Աղմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՍԱ-ի փորձարարները կատարում են ռեակտիվ շարժիչի աղմուկի չափում (1967)

Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով (ինտենսիվություն) և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վայրկյաում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։ Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։ Ձայնի մեծ ուժգնությունը (աղմուկ) առաջացնում է ցավի զգացողություն (թմբկաթաղանթի վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ 150 դբ ձայնն անտանելի է։ Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության աղմուկը։

Աղմուկի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ աղմուկ

Արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում աղմուկը դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը։ Քաղաքների աճը, տրանսպորտի, արդյունաբերության բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում տեխնիկայի (հզոր շարժիչներ, էներգասարքավորումներ, ճնշակներ, ռադիո, հեռուստատեսություն, տարբեր սարքեր և այլն) ներդրումն ուղեկցվում են աղմուկի աղբյուրների ավելացմամբ։ Քաղաքում աղմուկի հիմնական աղբյուրը տրանսպորտն է (ավտոմոբիլային, ռելսային, օդային և այլն)։ Աղմուկի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ազդում է այլ բացասական գործոնների (թրթռում, փոշի, գազեր) հետ։ Որոշ խոշոր քաղաքներում աղմուկի մակարդակը հասել է արդյունաբերական աղմուկի ուժգնությանը (80-100 դբ)։ Մարդկանց առողջության վրա աղմուկիի ունեցած վնասակար ազդեցության դեմ պայքարը դարձել է միջազգային խնդիր։ Ներկայումս աղմուկը համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը։

Աղմուկի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականներն աղմուկի ազդեցության հետ են կապում նյարդային, սիրտանոթային, խոցային հիվանդությունների աճը, որոշ մասնագիտության բանվորների ծանր լսողության առաջացումը։

Աղմուկից առաջին հերթին վնասվում է լսողության օրգանը։ Մարդու ականջը բնական պաշտպանություն չունի բարձր աղմուկի դեմ, որն ազդում է լսողության օրգանի բջիջների և նյարդերի վրա։ Վատ ձայնամեկուսացման պայմաններում նվազում է մարդու ինչպես ֆիզիկական այնպես էլ մտավոր աշխատունակությունը։

Աղմուկը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնածություն և հյուծում։ Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։ Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է։

Աղմուկի կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի և հասարակական շենքերի, որոշ տարածքների համար գործում են թույլատրելի աղմուկի սանիտարական նորմեր։ Կատարվում են նաև տեխնոլոգիական սարքավորումների ու տրանսպորտի միջոցների առաջացրած աղմուկի մակարդակի նվազեցման, աշխատանքի պայմանների առողջացման, բնականոն հանգստի (հատկապես՝ գիշերային ժամերին) ապահովման աշխատանքներ։

Աղմուկիի խնդիրների լուծման բնագավառում կարևոր նշանակություն ունի հիգիենային և հակահամաճարակաբանական ծառայությունը, որն իրականացնում է կանխարգելիչ և ընթացիկ հսկողություն բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ։ Առաջացման պատճառներից կախված՝ աղմուկի մակարդակը կարելի է նվազեցնել տարբեր եղանակներով և միջոցներով։ Աղմուկակլանիչ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ հաջողվում է զգալիորեն իջեցնել արտադրական աղմուկը։ Օրինակ՝ շենքերի հիմքերի կառուցումը մեղմիչ, ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութերի օգտագործմամբ, ձայնակլանիչ ցանկապատերի և ծածկերի կիրառումը, շինանյութերի ռացիոնալ ընտրությունը, մեքենաների մեկուսացումը (դրանց հերմետիկացումը) և այլն։

Կարևոր է նաև անհատական պաշտպանության միջոցների կիրառումը։ Փողոցային աղմուկի վերացման գործում կարևոր նշանակություն ունի առավել բնակեցված շրջաններից տրանսպորտի աղմկոտ տեսակների (տրամվայ, բեռնատար ավտոմեքենաներ և այլն) հեռացումը, տրամվայը տրոլեյբուսով և ավտոբուսով փոխարինումը, ձայնային ազդանշանի արգելումը, ճանապարհային, երեսպատվածքների ճիշտ օգտագործումը, փողոցների ռացիոնալ հատակագծումը, արդյունաբերական ձեռնարկությունների, օդանավակայանների, երկաթգծերի տեղաբաշխումը քաղաքից դուրս, շենքերի ձայնամեկուսացումը և այլն։

Կենցաղային աղմուկի նվազեցման և բնակարաններում լռության ապահովման համար (հատկապես հանգստի ժամերին՝ ժ 23-ից մինչև 7-ը) պետք է հոգ տանի յուրաքանչյուր մարդ։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից ՀՀ ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ին կից գործել է (1990 թվականից առանձնացել է) ձայնագիտության հանրապետական գիտական կենտրոնը (ՁՀԳԿ), որտեղ ուսումնասիրվում է աղմուկի և թրթռման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, մշակվում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։ Կենտրոնում գործում են 4 լաբորատորիա և նախագծակոնստրուկտորական խումբ։ ՁՀԳԿ մասնակցել է մի շարք սանիտարական չափանիշների մշակմանը, հակաաղմուկային միջոցառումների ներդրմանը արդյունաբերության մեջ, մշակել է հանրապետության քաղաքների աղմուկի քարտեզներ և այլն։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աղմուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png