Պսակ և ամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսակադրության արարողություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցում (Վաղարշապատ)

Պսակ և ամուսնություն, Պսակ ամուսնության, Սուրբ Պսակ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից։ Քրիստոնեական եկեղեցին տղամարդու և կնոջ միությունը նվիրագործել է կրոնական ծեսով, ամուսնության համար հատուկ արարողություններ հաստատել և դասել խորհուրդների կարգը։ Պսակը և ամուսնությունը ողջախոհության և մաքուր կյանքի, ընտանիքի սրբության խորհուրդն է։ Հիսուս Քրիստոսը տղամարդու և կնոջ միությունը համարել է Աստծո կողմից հաստատված, և դրա համար այրը պետք է թողնի իր հորն ու մորը և իր կնոջ հետ լինի՝ որպես մեկ ամբողջություն, մեկ մարմին (Մարկոս 10.7–9)։ Պողոս առաքյալն ամուսնական միությունը նմանեցրել է եկեղեցու հետ Քրիստոսի ունեցած միության և փոխադարձ սիրո։ Առաքյալը պատվիրել է, որ այրերը սիրեն իրենց կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին, իսկ կանայք հնազանդ պետք է լինեն իրենց ամուսիններին՝ իբրև տիրոջ, քանզի այրն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոսը գլուխն է եկեղեցու (Եփեսոս 5.21–25)։

Ամուսնության պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնության համար եկեղեցին պահանջում է հետևյալ պայմանները.

  1. ֆիզիկական և մտավոր առողջություն,
  2. չափահասության տարիք,
  3. կանոնական հասունություն, այսինքն՝ հարսնացուն և փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն,
  4. փոխադարձ համաձայնություն և սեր,
  5. ազգային և կրոնական նույնություն. նույն կրոնին և նույն եկեղեցուն պատկանելը պարտադիր է։

Ամուսնություն օտարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե արտոնվում է օտարի հետ ամուսնանալ, ապա՝ հետևյալ պայմաններով.

  1. օտարադավանը, եթե ցանկանում է պսակվել հայադավանի հետ հայկական ծեսով և հայկական եկեղեցում, պետք է գրավոր ընդունի Հայ եկեղեցու դավանությունը։
  2. Ոչքրիստոնյան, եթե ուզում է պսակվել Հայ եկեղեցու զավակի հետ, պետք է գրավոր հայտնի իր ցանկությունը, այնուհետև մկրտվի, դրոշմվի, հաղորդվի և ապա՝ պսակվի։
  3. Այլ հարանվանության (օրինակ՝ բողոքական) պատկանող հայը, եթե չի դրոշմված, պետք է դրոշմվի Հայ եկեղեցու ծեսով և ապա պսակվի հայկական եկեղեցում։

Արարողակարրգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակի և ամուսնության արարողությունն ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտ է Աստծո և հանրության առջև։ Խորհուրդը կատարվում է եկեղեցում՝ ժողովրդի և խաչեղբոր վկայությամբ։ Պսակը եկեղեցու մեջ պետք է կատարել, այլապես անվավեր կհամարվի, մինչև որ նորից եկեղեցում պսակը կատարվի (Դվինի Ե ժողով, Կանոն ԺԵ)։ Խորհուրդի արարողության խաչեղբայրը փեսայի և հարսի օրինավոր ամուսնության պաշտոնական վկան է, որն արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բռնում է նրանց գլխավերևում (հաճախ խաչեղբայրը կոչվում է կնքահայր)։ Ամուսնության արարողությունը կոչվում է Սուրբ Պսակ, որովհետև փեսայի և հարսի գլխին թագ կամ պսակ է դրվում. փեսան կոչվում է թագավոր, իսկ հարսը՝ թագուհի։ Պսակի և ամուսնության խորհուրդը կատարում է քահանան, որը Մաշտոց ծիսամատյանի հրահանգի համաձայն հարցնում է փեսային. «Որդյակ իմ, մինչև մահ տե՞ր ես»։ Փեսան պատասխանում է. «Այո, հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո»։ Այնուհետև քահանան հարցնում է հարսին. «Որդյակ իմ, և դու մինչև մահ հնազա՞նդ ես»։ Հարսը պատասխանում է. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո»։ Դրանից հետո քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային և օրհնում։ Այնուհետև օրհնում է գինին և տալիս փեսային, հարսին, ներկաներին։ Գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու փոխելով՝ ուղարկեց սեղանապետին, որ բաշխի բազմությանը։ Հիսուսն իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը և ուրախացրեց նրանց (Հովհաննես 2.1–11)։ Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը և ուրախացնում նրանց։ Հայ եկեղեցին թույլատրում է երկրորդ անգամ ամուսնանալ. «Կանոն կուսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի» (Մաշտոց)։ Երրորդ պսակ գոյություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: