Անուշ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշ (այլ կիրառումներ)
Picto infobox music.png
Անուշ
Անուշ
Anahit Mekhitarian as Anoush.jpg
Սոպրանո երգչուհի Անահիտ Մխիթարյանը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գլխավոր դերում
Տեսակօպերա
ԿոմպոզիտորԱրմեն Տիգրանյան
Լիբրետտոյի
հեղինակ
Արմեն Տիգրանյան
Սյուժեի աղբյուրԱնուշ
Գործողությունների քանակ5 (7 նկար)
Գործողության տեղՏաշիր (գավառ)
Գործողության ժամանակ19-րդ դար
Ստեղծման տարեթիվ1912
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 4 (17), 1912
Առաջնախաղի վայրԱլեքսանդրապոլ
Հրատարակման տարեթիվ20-րդ դար
Անուշ օպերայի երկրորդ ներկայացումը Երեւանում

Անուշ, հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն Արմեն Տիգրանյանի (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի)։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ: Արմեն Տիգրանյանը հիմնականում աշխատում էր իր հայրենի Ալեքսանդրապոլում: Դեռ ամենասկզբում, 1908 թվականին առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով[1]:


Պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:


Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա: Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանի, Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքներում: Օպերան հիացմունքով ընդունվեց Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում ու Բաքվում:


Իսկ արդեն նվագախմբի լրիվ կազմով, պրոֆեսիոնալ կատարողներով «Անուշ»-ը ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ 1919 թվականին՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնում և Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ: Դրանից հետո օպերան ներկայացվեց նաև արտասահմանի բազմաթիվ հայաշատ բնակավայրերում՝ թափանցելով ժողովրդի կենցաղի մեջ: 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում:


Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը: Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»:


Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում: Գլխավոր դերում՝ Մերի Մովսիսյան:[2]


Բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1908 - առանձին հատվածներ աշակերտների ուժերով ներկայացվել են Թիֆլիսում։
  • 1912 - առաջին բեմադրությունը Ալեքսանդրապոլում, սիրողական դերակատարներով։
  • 1913 - Առաջին բեմադրությունը Երևանում, Երեւանի Ջանփօլադեան թատրոնում, Արմէն Տիգրանեանի բեմադրութեամբ եւ ղեկավարութեամբ[2]:
  • 1919 - Թիֆլիսի Արտիստական թատրոնում, ներկայացվել է Հ. Թումանյանի 50-ամյակին։
  • 1920- Երկրորդ եւ երրորդ բեմադրությունը Երևանում, Երեւանի Ջանփօլադեան թատրոնում, 25 եւ 28 յունիսին, Արմէն Տիգրանեանի բեմադրութեամբ եւ ղեկավարութեամբ [3]:
  • 1935 -Չորրորդ բեմադրությունը Երևանում։ Հետագայում ներկայացվել է 1000-ից ավել անգամ։
  • 1939 - Վերաբեմադրվել է Երևանում։
  • 1939 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
  • 1941 - Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։
  • 1956 - Վերաբեմադրվել է Երևանում։
  • 1956 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
  • 1956 - Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։
  • 1959,1962 - Երևանյան ներկայացումը Բաքվում
  • 1963,1979,1987 - Երևանյան ներկայացումը Թբիլիսիում
  • 1969 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում։
  • 1970 - Մարսելում,
  • 1971 - Երևանյան ներկայացումը Սոչիում
  • 1972 - Փարիզում։
  • 1976 - Երևանյան ներկայացումը Մոսկվայում
  • 1978 - Երևանյան ներկայացումը Կիևում
  • 1978 - Երևանյան ներկայացումը Ռոստով-Դոնում
  • 1979 - Երևանյան ներկայացումը Լենինգրադում
  • 1989 - Երևանյան ներկայացումը ԱՄՆ-ում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. https://www.youtube.com/watch?v=1ec77-_bLnY

2. Եսայի Ջանփոլադյան

3. «Յառաջ», Բ. տարի, թիւ 131, 24 յունիս 1920, Երեւան, էջ 1: