Արժեքի աշխատանքային տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեքի աշխատանքային տեսություն, տնտեսագիտական տեսություն, ըստ որի՝ երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների՝ ընդհանրականն այն է, որ դրանք մարդու աշխատանքի արդյունք են։ Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը։ Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է՝ առաջին բարիքի վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա։ Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից՝ հանձինս Վիլյամ Պետիի, Ադամ Սմիթի և Դավիթ Ռիկարդոյի։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ Կարլ Մարքսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ Կարլ Մարքսի, երկակի բնույթ ունի։ Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից՝ վերացական։ Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն)։ Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են։ Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի (հաց, կոշիկ, կոստյում և այլն) միջոցով։ Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից՝ այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի (մկանների, ուղեղի, նյարդերի և այլն), այսինքն՝ աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Դա էլ վերացական աշխատանքն է։ Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության՝ արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի ծախսումն ընդհանրապես՝ անկախ դրա որոշակի ձևից։ Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը։ Արժեքն, ըստ Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է։ Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք։[1] [2]

Արժեքի մեծություն և չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըատ տեսության՝ արդյունքի արժեքի մեծությունը որոշվում է դրա արտադրության համար հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքի քանակով և չափվում է աշխատանքային ժամանակով։ Արժեքի աշխատանքային տեսությունը փորձում է գտնել A և B բարիքների արժեքների հավասարության հիմքը։ Դա ծախսված հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքն է, որը չափվում է աշխատաժամանակով։ Եթե A արդյունքի որոշակի քանակություն փոխանակվում է B արդյունքի որոշակի քանակության հետ, ապա, ըստ տեսության, դրանց արտադրության վրա ծախսվել է նույն աշխատաժամանակը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ կարող է փոխվել այդ հարաբերակցությունը։ Որպես ծախսված աշխատաժամի չափանիշ է համարվում հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակը։ Դա այն ժամանակն է, որն անհրաժեշտ է միավոր արդյունքի արտադրության համար՝ արտադրության, աշխատանքի ունակության և ինտենսիվության (լարվածության) միջին մակարդակի առկայության պայմաններում։ Արժեքի աշխատանքային տեսության գաղափարախոսները, հատկապես Մարքսը, պարզորոշ տեսնում էին, որ ժամանակի և տարածության մեջ փոխանակության ընթացքում անընդհատ փոփոխվում են տարբեր արդյունքների արժեքները կամ փոխանակային համամասնությունները։ Արժեքը պայմանավորված չէ միայն աշխատանքային ծախսումներով, և հաշվի չեն առնված այլ գործոններ, որոնք նույնպես ազդում են փոխանակային համամասնությունների, հետևապես նաև արժեքի մեծության վրա։ Արժեքի աշխատանքային տեսության ամենահետևողական գաղափարախոսներից Կարլ Մարքսը, հիմք ընդունելով արժեքի աշխատանքային տեսությունը, փորձել է հիմնավորել, որ շեղումները, կապված արդյունքների փոխանակային համամասնության փոփոխության հետ, պայմանավորված են արժեքի և գնի հակասությամբ։ Կարլ Մարքսը, գինը համարելով արդյունքի արժեքի դրամական արտահայտություն, դրանք հակադրեց միմյանց։ Նույն արդյունքը գնահատելու համար նրա կողմից օգտագործվում է երկու հասկացություն՝ արժեք և գին։ Արժեքը հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքային ծախսումների կրողն է, իսկ գինը՝ այդ արդյունքի արժեքի դրամական արտահայտությունը։ Այլ հավասար պայմաններում կատարյալ իրավիճակ է համարվում, երբ գինը համապատասխանում է արժեքին։ Իրական կյանքում գինը անընդհատ փոխվում է, հետևապես չի համապատասխանում արժեքին։ Կարլ Մարքսը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կիրառեց մեկ այլ մոդել։ Յուրաքանչյուր գնորդ նաև վաճառող է։ Եթե նա, իբրև վաճառող, շահում է իր արդյունքի գնի բարձրացման ժամանակ, ապա կորցնում է իբրև գնորդ՝ մեկ այլ արդյունքի ավելի բարձր գնի պատճառով։ Կարլ Մարքսի կարծիքով, եթե որևէ արդյունքի գին բարձրանում է, ապա դա շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվում է մյուս արդյունքների գների վրա։ Հետևապես՝ քանի որ միևնույն սուբյեկտը մի կողմից վաճառող է, իսկ մյուս կողմից՝ գնորդ, ապա, ըստ վերը նշված տրամաբանության, չի խախտվում արդյունքների փոխանակության համամասնությունը, որի հիմքում ընկած է դրանց համարժեքության սկզբունքը, այսինքն՝ A=B։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Маркс «Капитал» т.3, гл. VII — Добавления с.153 «Стоимость всякого товара, — а следовательно, и товаров, из которых состоит капитал, — определяется не тем необходимым рабочим временем, которое заключается в нём самом, а рабочим временем, общественно необходимым для его воспроизводства.»
  2. К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։