«Արձագանք» շաբաթաթերթ, հայկական պարբերական մամուլ, 1882 թվականից դարձել է օրաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-1898 թվականներին։ Խմբագիրն է եղել Ա. Հովհաննիսյանը։ Թերթը նկարագրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը՝ բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդյան» գնդերի կազմավորումը և այլն։ Այդ ամենը, ըստ «Արձագանք»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ։ «Արձագանք»–ը մանրամասն լուսաբանել է 1894-1896 թվականների հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կոստանդնուպոլսում։ Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որոնք հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել Արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները իրագործելու համար։ 1895 թվականից թերթի մուտքը Թուրքիա արգելվել է[2][3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 84)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։