Կշեռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Weighing scale. Libya.jpg

Կշեռք, մարմինների զանգվածը նրանց վրա ազդող ծանրության ուժով որոշող սարք։ Առաջացել և կատարելագործվել է առևտրի, արտադրության և գիտության զարգացմանը զուգընթաց։ Կախված նժարներով, հավասարաբազուկ լծակի ձև ունեցող պարզագույն կշեռքը լայնորեն կիրառվել է Հին Բաբելոնում և Եգիպտոսում։ Ավելի ուշ ի հայտ եկան շարժական կշռաքարով անհավասարաբազուկ կշեռքներ։ XIX դարի սկզբին ստեղծվեցին տասնորդական և հարյուրերորդական կշեռքներ։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին հոսքային արտադրության զարգացմանը զուգընթաց ստեղծվեցին անընդհատ կոնվերային կշեռքներ։ Գյուղատնտեսության, արդյունաբերության տարբեր ճյուղերում, տրանսպորտում, արտադրանքի կոնկրետ տեսակների համար (գյուղատնտեսության մեջ՝ հացահատիկի, արմատապտուղների, ձվի, տրանսպորտում՝ ավտոմոբիլների, երկաթուղային վագոնների, ինքնաթիռների, արդյունաբերության մեջ՝ ճշգրիտ սարքաշինության մանրագույն դետալների ու հանգույցների, ինչպես և մետալուրգիական բազմատոննանոց ձուլուկների) սկսեցին կիրառվել ամենատարբեր կոնստրուկցիաների կշեռքներ։ Գիտական հետազոտությունների համար մշակվեցին ճշգրիտ կշեռքների կոնստրուկցիաներ՝ անալիտիկ, միկրոանալիտիկ և այլն։ Ըստ նշանակման լինում են նմուշային, լաբորատորային և ընդհանուր նշանակման կշեռքներ, որոնք կիրառվում են գիտության, տեխնիկայի, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ գործողության սկզբունքի լինում են լծակավոր, զսպանակավոր, էլեկտրաթենզոմետրիկ, հիդրոստատիկ, հիդրավլիկական կշեռքներ։ Առավել տարածված լծակավոր կշեռքների գործողությունը հիմնված է լծակի հավասարակշռության օրենքի վրա։ Լծակի հենակետը կարող է գտնվել մեջտեղում կամ մեջտեղից տեղափոխված լինել։ Զսպանակավոր և թենզոմետրիկ կշեռքների աշխատանքի հիմքում ընկած է Հակի օրենքը։ Զսպանակավոր կշեռքումո զգայուն տարրը պարուրաձև հարթ կամ գլանաձև զսպանակն է, որը ձևափոխվում է մարմնի կշռի ազդեցությամբ։ Զսպանակավոր կշեռքի օգնությամբ չափում են ոչ թե զանգվածը, այլ կշիռը, սակայն շատ դեպքերում կշեռքի սանդղակը աստիճանավորվում է զանգվածի միավորներով։ Ոլորակշեռքներում զգայուն տարրը առաձգական թելն է կամ պարուրաձև զսպանակը։ Էլեկտրական, էնգոմետրիկ կշեռքները կիրառվում է մեծ զանգվածներ կշռելու համար։ Հիդրոստատիկ կշեռքի աշխատանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա. կիրառվում է պինդ մարմինների և հեղուկների Խտությունը որոշելու համար։ Բոլոր տիպի կշեռքները բնութագրվում են սահմանային բեռնվածքով, անուղղակի բաժանքի արժեքով, կշռման թույլատրելի սխալանքի սահմանով, ցուցմունքների թույլատրելի վարիացիայով։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png