Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Ալեքսանդրյան
Իզմայիլյան(ց)
Pogos Izmayilyan.jpg
Թիֆլիսի քաղաքագլուխ
Նոյեմբերի 7 1893 - մարտի 5 1895
Նախորդող Նիկողայոս Արղության - Երկայնաբազուկ
Հաջորդող Գևորգ Գրիգորյան Եվանգուլյան
 
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և պետական գործիչ
Գործունեություն՝ Հասարակական
Քաղաքական
Պետական
Հրապարակախոսական
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1852
Ծննդավայր Երևան, Ռուսական կայսրություն կամ Թբիլիսի, Թիֆլիզի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 5, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:5|2|0}})
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն

Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան(ց) (1852, Երևան (որոշ տվյալներով՝ Թիֆլիս) - մարտի 5 1895, Սանկտ Պետերբուրգ), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, փոխքաղաքագլուխ, հրատարակիչ, խմբագիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Իզմայիլյանի ծննդվայրը ստույգ հայտնի չէ. նա ծնվել է 1852 թվականին կա՛մ Երևանում, կա՛մ Թիֆլիսում: Նրա հայրական կողմից պապը երիտասարդ հասակում գերեվարվել է թուրքերի կողմից: Երբ 1790 թվականին Ալեքսանդր Սուվորովը գրավում է Իզմայիլ բերդաքաղաքը, հայ գերին հայտնվում է ռուսական բանակում և, ի պատիվ իր ազատագրման վայր Իզմայիլի, ստանում է Իզմայիլյան(ց) ազգանունը[2]: Մայրական կողմից Պ. Իզմայիլիյանի պապի հայրը եղել է Քարթլիի վերջին թագավոր Գեորգի XI-ի պալատական բժիշկը, ով հայտնի էր Հեքիմ-աղա անունով: Հետագայում նրա ժառանգները կրել են Հեքիմյան ազգանունը (ռուսական տիրապետության շրջանում նաև՝ Ակիմովներ)[1][2]:

Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո Պողոս Իզմայիլյանը բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ: 1869 թվականին, երբ դեռ առաջին կուրսի ուսանող էր, ուսանողության շրջանում սկսված շարժման հետևանքով ստիպված է լինում վերադառնալ Թիֆլիս[1]:

1870 թվականին Պողոս Իզմայիլյանն իր ընկերների՝ Շահվերդյանի և Իվանովի հետ ծանոթանում է վրացական «Դրոեբա» («Ժամանակներ») և «Սասոփլո» («Գյուղական») թերթերի խմբագիրներ Ն. Նիկոլաձեի և Ս. Մեսխիայի, ինչպես նաև Գ. Ծերեթելու հետ: Օգնում է վերջիններիս հիմնել «Գ. Ծերեթելի և ընկերություն» տպարանը: Վերջինս սկսել է գործել Պողոս Իզմայիլյանի տնօրինությամբ[2]: Գ. Ծերեթելին նշել է, որ երբ ինքը 1872 թվականին այդ տպարանում լույս տեսնող «Դրոեբա» պարբերականում հոդվածներ էր տպագրում «Հողային բանկ» հիմնելու վերաբերյալ, նյութերն ամբողջովին իրեն էր տրամադրել Պողոս Իզմայիլյանը[3]: Պ. Իզմայիլյանը Ն. Նիկոլաձեի հետ միասին հիմնում է այսպես կոչված «Իվանովի գրադարանը», որը դեպի իրեն էր ձգում հատկապես պատանի ընթերցողներին: Գ. Ծերեթելու և Ն. Նիկոլաձեի մասնակցությամբ բեմադրում է կատակերգական ներկայացում, որտեղ դերասանները խաղում էին կառավարության հայտնի գործիչների դերերը: Գ. Ծերեթելին ներկայացմանը նվիրված իր հուշերում նշել է, որ այն դիտել է ավելի քան 1000 հանդիսական, այդ թվում՝ գավառապետ Օրլովսկին, մարզային վարչության ղեկավարը և պաշտոնական այլ անձինք[1][3][4]:

1873 թվականին Պողոս Իզմայիլյանն իր վրացի գործընկերների հետ մեկնում է արտասահման: Փարիզում մասնակցում է Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին[5]: Նրա անմիջական մասնակցությամբ Նիկո Նիկոլաձեն և Դաթա Միքելաձեն Փարիզում սկսում են հրատարակել վրացական «Դրոշա» թերթը: Թերթում վերլուծական հոդվածներ էր տպագրում նաև Պողոս Իզմայիլյանը:[1]

1870-ական թվականներից Պողոս Իզմայիլյանը սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ: Նա մեծ դեր է խաղացել ոչ միայն վրաց մամուլի կայացման գործում, այլև ակտիվ կերպով մասնակցել է Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակի» աշխատանքներին[6]: Թղթակցել է «Тифлисский Вестник» և «Մշակ» պարբերականներին[1]:

1878 թվականին, երբ «Тифлисский Вестник» թերթի խմբագիր Կ. Ա. Բեհբուդյանը Սանկտ Պետերբուրգում էր, Պողոս Իզմայիլյանը ստանձնում է նաև ծանր վիճակի մեջ գտնվող թերթի խմբագրի պարտականությունները[1][7]:

1876 թվականից Թիֆլիսի խորհրդի (դումայի) անդամ էր: 1878 թվականի վերջին տեղի ունեցած Թիֆլիսի քաղաքային պատգամավորների ընտրությունների ժամանակ Պողոս Իզմայիլյանը նպաստում է, որ քաղաքային խորհրդարանը համալրվի երիտասարդ կադրերով[7]: 1879 թվականին Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնում Ալ. Մատինյանցի ընտրվելուց հետո Պ.Իզմայիլյանը դառնում է քաղաքային խորհրդի ամենաակտիվ անդամը[1][8]:

1877-1883 թվականներին Պողոս Իզմայիլյանցը չորս անգամ, յուրաքանչյուրը երկու տարի ժամկետով վարել է Թիֆլիսի քաղաքային քարտուղարի պաշտոնը՝ ընտրվելով և վերընտրվելով 1877 թվականի հունվարի 15-ին, 1881 թվականի դեկտեմբերի 19-ին, 1883 թվականի հունվարի 31-ին: Այդ պաշտոնում մնացել է մինչև Թիֆլիսի քաղաքային վարչության անդամության թեկնածու (2.05.1883թ.), ապա նաև՝ անդամ (17.10.1883թ.) ընտրվելը: Մինչև Թիֆլիսի քաղաքագլուխ ընտրվելը երկու անգամ (28.12.1884 և 22.12.1888) ընտրվել է վարչության անդամության կազմում[9]: 1883 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1893 թվականի նոյեմբերի 7-ը զուգահեռաբար վարել է փոխքաղաքագլխի պաշտոնը[1][10]:

Պողոս Իզմայիլյանի թաղումը Թիֆլիսումը:

1880 թվականին Պ.Իզմայիլյանի միջնորդությամբ ու առաջարկությամբ քաղաքագլուխ Ա. Մատինյանցի առջև խնդիր է դրվում Թիֆլիսում պետական համալսարան հիմնելու և վերջինիս գոյությունն ապահովելու համար քաղաքի եկամուտներից 100.000 ռուբլի հատկակցնելու վերաբերյալ[1][11]:

1891 թվականի մարտի 1-ին Ա. Մատինյացի հրաժարականից հետո՝ 1891 թվականի ապրիլի 25-ին կայանալիք Թիֆլիսի նոր քաղաքագլխի ընտրություններին Պողոս Իզմայիլյանն առաջին անգամ առաջադրում է նաև իր թեկնածությունը: Սակայն վրացիներից և ռուսներից կազմված ընդիմադիրների ճնշման պատճառով 30 կողմ, 32 դեմ ձայների հարաբերությամբ նա քաղաքագլուխ չի ընտրվում[12]: Պ. Զուբալովի գլխավորությամբ ընդդիմությունը փորձում էր նրան զրկել նաև փոխքաղաքապետի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, սակայն ապարդյուն[1][13]:

Թբիլիսիի հայկական Մայր տաճարը, որի բակում թաղված է եղել Պողոս Իզմայիլյանը: Վանքը և գերեզմանը ոչնչացվել են 1936 թվականին:

Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի առաջին շրջանի քաղաքագլխի պաշտոնավարության ժամանակ (1891-1893) և նաև վերջինիս հրաժարականից (1893) հետո մինչև նոր քաղաքագլխի ընտրության օրը (նոյեմբերի 7-ը) Պողոս Իզմայիլյանը վարում է քաղաքագլխի օգնականի, այսինքն՝ փոխքաղաքագլխի պաշտոնը[1][14]:

1893 թվականի աշնանը նշանակված Թիֆլիսի նոր քաղաքագլխի ընտրությունը, մի քանի անգամ ձախողվելով ու հետաձգվելով (հոկտեմբերի 17[15] և հոկտեմբերի 31[14]), ի վերջո կայանում է նոյեմբերի 7-ին[16]: Ընտրողների բացարձակ մեծամասնությամբ՝ 62 կողմ և 8 դեմ ձայների հարաբերությամբ Պողոս Իզմայիլյանը ընտրվում է Թիֆլիսի քաղաքագլուխ[1][16]:

Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատունը ոչնչացման ժամանակ. դեռևս իր տեղում էր Պողոս Իզմայիլյանի տապանաքարը (տես բարձր տապանաքարը)

Ի դեպ, ընտրություններին մասնակցելու օրերին Պ. Իզմայիլյանը Սագուրամոյի անտառներում զբոսնելիս հայտնաբերել էր մի ջրառատ աղբյուր: Մտահոգ լինելով Թիֆլիսի ջրամատակարարման խնդրով՝ նա աղբյուրն ուսումնասիրելու նպատակով հրավիրել է մասնագետների, իսկ ջրի նմուշը ներկայացրել Ֆ. Օտտենին ստուգման նպատակով: Պարզվել է, որ այն Ավճալայի լավագույն ջրերից է և ավելի սառը, իսկ հոսքը՝ օրական 2 միլիոն դույլ՝ կրկնակի ավելի, քան արդեն քաղաք հասցված ջրերը[1][17]:

Սակայն Պողոս Իզմայիլյանին վիճակված չէր երկարաժամկետ պաշտոնավարում: Նա վախճանվել է 1895 թվականի մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում՝ վարակվելով այնտեղ տարածված ինֆլուենցա հիվանդությամբ[1][18]:

Համաձայն այն ժամանակվա մամուլի հրապարակումների՝ քաղաքագլխի մահը սգում էր Թիֆլիսի ամբողջ բնակչությունը[19]: Գրիգորի Ծերեթելին իր խմբագրությամբ լույս տեսնող «Կվալի» հանդեսում նշել է, որ ցանկացած ազգ կցանկանար ունենալ Իզմայիլյանների նման մարդիկ, որ թանկարժեք երևույթ է: Իսկ «Նոր-Դար» օրաթերթի թղթակիցը, որը մասնակցել էր թաղմանը, նույն թերթում լույս ընծայված հրապարակման մեջ նշել է, որ երբեք Թիֆլիսը («որքան որ հիշում ենք») այնպիսի թաղում չէր տեսել, որպիսին տեսավ մարտի 18-ին: Թաղմանը կարծես ամբողջ քաղաքն էր մասնակցում[1]:

1896 թվականի մարտի 10-ին նրա գերեզմանի տեղում բացվում է ճարտարապետ Ա. Մելիք-Բեգլարյանի և Անդրիոլետիի հեղինակությամբ պատրաստված մի համեստ հուշարձան, որի վրա փորագրված էր «Պօղոս Իզմայլեանին Թիֆլիս քաղաքից»[1][20][21]:

Հայտնի է, որ արդեն 1909 թվականին Պողոս Իզմայիլյանի հուշարձանը մասամբ քայքայվել էր և կարիք ուներ նորոգության: Քայքայման պատճառներից մեկն էլ այն էր, որ անհայտ անձինք պոկել էին երկաթյա ճաղավանդակները և կոտրել մարմարյա քարե սալիկը[1][22][23]:

Պողոս Իզմայիլյանը թաղված էր Թբիլիսիի հայկական Մայր տաճարի բակում: Տաճարը հայերի գերեզմանների հետ միասին ոչնչացվել է 1936 թվականին[24]: Վանքի քանդման ժամանակ Պողոս Իզմայիլյանի աճյունը հանվել է գերեզմանից, թալանվել: Գտնվելու վայրն անհայտ է[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «კვალი», 1895, N 12, էջ 2:(վրաց.)
  3. 3,0 3,1 «კვალი», 1895, N 12, էջ 2-3:(վրաց.)
  4. Սիրաղեան Գ., Վրաց թատրոնի անցեալը եւ ներկան, «Գեղարվեստ» 1909, N 3, էջ 28:
  5. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Բ., Երևան, 1981, էջ 9:
  6. Լէօ, Գրիգոր Արծրունի, Թիֆլիս, 1902-3, հատոր 2, էջ 57:
  7. 7,0 7,1 Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 60.(ռուս.)
  8. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 61.(ռուս.)
  9. “Известия Тифлисской Городской Думы”, N4, Тифлис, 1911, ст. 20.(ռուս.)
  10. “Известия Тифлисской Городской Думы”, N4, Тифлис, 1911, ст. 19.(ռուս.)
  11. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, էջ 63.(ռուս.)
  12. «Մուրճ», 1891, էջ 530:
  13. «Մուրճ», 1891, էջ 1242-1244:
  14. 14,0 14,1 «Նոր-Դար», 1893, N 181, էջ 1:
  15. «Նոր-Դար», 1893, N 182:
  16. 16,0 16,1 «Նոր-Դար», 1893, N 197, էջ 2:
  17. «ივერია», 1893, N 264:(վրաց.)
  18. «Մուրճ», 1895, էջ 351-352:
  19. «Նոր-Դար», 1895, N 40:
  20. «Մշակ», 1896, N 30, էջ 3:
  21. “Тифлисский Листок”, 1896, N 49.(ռուս.)
  22. «Հովիւ», 1909, N 26, էջ 416:
  23. “Тифлисский Листок”, 1909, N 245, ст. 2.(ռուս.)
  24. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:
  25. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 74: