Հայ բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։ Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնականում հին և միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական վերապատումներին ու մշակումներին։ Վիպական հին հուշարձանները (առասպելներ, վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական մշակման ենթարկված հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժողովածուներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV–XVII դարի ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժողովածուներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և ախտարքային ժողովածուներում։ Նոր շրջանում պահպանված բանահյուսությունը ավանդվել է բանավոր, հայոց լեզվի տարբեր բարբառներով վիպող ու երգող, ժողովրդի տարբեր խավերի, տարբեր սեռի ու տարիքի բանասացների կողմից, որոնք էլ բանահյուսության կենդանի կրողներն են, իսկ բնագրերը՝ նրանցից գրառված բանահյուսական նյութերը։

Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի՝ ծիսահմայական, վիպական և այլն։

Ծիսահմայական բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիսահմայական բանահյուսությունը հայ բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է, ամփոփում է հետևյալ տեսակներն ու ենթատեսակները՝ անեծքներ, օրհնանք–մաղթանքներ, երդումներ, հմայական աղոթքներ, ծիսատոնական տարբեր բնույթի երգեր, խաղեր ու բանաձևեր։ Խումբն ունի կիրառական որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած բնական միջավայրի, տնտեսական, սոցիալ-կենցաղային կյանքի հետ, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհրդանշող ծիսական ու հմայական արարողությունների հետ։ Բանահյուսական հիշյալ բոլոր տեսակները բնորոշվում են խոսքի հմայական ներգործության զորության հանդեպ հավատի առկայությամբ, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի, առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ արտահայտված հաճախ սիմվոլիկ–այլաբանական պատկերներով ու համեմատություններով։ Հմայական համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք-մաղթանքներն ու երդումները, որոնք ունեն լայն կիրառություն։ Գործածվում են նաև ծիսահմայական արարողությունների ժամանակ (ծննդյան, մահվան, հարսանիքի, ժողովրդական տարբեր հանդիսությունների, սեղանի, ողջույնի, հրաժեշտի, շնորհավորանքի, բարեմաղթությունների)։

Հմայական բարդ բանաձևերից են կապքի (կախարդական արգելքի հմայության) աղոթքները, որոնք, վիպական–նկարագրական սկզբնամասից բացի, բաղադրվում են անեծքի, բարեմաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են որոշակի արարողություններով, մեծ մասամբ ունեն պահպանական–ապահովական բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից, հիվանդություններից (չար աչքի, գորտնուկի, մրջմուկի, ծննդկանին ու նորածնին սպառնացող թպղայի, ալքի), ունեցվածքն ու անասուններին փորձանքից (գայլ ու գազանից, չարիքից) զերծ պահելու, չար ոգիների կախարդանքով կալած–կապված երևույթները (երաշտ, անբերրիություն, անքնություն և առհասարակ ամեն մի չար հմայություն) վերացնելու նպատակով։

Ծիսատոնական երգերը, խաղերն ու բանաձևերը կատարվում են ժողովրդական ու կրոնական նշանավոր ծիսակատարությունների, ժողովրդական օրացուցային տոնախմբությունների ժամանակ (Քրիստոսի ծնունդ, Նոր տարի, բարեկենդան, տերընդեզ, Զատիկ, համբարձում, ծաղկազարդ, վարդավառ, Աստվածածնի վերափոխման տոն և Սուրբ խաչ)։ Սրանցից յուրաքանչյուրն ունեցել է իրեն հատուկ երգային, խաղային, բանաձևային ծիսական շարքերը, որոնցից քչերն են պահպանվել։ Ծիսաընտանեկան բանաձևերի ու երգերի տակ խմբվում են մարդու հիմնական կենսաշրջանները (ծնունդ, ամուսնություն, մահ և թաղում) սրբագործող ծիսական արարողություններին ուղեկցող երգերը, խաղերն ու մաղթանքի բանաձևերը։ Ծիսական յուրաքանչյուր շարք ունի իր պարտադիր ավանդ, մաղթանքները։ Բանահյուսական նյութերի առատությամբ, կայունությամբ և ավանդականությամբ են հատկանշվում ամուսնության ու մահվան ծիսական արարողությունները։ Հարսանեկան ու սգո երգերն իրենց ժողովրդական բնույթով վկայված են հնից, հետագայում ենթարկված քրիստոնեական գաղափարներով վերաիմաստավորման։

Վիպական բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպական բանահյուսությունը ընդգրկում է վիպական–առասպելաբանական երգերը, զրույցները, ավանդությունները, վեպերը, հեքիաթները, առակներն ու երգիծական մանրապատումները, վիպապատմական երգերը։

Հայ հին առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը կործանում է Բելին, Juliano Zasso

Հայ հին առասպելները ավանդվել են գրավոր, պատմական զրույցների, ավանդությունների և վիպական երգերի տեսքով։ Պահպանվել են նաև հին ու նոր ժողովրդական վեպերի, հեքիաթների, ավանդությունների, հանելուկների և երգերի մեջ։ Հնագույսներն են Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Անգեղյա Տորքի, Արտավազդի, Վահագնի, Տիգրանի և Աժդահակի, Երվանդի և Երվազի, վիշապների և վիշապազունների մասին վիպվող զրույցներն ու երգերը, որոնց մեջ հին առասպելական կերպարները վիպականացել են, պատմականացել, դարձել հայ ցեղի նախնիներ, արքաներ, արքայազուններ կամ նրանց օտար հակառակորդներ։ Հայկական հին առասպելները կառուցված են դասական առասպելաբանությանը յուրահատուկ երկհակադրության սկզբունքով, հակոտնյա կերպարների հակադրության և պայքարի վրա․ դրական կամ բարի սկզբունքը մարմնավորում են յուրային հերոսները, բացասականը՝ օտար ու չար հակառակորդները։ Այդ հակադրությունն ու պայքարը ավարտվում է մեծ մասամբ յուրայինի, բարու հաղթանակով, օտարի, չարի պարտությամբ։

Հայկական ցեղի առասպելական նախնու՝ Հայկի վիպական պատմության ընդերքում ընկած է խավարն ու տիեզերական խառնաշփոթությունը խորհրդանշող բռնակալ Բելի դեմ աստեղային հերոս, առասպելական որսորդ, աղեղնավոր Հայկի մղած պայքարի առասպելը։ Հայկը դարձել է հայկական ցեղի, երկրի հիմնադիր, անվանատու նախնի, իսկ նրա հակառակորդ Բելը՝ հայրենի երկիրը խուժած բաբելոնացի բռնակալ։ Հայկը կռվով ելնում է Բելի դեմ, սպանում նրան, ապահովում իր ցեղի ու երկրի գոյատևումը։ Հայկը Օրիոն համաստեղության հայկական անվանումն է, Բելը՝ արևմտյան սեմական ցեղերի գերագույն աստծու։ Հայկական ցեղի երկրորդ անվանատու նախնին է Հայկի տոհմից սերված առասպելական Արամը (թերևս ծագած նախահայկական արիմ ցեղանունից)։ Մեռնող–հառնող երիտասարդ աստծու առասպելն է մարմնավորում Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմականացած զրույցը։

Արա Գեղեցիկ և Շամիրամ, Վարդգես Սուրենյանց

Վիշապների դեմ մղված ամպրոպային աստծու տիեզերական կռվի վաղնջական առասպելն իր տարբեր արտահայտություններն է գտել հայ հնագույն «Վիպասանք» կամ հատկապես՝ Տիգրանի և Աժդահակի, վիշապաքաղ Վահագնի, Արտավազդի և վիշապազունների մասին երգվող ու վիպվող դրվագներում։ Հայոց ամպրոպային աստված Վահագնը ծնվում է Երկնքի ու Երկրի և ծիրանի ծովի երկունքից, ծովում բոցավառվող եղեգնի փողից։ Ծնվելուն պես նա շտապում է տիեզերակործան վիշապների դեմ կռվելու։ Տիգրանի և Աժդահակի վիպական դրվագներում ամպրոպային աստվածը պատմականացել է, դարձել հայոց Տիգրան թագավոր, իսկ նրա հակառակորդ վիշապը՝ թշնամի Մարաստանի Աժդահակ (= վիշապ) թագավոր։ Վահագնը ևս պատմականանալով՝ դարձել է Տիգրանի երրորդ զավակը, իսկ մեկ այլ առասպելում՝ հայոց ազգի նախնի, որ գողանում է ասորեստանցիների նախնի Բարշամի հարդը՝ դրա հետքը ընդմիշտ դաջված թողնելով երկնքում (այստեղից էլ՝ «Հարդագողի ճանապարհ»

Ժայռում կամ ջրերում արգելափակված հերոսի առասպելաբանական սյուժեի տարբեր դրսևորումներն են Մասիսի վիհում Արտաշեսի որդի Արտավազդի կամ վերջինիս որդի Շիդարի, Դավթի որդի Փոքր Մհերի («Սասնա ծռեր» վեպում), ջրերի խորքում Երվանդի՝ վիշապներից կամ քաջքերից բանտարկվելու վիպական գրվածքները։ Սրբազան երկվորյակների վաղնջական պաշտամունքի և առասպելի տարբեր արտահայտություններ են Երվանդի և Երվազի, Սարասարի և Ադրամելիքի («Սասնա ծռերում»՝ Սանասարի և Բաղդասարի), Մտուկի և Կռնակի, Դեմետրի և Գիսանեի պատմականացած ու վիպականացած զրույցները։

Մի շարք առասպելներ պահպանվել են միայն բանավոր ավանդությամբ։ «Սասնա ծռեր» վեպում պահպանվել են հայոց երկնայիս լույսի և արեգակի աստված Միհրի անունը (Մեծ և Փոքր Մհեր) և առասպելաբանական մոտիվները (Մեծ Մհերի առյուծ սպանելը, Փոքր Մհերի ժայռում փակվելը, առանձին տոների՝ նրա ժայռից դուրս գալը)։ Բազմաթիվ ավանդական զրույցներ կան Արևի և Լուսնի, Արևամանկան և Արևամոր, համաստեղությունների (Մեծ Արջ, Ծիր Կաթին), ջրի և հրի, թռչունների (արագիլ, ագռավ, կռունկ, աղավնի, ծիծեռնակ), կենդանիների, բույսերի ծագման, անձնավորման, անունների ստուգաբանության վերաբերյալ։

Ավանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Ավանդություններին են հարում նաև սնահավատական զրույցները (կոչվել են նաև «բան», «բանս»), ժողովրդական հավատալիքների հիման վրա ձևավորված մանրապատում–հուշապատումները (գերբնական էակների, ոգիների մասին) ընկալվում են իբրև եղելություններ՝ կատարված հաճախ զրույցը պատմող ականատեսի հետ։

Ժողովրդական վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ վիպական ավանդությունը հատկանշվում է ժողովրդական մի քանի վեպերի առկայությամբ։ Հնագույնը «Վիպասանք» առասպելաբանական վեպն է՝ բաղկացած տարբեր վիպական երգերից ու պատումներից, հյուսված Մեծն Տիգրանի, Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Սաթենիկի, Արտավազդի անունների և արարքների շուրջը։ Բաղկացած է երկու վիպական հիմնական միավորից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից, որոնց կապակցող հիմքը առասպելաբանական է։ Հին առասպելականը կամ փոխակերպվել է պատմականի, կամ էլ նույնությամբ պահպանվել ու հարակցվել պատմական դեմքերին ու դեպքերին (Երվանդի և Երվազի գերբնական ծնունդը, մանուկ Արտավազդի հափշտակումը վիշապազունների կողմից, Արատավազդի փակվելը Ավագ Մասիսում և այլն)։

Երկրորդ հին վեպը «Պարսից պատերազմ» հերոսավեպն է՝ հորինված մ․ թ․ III–IV դարերում Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմական իրադարձությունների հիմքի վրա։ Հիմնական բովանդակությունը Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև մղված դարավոր կռիվներն են, ինչպես նաև հայ Արշակունի արքայատոհմի և նախարարական տների միջև ծագած հակասություններն ու դրամատիկ, իրադարձությունները։ Վեպում հանդես եկող հայ և պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները իրական պատմական նախատիպերի վրա ձևավորված, վիպական, գեղարվեստական կերպարներ են, վիպասանների ու գուսանների կողմից ենթարկված գաղափարականացման, հերոսացման (Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյաններ

Երրորդ հին վեպը «Տարոնի պատերազմն» է, որը որոշ խմբագրումներով ու վերամշակումով պահպանվել է Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական երկերում։ Բաղկացած է ժողովրդական բազմաթիվ զրույցներից, ավանդություններից, մասամբ և վիպական երգերից, հյուսված է Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Գայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ կերպարներում և նրանց արարքներում տեսանելի են V դարի պատմական նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոնյանները, պարսիկների դեմ նրանց մղած ապստամբական կռիվների արձագանքները։ Վիպական բաղադրությամբ և հիմնական բովանդակությամբ առնչվում է «Պարսից պատերազմին»։

Սուսունցի Դավթի արձանը Երևանում

Չորրորդ վեպը «Սասնա ծռեր» հերոսավեպն է, պահպանված բանավոր ավանդությամբ, գրառված XIX դարի վերջին քառորդից տարբեր բանահավաքների կողմից՝ 160-ի հասնող տարբերակներով։ Բաղկացած է վիպական չորս հիմնական սերնդի մասին պատմող ճյուղերից, հերոսների ժառանգական հաջորդությամբ՝ պապից ծոռ (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր)։ Սկսվում է այդ տոհմի ծագումից ու Սասնա տան հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ՝ անմահ ու անժառանգ Փոքր Մհերի ժայռում փակվելով։ Բաղկացած է վիպական տարբեր շարքերից, բայց և նույն թեմաներից ու համանման սյուժեներից, դրանց մեջ միավորված բազմաթիվ ու բազմազան մոտիվներից։ Առաջնային ու միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում, հակադրությունն է օտար և հայրենի երկրների։ Հաջորդ թեման՝ հերոսական ամուսնությունն է։ Այս թեմաների վիպականացման մեջ մեծ տեղ է գրավում մարտերի նկարագրությունը՝ միշտ յուրային հերոսի հաղթանակով ավարտվող։ Վերոհիշյալ թեմաներին են հարում հերոսների շինարարության և տոհմային զորեղ ժառանգ ունենալու ենթաթեմաները։ Հնագույնն ու ելակետայինը հրաշածնունդ երկվորյակներ Սանասարի ու Բաղդասարի առասպելն է, հարակցված ու մշակված մ․թ․ա․ VII դարից սերող Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիների փախուստի և Արարատյան երկիրը ապաստանելու պատմական ավանդության հետ։ Այն, տեղայնանալով, երկրորդ անգամ է պատմականացել, ենթարկվել միջնադարյան Բաղդադի արաբական խալիֆայության, մասամբ և Մսրա (Եգիպտոսի) էյուբյան մելիքների տիրապետության ժամանակների (VII-XIII դարերի) իրադարձությունների ազդեցությանը։ Մեծ Մհերի, Դավթի և Փոքր Մհերի վիպական ճյուղերի նախահիմքում ընկած են խեթախուռիական ակունքներից սերող հնդեվրոպական ամպրոպային աստծու և հին հայոց երկնային լույսի ու արեգակնային աստված Միհրի առասպելները՝ հարակցված առաջին ճյուղի երկվորյակ եղբայրների վաղնջական առասպելին, վաղ միջնադարի և հատկապես VIII XIII դարերի պատմական կոնկրետ անցուդարձերի՝ արաբ, տարբեր բռնապետությունների դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունների (749 և 851), ըմբոստ ելույթների ազդեցությամբ խիստ փոխակերպված։

Որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմ կրելով հանդերձ՝ «Սասնա ծռերը» ներառել և իր մեջ գեղարվեստորեն համաձուլել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի տարբեր իրողությունները, ժողովրդի աշխատավոր խավերի իղձերն ու ակնկալիքները։

Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթները հայ բանահյուսության հնագույն և բազմաքանակ տեսակներից են․ որոշ սյուժեներ ու փոքրածավալ հեքիաթներ գրառվել են միջնադարում, իսկ հիմնականում՝ XIX դարի երկրորդ կեսից։ Բնույթով բաժանվում են երկու մեծ խմբի՝ հրաշապատում և իրապատում։ Կան նաև արկածային-նովելատիպ և կումիլյատիվ (շղթայաձև) հեքիաթների ենթախմբեր։

Հրաշապատում հեքիաթները սերել են վաղնջական առասպելներից և մեծ մասի սյուժեները հեքիաթների փոխարկված հնագույն առասպելներ են։ Իրենց ֆանտաստիկ բովանդակությամբ, միջավայրով ու կերպարներով դրանք սերտորեն կապված են Հայաստանի կոնկրետ աշխարհագրական միջավայրի, ժողովրդի ապրած ֆեոդալական ժամանակաշրջանի սոցիալ-պատմական կյանքի երևույթների հետ։

Իրապատում հեքիաթները ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունների իրական պատմական հիմքի վրա, արտացոլում են այդ հասարակարգին բնորոշ տնտեսական, սոցիալական, իրավական ու տնտեսական–կենցաղային կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։ Մեծ մասամբ հագեցած են աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ, գործող անձինք միմյանցից տարբերվում են աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աշխատանքը նրանց փոխհարաբերությունների հիմնական շարժիչ ուժն է։ Իրապատում հեքիաթներում ևս դրսևորվում են հրաշապատում մոտիվներ ու միջադեպեր, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են նրա ընդհանուր իրապատում տրամաբանությանը։

Հայկական հեքիաթների մեծագույն մասը, ունենալով իր միջազգային զուգահեռներն ու տարբերակները, միաժամանակ հատկանշվում է տեղական ազգային երանգով ու յուրահատկություններով։

Առակներ ու զվարճապատում զրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակներն ու զվարճապատում զրույցները հայ բանավոր արձակի հնագույն տեսակներից են։ Առակները՝ կենդանիների, մասամբ նաև բույսերի մասին իրապատում զրույցներ են, գրառվել ու գրական մշակման են ենթարկվել միջնադարում, հատկապես XII դարի, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու կողմից։ Դրանցում ուղղակի կամ խրատական այլաբանության ձևով արտացոլվել է միջնադարյան Հայաստանի սոցիալ-կենցաղային կյանքի, բարքերի պատկերը՝ իր տարբեր կողմերով ու հարաբերություններով։ Միջնադարյան առակների շատ նմուշներ, նույնությամբ կամ վերափոխված, ինչպես նաև բազմաթիվ նոր առակներ ու կենցաղային զրույցներ գրառվում են՝ սկսած XIX դարի երկրորդ կեսից։

Պոլոզ Մուկուչ

Սոցիալ–կենցաղային բովանդակությամբ զրույցներին են հարում անեկդոտներն ու երգիծական զանազան զվարճապատումները։ Դրանք, հաճախ ծագելով իրական դիպվածներից, բանավոր ավանդության սկզբունքներով մշակվում են ու ընդհանրացվում կամ, լինելով ավանդական սյուժեներ, նորոգվում են ու փոխակերպվում, հարմարեցվում կյանքի նոր պայմաններին և ձեռք բերում գեղարվեստական ընդհանրացման նոր արժեք։ Այդպիսի զրույցները հաճախ խմբվում են կոնկրետ պատմական անձնավորությունների, միջազգային, ազգային կամ տեղական սրամիտ զվարճախոսների, որոշակի տեղավայրերի կամ ազգագրական շրջանների անունների շուրջը, առաջ բերելով անեկդոտների, զվարճապատումների տեղական անվանական շարքեր։ Հայ բանավոր ավանդության մեջ հայտնի են Մոլլա Նասրեդդինի (հարևան իսլամադավան ժողովուրդներից փոխառված), Պոլոզ Մուկուչի, Պըլը Պուղու, Վարդանիկի, ինչպես նաև լենինականցիների, լոռեցիների, քյավառցիների, վանեցիների և այլոց անեկդոտային շարքերը՝ տեղական բարբառով ու արտահայտչամիջոցներով։

Վիպական երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպական երգերը վիպական բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններ են՝ հորինված առասպելական, կրոնական և պատմական անձանց ու իրադարձությունների շուրջը։ Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա («Վահագնի երգը»

Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։ Դրանց մի մասը (ծննդյան ավետիսներ) ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողություններին։ Ամենատարածվածը պատմական վիպերգերն են․ հորինված են իրական դեպքերի և պատմական անձանց անունների շուրջը, ունեն հակիրճ սյուժե։ Մեզ ամբողջությամբ հասած ամենավաղ պատմական վիպերգը «Լևոնի երգն» է՝ հորինված XIII դարի Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով։ Դասական պատմական վիպերգի նմուշ է «Մոկաց Միրզան»։

Համեմատաբար շատ են պահպանվել XIX-XX դարերի ռուս–պարսկական և ռուս–թուրքական պատերազմների հայազգի հերոսների (Ռոստոմ Բեկ, Միքայել Լոռիս–Մելիքով, Արշակ Տեր–Ղուկասով, Հասանղալայի ճակատամարտ) և հայ ազատագրական կռիվների հերոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ և այլն) վերաբերյալ երգերը՝ պատմահերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Դուլաբեցի Արշակի երգը»)։ Այս հիմնական խմբերից բացի, կան նաև ընդհանուր բնույթի ծավալուն վիպերգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա–առասպելաբանական, պատմական ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ»)։

Քնարական բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարական բանահյուսությունը բանաստեղծական–տաղաչափական համակարգով բաժանվում է երկու հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։

Հայրենները քնարական հնագույն երգատիպերից են, վկայված X դարի իբրև ժողովրդական սգերգ (Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգության», բան ԻԶ)։ «Հայերեն», «հայրէն», «հարեն» են կոչվել ազգային առանձնահատուկ տաղաչափության («հայրենի կարգաւ») համար։ Հայրենի չափով հորինվել են տարաբնույթ երգեր։ Ամենավաղ և ամենաշատ վկայվածն ու տարածվածը սիրո և ուրախության հայրեններն են, որոնք հորինվել են միջնադարյան քաղաքներում՝ գուսանների և վարձակների (կին գուսաններ) կողմից, կատարվել խնջույքների ժամանակ՝ թմբուկի, սրինգի, քնարի, փողի նվագակցությամբ։ XIII դարից սկսած հայրենները գրառվել ու մտել են միջնադարյան ձեռագիր տաղարանները, շարունակելով մնալ նաև ժողովրդական բանավոր երգարվեստում․ XIX–XX դարերի բանահավաքները գրառել են «հարեն», «հերեն», ավելի հաճախ «անտունի» անվանումներով։

Խաղիկները, որոնց գրավոր անդրանիկ նմուշները հանդիպում են XVIII դարի ձեռագրերում, հայ ժողովրդական նոր քնարերգության և առհասարակ ժողովրդական երգարվեստի հիմնատիպն են, նոր ժամանակների վիպական, զինվորի, աշխատանքային, որոշ կարգի ծիսական (համբարձման վիճակահանության) երգերի, պարերգային ամբողջ բանահյուսության հիմքն ու տարերքը։ Դրանք իբրև առանձին երգատեսակ հիմնականում սիրերգեր են՝ հորինված գեղջուկ պատանիների ու աղջիկների կողմից․ արտահայտում են նրանց սիրային պարզ զգացումները, զեղումները, ապրումները։

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով ևս բաժանվում է մի քանի տեսակի՝ գեղջկական աշխատանքային երգեր, պանդխտության երգեր և այլն։

Գեղջկական աշխատանքային երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղջկական աշխատանքային երգերը վիպա–քնարական բնույթի ստեղծագործություններ են, ուղեկցել են դաշտային և առտնին աշխատանքային տարբեր պրոցեսների։ Հատկանշվում են գործիքների, բանող անասունների գովքով, աշխատավոր գյուղացու երազանքների իրագործման ձգտումով, սոցիալ–դասակարգային բնույթի բողոքներով։

Պանդխտության երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդխտության կամ ղարիբի երգերն առնչվում են միջնադարից սկսած հայ ազգային-սոցիալական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ։ Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան, հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտի վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները։

Զինվորի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորի երգերը հայ քնարական բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են, կապված XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին հայերին ցարական և թուրքական բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու իրողության հետ։ Հորինված են ավանդական երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ («Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ, կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համախմբված են որոշակի մոտիվների՝ զորակոչի վիճակահանության («Կանցիլարի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտի և ուղևորման («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զորանոցային կյանքի անցուդարձերի, ռազմաճակատում զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու շուրջը («Հասանղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայրիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրենական մեծ պատերազմի երգաշարից)։

Օրորոցային և մանկական երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրորոցային և մանկական երգերն ունեն համապատասխան, կրկնակներ, հորինված են թե հայրենի և թե բանահյուսական այլ չափերով։ Ըստ կիրառության ու բնույթի բաժանվում են մի քանի ենթատեսակի՝ օրորոցային կամ օրորի (հորինել և կատարել են կանայք), մանկախաղաց՝ մանուկներին խաղացնող երգեր (դանդանաներ, դարձյալ մեծ մասամբ կանանց կողմից կատարվող), մանկան լոգանքի ու քայլքի և զուտ մանկական երգեր՝ մանուկների համար և մանուկների կողմից կատարվող։ Մանկական քնարական երգերը հագեցած են վիպական և դրամատիկ տարրերով, նվիրված են բնության երևույթներին, երկնային լուսատուներին, թռչուններին, կենդանիներին և արտահայտված են մանկական լեզվով ու հոգեբանությամբ։

Առածներ և ասացվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առածները և ասացվածքները ժողովրդական կենդանի խոսակցական լեզվով հորինված բանահյուսական բանաձևային ասույթներ են, բաղկացած են առնվազն երկու բառից՝ որոշակի թեմա և իմաստ արտահայտող։ Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի, մարդկային բարքերի ու կենցաղի ամենաբազմազան երևույթների վերաբերյալ։

Առածը այլաբանական ստեղծագործություն է, որի բուն իմաստն արտահայտվում է անուղղակի, սիմվոլիկ–միջնորդավորված ձևով («Հավը կածի, ուրուրը կտանի»), մինչդեռ ասացվածքը իրականությունը դրսևորում է անմիջապես, ուղղակի («Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի»)։ Առած–ասացվածքները հաճախ ծագում են առակներից, դառնում նրանց բարոյախրատական իմաստի բանաձևված ընդհանրացումը։

Հանելուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրական մշակմամբ վկայված է V և հետագա դարերից, արձակ, չափածո մեկ կամ մի քանի տողերից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Հորինվածքը բաղկացած է երկու միմյանց պայմանավորող մասերից՝ գուշակման ենթակա հանելուկի առարկայից և հանելուկի բանաձևից։ Խոր հնադարում ունեցել է լայն կիրառություն, իբրև մարդու մտավոր հասունությունն ու հնարամտությունը փորձելու, աշխարհաճանաչման միջոց, հետագայում վերածվել է մտավարժության, իսկ մեր օրերում՝ մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են վաղընջական շատ առասպելաբանական պատկերացումներ, տնտեսական, կենցաղային հնօրյա իրողությունների հիշատակներ, որով դրանք ձեռք են բերում պատմամշակութային կարևոր արժեք։

Հայ բանահյուսության բանաձևային կայուն տեսակների մեջ են մտնում հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկական հանգավոր բառախաղ ասելուկները, խաղերգերը (հաճախ երկխոսական), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց–հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։

Խորհրդահայ բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդահայ բանահյուսությունը անցյալի ավանդական բանահյուսության զարգացումն ու փոխակերպումը լինելով հանդերձ, հատկանշվում է մի քանի նոր առանձնահատկություններով, պայմանավորված սոցիալ–տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքի արագ և հեղաշրջիչ փոփոխություններով։ Սոցիալիստական նոր հարաբերությունների արմատավորմամբ ժողովրդական կենցաղից դուրս են մղվում ամենից առաջ հին ծիսակրոնական տոներն ու արարողությունները և դրանց ուղեկցող բանահյուսական տեսակները։ Սովետահայ բանահյուսության ամենակենսունակ ժանրերն են դառնում ժողովրդական երգն ու զրույցը։ 1920–30-ական թվականներին բանահյուսության մեջ գերիշխող են վիպական ու քնարական երգերը։ Նոր վիպերգերի թեման Հայաստանում ծավալված քաղաքացիական կռիվներն են, Վ․ Ի․ Լենինի հեղափոխականի ու մարդկային կերպարը։ Քաղաքացիական կռիվների թեման շոշափող վիպերգերից են «Օրդուն էկավ սարի փեշեն», «Աղստաֆայից բերեցին լուրը», «Չախմախլվից անցավ զորքը», «Թոփերը կապեցին էյլարա դուզը» և հատկապես պարտիզան Ռուբենի անզիջում կռվի ու սպանության սրտառուչ վիպերգը («Ռուբենի երգը»), բոլորն էլ հորինված ավանդական վիպապատմական երգերի օրինակներով ու օրինաչափություններով։ Այս շրջանում ժողովրդական երգիչները հորինում են սովետական պետության առաջնորդներին, կարմիր բանակին, նշանավոր զորավարներին, հեղափոխական գործիչներին նվիրված երգեր, որոնց մեջ բացառիկ տեղ է բռնում լենինյան թեման, որի վիպական լավագույն մարմնացումն է «Լենին փաշա» ծավալուն վիպերգը, հորինված հայ ժողովրդական արվեստի, մասնավորապես «Սասնա ծռերի» ավանդույթներով ու արտահայտչամիջոցներով։ Իր բուն ժողովրդական տարերքով առանձնանում է Ալեքսանդր Մյասնիկյանի ողբերգական մահվան առթիվ հորինված «Ափսոս մեր ընկեր Մյասնիկյանը» վիպերգը։ Քնարական երգերում կոնկրետ անուններով և իրողություններով գովաբանվում են նոր կարգերն ու տեխնիկական վերափոխումները, կոլտնտեսային աշխատանքը, սովետական պետական ու կուսակցական գործիչները, ծաղրվում ու պարսավվում են հին կարգերը, բոլշևիկների թշնամիները (մենշևիկ, դաշնակ), հին կարգերի ներկայացուցիչները (տերտեր, տանուտեր, կուլակ), քննադատվում են նաև նոր կարգերն իրենց շահերին ծառայեցնողները։ Երգեր են հորինվում անհատի պաշտամունքի վնասակար հետևանքների, մարդկային ու սոցիալական անարդարությունների մասին («Կռունկ, թե կսիրես արդարությունը», «Խալի» և այլն)։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին վերածնվում են ռազմի և զինվորի հին երգերը, փոխակերպվում, ձեռք բերում ժամանակի իրադարձություններին համահնչուն նոր բովանդակություն, ներառնում նոր անուններ ու իրողություններ։ Հայրենասիրական և հաղթանակի նկատմամբ ընդհանուր լավատեսական տրամադրություններին զուգահեռ, այդ երգերում, հատկապես ռազմաճակատ ճանապարհելու կամ այնտեղ վիրավոր ու մահամերձ ընկած զինվորի հոգեկան տըվայտանքների մոտիվներում նկատվում են անկեղծ ու հուզաթաթավ, բոլոր ժամանակներին բնորոշ մարդկային ապրումները («Խաբեք մորս՝ վիրավոր եմ», «Սև ծովի ափին, մայրիկ ջան, փրփուր չի բռնի»)։ Հայրենական մեծ պատերազմի օրերին մանկական հին ծաղրերգերի, ժողովրդական խաղիկների նմանությամբ հորինվում են Հիտլերին ու ֆաշիստներին ծաղրող, անիծող, պարսավող բազմաթիվ մանկական երգեր ու ասելուկներ, խաղիկներ։ Հորինվում են անգամ ժամանակաշրջանը բնորոշող առած–ասացվածքներ։ ժողովրդի հիշողությունից հետզհետե անհետացող վիպական բանահյուսության ավանդական ժանրերի փոխարեն նոր բանահյուսության մեջ նորացում են ապրում ժողովրդական զրույցների մի քանի տեսակներ՝ անեկդոտը, առակը, երգիծական տարբեր մանրապատումները՝ բարոյակենցաղային, սոցիալական, քաղաքական նոր բովանդակությամբ։ Հիշատակելի են Պոլոզ Մուկուչի և Ծիտրո Ալեքի, Վարդանիկի և ընկեր Մարգոյի, Կիրովականցի Ռուբենի անեկդոտաշարերը, հայկական տարբեր ազգագրական խմբերի թուլություններն ու թերությունները ծաղրող զվարճապատումները։ Սովետահայ բանահյուսության նոր ու նորոգվող նմուշների կողքին, թեպետ շատ կորնչումներով, տակավին շարունակում է գոյատևել ավանդական բանահյուսությունը, մշտական հիմք ու ատաղձ ծառայելով նոր բանահյուսության զարգացման ու փոխակերպման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավասարդյանց Տ․, Հայ ժողովրդական հեքիաթներ, գիրք 1-10, Թիֆլիս, 1882–1903։
  • Լալայան Երևան, Մարգարիտներ հայ բանահյուսության, հ․ 1–3, Թիֆլիս, Վաղարշապատ, 1914–15։
  • Սասնա ծռեր, հ․ 1–3, Երևան, 1936–79։
  • Ղանալանյան Արամ, Հայ շինականի աշխատանքի երգերը, Երևան, 1937։
  • Ղանալանյան Ա․, Հայկական առածանի, Երևան, 1951։
  • Ղանալանյան Ա․, Ավանդապատում, Երևան, 1969։
  • Սասունցի Դավիթ (տեքստը կազմել է Մ․ Աբեղյանը, ընդհ․ խմբ․ և առաշաբանը Հ․ Օրբելու), Երևան, 1939։
  • Սասունցի Դավիթ, նոր պատումներ (հավաքեցին և հրատարակեցին Գ․ և Վ․ Գրիգորյանները), Երևան, 1977։
  • Չոպանյան Արշակ, Հայրեններու բուրաստանը, Փ․, 1940։
  • Աբեղյան Մանուկ, ժողովրդական խաղիկներ, Երևան, 1940։
  • Աբեղյան Մանուկ, Գուսանական ժողովրդական տաղեր, հայրեններ և անտունիներ, Երևան, 1940։
  • Աբեղյան Մանուկ, Երկեր, հհ․ 1, 2, 7, 8, 1966-85։
  • Հովսեփ Օրբելի, հայկական հերոսական էպոսը, Երևան, 1956։
  • Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956։
  • Նազինյան Արտաշես, Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1957։
  • Հայ ժողովրդական հեքիաթներ (ընդհ․ խմբ․ Հ․ Օրբելու և Ա․ Նազինյանի), հ․ 1-13, Երևան, 1959–85։
  • Հարությունյան Ս․, Հայ ժողովրդական հանելուկներ (ուսումնասիրություն), Երևան, 1960։
  • Հարությունյան Ս․, Հայ ժողովըրդական հանելուկներ, Երևան, 1965։
  • Հարությունյան Ս․, Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Երևան, 1975։
  • Հայ ժողովրդական հերոսական էպոսը, Երևան, 1960։
  • Մկրտչյան Մ․, Հայ ժողովրդական պանդխտության երգեր, Երևան, 1961;
  • Գրիգորյան Ռ․, Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր, Երևան, 1970։
  • Գրիգորյան Գ․, Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1–3, Երևան, 1972։
  • Սահակյան Ա․, «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն, Երևան, 1975։
  • Սրվանձտյանց Գարեգին, Երկեր, հ․ 1–2, Երևան, 1978–82։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։