Ասպետ կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպետ կինը
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1909
բարձրություն153 սանտիմետր
լայնություն151 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ասպետ կինը» նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ 1909 թվականին կատարված այս աշխատանքը գաղափարապես առնչվում է պատմական թեմաներով նկարների հետ, այն ազգային-ազատագրական պայքարի գաղափարի առկայծումն է։ Պատկերի հերոսուհին Անի քաղաքի պաշտպանության ժամանակ սելջուկների դեմ վարած կռվում անօրինակ հերոսությամբ աչքի ընկած Այծեմնիկն է, ով քաջաբար դիմադրելով թշնամուն, նույնիսկ նետերով խոցված, շարունակել է կռվել ոսոխի դեմ՝ իր հերոսական օրինակով քաջալերելով մարտիկներին[1]։

«Ասպետ կինը» կտավը 1909 թվականին ցուցադրվել է Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության 38-րդ ցուցահանդեսում։ Այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[2]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաևյան-գոլիցինյան հակաժողովրդական օրենքների տարիների ազգային ճնշումների հետևանքով ուժեղացած հայ ժողովրդի գաղութային ծանր վիճակը առիթ է տալիս Սուրենյանցին վերհիշելու երբեմնի պետականություն ունեցող Հայաստանի պատմական անցյալը՝ իր հերոսական էջերով, երբ նույնիսկ հայրենասեր կանայք,տղամարդկանց հետ կողք կողքի, անձնվիրաբար կռվում էին օտար բռնակալների դեմ՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում[1]։

Անեցի Այծեմնիկը, միանալով իր համաքաղաքացիների հերոսական պայքարին՝ամիրա Փատլունի արշավանքի դեմ, արհամարհելով սովը, թշնամու նետերը, օրհասական ճակատամարտում զրկվելով նժույգից և զենքից, բարձրանում է քաղաքի անառիկ պարիսպների վրա և իր իսկ վերքերի միջից հանելով նետերը՝ ետ վերադարձնում թշնամուն՝ անձնազոհության և հայրենասիրության կենդանի օրինակ ծառայելով շատերին[3]։

Այս կտավում Այծեմնիկի խիստ, արտաքնապես հաղթանակ արտահայտող կեցվածքը հեռու է Սուրենյանցի հոգեբանական լիարժեք կերպարներից, իսկ կոմպոզիցիայի ծանրաբեռնվածությունը, գեղանկարչական ձևերի փոքր կոպտությունը խանգարում են ընդհանուր արտահայտչականությանը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններից շատերում Սուրենյանցը հակված է դեպի այն թեմաները, որոնք գաղափար են տալիս դադարի կամ կանգառի մասին, «Ասպետ կինը» կտավում հերոսուհին անշարժացել է սպասման դիրքում՝ ինքնամփոփ վիճակում։ Նկարն ընդհանրացված ստեղծագործություն է՝ մտահղացված և կառուցված կոթողային ձևով[4]։ Նկարիչն անկասկած պատկերացրել է Անիի շրջանում մղվող կռիվներին մասնակցած ազգային կնոջը։ Նրա կեցվածքին վեհաշուք տեսք է հաղորդվել՝ հաղթանակի հավասար։ Ասպետ կնոջը Սուրենյանցը զուգորդել է եվրոպական գեղանկարչության մեջ այնքան երգված, հայրենանվեր աղջկա՝ Հուտիտի կերպարին[5]։

Նկարչի համար հերոսության իդեալ հանդիսացող օրիորդը ներկայացված է բարձրահասակ, զուսպ, ինքնամփոփ, մտախոհ։ Ինչպես երևում է դիմացի պատի ներքևի խաչաքանդակ ֆրիզից, ասպետուհին եկել է ինչ-որ սրբավայր՝ երդման ուխտով՝ որոշելով իր կյանքը զոհաբերել մայր հայրենիքի պաշտպանության գործին։ Մեծ չափերով պատկերված Այծեմնիկը և նրա հուժկու երիվարը, որոնք որոշ հատվածներում դուրս են մնում շրջանակից, պատկերին տալիս են հատվածային տպավորություն, սակայն նկարիչն այդպես է վարվել բովանդակության արտահայտչականությունն ուժեղացնելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: Text "Ասպետ կինը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Խաչատրյան, Շահեն (2014). Վարդգես Սուրենյանց. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]