իրենք են դրանք շահագործում։ Հասարակական և բեռնատար տրանսպորտի շահագործումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կամ իշխանությունների կողմից։ Ենթակառուցվածքները և փոխադրամիջոցները կարող են պատկանել և շահագործվել միևնույն կազմակերպության կողմից․ դրանք կարող են նաև պատկանել մեկին, իսկ շահագործվել մեկ այլ կազմակերպության կողմից։ Ավանդաբար, մի շարք երկրներ ունեն ազգային ավիաուղիներ և երկաթուղիներ։ 1980-ականներից մինչ օրս դրանցից շատերը մասնավորեցվել են։ Միջազգային փոխադրումները արդյունաբերության պահանջարկ վայելող ճյուղերից են, որոնք, սակայն, օրենսդրական տեսանկյունից լավ կարգավորված չեն[19]։ Նավահանգիստները կարող են լինել հանրային[20]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտի ամենատարածված կիրառությունը ուղևորների և բեռների փոխադրումն է։ Սակայն այն կարող է ծառայել այլ նպատակներով ևս, ինչպես, օրինակ, պատերազմական գործողությունների ժամանակ զինված ուժերի ռազմավարական և տակտիկական շարժի համար, շինարարության մեջ կամ արտակարգ իրավիճակներում։

Ուղևորների փոխադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Light green, orange and white bus stopping in front of multi-story building.
Կանբերրայում շահագործվող ավտովուս, Ավստրալիա

Ուղևորատրանսպորտը կամ ուղևորափոխադրումները լինում են երկու տեսակի՝ հասարակական և մասնավոր։ Հասարակական տրանսպորտը ուղևորափոխադրման ծառայություններ է մատուցում ըստ հստակ ժամանակացույցի, անփոփոխ երթուղով, մինչդեռ մասնավոր տրանսպորտային միջոցների մատուցած ծառայությունները իրավիճակային են՝ ըստ ուղևորի ցանկության։ Մասնավոր տրանսպորտի մատուցած ծառայությունները ավելի ճկուն են, սակայն հզորությունը ավելի քիչ է, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ավելի մեծ։ Մարդիկ կարող են ճանապարհորդել՝ ելնելով առօրյա կարիքներից, աշխատանքի բերումով, ժամանցի ապահովման կամ արտագաղթելու նպատակով։

Փոքր հեռավորությամբ ուղևորությունները կատարվում են ավտոմեքենաներով և հասարակական տրանսպորտով։ Հասարակական տրանսպորտը ներառում է գյուղական և քաղաքային ավտոբուսները, մերձքաղաքային երկաթուղիները, տրամվայները և մեծ քաղաքաներում՝ մետրոպոլիտենը։ Հեռավոր վայրեր ուղևորվելու համար մարդիկ օգտվում են ավտոմեքենաներից, գնացքներից, զբոսաշրջային ավտոբուսներից և օդանավերից․ վերջինները կազմում են ամենաերկար, այդ թվում նաև միջմայրցամաքային ուղևորությունների փոխադրամիջոցների գերակշիռ մասը։ Միջտեսակային ուղևորափոխադրումը ենթադրում է մի շարք տրանսպորտային միջոցների կիրառություն․ քանի որ մարդիկ ուղևորությունների սկզբում և վերջում սովորաբար քայլում են, ուղևորատրանսպորտն առհասարակ կարելի է համար միջտեսակային փոխադրում։ Հասարակական տրանսպորտը ներառում է նաև մի տեսակից մյուսը անցնելու կետերը՝ տրանսպորտային հանգույցները, կանգառները կամ երկաթուղային կայարանները։

Տրանսպորտային միջոցների շարքում երկու հակադիր բևեռներում են տաքսիները և ավտոբուսները։ Ավտոբուսները ճանապարհորդելու էժան տարբերակ են, սակայն դրանք ճկուն չեն, իսկ տաքսիները շատ ճկուն են, բայց՝ ավելի թանկ։ Այս երկուսի միջև գտնվում են իրավիճակին համապատասխան տրանսպորտային միջոցները, որոնք ճկուն են և, միևնույն ժամանակ, նաև, գնային առումով, հասանելի։

Որոշ մարդկանց կարող է արգելվել ճանապարհորդել մեկ երկրից մյուսը՝ ելնելով օրենսդրական և վիզային պահանջներից։

Բժշկական տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շահագործվող շտապ օգնության մեքենա

Շտապ օգնության մեքենան մարդկանց բուժման կետեր տեղափոխող փոխադրամիջոց է, որոշ դեպքերում այն նաև ոչ հիվանդանոցային բժշկական խնամք է տրամադրում[21]։

Օդային բժշկական ծառայությունները հավաքական տերմին է, որի մեջ է մտնում վթարի վայրերից բուժառուին դեպի առողջապահական կենտրոններ տեղափոխումն է։ Աերոբժշկական տարհանման կամ փրկարարական գործողությունների ընթացքում ուղղաթիռներում, պտտուտակավոր թռչող սարքերում և ռեակտիվ օդանավերում անձնակազմը տրամադրում է առաջին և ծայրահեղ բժշկական օգնություն բոլոր տեսակի բուժառուների[22][23]։

Բեռնափոխադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնափոխադրումը կամ առաքումը արտադրության արժեքաշղթայում կարևորագույն տեղ է զբաղեցնում[24]։ Մասնագիտացման և գլոբալացման տարածմանը զուգընթաց արտադրությունը աշխարհագրորեն ավելի ու ավելի հեռացավ սպառման վայրերից՝ կտրուկ ավելացնելով տրանսպորտի պահանջարկը[25]։ Տրանսպորտը, արտադրված ապրանքները սպառման շուկա տեղափոխելով, տարածք է ազատում նոր ապրանքների արտադրության համար։ Բեռնափոխադրման համար օգտագործվում բոլոր տեսակի փոխադրամիջոցներ, սակայն դրա ընտրությունը պայմանավորված է բեռի բնույթով[26]։ Բեռների՝ արտադրողից սպառողին փոխադրման ամբողջ գործընթացը կոչվում է լոգիստիկա, ներառյալ պահպանումը, տեղափոխումը, փոխադրումը, պահեստավորումը, բեռնումը, բեռնաթափումը և փաթեթավորումը՝ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ[27]։ Բեռնափոխադրման ընթացքում առկա ռիսկերի փոխատուցմամբ և պատասխանատվությամբ զբաղվում է Ինկոտերմսը[28]։

Բեռնարկղերի փոխադրում բեռնատար գնացքներով, Միացյալ Թագավորություն

Բոլոր փոխադրամիջոցներում և նավահանգիստներում ԻՍՕ ստանդարտին համապատասխան բեռնարկղավորումը հեղափոխեց միջազգային և ներքին առևտուրը՝ նվազեցնելով փոխադրման արժեքը։ Ավանդաբար բեռները ձեռքով բարձրացվում և իջեցվում էին նավի կամ մեքենայի բեռնախցիկ․ բեռնարկղավորման շնորհիվ բեռնումն ու բեռնաթափումը, մի տեսակի փոխադրամիջոցից մյուսն անցումն ավտոմատացվեց, ինչպես նաև ստանդարտացված չափերը հնարավորություն տվեցին խնայողություններ անել քիչ թվով մեքենաների շահագործումով։ 1950-ականներից սկսած սա միջազգային առևտրի և գլոբալացման հիմնական խթաններից է[5]։

Ոչ տարային փոխադրումը լայնորեն կիրառվում է այնպիտի բեռների փոխադրման համար, որոնք չեն վնասվի անփույթ բեռնման կամ բեռնաթափման պարագայում․ վերջինիս տիպիկ օրինակներ են հանքանյութի, ածխի, հատիկային կուլտուրաների և նավթի փոխադրումը։ Ապրանքի միատարրության շնորհիվ դրանց մեխանիկական բեռնումն ու բեռնաթափումը կարելի է արագ ու արդյունավետ կազմակերպել։ Բեռների ցածր արժեքը և մեծ ծավալը ենթադրում են խնայողություններ, ինչը էական նշանակություն ունի բեռնափոխադրումների պարագայում, իսկ ոչ տարային փոխադրման համար հաճախ օգտագործվում են հսկայական նավեր և ամբողջական գնացքներ։ Մեծ ծավալով հեղուկները փոխադրվում են խողովակաշարերով։

Օդային ճանապարհով առավել հաճախ փոխադրվում են թանկարժեք ապրանքները․ օդային բեռնափոխադրումները կազմում են համաշխարհային բեռնափոխադրումների ընդամենը 1 տոկոսը, մինչդեռ, ըստ արժեքի, իրենց բաժին է ընկնում ընդահանուր բեռնափոխադրումների 40 տոկոսը։ Արժեշղթայի ուշացում և ժամկետների շրջանակներում առաքում սկզբունքների տեսանկյունից ժամանակը առավել կարևոր է դարձել, ինչի արդյունքում պատվիրատուն մեծ պատրաստակամություն է հայտնում կարևոր ապրանքների կամ քաշ-արժեք հարաբերակցությամբ թանկարժեք իրերի արագ առաքման դիմաց[29]։ Նամակագրությունից զատ օդային եղանակով են փոխադրվում նաև էլեկտրական սարքերը և հագուստը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աղայան, Էդուարդ (1976). «Արդի հայերենի բացատրական բառարան». Նայիրի. «Հայաստան» Հրատարակչություն. Վերցված է 04/02/2018-ին.
  2. Watts, Martin (1999). Working Oxen(չաշխատող հղում). Shire Album. 342. Princes Risborough, Buckinghamshire: Osprey Publishing. p. 4. ISBN 9780747804154. Retrieved 2016-02-08. [...] tamed aurochs became the first domestic oxen. The earliest evidence for domestication is found in the Middle East around ten thousand years ago.
  3. Bardi, Coyle and Novack, 2006: 158
  4. 4,0 4,1 Cooper et al., 1998: 277
  5. 5,0 5,1 Bardi, Coyle and Novack, 2006: 211–14
  6. Cooper et al., 1998: 281
  7. Swine flu prompts EU warning on travel to US. The Guardian. April 28, 2009.
  8. Cooper et al, 1998: 279
  9. «Major Roads of the United States». United States Department of the Interior. 2006 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
  10. "Road Infrastructure Strategic Framework for South Africa". National Department of Transport (South Africa). Archived from the original on 27 September 2007. Retrieved 24 March 2007.
  11. Lay, 1992: 6–7
  12. Cooper et al., 1998: 278
  13. The United Nations Conference on Trade and Development (UNCTAD) 2007, p. x and p. 32.
  14. Stopford, 1997: 4–6
  15. Stopford, 1997: 8–9
  16. Cooper et al., 1998: 280
  17. Cooper et al., 1998: 275–76
  18. Bent Flyvbjerg, Mette K. Skamris Holm, and Søren L. Buhl, "How (In)Accurate Are Demand Forecasts in Public Works Projects", Journal of the American Planning Association 71:2, pp. 131–46.
  19. Stopford, 1997: 422
  20. Stopford, 1997: 29
  21. Skinner, Henry Alan. 1949, "The Origin of Medical Terms". Baltimore: Williams & Wilkins
  22. Branas CC, MacKenzie EJ, Williams JC, Schwab CW, Teter HM, Flanigan MC, et al. (2005). "Access to trauma centers in the United States". JAMA. 293 (21): 2626–33. doi:10.1001/jama.293.21.2626. PMID 15928284.
  23. Burney RE, Hubert D, Passini L, Maio R (1995). "Variation in air medical outcomes by crew composition: a two-year follow-up". Ann Emerg Med. 25 (2): 187–92. doi:10.1016/s0196-0644(95)70322-5 . PMID 7832345.
  24. Chopra and Meindl, 2007: 3
  25. Chopra and Meindl, 2007: 63–64
  26. Chopra and Meindl, 2007: 54
  27. Bardi, Coyle and Novack, 2006: 4
  28. Bardi, Coyle and Novack, 2006: 473
  29. Chopra and Meindl, 2007: 328
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսպորտ» հոդվածին։