Բարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարիք (այլ կիրառումներ)

Բարիք, բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջություն, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը, ինչն էլ դրա օգտակարության գնահատման հիմքն է։ Բարիքի օգտակարությունը այս կամ այն պահանջմունքի բավարարման հատկությունն է։ Բարիքները դասակարգվում են մի շարք սկզբունքներով։

Նյութական և ոչ նյութական բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իրացման բնույթի տարբերակվում են նյութական և ոչ նյութական բարիքներ։ Նյութական բարիքներն են՝

  • բնության կողմից տրված արդյունքները (օդը, ջուրը, բուսական ու կենդանական աշխարհի բարիքները, որոնք մարդիկ օգտագործում են իրենց պահանջմունքների բավարարման նպատակով),
  • մարդու կողմից ստեղծված արդյունքները (սնունդ, հագուստ, բնակարան, շենքեր, կառույցներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն)։

Ոչ նյութական բարիքներն են՝

  • բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը,
  • գիտության և հոգևոր-մշակութային արժեքները,
  • առողջապահությունը,
  • սահմանադրական կարգը։

Բոլոր բարիքներն էլ էական դերակատարություն ունեն մարդու բնականոն կենսագործունեության ապահովման գործում։ Դրանց շարքում կարևորություն ունեն սահմանադրական կարգը և ձևավորված իրավական պետությունը, որոնք նպաստում են հասարակության համար անհրաժեշտ այնպիսի էական խնդիրների լուծմանը, որոնք կապված են մարդու իրավունքների և ունեցվածքի պաշտպանության, սոցիալական արդարության հաստատման, նվազագույն կենսական պայմանների ապահովման հետ։ Ոչ նյութական բարիքներն աստիճանաբար առանցքային նշանակություն են ձեռք բերում։

Տնտեսական և ոչ տնտեսական բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արդյունքների սահմանափակության՝ բարիքները տարանջատվում են տնտեսականի և ոչ տնտեսականի։ Տնտեսական են կոչվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են (սնունդ, հագուստ, բնակարան, ավտոմեքենա և այլն)։ Տնտեսական բարիքի բովանդակությունը բնութագրվում է ռեսուրսների սահմանափակությամբ։ Ոչ տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները անսահմանափակ են։ Բարիքի ոչ տնտեսական լինելը խիստ հարաբերական է։ Օրինակ՝ ժամանակին ջուրը համարվել է ոչ տնտեսական բարիք՝ հաշվի առնելով մարդու պահանջմունքների բավարարման առումով դրա անսահմանափակ լինելու հանգամանքը։ Ներկա զարգացումների հետևանքով ջուրը աստիճանաբար վեր է ածվում տնտեսական բարիքի, և համաշխարհային մասշտաբով գնալով մեծ խնդիր է դառնում խմելու ջրի սահմանափակությունը։ Թթվածինը աստիճանաբար ոչ տնտեսական բարիքից վեր է ածվում տնտեսականի։ Դա բացատրվում է նրանով, որ շրջակա միջավայրի աղտոտման պայմաններում հասարակությունը հսկայական ծախսեր է կատարում օդային ավազանի պահպանման համար։

Անձնական և հասարակական բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի։ Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից՝ համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են՝ ըստ օգտակարության աստիճանի։ Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել՝ անմիջապես վճարելով դրանց համար։ Դրանք հասարակական բարիքներն են։ Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեությունը և այլն։ Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»։ Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա։ Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը։ Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող հարկերն են։ Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը։ Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը։ Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ՝ ազգային պաշտպանությունը։ Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել։ Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։