Jump to content

Մոսկովյան Կրեմլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկովյան Կրեմլը և Կարմիր հրապարակը
Kremlin and Red Square*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կրեմլը օդից
Երկիր Ռուսաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1990  (14-րդ նստաշրջան)
Համար 545
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 545
ռուս.. • անգլ.. • ֆր.

Մոսկովյան Կրեմլ (ռուս.՝ Моско́вский Кре́мль[1]), Մոսկվայի հնագույն մասը, քաղաքի կենտրոնում ընկած ճարտարապետական ամրացված համալիր[2], մայրաքաղաքի գլխավոր հասարակական-քաղաքական, կրոնական և պատմական համալիրը, Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրը։ Նախկինում նրա մեծ պալատը եղել է ռուսական ցարերի մոսկովյան նստավայր։ Խորհրդային տարիներին Կրեմլում է գտնվել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ նախագահի նստավայրը։ Գտնվում է Բորովիցկի բլրի վրա, Մոսկվա գետի ձախ ափին՝ դրա մեջ Նեգլիննայա վտակի թափվելու վայրի մերձակայքում։ Ըստ հատակագծի իրենից ներկայացնում է անկանոն եռանկյունի։ Զբաղեցնմում է 27,5 հեկտար տարածք։ Ներառում է հինգ պալատ, չորս տաճար, որոնք շրջապատված են աշտարակավոր պարսպով։ Գործում է Մոսկովյան Կրեմլի թանգարանը, որը 2017 թվականի տվյալներով տարեկան ունենում է շուրջ երեք միլիոն այցելու[3]։ Կրեմլի հարավային պատը նայում է Մոսկվա գետին, արևելյանը՝ Կարմիր հրապարակին ու Վասիլի Երանելու տաճարին, արևմտյանը՝ Ալեքսանդրյան այգուն[4]։

Կրեմլ բառը նշանակում է ամրոց քաղաքի ներսում[5]։ Այն հաճախ գործածվում է փոխաբերաբար՝ նշելու համար Ռուսաստանի կառավարությունը (իսկ խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ կառավարությունը) և նրա ղեկավարներին։

Մոսկովյան Կրեմլը, որ աշխարհի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից է, բաց է հանրության առջև։ Տրամադրվում են էքսկուրսիաներ, շրջագայելու հնարավորություն ու միջոցներ[6]։

Հնագույն բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան Կրեմլի տարածքում առաջին բնակավայրերը պատկանել են ֆատյանովյան մշակույթի ցեղերին[7]՝ մարտական կացինների մշակույթի տեղական տարբերակին, որը բրոնզի դարի հնդոեվրոպական համայնք էր (մ.թ.ա. III–II հազարամյակներ)։ Ժամանակակից Հրեշտակապետ տաճարի մոտ հայտնաբերվել է ֆինա-ուգրական բնակավայր, որը վերաբերում է վաղ երկաթի դարին (մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կես)[8]։ Այդ ժամանակ դյակովյան տիպի բնակավայրը զբաղեցնում էր Բորովիցկի բլրի վերին գետահովտային տեռասի կենտրոնը (ներկայիս Տաճարային հրապարակի տարածքը) և, հնարավոր է, արդեն ուներ ամրաշինական կառույցներ։ Հյուսիս-արևելքից բնակավայրը պաշտպանված էր երկու ձորերով․ մեկը՝ ներկայիս Տրոիցկի դարպասներից հյուսիս, դուրս էր գալիս դեպի Նեգլիննայա գետ, իսկ մյուսը գտնվում էր ներկայիս Կրեմլի Պետրովսկայա և Երկրորդ Անանուն աշտարակների միջև[9]։

Վյատիչների բնակավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում Օկա և Մոսկվա գետերի ավազանների սլավոնական գաղութացման սկզբին Բորովիցկի բլրի գագաթը բնակեցրին վյատիչները։ Ենթադրվում է, որ բլրի վրա վյատիչների բնակավայրը բաղկացած էր երկու ամրացված կենտրոններից․ առաջինը՝ ավելի մեծ տարածքով, գտնվում էր ներկայիս Տաճարային հրապարակի տեղում, իսկ երկրորդը զբաղեցնում էր բլրի ծայրամասային մասը։ Ենթադրաբար, երկու կենտրոններն էլ պաշտպանված էին շրջանաձև ամրաշինական համակարգով, որը բաղկացած էր խրամից, հողապատնեշից և փայտե պարիսպից։

Առաջին ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարին թվագրվող Տվերի տարեգրության ցուցակը հաղորդում է, որ 1156 թվականին Բորովիցկի բլրի հարավ-արևմտյան ծայրամասում՝ ներկայիս Կրեմլի տարածքում, Յուրի Դոլգորուկիի կողմից կառուցվել է քաղաք։ Ամրոցը շրջապատված էր 16–18 մ լայնությամբ և առնվազն 5 մ խորությամբ խրամով։ Հողապատնեշը մոտ 14,5 մ լայնություն ուներ և 7 մ բարձրություն։ Այդ ժամանակների համար սա միջին չափի, բնորոշ ռուսական ամրոց էր։ Պատնեշը ամրացված էր կաղնու փայտե գերաններով, որոնք իրար էին միացվում ագույցներով[10]։

1176 թվականի աշնանը Մոսկվան և շրջակա գյուղերը այրվել են Ռյազանի իշխան Գլեբ Ռոստիսլավիչի հարձակման ժամանակ, սակայն քաղաքը շուտով վերականգնվել է։

1238 թվականին թաթարների ներխուժման ժամանակ, հինգօրյա դիմադրությունից հետո, թաթարները գրավեցին Մոսկվան, որը պաշտպանվում էր Յուրիի կրտսեր որդու՝ Վլադիմիրի և զորապետ Ֆիլիպ Նյանկայի կողմից՝ «փոքր զորքով»[11]։ Կրեմլը ավերվեց, նրա բոլոր պաշտպանները սպանվեցին, իսկ Վլադիմիրը գերեվարվեց։ Լավրենտյան տարեգրության վկայությամբ՝ այրվել են բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ գյուղերի հետ միասին։

Իշխանական նստավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1264 թվականից Մոսկովյան Կրեմլը հանդիսանում էր Մոսկվայի մեծ իշխանության նստավայրը։ 1272 թվականին իշխան Դանիիլ Ալեքսանդրովիչը (Յարոսլավ Վսևոլոդովիչի թոռը և Ալեքսանդր Նևսկու կրտսեր որդին) իր իշխանության առաջին տարում այստեղ հիմնեց Սուրբ Պայծառակերպության եկեղեցին։ Այս իրադարձության մասին ավանդությունը հիշատակում է Կրեմլի պատմության հետազոտող Ալեքսանդր Վորոնովը[12]։

Կրեմլի հատակագիծը 1917 թ.
1800 թ.
Ջակոմո Կվարնեգի. Մոսկովյան Կրեմլի տաճարային հրապարակը. 1797 թ. Էրմիտաժ
Փրկչի (Սպասսկայա) աշտարակը
Կոնստանտինի ու Ելենայի աշտարակը
Կրեմլի Մեծ պալատը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «кремль». // Научно-информационный «Орфографический академический ресурс АКАДЕМОС» Института русского языка им. В. В. Виноградова РАН. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին. «кремль, кремля́ (крепость в старых русских городах) и Кремль, Кремля́ (район города, архит. комплекс; правительственная резиденция в Москве); Моско́вский Кре́мль; но: Новгоро́дский кре́мль, Пско́вский кре́мль, Ряза́нский кре́мль и т. п.»
  2. ↑ Paul, Michael C. (January 2004). "The Military Revolution in Russia 1550–1682". The Journal of Military History. 68 (1): 31. doi:10.1353/jmh.2003.0401. S2CID 159954818.
  3. ↑ «Moscow Kremlin Museums: ABOUT THE MUSEUM». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. ↑ Бондаренко И. А. Московский кремль // Большая российская энциклопедия. — Москва, 2012. — Т. 21. — С. 292-297.
  5. ↑ «Кремль» [Kremlin]. Vasmer Etymological dictionary. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  6. ↑ «Moscow Kremlin Museums: VISIT US». kreml.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. ↑ «Музеи Московского Кремля (официальный сайт) — Архитектурный ансамбль Кремля — История — Древности Кремлевского холма». Արխիվացված օրիգինալից 2023-06-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
  8. ↑ «Археологи нашли в Московском Кремле черепки дославянской эпохи. 2019 г.». Interfax.ru. Արխիվացված օրիգինալից 2022-06-08-ին. Վերցված է 2022-04-29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 69 (օգնություն)
  9. ↑ Памятники архитектуры, 1983, էջ 261
  10. ↑ Кренке Н. А. Раскоп 1959 г. в московском Кремле и дискуссия о начале Москвы // ТВЕРЬ, ТВЕРСКАЯ ЗЕМЛЯ И СОПРЕДЕЛЬНЫЕ ТЕРРИТОРИИ В ЭПОХУ СРЕДНЕВЕКОВЬЯ. Материалы научного семинара. Том Выпуск 14. Отв. редактор и автор пред. А. Н. Хохлов. Тверь, 2022. С. 19—27
  11. ↑ Широкорад А. Б. Русь и Орда. — М.: Вече, 2004. — С. 22. — 496 с. — ISBN 5-9533-0274-6
  12. ↑ Воронов, 2009, Спасо-Преображенский монастырь на бору

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ivanov, Vladimir N. (1971). Московский Кремль [Moscow's Kremlin] (ռուսերեն). Moscow.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Merridale, Catherine (2013). Red Fortress: History and Illusion in the Kremlin. New York: Henry Holt. էջեր 505. ISBN 9780805086805.
  • Nenakormova, Irina S. (1987). Государственные музеи Московского Кремля [Art treasures from the Museums of the Moscow Kremlin] (ռուսերեն). Moscow: Iskusstvo.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի the Moscow Kremlinին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկովյան Կրեմլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 684)։