Խաչեղբայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեղբայր (այլ կիրառումներ)
Պսակադրություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Խաչեղբայր, քրիստոնեական և մասնավորապես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծիսակարգում՝ պսակադրության արարողության վկա[1]։ Պսակի արարողակարգում՝ խաչեղբորը ընկերակցում է հարսնաքույրը։

Խաչեղբայր ունենալու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից։ Հնում նրանք պարզապես վկաներ էին։ Իսկ հետագայում, խաչեղբոր պարտականությունների մեջ է մտել նաև նորապսակ զույգին ու նրանց ընտանիքին օգնելն ու դժվարությունների ժամանակ նեցուկ կանգնելը։ Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն իր «Քավորը Հայոց մեջ» հոդվածում, որտեղ նկատի է ունեցել և' խաչեղբորը և' կնքահորը միաժամանակ նշում է, որ քավորի յուրաքանչյուր այցը համընտանեկան իրադարձություն էր, նրա յուրաքանչյուր ասածը՝ օրենք։ Օրինակ, Աղձնիքի հայերը ընտանեկան ոչ մի խնդիր առանց քավորի միջամտության չէին լուծում։ Ըստ Եսայի քահանա Արթենյանի, Հայաստանյայց Եկեղեցում խաչեղբայրը օջախի սուրբն է՝ որքան մեծարված լինի, այնքան էլ պատասխանատու է նորապսակների առջև՝ ցույց տալու նրանց ամենաճիշտ և ամենամաքուր ճանապարհը։

Որոշ ազգագրագետներ կարծում են, որ Հայկական լեռնաշխարհում կնքահոր (քավորի) և խաչեղբոր նախատիպերը կային նաև նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Ըստ ազգագրագետ Խ. Սամուելյանի, խաչեղբոր ու կնքահոր հանդեպ ակնածանքը հիշեցնում է հնագույն ժամանակների սովորույթների մասին, երբ ցեղերը հարգում էին իրենց տոհմի ավագանուն։ Մեկ այլ ազգագրագետ Գ. Իփեկյանը կնքահորն ու խաչեղբորը նույնացնում է հեթանոսական ժամանակաշրջանի քրմի կերպարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խաչը բռնող և խաչի հետևից տանող օջախի «սուրբը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.