Հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարսանիք, ամուսնությունը վավերացնող ծիսակատարություն։Հարսի եղբորը ճանապարհում են հանգստանալու մինչ մեղրամիս մեկնելը։

Հարսանիքի հայկական ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր և այլն)։ Ըստ եկեղեցական ավանդույթի հարսնաքույր և խաչեղբայր անձը կարող է լինել իր կյանքում միայն մեկ անգամ և միայն մեկ զույգի համար։ Եկեղեցու առաջ մի քանի անգամ արգելվում է լինել Խաչեղբայր և Հարսնաքույր, քանի որ նրանք հանդիսանում եմ միայն մեկ ամուսնական զույգի վկաներ։ Խաչեղբայր և հարսնաքույր ընտրելիս պետք է ամպայման ուշադրություն դարձնել այս հանգամանքին։

Ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Հարսանեկան բուն նախապատրաստություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները (մակարներ, եղբայրներ, պահապան երիտասարդներ), կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ Միևնույն օրը թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»։ Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է հարսանիքի սկիզբը։ Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը։ Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։ Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով՝ մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն (Զանգեզուրում և Արցախում վերադարձել են աղջկա հոր տուն և հարսին կրկին նստեցրել վարագույրի հետևը)։

Հարսանիքի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանիքը ղեկավարել է մասնակիցների ընտրած սեղանապետը (թամադան), որին օգնել է օգնականը (կենացները ծաղկեցնողը)։ Սովորաբար միմյանց հետ գժտված անձանց հարսանիքներում հաշտեցրել են։ Տղայի մայրը հարսի ուսին հաց փռելով՝ համբուրել է երկուսի ճակատը և քաղցրավենիք լցրել նրանց գլխին։ Հարսանքավորներն ստիպել են սկեսրոջն ու սկեսրայրին կոխի բռնվել. ձևականորեն հաղթել է կինը (խորհրդանշել է մայրիշխանության երբեմնի գոյությունը)։ Մուտքի մոտ քավորը թուրը պահել է նորապսակների գլխավերևում, իսկ նրանք, կոտրելով ոտքերի տակ նախապես դրված ափսեները, իբր իրենց ապահովել են չարքերից։ Մինչ տեղի են ունեցել հարսին ընդունելու արարողությունները, հայրական տնից բերած վարագույրը կապել են հատկացված անկյունում և հարսին տարել վարագույրի հետև, ուր նա հավաքված երեխաներին նվերներ տալուց հետո՝ գրկել է ամենափոքր տղային, որպեսզի արու առաջնեկ ունենա։ Նորապսակները համբուրել են նոր օջախի թոնրի շուրթը։ Ճաշկերույթի ընթացքում խմել են 3-7 պարտադիր կենաց (նախնիների հիշատակ, ծնողների, զույգերի, քավորի, մնացած հարազատների), որից հետո հյուրերը հանձնել են նվերները (դրամ, արժեքավոր իրեր)։ Խնջույքին զուգահեռ մինչև առավոտ պարել են խմբապարեր (շուրջպարեր, այդ թվում՝ հարսանիքի ծիսական պարեր)։ Հարսի ու փեսայի պարից (մոմերով պար) հետո հարսանիքը համարվել է ավարտված։ Շատ շրջաններում հարսանիքը ավարտվել է մակարների խնջույքով («հավթռուք»)։ Երեկոյան ժամերգությունից հետո տերտերը քանդել է նարոտը, բացել փականքը, դանակը հանել պատյանից և զույգին առագաստ մտնելու իրավունք տվել։ Ուրախ հարսանիքը համարվել է երջանիկ կյանքի սկիզբ։ Հարսանիքին ուղեկցող մի շարք արարողություններ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջնեկի ծնվելը։

Ժամանակակից հայկական հարսանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։ Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետյան Է. Տ., Օժիտը հայոց մեջ, Ե., 1978:
  • Сехбосян К. В., Современная ленинаканская свадьба, ․ Известия АН Арм. ССР., 1963, № 9, с․ 77–86;
  • Карапетян Э. Т. Об одном персонаже армянской свадьбы, ՊԲՀ, 1965, № 2, с․ 211–216;
  • Хачатрян Ж. К., Традиционные свадебные пляски армян, Советская этнография, 1975, № 2, с․ 87;
  • Варданян Л.М., Современное состояние свадебной обрядности населения Еревана, Этнографические исследования, ЕЮ, 1986, с․ 153–201;
  • Тер-Саркисян А.Б., Брак и свадебный цикл у армян/вторая половина XIX – начало XX в․/,
  • Кавказский этнографический сборник, 1989, вып․ 9, с․ 246–286․

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 311