Վարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարկ (լատ.՝ creditum պարտք, լատ.՝ credere վստահել բառերից) կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։ Հասարակական հարաբերություն, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։ Ըստ վարկավորման ժամկետի՝ վարկերը լինում են.

  • Կարճաժամկետ (1 տարի).
  • Միջին ժամկետային(1-5 տարի).
  • Երկարաժամկետ(6-10 տարի).
  • Հատուկ երկարաժամկետ(20-40 տարի).
  • Հատուկ ժամկետայնության տեսակ, որը տրվում է բանկերին, բրոքերներին, դիլերներին շտապ կարիքների համար։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեդիտ-վարկը (լատ.՝ creditum կամ լատ.՝ credere), ֆինանսական գործիք է, որը քաղաքացուն կամ ձեռնարկությանը հնարավորություն է ընձեռնում դրամ փոխառել՝ ապրանքներ, հումք և նմանատիպ ապրանքներ գնելու համար, վճարումը կատարելով որոշ ժամանակահատվածի ընթացքում, սովորոբար՝ տոկոսով։

  • Վարկը ապահովում է դրամական կապիտալի փոխարկումը փոխառուական կապիտալի և ներկայացնում է փոխատուի և փոխառուի միջև ձևավորող հարաբերությունները։ Վարկի օգնությամբ ձեռնարկությունների, անհատների և պետության ազատ դրամական միջոցները և եկամուտները կուտակվում են, փոխարկվում փոխառուական կապիտալի, որն էլ իր հերթին վճարի դիմաց տրամադրվում է ժամանակավոր օգտագործման։
  • Վարկերը հիմնականում անհրաժեշտ են այն պատճառով, որ այն ճկուն մեխանիզմ է հանդիսանում տնտեսության մի ճյուղից մյուսին կապիտալի հոսքի ապահովմամբ և շահույթի նորմաների կարգավորման համար։
  • Վարկը անհրաժեշտ է նաև գործող կազմակերպությունների միջոցների անընդհատ շրջանառության ապահավման, ինչպես նաև ապրանքների սպառման գործընթացի սպասարկման համար։
  • Փոխառուական կապիտալը վերաբաշխվում է տնտեսության ճյուղերի միջև, ըստ շուկայական օրենքների՝ կապիտալի հոսքը ուղղվում է այն ճյուղերին, որոնք ապահովում են բարձր շահույթ։
  • Վարկի շնորհիվ շահույթի կապիտալիզացիայի էլ ավելի արագ է ընթանում։
  • Վարկը կարող է նաև օգտագործվել պետության կողմից որպես գործիք կապիտալ ներդրումների, բնակարաների վերանորոգման, ապրանքների ներմուծման խթանման, ինչպես նաև տնտեսության շահութաբեր ճյուղերի զարգացման համար։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական կյանքում վարկի էությունն դրսևորվում է նրա գործառույթների միջոցով։

Վերաբաշխման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գործառույթով ժամանակավորապես ազատ դրամական միջոցները շարժման մեջ են դրվում և վերածվում ակտիվ գործող միջոցների։ Դա հասարակության ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխումն է այն տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք փողի կարիք ունեն։ Քանի որ վարկն իր տոկոսով հանդերձ պետք է վերադարձվի, ուստի փոխառուները ձգտում են ավելի արդյունավետ օգտագործել վարկերը, կատարելագործել տնտեսավարման մեթոդները, բարձրացնել տնտեսության եկամտաբերությունը, որովհետև վարկի մարման աղբյուրը վերջին հաշվով ստացված շահույթն է։ Այսպիսով, վարկի այս գործառույթի միջոցով տնտեսական գործընթացներն ավելի են արագացվում, դրամական միջոցներին հաջորդում է հարաշարժությունը։

Կանխիկ թղթադրամի փոխարինում վարկային փողերով և վարկային գործառնություններով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային գործառնությունները նպաստում են տնտեսության արդյունավետության բարձրացմանը։ Անկանխիկ հաշվարկները կրճատում են շրջանառության ծախսերը։

Կապիտալի համակենտրոնացման և կենտրոնացման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկը ակտիվորեն օգտագործվում է մրցակցային պայքարում, որով նպաստում է ֆիրմաների քայքայմանը կամ միաձուլմանը։

Շուկայական տնտեսության կարգավորման միջոցի գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության վարկային կարգավորումը միջոցառումների ամբողջություն է, որն իրականացվում է պետության կողմից վարկի ծավալի և չափերի օպտիմալացման, փոխատվական կապիտալի շուկայի և ամբողջ երկրի տնտեսության կարգավորման նպատակներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Առևտրային վարկ

Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների ձևով միմյանց տրամադրվող վարկ։ Հարաբերություն երկու արտադրողների միջև։ Վարկ վերցնողը որպես փոխատվություն ստանում է սովորական ապրանք, որի արժեքի վճարումը հետաձգվում է։ Երբ մեկն ապրանքներ է վաճառում արժեքի հետագա վճարման պայմանով, ապա գնորդը նրան հանձնում է իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, որտեղ նշվում են պարտքի գումարը և վճարման ժամկետը։ Այդ փաստաթուղթը կոչվում է մուրհակ։ Առևտրային վարկն ունի սահմանափակ բնույթ․ վարկատուն կարող է վարկ տրամադրել միայն իր ապրանքային կապիտալի պահուստային քանակների շրջանակներում։ Բացի դրանից, ապրանքային ձևով վարկ կարող են տրամադրել որոշակի խումբ փոխառուներ։ Առևտրային վարկը լինում է կարճատև, որովհետև տրամադրվում է արտադրության մեջ ընդգրկված կապիտալի հաշվին։

Բանկային վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բանկային վարկ

Ձեռնարկատիրոջը կամ վարկառուին փողի ձևով տրամադրվող վարկ։ Բանկային վարկը առաջացել է առևտրային վարկից, սակայն ունի իր տարբերությունները։ Եթե առևտրային վարկի օբյեկտը ապրանքային կապիտալն է, ապա բանկային վարկի դեպքում՝ դրամական և փոխատվական կապիտալը։ Բանկային վարկի միջոցով ազատ դրամական միջոցները կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ։ Այս երկու հիմնական ձևերից բացի, տնտեսության զարգացմանը զուգընթաց, երևան են գալիս նաև վարկի մի շարք տարատեսակներ։

Սպառողական վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սպառողական վարկ

Տրամադրվում է բնակչությանը անձնական սպառման ապրանքների վաճառքի ժամանակ։ Այն տրվում է երկարատև օգտագործման ապրանքներ ձեռք բերելու համար։ Սպառողական վարկը կարող է հանդես գալ և՛ ապրանքային, և՛ դրամական ձևերով։ Այն ունի կարճաժամկետ և միջին ժամկետային բնույթ և խթանում է բնակչության պահանջարկը երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ։ Հաճախ բանկերը խանութների հետ պայմանագիր են կնքում՝ իրենց հաճախորդներին վարկով ապրանքներ վաճառելու համար։ Բանկերը ապրանքների դիմաց խանութներին անմիջապես վճարում են կանխիկ դրամով, իսկ գնորդները աստիճանաբար մարում են բանկի վարկը։ Սպառողական վարկի առկայությունը բերում է բնակչության պարտքերի մեծացմանը։ Ապառիկ վաճառքի դեպքում ապրանքների գները սովորականից ավելի բարձր են լինում։ Եվ եթե փոխառուն ի վիճակի չի լինում մինչև վերջ մարել վարկը, ապա փոխատուն իրավունք ունի սեփականացնել վարկով ձեռք բերված իրը։

Պետական վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային հարաբերությունների համակարգ, որտեղ կողմերից մեկը պետությունն է կամ տեղական կառավարման մարմինները։ Պետական վարկի հիմնական ձևերն են՝ պետական փոխառությունները, կարճաժամկետ պարտավորությունները, մուրհակները, բանկերում բնակչության խնայողությունները և այլն։ Պետությունը վարկատուի կամ փոխառուի դեպքում կարող է հանդես գալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ։ Ներքին պետական վարկի դեպքում վարկառուները բանկերն են, կառավարական հիմնարկները, տարբեր կարգի ընկերությունները, ապահովագրական հիմնարկները և այլն, իսկ պետությունը կատարում է փոխառուի դեր։ Երբ փոխառուները իշխանության տեղական մարմիններն են, առանձին ընկերություններն ու ֆիրմաները, ուրեմն պետությունը վարկատուի դեր է կատարում։ Ներքին պետական վարկը օգտագործվում է պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Պետական վարկը ազատ դրամական միջոցների հավաքագրման եղանակներից մեկն է։

Միջազգային վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունների կամ առանձին անձանց կողմից արտասահմանյան պետություններին կամ քաղաքացիներին տրամադրված վարկ։ Նմանատիպ վարկ կարող են տրամադրել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Միջազգային վարկը կարող է լինել առևտրային կամ բանկային վարկերի ձևով։

Հիփոթեքային վարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամադրվում է երկար ժամանակով, անշարժ գույքի՝ հողամաս, շենք, կառույց և այլ գրավի դիմաց։ Հիփոթեքային վարկը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ հիմնական կապիտալի նորացման, բնակարանային շինարարության ֆինանսավորման համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Под ред. О. И. Лаврушина,«Деньги, кредит, банки», 2000,страниц 464
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի,Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասյան Ռ.Ա. Տնտեսագիտության տեսություն. - Եր.։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Ա.Անդրեասյան «Վարկային գործառնություններ»
  • Falter, Manuel։ Die Praxis des Kreditgeschäfts, 17. Auflage, Deutscher Sparkassenverlag, 2007, ISBN 3-09-301364-X
  • Borchert, Manfred։ Geld und Kredit, Oldenbourg Wissenschaftsverlag, 2003, ISBN 3-486-27420-1