Ֆինանսների կառավարում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ֆինանսների կառավարում, կառավարման համակարգ, որն ուղղված է ֆինանսական ռեսուրսների և դրանց շարժի կառավարմանը։ Ինչպես մյուս կառավարման համակարգերը՝ ֆինանսական կառավարումը ևս իրագործվում է պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի և վերահսկողության հիմնական գործառույթների իրականացմամբ։
Դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական կառավարման դերը որոշակի նպատակի իրականացմանն ուղղված ակտիվների ձեռքբերումը, ֆինանսավորումը և կառավարումն է։ Կազմակերպություններում ֆինանսական կառավարումն իրականացվում է երկու ուղղությամբ՝
- առկա ֆինանսական ռեսուրսների տնօրինում (ակտիվների կառավարում).
- անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավում (պասիվների կառավարում)։
Ակտիվների կառավարման շրջանակներում ֆինանսական կառավարումը կարող է լուծել հետևյալ խնդիրները.
- ակտիվների օպտիմալ կառուցվածքի ձևավորում,
- շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործում,
- ապրանքանյութական արժեքների և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ հարաբերակցության ապահովում։
Պասիվների կառավարումը վերաբերում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների աղբյուրների որոնմանը, այլև այն կառուցվածքի ձևավորմանը, որը ծախսված մեկ միավոր կապիտալի դիմաց ապահովում է առավելագույն հատույց։
Միկրոմակարդակում ֆինանսական կառավարման օբյեկտներ են կազմակերպության ակտիվները և պասիվները, իսկ որպես սուբյեկտ հանդես են գալիս ֆինանսական ծառայության աշխատակիցները։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրների լուծումը պահանջում է, թե ֆինանսական պլանավորման համակարգի որ տարրերի հետ են դրանք առավելապես կապված և ինչ գործիքներ կարող են օգտագործվել դրանց լուծման համար։
Ֆինանսական պլանավորման կազմակերպումը արդյունավետ է երբ.
- Տեղի է ունենում տարբեր ծառայությունների շահերի համակարգում՝ պլանի մշակման և իրականացման ընթացքում.
- Ստեղծվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների գործողությունների միասնական կարգ.
- Գործում է շահադրդման համակարգ, որն ուղղված է կազմակերպության մտավոր և նյութական ներուժի արդյունավետ օգտագործմանը.
- Պլանավորման ողջ գործընթացը բաժանվում է առանձին մոդուլների, ինչը զգալիորեն պարզեցնում է պլանի մշակման և իրականացման գործընթացը, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը.
- Մշակված է փաստաթղթաշրջանառության համակարգ, որի շնորհիվ կարելի է օբյեկտիվ պատկերացում ստանալ կազմակերպության արտադրատնտեսական գործունեության վերաբերյալ.
- Ռեսուրսների օգտագործման սահմանափակ այլընտրանքների պայմաններում գոյություն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ պլանների փոխկապվածություն.
- Կազմակերպության ներսում մշակվող պլանները հավասարակշռված են միմյանց միջև։
Կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՙՖինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը կազմակերպության ֆինանսական գործունեությանն առնչվող որոշումների կայացման և իրականացման համար պատասխանատվություն կրող կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների ամբողջությունն է։ Փոքր կազմակերպություններում ֆինանսական կառավարման ծառայություն չի ձևավորվում, և բոլոր ֆինանսական պարտականությունները հիմնականում դրվում են մեկ մարդու՝ կազմակերպության սեփականատիրոջ, կառավարչի կամ գլխավոր հաշվապահի վրա։ Միջին և խոշոր կազմակերպություններում ֆինանսական գործունեության համակարգման և գործառույթների իրականացման համար ստեղծվում է ֆինանսական հատուկ ծառայություն՝ համապատասխան ստորաբաժանումներով։ Ֆինանսական գործունեության կառավարման բնագավառում կարևոր են պատասխանատվության կենտրոնների հիման վրա ձևավորվող կառուցվածքները։
Պատասխանատվության կենտրոնը կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է, որի ղեկավարն ամբողջությամբ վերահսկում է ֆինանսական գործունեության այս կամ այն ոլորտը, ինքնուրույն կայացնում որոշումներ և կրում պատասխանատվություն նորմատիվային ցուցանիշների կատարման համար։ Պատասխանատվության կենտրոնների հիման վրա ֆինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը ձևավորվում է հետևյալ կերպ.
- Առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրություն՝ ֆինանսական ռեսուրսների ձևավորման վրա ունեցած ազդեցության տեսանկյունից.
- Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում պատասխանատվության կենտրոնների առանձնացում.
- Պատասխանատվության կենտրոնների ղեկավարների լիազորությունների և պարտավորությունների սահմանում.
- Պլանային (նորմատիվային) ֆինանսական առաջադրանքների մշակում և փոխանցում պատասխանատվության կենտրոնների ղեկավարներին.
- Սահմանված առաջադրանքների իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովում։
Վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերահսկողությունը տնտեսավարող սուբյեկտների արտադրական ու ֆինանսատնտեսական գործունեության անքակտելի մասն է։ Ֆինանսական պլանավորման համակարգի հետազոտման ժամանակ մատնանշվում է դրա սերտ կապը կազմակերպության ֆինանսական վերահսկողության համակարգի հետ։ Պլանավորումն ու վերահսկողությունը կառավարման տարբեր գործառույթներ են՝ դրանց գոյությունը կազմակերպության տնտեսական գործունեության առանձին անհնար է, քանի որ դրանք փոխպայմանավորում և փոխլրացնում են միմյանց։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան։ Տնտեսագետ, 2009, 608 էջ։
- Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.։ Хика-Центр, 1999.-592 с.
- Финансовый менеджмент։ учебное пособие/ Под ред. проф. Е. И. Шохина._М.։ ИД ФБК-ПРЕСС, 2004.-408 с.
- Финансовый менеджмент։ теория и практика. Учебник/ Под ред. Стояновой E.С. -М.։ Перспектива, 1998.-656 с.