Տնտեսական քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական քաղաքականություն, տնտեսական միջոցառումների համակարգ, կառավարության տնտեսական գործողությունների ընտրություն և իրականացում մակրոտնտեսական մակարդակով։ Տնտեսական քաղաքականության նպատակները սերտորեն շաղկապված են տվյալ պահին երկրի տնտեսական վիճակի, տնտեսական համակարգի հետ։

Մինչսոցիալիստական ֆորմացիաներում պետությունը տնտեսական քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով տիրող դասակարգի, իսկ սոցիալիզմի պայմաններում՝ ամբողջ հասարակության շահերից. տնտեսագիտության բնագավառ։ Տնտեսական քաղաքականության սոցիալական բովանդակությունը, նրա հիմքում ընկած գաղափարները, նպատակներն ու դրանց իրագործման միջոցները որոշվում են հասարակարգի բնույթով, արտադրության միջոցների նկատմամբ սեփականատիրական հարաբերություններով։ Ինչպես ամեն մի քաղաքականություն՝ այն պատմականորեն որոշակի արտադրաեղանակի էկոնոմիկայի խտացված արտահայտությունն է։ Տնտեսական քաղաքականության վրա, որը մշակում է իշխանության գլուխ կանգնած քաղաքական կուսակցությունը, ազդում են դասակարգային ուժերի հարաբերակցությունը, երկրում ու միջազգային ասպարեզում դասակարգային պայքարի զարգացման աստիճանը, պատերազմի ու խաղաղության իրադրությունը և այլ գործոններ։

Կապիտալիզմի պայմաններում տնտեսական քաղաքականության նպատակն է պահպանել կապիտալիստական սեփականությունը, ընդլայնել շահագործման ոլորտը։ Այն հակադրվում է աշխատավոր զանգվածների արմատական շահերին և այդպիսով սրում դասակարգային հակասությունները։ Ժամանակակից պայմաններում կապիտալիստական պետությունը ձգտում է ուժեղացնել միջամտությունն էկոնոմիկայում, կարգավորել այն, սակայն նա անկարող է ապահովել պլանաչափ զարգացումն ամբողջ հասարակության մասշտաբով։

Սոցիալիստական հասարակարգում տնտեսական քաղաքականությունը հիմնվում է հանրային սեփականության, էկոնոմիկայի զարգացման պլանաչափ բնույթի, սոցիալիզմի տնտեսական օրենքների գիտակից օգտագործման վրա։ Նպատակն է՝ հանրային արտադրության անարգել, արագ զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղիով առավել բավարարել ամբողջ հասարակության ու նրա յուրաքանչյուր անդամի աճող պահանջմունքները։

Ժամանակակից պայմաններում տնտեսական քաղաքականությունն ավելի ու ավելի է ձևավորվում որպես գիտական ինքնուրույն ուղղություն, որի առարկան էկոնոմիկայի քաղաքական ղեկավարման գիտական հիմունքների ու սկզբունքների հասարակարգի զարգացման տարբեր փուլերում տնտեսական քաղաքականության իրականացման փորձի ուսումնասիրությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png