Jump to content

Թեոն Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոն Ալեքսանդրացի
հին հունարեն՝ Θέων ο Αλεξανδρεύς
Ծնվել էմոտ 335[1]
ԾննդավայրՀռոմեական կայսրություն
Մահացել էմոտ 400[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն
ԵրկերList of emperors?, Fasti Theonis? և On the flooding of the Nile?
Մասնագիտությունմաթեմատիկոս և աստղագետ
ԵրեխաներՀիպատիա
 Theon of Alexandria Վիքիպահեստում

Թեոն Ալեքսանդրացի (հին հունարեն՝ Θέων ὁ Ἀλεξανδρεύς, լատին․՝ Theon, մոտ 335[1], Հռոմեական կայսրություն - մոտ 400[1], Ալեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), հույն գիտնական, ուշ հելլինիզմի դարաշրջանի մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ, որը ապրել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Նա խմբագրել և համակարգել է էվկլիդեսի «Սկզբունքները» և գրել մեկնություններ էվկլիդեսի ու Կլավդիոս Պտղոմեոսի աշխատությունների վերաբերյալ։ Նրա դուստրը՝ Հիպատիան, նույնպես հայտնի էր որպես մաթեմատիկոս, աստղագետ և մեխանիկ։ Ըստ Սուդայի, Թեոնը եղել է Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավարը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոն Ալեքսանդրացին ապրել է Ալեքսանդրիայում 4-րդ դարում, դասավանդել է աստղագիտություն և մաթեմատիկա, ինչպես նաև ղեկավարել հայտնի Ալեքսանդրիայի գրադարանը։ Նրա կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Նա կատարել է 364 թվականին արևային և լուսնային խավարման կանխատեսումներ և դիտարկումներ, ինչը վկայում է, որ այդ ժամանակ նա ակտիվ գործունեություն է ծավալել։ Համարվում է, որ նա ապրել է նաև կայսր Թեոդոսիոս Ա-ի ժամանակաշրջանում[3]։

10-րդ դարի հռոմեական «Սուդան» հանրագիտարանում Թեոնը ներկայացված է որպես «Մուսեյոնի մարդ»[4]։ Նրա դպրոցը բացառիկ էր, բարձր հեղինակություն ուներ և պահպանողական էր իր ուսմունքներում[5]։ Թեոնն ու նրա դուստրը՝ Հիպատիան, կարծես թե որևէ կապ չեն ունեցել Ալեքսանդրիայի Սերապեումում դասավանդող յամբլիկյան նեոպլատոնականության հետևորդների հետ։ Փոխարենը, նրանք նախընտրել են Պլոտինոսի նեոպլատոնականությունը[5]։

Թեոնից հետո նրա դուստր Հիպատիան է գլխավորել դպրոցը[6]։ Թեոնն իր «Ալմագեստի» մեկնությունները նվիրել է մի պատանու՝ Եպիփանիոս անունով, որը, հնարավոր է, եղել է նրա որդին[7]։ Բացի այդ, «Ալմագեստի» մեկնության մեջ Թեոնը նշում է, որ նրա դուստրը՝ Հիպատիան, նպաստել է այդ աշխատության երրորդ գրքի ստեղծմանը՝ գրելով. «Այս հրատարակությունը պատրաստել է իմ դուստր՝ փիլիսոփա Հիպատիան»[8]։

Թեոնն առավել հայտնի է նրանով, որ իր իսկ խմբագրությամբ հրատարակել է Էվկլիդեսի «Սկզբունքները»։ Այս խմբագրության ամենավաղ ձեռագիրը պահպանվում է Վատիկանում։ Տարբեր ձեռագրերի համեմատությունը ցույց է տվել, որ Թեոնը փորձել է «բարելավել» Էվկլիդեսի գործը՝ մի շարք տեղերում փոփոխություններ կատարելով հենց բնօրինակ տեքստում։ Կա ենթադրություն, որ Էվկլիդեսին վերագրվող «Կատոպտրիկան» նույնպես Թեոնի խմբագրած տարբերակն է[9]։

Թեոնի մյուս կարևորագույն աշխատանքներից են նրա մեկնությունները Պտղոմեոսի «Ալմագեստի» և բանաստեղծ Արատոս Սոլիացու գործերի վերաբերյալ։ «Ալմագեստի» մեկնության մեջ Թեոնը առաջարկել է գիշերահավասարի երևույթի նախադրման  բացատրությունը։

Նա նաև հիշատակել է մեզ չհասած մի շարք աշխատություններ, այդ թվում՝ Դիոֆանտի և այլ հեղինակների գործեր, ինչը թույլ է տալիս որոշ պատկերացում կազմել դրանց բովանդակության մասին։ Որոշ կենսագիրներ ենթադրում են, որ Թեոնի մեկնություններից մի մասը ստեղծվել է նրա դստեր՝ Հիպատիայի մասնակցությամբ։

Գիտնականի անունով է կոչվել լուսնի վրա գտնվող Թեոն Կրտսեր խառնարանը[10]։

Խմբագրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Թեոնը խմբագրել է Էվկլիդեսի «Սկզբունքները»։ Հնարավոր է, որ նա խմբագրել է նաև Էվկլիդեսի և Պտղոմեոսի այլ աշխատություններ, թեև այս վարկածի ապացույցները քիչ հավաստի են։ Թեոնին վերագրվող հրատարակությունները ներառում են հետևյալը.

  • Էվկլիդեսի «Սկզբունքները»։ Թեոնի խմբագրած տարբերակը երկար ժամանակ եղել է այս աշխատության միակ հայտնի տարբերակը, մինչև 1808 թվականին Ֆրանսուա Պեյրարը Վատիկանի գրադարանում հայտնաբերեց ավելի հին ձեռագիր[11]։ Երկու տարբերակների համեմատությունը ցույց է տալիս, որ Թեոնի խմբագրած տարբերակը նպատակ ուներ վերացնել այն դժվարությունները, որոնց կարող էին բախվել ուսանողները Էվկլիդեսի տեքստն ուսումնասիրելիս[12]։ Այդ պատճառով նա լրացնում էր բնօրինակ տեքստը այն դեպքերում, երբ համարում էր, որ ապացույցները չափազանց համառոտ են։ Բացի այդ, նա փորձել է միատեսակեցնել Էվկլիդեսի շարադրանքի ոճը և շտկել է որոշ սխալներ՝ չնայած երբեմն ինքն էլ նոր սխալներ ավելացնում[3]։ Մաթեմատիկոս Թոմաս Լիթլ Հիթը նշում է, որ Թեոնի խմբագրական փոփոխությունները ներառում են «զարմանալիորեն ճշգրիտ մոտարկումներ (արտահայտված վաթսունական կոտորակներով)»[3]։
  • Պտղոմեոսի «Հարմար աղյուսակները»։ Այս աստղագիտական աղյուսակների հավաքածուն ի սկզբանե կազմել է Պտղոմեոսը[13]։ Ժամանակակից ուսումնասիրողները հաճախ ենթադրում են, որ Թեոնը խմբագրել է այս տեքստը[14], սակայն պահպանված ձեռագրերից ոչ մեկում նրա անունը չի հիշատակվում[15]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեզ հասած աղյուսակները շատ նման են Պտղոմեոսի օրիգինալ տարբերակին[13][14]։ Այնուամենայնիվ, համարվում է հնարավոր, որ Թեոնի դուստրը՝ Հիպատիան, խմբագրել կամ վերանայել է «Հարմար աղյուսակները», քանի որ «Սուդան» նշում է նրա աշխատանքը «Աստղագիտական կանոնի» վրա[15]։
  • Էվկլիդեսի «Օպտիկան»։ Այս աշխատությունը մեզ հասել է երկու տարբերակով, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը կարող է լինել Թեոնի խմբագրած տարբերակը[16]։

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոնի պահպանված մեկնություններից կարելի է առանձնացնել հետևյալը.

  • Մեկնություն Էվկլիդեսի «Տարրեր»-ին։ Այս աշխատանքը գրված էր ավելի առաջադեմ մակարդակով, քանի որ Թեոնը հակված էր կրճատել Էվկլիդեսի ապացույցները՝  դրանք ուժեղացնելու փոխարեն[3]։
  • Մեկնաբանություն Էվկլիդեսի «Օպտիկա»֊յին։ Այս մեկնությունը համարվում է տարրական մակարդակի աշխատանք և, ըստ ուսումնասիրողների, հավանաբար կազմվել է Թեոնի աշակերտի կողմից՝ որպես նրա դասախոսությունների գրառումների համառոտ տարբերակ[3]։
  • Մեկնաբանություն Պտղոմեոսի «Ալմագեստ»-ին։ Ի սկզբանե ընդգրկել է «Ալմագեստի» բոլոր 13 գրքերը, սակայն ներկայումս բացակայում են 11-րդ գիրքը և 5-րդ գրքի մեծ մասը։ Մեկնությունը հիմնականում հիմնված է Թեոնի սեփական դասախոսական նշումների վերամշակման վրա և  հատկապես արժեքավոր է այն առումով, որ ներառում է տեղեկություններ կորած աշխատություններից, օրինակ՝ Պապուս Ալեքսանդրացու աշխատանքներից[2]։ Թեոնի մեկնաբանությունը հատկապես արժեքավոր է նաև այն պատճառով, որ նա մանրամասնորեն բացատրում է հին հունական վաթսունական հաշվարկային համակարգի կիրառությունը, որն օգտագործվել է աստղագիտական և մաթեմատիկական հաշվարկներում[3]։
  • Մեծ մեկնություն Պտղոմեոսի «Հարմար աղյուսակներին»։ Այս աշխատանքը մասնակիորեն է պահպանվել։ Ի սկզբանե այն կազմված էր 5 գրքից, սակայն մեզ հասել են 1-ից - 3-րդ գրքերը, ինչպես նաև 4-րդ գրքի սկիզբը։ Մեկնության մեջ ներկայացվում է, թե ինչպես պետք է օգտագործել Պտղոմեոսի աղյուսակները, և տրվում են մանրամասն բացատրություններ այն հաշվարկների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ[2]։
  • Փոքր մեկնություն Պտղոմեոսի «Հարմարավետ աղյուսակներին»։ Այս աշխատանքը ամբողջությամբ պահպանվել է և բաղկացած է մեկ գրքից։ Այն նախատեսված է որպես ուսումնական ձեռնարկ ուսանողների համար[2]։ Այս մեկնության մեջ Թեոնը հիշատակում է որոշ (անանուն) հին աստղագետների տեսակետը, ըստ որի՝ գիշերահավասարի նախադրումը ոչ թե շարունակական ու կայուն շարժում է, այլ յուրաքանչյուր 640 տարին մեկ փոխում է իր ուղղությունը։ Ըստ այս հաշվարկի՝ վերջին այդպիսի փոփոխությունը տեղի էր ունեցել մ.թ.ա.158 թվականին[17]։ Թեոնը նկարագրում է այս տեսությունը, սակայն չի աջակցում այն։ Այս գաղափարը հետագայում ոգեշնչեց 9-րդ դարի արաբ գիտնական Սաբիթ իբն Քուռրային՝ ստեղծելու կամքի տեսությունը, որը փորձում էր (սխալմամբ) բացատրել գիշերահավասարի նախադրման ենթադրյալ տատանումները[17]։
  • Մեկնություն Արատոսին։ Արատոսի «Ֆաէնոմենաներ» վերաբերյալ մեզ հասած որոշ սքոլիաներ (մեկնություններ) կասկածանքով վերագրվում են Թեոն Ալեքսանդրացուն[7]։

Բնօրինակ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրակտատ աստրոլաբիայի մասին։ Թեոնին է վերագրվում աստրոլաբիայի վերաբերյալ մի աշխատանք, որը հիշատակվում է ինչպես «Սուդայում», այնպես էլ արաբական աղբյուրներում։ Այս տրակտատը չի պահպանվել, սակայն հնարավոր է, որ դա եղել է աստրոլաբիայի մասին առաջին հայտնի գիտական աշխատանքը։ Այն մեծ նշանակություն է ունեցել հունական գիտելիքների փոխանցման գործում հետագա սերունդների համար։ 6-րդ դարի հույն գիտնական Իոաննես Ֆիլոպոնն ու 7-րդ դարի սիրիացի գիտնական Սևերոս Սեբոխտը իրենց աստրոլաբիայի վերաբերյալ աշխատություններում լայնորեն հիմնվել են Թեոնի գրությունների վրա[18]։
  • «Կատոպտրիկա»։ Այս տրակտատը, որը վերագրվում է Էվկլիդեսին, ունի վիճահարույց հեղինակություն[19]։ Կա ենթադրություն, որ այն կամ ամբողջությամբ գրել, կամ կազմել է Թեոն Ալեքսանդրացին[3]։ «Կատոպտրիկա» տրակտատում ուսումնասիրվում է լույսի անդրադարձումը և հայելիներով պատկերների ձևավորումը[19]։

Կորած աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուդա» հանրագիտարանը հիշատակում է Թեոնի մի քանի կորած գործեր, այդ թվում՝

  • «Խորհրդանշանների, թռչունների դիտարկման և ագռավների ձայների մասին»
  • «Շան (Սիրիուս) աստղի ծագման մասին»
  • «Նեղոսի վարարումների մասին»[4]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A. Tihon (ed.), Le Grand commentaire de Théon d’Alexandrie aux Tables faciles de Ptolémée. Livre II, III (Vatican City, 1991).
  • G. J. Toomer. Theon of Alexandria, in Dictionary of Scientific Biography 13:321-325.
  • Tihon, Anne, "Theon of Alexandria and Ptolemy's Handy Tables", in Ancient Astronomy and Celestial Divination. Dibner Institute studies in the history of science and technology. Edited by N.M. Swerdlow. Cambridge, MA: MIT Press, 1999, p. 357.
  • A Rome, Commentaires de Pappus et de Théon d'Alexandrie sur l'Almageste Tome III. Théon d'Alexandrie (Rome, 1943).
  • A Tihon (ed.), Le 'Petit Commentaire' de Théon d'Alexandrie aux 'Tables faciles' de Ptolémée (Vatican City, 1978).
  • A Tihon (ed.), Le 'Grand commentaire' de Théon d'Alexandrie aux 'Tables faciles' de Ptolémée Livre I (Vatican City, 1985).
  • A Tihon (ed.), Le 'Grand commentaire' de Théon d'Alexandrie aux 'Tables faciles' de Ptolémée Livre II, III (Vatican City, 1991).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://digitale.beic.it/primo_library/libweb/action/search.do?fn=search&vid=BEIC&vl%283134987UI0%29=creator&vl%28freeText0%29=Theon%20Alexandrinus
  2. 2,0 2,1 2,2 2,3 John M. McMahon, "Theon of Alexandria" entry in Virginia Trimble, Thomas Williams, Katherine Bracher (2007), Biographical Encyclopedia of Astronomers, pages 1133-4. Springer
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Theon of Alexandria - Biography». Maths History (անգլերեն). Վերցված է 2025-01-29-ին.
  4. 4,0 4,1 Suda, Theon θ205 Արխիվացված է Հուլիս 26, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  5. 5,0 5,1 Edward Jay Watts, (2008), City and School in Late Antique Athens and Alexandria, page 191-192. University of California Press
  6. Edward Jay Watts, (2006), City and School in Late Antique Athens and Alexandria. "Hypatia and pagan philosophical culture in the later fourth century" Արխիվացված է Հուլիս 17, 2017 Wayback Machine-ի միջոցով:, pages 197–198. University of California Press
  7. 7,0 7,1 Smith, William; Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London (1873). "Theon" Արխիվացված է Հուլիս 6, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  8. Rome, Adolphe (1931–1943). Commentaires de Pappus et de Théon d'Alexandrie sur l'Almageste. Tome III. Italy: Vatican. էջ 807.
  9. В. А. Бронштэн. КЛАВДИЙ ПТОЛЕМЕЙ. М.: НАУКА, 1988, глава 13.
  10. Кратеры Theon Junior и Theon Senior Արխիվացված է Հունիս 7, 2013 Wayback Machine-ի միջոցով:, последний назван в честь Теона Смирнского.
  11. Frank J. Swetz, (1994), Learning Activities from the History of Mathematics, page 18
  12. T L Heath, (1921), A History of Greek Mathematics, Vol. 1, page 57. Oxford
  13. 13,0 13,1 James Evans, (1998), The History and Practice of Ancient Astronomy, page 240 and footnote 35. Oxford University Press. 0-19-509539-1
  14. 14,0 14,1 Anne Tihon, "Theon of Alexandria and Ptolemy's Handy Tables" in Noel M. Swerdlow, (1999), Ancient Astronomy and Celestial Divination, page 359. MIT Press. 0262194228
  15. 15,0 15,1 Alan Cameron, Jacqueline Long, (1993), Barbarians and Politics at the Court of Arcadius, page 45. University of California Press. 0520065506
  16. A. Mark Smith, (1999), Ptolemy and the Foundations of Ancient Mathematical Optics, page 16. American Philosophical Society. 0871698935
  17. 17,0 17,1 James Evans, (1998), The History and Practice of Ancient Astronomy, page 276. Oxford University Press. 0-19-509539-1
  18. James Evans, (1998), The History and Practice of Ancient Astronomy, page 156. Oxford University Press. 0-19-509539-1
  19. 19,0 19,1 James Evans, (1998), The History and Practice of Ancient Astronomy, page 90. Oxford University Press. 0-19-509539-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոն Ալեքսանդրացի» հոդվածին։