Նեմեսիոս Եմեսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմեսիոս Եմեսացի
Ծնվել էմոտ 350
Մահացել էմոտ 420
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա և քահանա
Զբաղեցրած պաշտոններենթդ․ Եմեսի եպիսկոպոս և եպիսկոպոս

Նեմեսիոս Եմեսացի (մոտ 350 - մոտ 420)․ փիլիսոփա, կրոնավոր, Եմես՝ այժմ Սիրիայի Հոմս քաղաքի եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմեսիոս Եմեսացու կյանքի ու գործունեության մասին չափազանց քիչ տեղեկություն է պահպանվել։ Ենթադրվում է, որ նա ապրել է 4-րդ դարի երկրորդ կեսին և 5-րդ դարի սկզբներին։ Նրա մասին հայտնի են երկու փաստ. նա եղել է Եմես քաղաքի եպիսկոպոսը և հեղինակել է «Մարդու բնության մասին» երկը, որի ազդեցությունը նկատվում է միջնադարի և 17-18-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի[1], հատկապես Հովհան Որոտնեցու հայացքների վրա[2][3]։ Նեմեսիոսի մասին առաջին տեղեկությունները հայտնի են 7-րդ դարի մտածողներ Մաքսիմ Խոստովանողի, Անաստասիա Սինաիտացու և 10-րդ դարի սիրիացի մտածող Մովսես Բար Ցեֆի «Դրախտի մասին» երկերից[4]։

Մարդու բնության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հետազոտողների «Մարդու բնության մասին» երկը Նեմեսիոս Եմեսացին գրել է 4-րդ դարի վերջերին։ Այս ենթադրության համար հիմք է հանդիսացել այն, որ Նեմեսիոսը իր գրքում վերլուծում է «հերձվածողներ» Ապողինար Լաոդիկացու և Եվնոմիուսի հոգու մասին տեսակետները, սակայն քրիստոսաբանական ու մարդաբանական հարցեր քննարկելիս ոչինչ չի գրում 5-րդ դարի սկզբներին արևելաքրիստոնեական աշխարհի միտքը փոթորկած Եվտիքիոսի, Նեստորի և Պելագիոսի մասին։ Նեմեսիոսի երկը տարածված է եղել քրիստոնեական աշխարհում և որոշակի ազդեցություն է ունեցել թե՛ արևելյան՝ հունալեզու, և թե՛ արևմտյան՝ լատինալեզու փիլիսոփայական՝ մարդաբանական, հոգեբանական ու բարոյագիտական մտքի զարգացման վրա։ Նեմեսիոսի գիրքը լատիներեն առաջին անգամ թարգմանել է Ալֆանուս Սալերնացին 1080 թվականին, երկրորդ անգամ Բուրգունդիո Պիզանացին՝ 1153 թվականին կամ 1165 թվականին, իսկ առանձին գրքով հրատարկվել է 1565 թվականին Անտվերպենում։ Միջնադարում Նեմեսիոսի երկը թարգմանվել է նաև ասորերեն, արաբերեն և վրացերեն[4]։

Նեմեսիոսի երկը բաղկացած է 44 գլխից, որոնցում քննարկվում են հետևյալ թեմաները՝

  1. մարդու բնության մասին (գլուխ 1),
  2. հոգու բնության մասին (գլուխ 2), հոգու և մարմնի միավորման մասին (գլուխ 3),
  3. մարդու մարմնի և դրա տարրերի մասին (գլուխ 4-5),
  4. հոգու զորությունների ու տեսակների, զգայությունների, հոգու և մարմնի գործողությունների ու վիճակների, ֆիզիոլոգիական գործընթացների, ուրախության, տրտմության, երկյուղի, կամավորի և պատահականի և այլնի մասին (գլուխ 6-34),
  5. կամքի ազատության, ճակատագրի և նախախնամության մասին (գլուխ 35-44)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչիկ Ղազարի Միրզոյան (1971). Սիմեոն Ջուղայեցի. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 35, 36, 64.
  2. Գ. Հ. Գրիգորյան, (1980). Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը. Երևան. էջեր 35–36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Аревшатян С., Лалафарян С. (1956). Сочинение Иоанна Воротнеци «Об элементах», հ. 3. Երևան: Բանբեր Մատենադարանի. էջ 344.
  4. 4,0 4,1 Սեյրան Զաքարյան, Նեմեսիոս Եմեսացի և Հովնան Որոտնեցի (փիլիսոփայական առնչություններ)