Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ
Shamiram ara.jpeg
տեսակ գեղանկար
նկարիչ Վարդգես Սուրենյանց
տարի 1899
բարձրություն 214,5 սանտիմետր
լայնություն 98 սանտիմետր
նյութ կտավ և յուղաներկ
գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածու Հայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատեր Հայաստանի ազգային պատկերասրահ

«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի 1899 թվականին ստեղծած կտավ, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով:

Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի գեղեցկության մասին, նվերներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Արան մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Արան զոհվել է ճակատամարտում: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների օգնությամբ վերակենդանացնել նրան, ինչը չի հաջողվել[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-20-րդ դարերի վերջում արվեստում գերիշխում է մոդեռն ոճն ու սիմվոլիզմը: Նկարիչները վրձնել են կնոջ զգացմունքների, ապրումների և տենչանքների աշխարհը՝ մի կողմից «մութ», «սև», «խավար», «ստվեր», «մռայլ», «դև», մյուս կողմից՝ «լույս», «կրակ», «փայլ»[2]:

Սուրենյանցի «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավի հերոսուհու հայացքում կա դեմոնիզմ, որը հիշեցնում է մյունխենյան սեցեսսիոնի հիմնադիրներից մեկի` Ֆրանց ֆոն Շտուկի[Նշում 1] «Մեղք» նկարի հերոսուհուն: «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» պատկերը նման է թատերական տեսարանի, որտեղ հերոսուհին օպերային դերասանուհու և վհուկ կնոջ կերպարանք ունի՝ իր մեջ միավորելով և՛ տղամարդու, և՛ կնոջ նկարագիր: Հերոսուհին իր ալեկոծվող կրքերի համար հանդարտություն է փնտրում ներքին պայքարում[2][3]:

Միխայիլ Վրուբելի «Դևը նստած» կտավին բնորոշ դիվայնությունը[Նշում 2] սիմվոլ է, փիլիսոփայական աշխարհընկալման գեղարվեստական արտահայտման ձև, Սուրենյանցի մոտ չար ոգին հպարտ է, միայնակ, փափագում է սիրո, անկախության, ուստի և դժբախտ է[2]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում Սուրենյանցի ուսումնառության տարիներին է սովորել նաև գերմանական յուգենդշտիլի հիմնադիր Ֆրանց ֆոն Շտուկը (1881–1885 թթ.): Ե՛վ Սուրենյանցը, և՛ Շտուկն այդ տարիներին ծաղրանկարներով աշխատակցել են նաև “Fliegende Blätter” («Թռչող թերթիկներ») երգիծաթերթին:
  2. Վրուբելի ստեղծագործությունում դևը ոգի է, որն իր էությամբ մոտենում է հունական անտիկ փիլիսոփայությանը: Սոկրատեսի մոտ դիվականությունն աստվածային ներքին ձայնն է, որն արգելում է կատարել այս կամ այն արարքը` կանխագուշակելով ապագան: 1831 թ. Լերմոնտովի գրած “Мой демон” բանաստեղծության մեջ այն ևս ունի սոկրատեսյան նկարագրություն. “И ум мой озарять он станет лучом чудесного огня” (Полное собрание сочинений, т. 1. М., 1953, с. 208): Ինչպես Իդա Հոֆմանն է նշում, «… դեմոնիզմի, դիվականության թեման արձագանքում էր ռուս հասարակության տրամադրությանը: Ավելին, 1907 թ. «Ոսկե գեղմ» հանդեսը մրցույթ հայտարարեց համանուն թեմայի շուրջը, որի ընթացքում իրենց աշխատանքներով հանդես եկան Վ. Միլիոտին, Պ. Կուզնեցովը, Դոբուժինսկին, Ա. Արապովը և Ն. Ֆիոֆիլակտովը» (И. Гофман. “Золотое Руно” журнал выставки 1906–1909. М., 2007, с. 170)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]