Մաքսատուրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաքսատուրքեր, պետական դրամական տուրքեր, որ գանձվում են տվյալ երկիր ներմուծվող ապրանքներից, ունեցվածքից և այլ արժեքներից։ Մաքսատուրքերի դրույքները սահմանվում են մաքսային տարիֆով։ Առաջացել են որպես վաճառականներին մատուցվող ծառայությունների վարձ՝ նավահանգստային շինություններից, պահեստներից, ինչպես նաև կշեռքներից օգտվելու համար։ Կապիտալիզմի ժամանակ մաքսատուրքերը փոխարկվել են ներքին առևտրի և ազգային տնտեսության որոշ ճյուղեր արտասահմանյան ապրանքների մրցակցությունից պաշապանելու միջոցի։ Ըստ հարկման օբյեկտի մաքսատուրքերը լինում են ներմուծման, արտահանման և տրանզիտային։ Վերջին երկուսը ժամանակակից կապիտալիստական երկրներում գրեթե չեն օգտագործվում։ Տիրապետող են ներմուծման մաքսատուրքերը, որոնք մոնոպոլիաների համար առևտրական պատերազմների, դեմպինգի, տնտեսապես կախյալ երկրների կողոպուտի, ազգային արտադրությունն արտասահմանյան մրցակցությունից պաշապանելու միջոց են։ Զարգացող երկրները մաքսատուրքերը օգտագործում են ազգային տնտեսության ամրապնդման, զարգացման և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով։ Ըստ գանձման եղանակի լինում են առանձնահատուկ մաքսատուրքեր, որի դեպքում գանձումը կատարվում է կայուն դրույքներով՝ ներմուծվող ապրանքների հատից, միավորից, չափից, կշռից են, և գնային մաքսատուրքեր, երբ գանձումը կատարվում է տոկոսներով՝ ապրանքների գներից։ Երբեմն օգտագործվում են խառը (առանձնահատուկ-գնային) և նույն ապրանքի նկատմամբ տարբեր մաքսատուրքեր։ Ըսա մաքսային տարիֆի կառուցվածքի մաքսատուրքերը լինում են տարբերական, հովանավորական, արտոնյալ, հակադեմպինգային և այլն։ Առաջին դեպքում նույն ապրանքի համար սահմանվում են մաքսատուրքերի մի քանի դրույքներ (անվանական, արտոնյալ, նվազագույն, միջին, առավելագույն)։ Օգտագործվում է որպես տնտեսության պետական մոնոպոլիստական կարգավորման, ինչպես նաև արտաքին սանտրում տարբեր երկրների միջև խտրականություն դնելու միջոց։ Հովանավորական մաքսատուրքերը կիրառվում են արտասահմանից որոշ ապրանքների ներմուծումը, ինչպես նաև սեփական հումքի ու կիսաֆաբրիկատների արտահանումը խոչընդոտելու, հայրենական արդյունաբերության համար լավագույն պայմաններ ստեղծելու, մենաշնորհային բարձր գներ սահմանելու և այլ նպատակներով։ Արտոնյալ մաքսատուրքերը սահմանվում են մեկ կամ մի քանի երկրների համար հատուկ բարենպաստ մաքսային կարգ ստեղծելու նպատակով։ Հակադեմպինգային մաքսատուրքերը, որպես լրացուցիչ, սովորականից բարձր տուրքեր, ներմուծող երկրներում կիրառում են այն դեպքում, երբ արտահանողներն արտաքին շուկաներում ապրանքները վաճառում են ներքին շուկայի գներից ցածր գներով, ներքին շուկայի և արտասահմանյան գների տարբերությունն է։

ԽՍՀՄ-ում և խորհրդային մյուս երկրներում մաքսատուրքերն արտաքին առևտուրը կարգավորելու, կապիտալիստական և զարգացող երկրների հետ տնտեսական փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու և ընդլայնելու, խորհրդային էկոնոմիկան համաշխարհային կապիտալիստական շուկայի տարերային ներգործությունից պաշապանելու միջոց են։ ԽՍՀՄ-ում սահմանվում են ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերի նվազագույն և առավելագույն դրույքներ։ Նվազագույնը կիրառվում է այն երկրների նկատմամբ, որոնք ներմուծվող խորհրդային ապրանքների համար ապահովում են աոավել բարենպաստ կարգ, առավելագույնը՝ այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսի կարգ չեն ապահովում կամ խախտում են առևտրական պայմանագրերը։ Արտահանման տուրքեր ԽՍՀՄ-ում սովորաբար չեն կիրառվում, բացառությամբ հնարժեք և արվեստի այն գործերից, որոնք կարող են արտահանվել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության հատուկ թույլտվությամբ։ Ներմուծման մաքսատուրքեր են գանձվում միջազգային փոստով ԽՍՀՄ առաքվող, ինչպես նաև ուղեբեռների և ձեռնածանրոցների իրերից, եթե դրանք ենթակա են մաքսատուրքով հարկման։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մաքսատուրքեր գանձվել են անցահարկի, մաքսի նաև բաժի ձևով։ Միջին դարերում մաքսատուրքերին համապատասխանել է անցահարկը կամ մաքսը, որ սկզբում գանձվում էր վաճառականներից՝ որոշակի տերիտորիայի սահմանագլխին, կամուրջների, գետանցների մոտ և այլն, հետագայում՝ իրացված ապրանքից (վաճառավայրերում)։ Կիլիկիայի հայկական պետությունում օտարերկրյա առևտրականները մաքսատուրքեր էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից՝ որոշակի տոկոսներով (սովորաբար՝ 4, արտոնությունների դեպքում՝ 1-2% կամ առանց տուրքի)։ Բացի տոկոսային հաստատուն մաքսատուրքերից կիրառվում էին մասնակի մաքսատուրքեր, որոնք գանձվում էին որոշ ապրանքներից (գինի, յուղ, անասուններ, ոսկի, թանկարժեք քարեր, պղինձ, երկաթ, բամբակ, կտորեղեն և այլն)։ Մաքսատուրքեր էին գանձվում նաև կիրճերով, լեռնանցքներով, կամուրջներով, գետանցներով, ֆեոդալների կամ ամբողջ Կիլիկիայի տերիտորիայի վրայով կատարվող փոխադրումների, շուկայում վաճառասեղան ունենալու համար, նավահանգիստներում խարսխվող նավերից, օտարերկրյա վաճառականների անձնական իրերից։ 14-18-րդ դարերում Հայաստանում մաքսատուրքերն եղել են տարատեսակ և կամայական։ Յուրաքանչյուր նվաճող կիրառում էր որոշակի մաքսային տարիֆ՝ փոփոխում դրանք իր շահերից ելնելով։ Մաքսատները ցրված էին բոլոր առևտրական ճանապարհների վրա և այնքան շատ էին, որ մաքսատուրքեր գանձելու իրավունքը հաճախ կապալով տրվում էին մասնավոր անձանց։ 19-րդ դարի սկզբից եվրոպական և ասիական երկրներից ապրանքները նպաստավոր պայմաններով ներմուծվում էին Անդրկովկաս, ապա արտահանվում Պարսկաստան և Թուրքիա։ Անդրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էին 5% մաքսատուրքեր, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքները չէին հարկվում։ Ընդլայնվել էր առևտուրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, կարգավորվել մաքսային համակարգը։ Նախկին տարատեսակ և կամայական մաքսերի փոխարեն սահմանվել էին ընդհանուր մաքսատուրքեր՝ ապրանքի արժեքի 5%-ի չափով։ 1821 թվականից Ռուսաստանում սահմանվեց մաքսատուրքերի հովանավորական տարիֆ, որը հետագայում կիրառվեց նաև Անդրկովկասում։ Մաքսատուրքերի 5% դրույքն ուժի մեջ թողնվեց միայն ասիական երկրներից ներմուծվող ապրանքների համար։ Եվրոպական երկրների ապրանքներից գանձվում էին բարձր մաքսատուրքեր, իսկ ռուս, և տեղական ապրանքները թույլատրվում էին Անդրկովկասից արտահանել առանց հարկման։ Մինչև 20-րդ դարի սկիզբը ցարական Ռուսաստանի մաքսային քաղաքականությունն Անդրկովկասում բազմիցս փոփոխվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png

Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսատուրքերը սահմանված եմ Մաքսային միության մաքսային օրենսգրքով, համաձայն որի․

ՄԱՔՍԱՏՈՒՐՔ՝ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից գանձվող պարտադիր վճար։ Մաքսատուրքերով հարկվող օբյեկտ են համարվում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները: Մաքսատուրքերի հաշվարկման բազա է համարվում՝ կախված ապրանքների տեսակներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը՝ դրա առաջնային փաթեթվածքի հաշվառմամբ, որը անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի, ծավալը կամ այլ հատկանիշներ)։ Մաքսատուրքերի դրույքաչափերը լինում են ադվալորային (դրույքաչափերը սահմանվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ), յուրահատուկ (դրույքաչափերը սահմանվում են ըստ հարկման ենթակա ապրանքների ֆիզիկական հատկանիշների՝ բնաիրային արտահայտությամբ) և խառը (որոնցում զուգակցվում են ադվալորային և յուրահատուկ մաքսատուրքերի դրույքաչափերը)։