Կապիտալի կուտակում
Կապիտալի կուտակում, մարքսյան քաղաքատնտեսության մեջ նկարագրվում է որպես կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի. լրացուցիչ արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացում գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։
Հավելյալ արժեքի կիրառումը որպես կապիտալ կամ նրա մի մասի միացումն ավանսավորված կապիտալին կոչվում է կապիտալի կուտակում։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։ Կապիտալի կուտակումը ենթադրում է նյութական և դրամական լրացուցիչ միջոցների ներդրում արտադրության մասշտաբներն ընդլայնելու և բարիքների ծավալը ավելացնելու համար։
Կապիտալի կուտակումը՝ դա ընդլայնված վերարտադրության մեջ ծախսվող միջոցների աճն է։ Նման կարգի լրացուցիչ կապիտտալը կարելի է անվանել ներդրում ապագայի մեջ, քանի որ այն նպատակաուղղվում է մարդկանց ներկա և ապագա սերունդների կյանքի բարելավմանը։
Կապիտալի կուտակումը բնականաբար ենթադրում է նրա աղբյուրների առկայություն։ Նորմալ գործող ֆիրմայի համար կուտակման սկզբնական աղբյուր է ծառայում նրա շահույթը։
Ձեռնարկություններում որպես կանոն կապիտալի կուտակումն ունի հետևյալ կառուցվածքը՝
- արտադրական կուտակում,
- ոչ արտադրական կուտակում,
- կուտակում, որը հատկացվում է լրացուցիչ աշխատողներ ներգրավվելու և բոլոր զբաղվածների որակավորումը բարձրացնելու նպատակին։
Արտադրական կուտակումը, որը տնտեսագիտության մեջ ընդունված է անվանել ներդրումներ, ծախսվում է՝
- արտադրության միջոցների քանակն ավելացնելու համար,
- նյութական պաշարների աճը ապահովելու համար։
Ոչ արտադրական կուտակումն օգտագործվում է՝
- ոչ արտադրական ոլորտի ֆոնդերի աճը ապահովելու համար,
- աշխատողների ուսուցումն ու որակավորման բարձրացումն ապահովելու համար։
Կապիտալի կուտակման չափերի ավելացումը կախված է մի շարք գործոններից։ Դրանք են՝
- աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացումից,
- աշխատանքի արտադրողականության բարձրացումից,
- կիրառվող և սպառվող հարաբերությամբ,
- կապիտալի օրգանական կազմի կառուցվածքից,
- փոխառու կապիտալի մեծությունից,
- արտադրության միջոցների էժանացումից և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 257)։ |