Շարժասանդուղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարժասանդուղք Կոպենհագենի մետրոպոլիտենում
Թունելային շարժասանդուղք Մոսկվայի մետրոպոլիտենի «Դուբրովկա» կայարանում»

Շարժասանդուղք (անգլ.՝ escalator, կազմված է elevator բառի նման, ֆր.՝ escalade՝ գրոհման սանդուղք բառից, որն իր հերթին կազմված է scala՝ սանդուղք բառից), ամբարձիչ-փոխադրող մեքենա 30—35° հորիզոնական թեքությամբ, շարժվող աստիճաններով սանդուղք, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար: Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ էլեկտրական շարժիչից[1]:

Շարժասանդուղքները տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում: Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլյորի երկընտրանք[2]:

Առանց աստիճանների շարժվող ուղիները կոչվում են տրավոլատորներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժասանդուղք գործածության ժամանակ, 2011

Այսօրինակ առաջին մեխանիզմը արտոնագրվել է ամերիկացի գյուտարար Նաթան Էյմսի կողմից 1859 թվականի մարտի 9-ին, սակայն «շրջանաձև շարժվող սանդուղքի» (անգլ.՝ revolving stairs) այդ արտոնագիրը՝ № 25,076, երբեք ոչ մեկի կողմից չի օգտագործվել: Տասնամյակներ անց՝ 1892 թվականի մարտի 15-ին, ամերիկացի Ջես Ռենոն արտոնագրեց «թեք ամբարձիչի» իր հայտնագործությունը (անգլ.՝ inclined elevator): Նրա՝ աշխարհում առաջին շարժասանդուղքն ի հայտ եկավ 1894 թվականին Նյու Յորքի Քոնի Այլընդ (անգլ.՝ Coney Island) այգում՝ որպես զբոսաշրջիկների համար նախատեսված ատրակցիոն:

Մետրոպոլիտենի կայարաններից առաջինը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք (1911 թվական), Լոնդոնի մետրոպոլիտենի Էրլս-կորտ (անգլ.՝ Earl's Court) կայարանն էր:

Առաջին շարժասանդուղքները հարթ, առանց աստիճանների, շարժվող ուղիներ էին: Ավելի ուշ դրանց բռնակներ ավելացրին, իսկ ժամանակակից տեսքը ձեռք բերեցին 1921 թվականին[3]:

Գործնականում հենց սկզբից նրանք, ովքեր ոչ թե քայլում էին շարժասանդուղքով, այլ պարզապես կանգնում էին դրա վրա, կանգնում էին աջ կողմում, որպեսզի ճանապարհ տան քայլող անցորդներին: Այդ «ստորգետնյա էթիկետը» այսօր էլ պահպանվում է աշխարհի շատ երկրներում[4]:

Շարժասանդուղքներ Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկի թունելային շարժասանդուղքը

ԽՍՀՄ-ում առաջին շարժասանդուղքն ի հայտ է եկել Մոսկվայում: Իսկ առաջին հասարակական կառույցը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք, Մոսկվայի կենտրոնում գտնվող Դերժինսկու հրապարակի «Մանկական աշխարհ» խանութն էր[5]:

Խորհրդային Միությունում շարժասանդուղքներն առավելապես օգտագործում էին մետրոյում, հազվադեպ՝ կայարաններում, օդանավակայանում, թատրոնում, համերգասրահներում և հասարակական այլ վայրերում: 1935 թվականից սկսած՝ ԽՍՀՄ-ում ներմուծվում էին միայն ֆիննական «KONE» ընկերության շարժասանդուղքները, որոնք տեղադրվում էին միայն այնպիսի կարևոր վայրերում, ինչպես Կրեմլը, Համագումարների պալատը: Արտասահմանյան այլ արտադրողները շուկայում հայտնվեցին միայն ԽՍՀՄ-ի անկումից հետո: Իսկ ժամանակակից Ռուսաստանում հաճախ են շարժասանդուղքներ տեղադրում առևտրի և բիզնես կենտրոններում:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուրաձև շարժասանդուղք Հոնկոնգի Թայմս-սքվեը համալիրում

Շարժասանդուղքները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ թունելային և միջհարկային:

Թունելային շարժասանդուղքները տեղադրվում են թեք, երկար թունելներում՝ մեծ խորությամբ տեղակայված մետրոյի կայարաններում: Այդպիսի շարժասանդուղքների երկարության հետևանքով դրանց կառուցվածքի և արգելակների հուսալիությանը ներկայացվում են ավելի հատուկ պահանջներ: Դրանց սպասարկման համար հարկավոր է ունենալ լայն բազրիքներ:

Միջհարկային շարժասանդուղքներն օգտագործվում են շինություններում: Քանի որ դրանք սովորաբար ազատ հասանելի են, բազրիքներ հարկավոր չեն:

Թունելային և միջհարկային շարժասանդուղքները տարբերվում են թեքության անկյունով: Մինչև 6 մետր բարձրության դեպքում շարժասանդուղքի թեքության անկյունը պետք է կազմի 30° կամ 35°, իսկ 6 մետրից ավելի բարձրության դեպքում՝ միայն 30°[6]:

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ շարժասանդուղքի վրա, Լոնդոնի մետրոպոլիտեն, 2011 թվական

Շարժասանդուղքի մեկ կողմի անցանելիության կարողությունը 0,75 մ/վ (մեկ րոպեում 45 մետր) արագության դեպքում տեսականորեն կազմում է 10000 մարդ/ժամ, իսկ իրական կարողությունը սովորաբար կազմում է ոչ ավելի, քան 5000-6000 մարդ վերելքի և մինչև 7500 մարդ վայրէջքի համար[7]:

Որպես կանոն՝ շարժասանդուղքի բազրիքների շարժման արագությունը գերազանցում է աստիճանների շարժման արագությանը: Բազրիքները շարժման մեջ դնող սկավառակների վրա ռեզինե շերտներ են դնում, որոնք ժամանակի ընթացքում մաշվում են, ինչի արդյունքում իջնում է բազրիքների շարժման արագությունը[8]: Որպես օրինակ՝ Բադեն-Վյուրտեմբերգի (Գերմանիա) շարժասանդուղքի բազրիքների և աստիճանների շարժման արագությունը կարգավորվել է 1977 թվականին. դրանց արագությունները պետք է նույնը լինեն, սակայն կարելի է բազրիքների շարժման արագությունը գերազանցել մինչև 3%-ով: 2009 թվականից փաստաթուղթը պարտադիր չի համարվում իրականացման համար, սակայն խորհուրդ է տրվում նկատի ունենալ որպես կողմնորոշիչ[9]:

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարժասանդուղքն ունի ավելի մեծ անցանելիության կարողություն, քան վերելակը և ֆունիկուլյորը:
  • Շարժասանդուղքն անընդհատ գործողությամբ տրանսպորտային միջոց է. ուղևորը ստիպված չի լինում սպասել տրանսպորտի ժամանմանը:
  • Շարժասանդուղքի խափանման դեպքում այն կարելի է օգտագործել որպես սովորական սանդուղք և բարձրանալ կամ իջնել, մինչդեռ վերելակի խափանման պարագայում պետք է սպասել, մինչև այն վերանորոգեն:

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որպես կանոն՝ շարժասանդուղքն ավելի թանկ արժե, քան վերելակը և ֆունիկուլյորը:
  • Վերելակի համեմատ շարժասանդուղքը տեղադրման համար պահանջում է ավելի մեծ տարածություն:
  • Ի տարբերություն վերելակի՝ հաշմանդամի սայլակով ուղևորները առանց կողմնակի օգնության չեն կարող օգտվել շարժասանդուղքից:
  • Ի տարբերություն վերելակի՝ շինության մեջ մի քանի հարկ տեղաշարժվելու համար ուղևորը պետք է յուրաքանչյուր միջանկյալ հարկում իջնի և նորից բարձրանա:
  • Ի տարբերություն վերելակի՝ շարժասանդուղքը չի կարող զարգացնել մեծ արագություն, որն անհրաժեշտ է բազմահարկ շինությունում ուղղահայաց տեղաշարժման համար:
  • Բեռնասայլակով կամ ուղեբեռով ուղևորների համար շարժասանդուղքով տեղափոխվելն ավելի դժվար է:

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի ամենահին գործող շարժասանդուղքը, ըստ էության, Նյու Յորքի Macy's հանրախանութի միջհարկային շարժասանդուղքն է, որը գործում է 1927 թվականից:
  • Ամենահին թունելային շարժասանդուղքը գործում է 1944 թվականի փետրվարից Մոսկվայի մետրոպոլիտենի «Բաումանյան» կայարանում: 2015 թվականին այն ապամոնտաժվեց և փոխարինվեց նորով[10]:
  • Լոնդոնի մետրոպոլիտենի ամենահին շարժասանդուղքը գործել է «Գրինֆորդ» կայարանում 1947 թվականից: Դա լոնդոնյան գետնանցումում պահպանված փայտե աստիճաններով ամենահին շարժասանդուղքն էր: 2015 թվականին այն փոխարինվեց «թեք վերելակով»[11]:

Ըստ երկարության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Ադմիրալյան» կայարանում: Կայարանի տեղակայման խորությունը 86 մետր է: Շարժասանդուղքները տեղադրված են 68,7 և 15,2 մետր վերելքի բարձրությամբ[12]:
  • Եվրամիության ամենաերկար շարժասանդուղքը տեղակայված է Պրահայի մետրոպոլիտենի «А» գծի «Náměstí Míru» կայարանում: Երկարությունը 87 մետր է, վերելքի բարձրությունը՝ 43,5 մետր:
  • Արևմտյան կիսագնդի և ԱՄՆ-ի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Վաշինգտոնի մետրոպոլիտենի «Wheaton» կայարանում: Երկարությունը 70 մետր է, վերելքի բարձրությունը՝ 35 մետր:
  • Հարավային կիսագնդի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Մելբուրնի քաղաքային երկաթուղու «Parliament» կայարանում: Վերելքի բարձրությունը կազմում է ավելի քան 30 մետր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ross Julian (2000)։ Railway Stations: Planning, Design and Management (անգլերեն)։ Architectural Press։ ISBN 9780750643764 
  2. Strakosch George R. (1983)։ Vertical transportation: elevators and escalators։ Wiley։ ISBN 978-0-471-86733-3 
  3. «Elevators & Escalators - MITSUBISHI ELECTRIC»։ mitsubishielectric.com։ Վերցված է September 18, 2012 
  4. "Metro / Metro Etiquette, Washington D.C. - Local Customs". VirtualTourist. Retrieved November 16, 2011.
  5. Мамаева, О. (2014-12-01)։ ««Внутри от старого „Детского мира“ вообще ничего не осталось»»։ Большой город։ Վերցված է 2015-04-01 
  6. Haughton Elevator Co. v. Seeberger85 U. S. P. Q. (BNA) 80–81 (Dec. Comm. Pat. 1950).
  7. Библиотека / Аналитика / Создание эскалаторов нового поколения — рациональный путь повышения пропускной способности станций метрополитенов
  8. Эскалатор спасает москвичей от давки – Metro
  9. Arbeitsstättenrichtlinie Fahrtreppen und Fahrsteige
  10. CNN. "Attractions: CNN Studio Tour". CNN Center. Cable News Network. Retrieved 24 January 2017.
  11. http://www.bluebadgestyle.com/2013/04/uks-first-incline-lift-coming-to-greenford-underground-but-8-crossrail-stations-wont-have-step-free-access/
  12. «Эскалатор с линейным двигателем»։ «Наука и жизнь»։ №1, 2014։ Վերցված է 2015-01-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]