Դավիթ Քերական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Քերական
Ծնվել է5-րդ դար
Մահացել է6-րդ դար
Մասնագիտությունլեզվաբան և քերական
Տիրապետում է լեզուներինհայերեն

Դավիթ Քերական, Դավիթ Մեկնիչ (ծնունդի և մահվան թվականները անհայտ են), V-VI դարերի հայ քերական։ Երբեմն նույնացվում է Դավիթ Անհաղթի հետ։ Մեզ է հասել նրա «Մեկնություն քերականին» աշխատությունը։ Ի տարբերություն Դիոնիսոսի, նա հակված է դեպի ռացիոնալիզմը և հանդես է եկել որպես «քերականական արվեստի» բանական հիմունքների ջատագով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային բնության մեջ առանձնացնում է երկու կողմ՝ «ոգի բանական» և «մարմին գործնական», որոնք լինում են բարի, միջակ և չար։ Քննելով բարու դրսևորումները՝ կանգ է առնում «քերթողական արվեստի» վրա, որի մեջ է մտցնում նաև քերականությունը։ Տառ և գիր տերմինները նա զանազանում է իրարից՝ նշելով, որ տառը վերացական է, մինչդեռ գիրը նրա շոշափելի պատկերն է, մարմնավորումը։ Որակական տարբերություններ է գտնում ձայների միջև և զանազանում կենդանիների ու առարկաների ձայները մարդկայինից։ Ապա որոշում է բաղաձայն ու ձայնավոր հնչյունները, տառը նմանեցնում մարդկային մտքին, իսկ նրա հարաբերությունը ձայնավորներին ու բաղաձայններին՝ մտքի հարաբերությանը մարմնի անդամներին։

Մշակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է բառերի ստուգաբանության առանձին տեսություն և սահմանել ստուգաբանության երեք եղանակ՝

  1. ըստ առարկայի ձևի՝ սափոր = սա+փոր
  2. ըստ արհեստի կամ նրա հարաբերության առարկայի հետ՝ փայտատ=փայտ+ատ,
  3. ըստ բնաձայնության կամ առարկան հիշեցնող հնչյունակազմի՝ ճնճղուկ։

Դավիթ Քերականը տարբերում է բառն ու բան և սահմանում դրանք։ Բառը համարում է բանի նվազագույն մասը, որի մեջ միտքն այնպես կատարյալ չի արտահայտվում, ինչպես բանի մեջ։ Նշում է նաև չափածո և արձակ խոսքի միջև եղած տարբերությունները։ Անցնելով խոսքի մասերի գոյացմանը՝ սահմանափակվում է միայն անվան ու բայի առաջնայնության խնդրով։ Խոսքի մասերը սահմանելիս առաջ է քաշում իրերի ու երևույթների իմացական տարբերակման հարցը, սահմանում գոյականը, բայը, մակբայը, դերանունն են, նշում դրանց առանձնահատկությունները։ Արվեստը բաժանելով երեք տեսակի՝ չար, միջակ, բարի, վերջինիս հատուկ գծերը տեսնում է հոգևոր երգ-երաժշտության մեջ։ Նկատի ունենալով երաժշտության հուզական բնույթն ու ներգործման ուժը, երաժշտությանը վերաբերող իր ասույթներում աշխատում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը և ում պետք է ծառայի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահուկյան Գ. Բ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնդարյան Հայստանում, Երևան, 1954։
  • Թահմիզյան Ն., Էջեր հայկական վաղ-միջնադարյան երաժշտական գեղագիտությունից, «Տեղեկագիր» ՀԽՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1961, №2:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 305