Քրիստոսի դեմքը. Դաստառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քրիստոսի դեմքը. Դաստառակ
Քրիստոսի գլուխը. Դաստառակ.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1900
բարձրություն46 սանտիմետր
լայնություն61,5 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԵրևան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՀիսուս
Ծանոթագրություններ

Քրիստոսի դեմքը. Դաստառակ կամ Քրիստոսի գլուխը. Դաստառակ, Վարդգես Սուրենյանցի 1900 թվականին ստեղծած կտավն է[1]։ Այսօր Սուրենյանցի` Քրիստոսին նվիրված վեց հայտնի ստեղծագործություններից մեկն է, որտեղ պատկերված է Հիսուս Քրիստոսի անձեռակերտ պատկերը[2]։ Ստեղծագործությունը Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում է (կտավ, յուղաներկ, 46 x 61,5 սմ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական միջավայրում գոյություն ունեցող մասունք-սրբապատկերներից է համարվում «Քրիստոսի անձեռակերտ դիմանկարը», որը հայտնի է նաև «Տիրոջ դաստառակ», «Փրկչի կենդանագիր պատկեր», «Սուրբ մանդիլիոն» և այլ անուններով։ Քրիստոսի կերպարին նվիրված Սուրենյանցի «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» կտավը ներկայացնում է Քրիստոսի անձեռակերտ պատկերը։ Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար Ե թագավորը, լսելով Քրիստոսի հրաշագործությունների մասին, հավատում է նրան և ընդունում որպես Աստծո Որդի։ Անբուժելի հիվանդ Աբգարը նամակ-խնդրագիր է ուղարկում Քրիստոսին՝ գալու և բժշկելու իրեն[3]։ Քրիստոսը թագավորի սուրհանդակ Անանի միջոցով Աբգարին ուղարկում է անձեռակերտ պատկերը, որն իր դեմքի հպումով դրոշմել էր դաստառակի վրա[4]։

Այս խորհրդավոր պատկերը արդեն 6-րդ դարից ավելի պահվում է Իտալիայում՝ Ջենովայի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում։ Ըստ ավանդության՝ դա Հիսուսի ամենահին պատկերն է։ Հովհաննեսի Ավետարանում գրված է, որ մի անգամ Փիլիպոս առաքյալի մոտ է գալիս «հույների» մի խումբ և ասում, թե ուզում է տեսնել Հիսուսին։ Այդ «հույներին», սուրբ հայրերի վկայությամբ, ուղարկել էր հայոց Աբգար թագավորը, Եդեսիա քաղաքից (այժմյան Ուրֆա), որ գտնվում է հարավային Թուրքիայում։ Այդ քաղաքը ժամանակին քրիստոնեական մշակույթի կենտրոն էր։ Աբգար թագավորի և Հիսուսի մոտ նրա ուղարկած դեսպանների մասին պատմում է հինավուրց պատմությունը, որը մինչև առաջին դար է հասնում։ Այն որպես օրինակ է բերում Եվսեբիոս Կեսարացին՝ Տիրոջ Եկեղեցու առաջին պատմիչներից մեկը։ Այդ մասին են գրում նաև հայոց մատենագիր Մովսես Խորենացին (5-րդ դար), Պրոպոկոպիոսը, Եվագրիոսը և այլք[5][6]։

Լինելով Սուրբ մասունք՝ Դաստառակը ոգեշնչել է տարբեր նկարիչների, որոնք մեծ նշանակություն են տվել անձեռակերտ կերպարին։ Մի շարք հայ նկարիչներ անդրադարձել են այս իրողությանը, որոնցից անմասն չի մնացել հայ մեծ նկարիչ՝ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցը։

Առհասարակ այս աշխատանքի մասին շատ քիչ տվյալներ են հայտնի։ Հայտնի չէ արդյոք Սուրենյանցը այն ստեղծել է անձնական ցանկությամբ, թե ինչ-որ անհատի պատվերով։ Հայտնի է միայն, որ Հայաստանի ազգային պատկերասրահը 1928 թվականին Թիֆլիսում այն գնել է ոմն Մուտաֆովայից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի «Դաստառակը» նկարված է իրականությանը շատ մոտ եղանակով։ Մեխերով ամրացված քաթանե սրբիչը պատկերված է հնագիտական վավերականություն կրող մանրամասներով։ Այն կարծես դարերի ընթացքում խամրած, դեղնած, երկու-երեք հատվածներում վնասված մի սրբիչ է։ Նրա եզրերը ձևավորված են արմավենի և թուզ հիշեցնող արևելյան ոճավորված զարդանախշերով։ Սրբիչի ծայրերին հմտորեն նկարված են կտորի եզրաթելերի հատվածները։ Հիսուսի դեմքը կարծես հրաշագործ կերպով կտավի ներսից արտահայտվում է դուրս՝ իր խորաթափանց, վճիտ հայացքը ուղղելով դիտողին։ Դեմքի հազիվ նշմարվող ուրվագծերը, որոնք տեղ-տեղ անհետանում են, իսկապես թողնում են Անձեռակերտ Պատկերի տպավորություն։ Նկարիչը առավելապես ընդգծել է Տիրոջ աչքերը, հոնքերը, քթի և շուրթերի հատվածները՝ կերպարին հաղորդելով հոգեբանական բնորոշում։ Հիսուսի դեմքը թվում է կատարյալ. աչքերը, դիմագծերը խոսուն են, իրական և միևնույն ժամանակ անհետացող են, միստիկական։ Նրա պարզ հայացքը դիտողի հետ մտնում է երկխոսության մեջ[7]։

Բնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկած կա, որ կտավի համար բնորդ է հանդիսացել հայ անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը, ով Սուրենյանցի մտերիմ ընկերն էր։ Սուրենյանցի արվեստի բնորոշ առանձնահատկութուններից է իրական անձանց դեմքերի օգտագործումը գեղարվեստական կերպարներ ստեղծելու համար[7]::

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաթենիկ Վարդանյան (2020)։ Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 978-9939-75-452-9 
  2. Մովսես Խորենացի (1827)։ Պատմութիւն հայոց, Գիրք 2, Գլուխ Լ։ Սուրբ Ղազար, Վենետիկ 
  3. «Երանելի թագավոր Սուրբ Աբգարը»։ www.surbzoravor.am։ Վերցված է 2022-07-31 
  4. Սամուէլյան Մաղաքիա (1850)։ Սուրբ դաստառակ կամ Քրիստոսի տեառն մերոյ Հայոց Աբգար թագաւորին խաւրած անձեռագործ պատկերին պատմութիւնը։ Վիէննա: Պաշտպան ս. Աստուածածնի վանքը 
  5. «Տիրոջ անձեռակերտ պատկերի ոդիսականը»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2022-07-31 
  6. 7,0 7,1 «Քրիստոսի անձեռակերտ դիմանկարը»։ ԱրտԻմիջ (hy-AM)։ Վերցված է 2022-07-31