Ոտնահարված սրբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոտնահարված սրբություն
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1895
բարձրություն112 սանտիմետր
լայնություն89 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ոտնահարված սրբություն», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ Նկարել է 1895 թվականին, այս կտավը ցուցադրվել է Պերեդվիժնիկների 23-րդ ցուցահանդեսում[1]։ Այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]։

Նկարի համար նյութ է ծառայել 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը։ Թեմայի կոնկրետությանը նպաստում են ոչ միայն կոթողի որոշակի պատմական և հնագիտական վերարտադրությունը, այլև Սուրենյանց-արվեստագետի անձնական հույզերը՝ կապված այդ դեպքերի հետ[3]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրենյանցը ստեղծել է հայ ժողովրդի պատմությունը, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեստ շարք։ «Ոտնահարված սրբությունը» ի ցույց է դնում թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի և հոգևոր բարձր մշակույթի հանդեպ[4]։

Սուրենյանցի «Ոտնահարված սրբությունը» կտավում իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ ժողովրդի ողբերգությունը, կտավն ինքնին բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված է հին հայկական եկեղեցու սրահը, որտեղից նոր միայն հեռացել է թշնամին։ Մոխրագույն քարերը, հավասար ցերեկային լույսը, որը ողողել է կոմպոզիցիան, շեշտում են դեպքերին հաջորդած լռությունը։ Զուսպ, խիստ սյուների, գեղեցիկ ճարտարապետական զարդաքանդակներով հարուստ կամարների, ինչպես նաև հատակի քառակուսիների համաչափ ռիթմիկ ֆոնի վրա անկարգ թափված գրքերը, սպանված քահանայի դիակը, պոկված վարագույրը լակոնիկ և միաժամանակ մեծ տրագիզմով պատմում են թշնամու վայրագությունների մասին։ Նկարի կենտրոնում ընկած են դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած ձեռագրերը, մագաղաթյա մատյանները, որոնք ներկայացված են որպես հայ ժողովրդի պայքարով և հերոսությամբ լցված անցյալի մարմնացումներ[3]։

«Ոտնահարված սրբություն» կտավում, ինչպես և Սուրենյանցի այլ երկերում ճարտարապետական ինտերիերը ներկայացված է եկեղեցու ներսի պատկերումով։ Եկեղեցու ներքին տարածությունը ներկայանում է որպես ճարտարապետական կոթող, որպես երկնայինի ու երկրայինի, աշխարհի տարածության ամբողջություն։

Ի տարբերություն խաչքարի և սրբապատկերով սյունի, որոնք զուգահեռ են նկարի հարթությանը և ունեն ճակատային տեղադրություն, հորինվածքը կառուցված է անկյան տակ, որի վկայությունն է կիսաբաց դուռը և այն պսակող կամարը։

Ստեղծագործական եղանակի յուրահատկությունը ձևավորել է նաև պատկերի գաղափարական իմաստը։ Սուրենյանցը գիտակցաբար դիտողի հայացքն ուղղել է դեպի գրքերը, որոնք նաև բանալի են դառնում նկարի տարածական ընկալման համար։ Ստեղծագործության ընդհանուր հորինվածքը ստեղծված է ուղղահայացներից՝ որմնասյուների ու խաչքարի, շեղ գծերից՝ գրքերի տեսքով, ինչպես նաև անկյունագծով՝ նկարի խորքը գնացող մյուս պատկերների հաջորդականությամբ[6]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադամյան, Ա. (2018). Վարդգես Սուրենյանց (1860-1921)/ Կենսամատենագիտություն. Երևան: «Գիրք».
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին. {{cite web}}: Text "Ոտնահարված սրբություն - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Սուրենյանց Վարդգես». www.armeniaculture-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. «Շուշանիկ Զոհրաբյանը գրքով ներկայացնում է Վարդգես Սուրենյանցի անհայտ մնացած նկարները». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վ. Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]