Էլեկտրական շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր տեսակի էլեկտրական շարժիչներ

Էլեկտրական շարժիչ, էլեկտրական էներգիան մեխանիկականի փոխակերպող մեքենա։ Բաղկացած է անշարժ (ստատոր) և պտտվող (ռոտոր) մասերից։ Հաստատուն հոսանքի՝ գործնականում պիտանի առաջին Էլեկտրական շարժիչ ստեղծել է Բ․ Յակոբին 1834 թվականին։ Սակայն էլեկտրական շարժիչները լայն կիրառում են ստացել միայն 19-րդ դարի 1870-ական թվականներին՝ էլեկտրաէներգիայի էժանագին աղբյուրներ ստեղծելու շնորհիվ։ 1888-1889 թվականին Մ․ Դուիվո֊Դոբրովոչսկին հնարել է եռաֆազ կարճ միացված ասինխրոն էլեկտրական մեքենա։ Ըստ հոսանքի բնույթի տարբերում են հաստատուն (հիմնական առավելությունը՝ պտտման հաճախականությունը խնայողաբար և սահուն կերպով կարգավորելու հնարավորությունն է) և փոփոխական հոսանքի էլեկտրական շարժիչներ։ Կան փոփոխական հոսանքի երկու տեսակ անկոլեկտոր էլեկտրաշարժիչներ՝ ասինխրոն և սինխրոն։ Առավել տարածված են ասինխրոն էլեկտրական շարժիչները, որոնք պարզ են և շահագործման մեջ հուսալի։ Դրանց հիմնական թերությունը ռեակտիվ հզորության զգալի օգտագործումն է։ Աշխատանքի սկզբունքը հիմնված է ստատորի փաթույթներով անցնող փոփոխական հոսանքի ստեղծած պտտվող մագնիսական դաշտի և ռոտորի փաթույթներում մակածված հոսանքի դաշտի փոխազդեցության վրա։ Մի շարք հզոր էլեկտրահաղորդակներում օգտագործում են սինխրոն էլեկտրաշարժիչներ, որոնց ռոտորն ունի առանձին հաստատուն հոսանքի աղբյուրից (գրգռիչից կամ գրգռման հատուկ շղթայից) սնվող գրգռման փաթույթ։ փոփոխական հոսանքի կոլեկտորավոր էլեկտրական շարժիչները բաղկացած են սինխրոն էլեկտրաշարժիչի ստատորից և ռոտորից, որը պատրաստված է հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչի խարսխի ձևով։ Ըստ գրգռման եղանակի այս էլեկտրական շարժիչները լինում են զուգահեռ և հաջորդական գրգռման։ էլեկտրական շարժիչ կիրառվում է արդյունաբերության մեջ (էլեկտրահաղորդակներ), տրանսպորտում (քարշային էլեկտրաշարժիչներ) և կենցաղում՝ որպես շարժիչի հիմնական տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 465 CC-BY-SA-icon-80x15.png