Ալեքսանդր Մատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատինյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Ստեփանյան
Մատինյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
Մարտի 11 1879 - հունվարի 23 1883
Հունվարի 23 1883 - հունվարի 4 1887
Հունվարի 4 1887 - հունվարի 13 1891
Հունվարի 13 1891 - մարտի 1 1891
Նախորդող Անտոն Սողոմոնյան Ղորղանյան
Հաջորդող Նիկողայոս Արղության - Երկայնաբազուկ
 
Կրթություն՝ Թիֆլիսի 1-ին գիմնազիա
Մոսկվայի իրավաբանական համալսարան
Մասնագիտություն՝ իրավագիտություն
Գործունեություն՝ Պետական
Քաղաքական
Հասարակական
Բարեգործական
Տնտեսական
Ծննդյան օր 1843
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր օգոստոսի 25, 1909(1909-08-25)
Վախճանի վայր Փարիզ
Հայր Ստեփան Մատինյան(ց)
Զավակներ չի ունեցել
 
Պարգևներ

Սուրբ Վլադիմիրի շքանշան

Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) (1843, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1909(1909-08-25), Փարիզ), հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ[1][2]։

Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի։ Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում։ Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան։ 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգավորելու առաջադրանքով[1]։

1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է Թիֆլիսի երկրորդ քաղաքամասի հաշտարար դատավորի օգնական, որտեղ երկու տարի աշխատել է որպես դատաքննիչ[1][3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականի վերջին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային խորհրդի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 1897 թվականը՝ շուրջ 22 տարի[4][5]։ 1876 թվականի դեկտեմբերի 20-ին ընտրվել է քաղաքային վարչության անդամ։ 1879 թվականի ապրիլին ռուս-վրացական միասնական սուր ընդդիմության պայմաններում ընտրվել է քաղաքագլուխ։ Ընտրությունն անցել է լարված պայմաններում։ Քաղաքագլուխ Դմիտրի Ղիփիանիի հրաժարականից հետո նշանակված առաջին ընտրությունը չկայացավ։ Երկրորդին ձայների մեծամասնությամբ ընտրվեց Անտոն Ղորղանյանը, սակայն վերջինս հրաժարվեց պաշտոնը ստանձնել։ Միայն երրորդ անգամ անցկացված ընտրություններում ձայների առավելությունը ստացավ Ալեքսանդր Մատինյանը[1][6][7][8]։

Թիֆլիսը 1898 թվականին. հեռվում երևում է հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին
Ալեքսանդր Մատինյանի կառուցած նախկին Վերիսկու, ներկայիս Գալակտիոն Տաբիձե կամուրջը Թբիլիսիում

Թիֆլիսի քաղաքագլուխների պատմության մեջ Ալեքսանդրն այն եզակի անձն է, ով չորս անգամ անընդմեջ ընտրվել է նույն պաշտոնում[9]։ Առաջին անգամ քաղաքագլուխ է ընտրվել 1879 թվականի մարտի 11-ին՝ 31 կողմ, 23 դեմ ձայներով։ Երկրորդ անգամ ընտրվել է 1883 թվականի հունվարի 23-ին՝ 47 կողմ, 2 դեմ ձայներով։ Երրորդ անգամ քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1887 թվականի հունվարի 4-ին՝ ընտրություններում հաղթելով 55 կողմ, 9 դեմ ձայների հարաբերությամբ։ Չորրորդ անգամ ընտրվել է 1891 թվականի հունվարի 13-ին[10]։ Վերջին քառամյակը Ալեքսանդր Մատինյանն ամբողջությամբ չպաշտոնավարեց. 1891 թվականի մարտի 1-ին իր հրաժարականը ներկայացրեց Թիֆլիսի նահանգապետին[11][12]։ Հրաժարականի պատճառների մասին ժամանակի մամուլը նշել է, որ Ալեքսանդր Մատինյանը հոգնել էր ռուս-վրացական ընդդիմությունից, որը բացի անիմաստ քննադատելուց ուրիշ ոչ մի հարց չէր լուծում։ Ի դեպ, 1900-ական թվականների սկզբին քաղաքագլխի ընտրությունների ժամանակ Ալեքսանդր Մատինյանին կրկին առաջադրել էին, սակայն նա կտրականապես հրաժարվել էր մասնակցությունից[1][13]։

Նրա ղեկավարման տարիներին Թիֆլիսում կատարվում են բազմաթիվ կարևոր աշխատանքներ, այդ թվում՝ ջրամուղու, կամուրջների (այդ թվում՝ նախկին Վերիսկու, ներկայիս Գալակտիոն Տաբիձե), սպանդանոցի, ձիաքարշի, հեռախոսի, քաղաքային տան կառուցում[1][14]։

Ալեքսանդր Մատինյանի պաշտոնավարման 12 տարիների ընթացքում քաղաքի բյուջեից կրթության ոլորտին տրամադրվող գումարը զրոյից հասել էր 375%-ի (1878 թվականի ոչնչի դիմաց՝ 1890 թվականին հատկացվել էր 48000 ռուբլի), առողջապահությանը հատկացվել էր 51%, իսկ քաղաքային ինքնակառավարման անձնակազմի ծախսերին՝ միայն 7%[1][13]։

Ալեքսանդր Մատինյանի կառուցած Թիֆլիսի քաղաքային տունը (ներկայումս Ազատության հրապարակում գտնվող Թբիլիսի քաղաքապետարանի շենքը), որի դիմացով անցնում է նրա հիմնած հասարակական տրանսպորտը՝ ձիաքարշի վագոնը

Առողջապահության բնագավառում կարևոր էին Ալեքսանդր Մատինյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հավլաբար և Խարփուխ թաղամասերում կառուցված երկու հիվանդանոցները[1][13]։

Ալեքսանդր Մատինյանի գործուն նախաձեռնությամբ և որոշումով է կառուցվել Երևանյան հրապարակում (ներկայիս Ազատության հրապարակում) գտնվող «Քաղաքային տունը», որն այժմ հանդիսանում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանի շենք։ Այն քաղաքագլխի հանձնարարականով նախագծվեց 1880 թվականին[1][13]։

Ալեքսանդր Մատինյանի պաշտոնավարման տարիներին Թիֆլիսը համալրվել է բազմաթիվ հասարակական, կրթական, արդյունաբերական և տնտեսական նշանակության հաստատություններով։ Դրանցից են՝ 1882 թվականի հունիսի 2-ին Ալեքսանդր Երկրորդի հիշատակին բացված մանկատունը[15], 1883 թվականի փետրվարի 25-ին գործարկված ձիաքարշ երթուղու առաջին հատվածը[15], 1886 թվականի մայիսի 1-ին բացված երկրորդ այգեգործական դպրոցը[16], 1887 թվականի օգոստոսին շահագործման հանձնված քաղաքային ջրմուղի ցանցը[17], 1888 թվականի ապրիլի 17-ին Նավթլուղ թաղամասում բացված մանկատունը[17], 1888 թվականի մայիսի 29-ին դատապարտված ծնողներ ունեցող երեխաների համար բացված մանկատունը[17], 1889 թվականին բացված կատաղած կենդանիների դեմ կանխարգելիչ պատվաստումների կայանը[17], 1889 թվականի սեպտեմբերի 15-ին բացված գյուղատնտեսական ցուցահանդեսը[18], 1889 թվականի հոկտեմբերի 15-ին բացված հողաչափական ուսումնարանը[18], 1890 թվականի մարտի 16-ին բացված պետական ազնվականական Հողային բանկը[18], 1890 թվականի ապրիլի 3-ին բացված որսորդական ցուցահանդեսը[1][18] և այլն։

Ժամանակի մամուլի հրապարակումների համաձայն՝ 1892 թվականին Թիֆլիսում բռնկված համաճարակը արագորեն հաղթահարելու հարցում մեծապես նպաստել է Ալեքսանդր Մատինյանի՝ նախորդ տարիներին կատարած մեծածավալ աշխատանքը[1][13]։

Պաշտոնից հրաժարվելուց հետո Ալեքսանդր Մատինյանն աշխատանքի է անցնում ձկնաարդյունաբերության և նավթաարդյունաբերության ոլորտում։ Իր կյանքի վերջին 9 տարիներին նա չի զբաղվել քաղաքական գործերով, սակայն մշտապես հետևել և երբեմն էլ խորհուրդներ է տվել քաղաքական ու հասարակական որոշակի խնդիրների լուծման համար[1]։

1889 թվականին Ալեքսանդր Մատինյանը պարգևատրվել է Վլադիմիրի 3-րդ կարգի շքանշանով, իսկ իշխան Դոնդակով-Կորսակովը քաղաքագլխին շնորհակալագիր է փոխանցել[1][13]։

Ալեքսանդր Մատինյանը Թիֆլիսում բնակվում էր իր սեփական տանը՝ Սապյոռնայա և Բոլշայա Վոդովոզնայա (ներկայումս՝ համապատասխանաբար Տաբուկաշվիլի և Լագիձե) փողոցների խաչմերուկում՝ Սապյոռնայա 9 հասցեում[1][19][20][21][22][23][24]։

Մահ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի հայոց վանքը, որի բակում թաղված է եղել Ալեքսանդր Մատինյանը

Ալեքսանդր Մատինյանը վախճանվել է 66 տարեկան հասակում՝ 1909 թվականի օգոստոսի 25-ին Փարիզում։ Երեխաներ չի ունեցել[25]։ Աճյունը Փարիզից փոխադրվել է Թիֆլիս և հոգևոր իշխանությունների թույլտվությամբ սեպտեմբերի 27-ին ամփոփվել Թիֆլիսի հայկական վանքում[1][26][27][28]։

Մահվանից հետո Ալեքսանդր Մատինյանի ողջ կարողությունը՝ ավելի քան 200.000 ռուբլի, վերջինիս կտակի համաձայն փոխանցվում է Թիֆլիսի քաղաքային բյուջեին[29]։ Նա կտակը կազմել էր իր մահվանից ամիսներ առաջ և 1908 թվականի վերջին քաղաքային խորհրդին էր ուղարկել հետևյալ մակագրությամբ. «Իմ կտակս. բացել իմ մահից յետոյ. Մատինեան»[2]։ Ժամանակի հայկական, վրացական, ռուսական մամուլը գովասանքի և զարմանքի խոսքեր է գրել Ալեքսանդր Մատինյանի բարեգործության մասին։ Բացառություն է կազմել միայն ազգությամբ ուտի Գրիգոր Նիկողոսյանի (նույն ինքը՝ Մագդա Նեյմանի) հեղինակած նյութը, որը, խնդիրը դիտարկելով ազգային շահի տեսանկյունից, դատապարտել է այդ արարքը. «...հետևելով սրտիս մղումին և զգացումիս թելադրութեան, բարձրաձայն դատապարտում եմ այնպիսի հայերի արարքը և յիշատակը, որոնք կտակում են իրենց կարողութիւնը ոչ թե բացառապէս հայ ազգի օգտին, այլ մի քաղաքի, որի մէջ ապրող ուրիշ ազգութիւնները ատելով ատում են հայերին և պատրաստ են՝ մի գաւաթ ջրի մէջ խեղդել...»[1][30][31]:

1914 թվականի մամուլից հայտնի է դարձել, որ հանգուցյալի հիշատակը հավերժացնելու նպատակով Քաղաքային խորհուրդը վճռել էր հատուկ ծառայությունների և քաղաքին ցուցաբերած հատուկ նվիրատվության համար Ալեքսանդր Մատինյանին նվիրված հուշարձան կանգնեցնել՝ այդ նպատակի համար սահմանելով 10.000 ռուբլի ծախս[32]։ Նույն թվականին, երբ Թիֆլիսը նշում էր քաղաքային ինքնավարության քառասունամյակը (1874-1914), առավել ջերմ ու ընդարձակ հիշատակի խոսքը ուղղված էր հենց Ալեքսանդր Մատինյանին[1][33]։

Ի հիշատակ Ա.Մատինյանի` մոտավորապես 1910 թվականին Թբիլիսիի Վերա թաղամասում փողոցներից մեկը անվանվում է քաղաքագլխի անունով։ 1930-ական թվականներին այն վերանվանվեց Կալանդաձե, իսկ այժմ կոչվում է Շանիձե։

Գերեզմանի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատունը ոչնչացման ժամանակ.
Ալեքսանդր Մատինյանի գերեզմանը ձախից երկրորդ շարքի 1-ինն է, որի տապանաքարի վրա փորագրված էր «Թիֆլիսի քաղաքագլուխ Ա.Ս.Մատինյանց»

1938 թվականին Վրացական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար՝ ազգությամբ վրացի Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը։ Վրաստանի ներքին գործերի աշխատակիցները սպառնալիքների միջոցով հավաքագրում են մի շարք հայերի ստորագրություններ[34], որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային խորհրդը որոշում է քանդել հայկական առաքելական վանական համալիրը։ Այդ որոշման մասին «Խորհրդային Վրաստան» թերթում տպագրվեց, թե իբր «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը։ Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[35]։ 1938 թվականին բազմադարյա հայկական վանական համալիրը ոչնչացվում է։ Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն։ Թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը։ Վանքի բակում գտնվող ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական հայազգի գործիչների գերեզմանները, այդ թվում՝ Ալեքսանդր Մատինյանի, նույնպես թալանվում և ոչնչացվում են։ Ա.Մատինյանի աճյունի ճակատագիրը այդպես էլ մնացել է անհայտ[1][34][36][37]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1889 թվականին Ալեքսանդր Մատինյանը արժանացել է Սուրբ Վլադիմիրի III աստիճանի շքանշանի։
  • Իշխան Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովի կողմից արժանացել է պետական շնորհակալագրի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թբիլիսիի քաղաքապետների ցանկ. այստեղ ներկայացված են Թբիլիսիի քաղաքապետերի (շահապների, քաղաքագլուխների) ցուցակը` ըստ պաշտոնավարման թվականների և հակիրճ կենսագրական նկարագրությամբ։
  • Հայերը Թբիլիսիում. Ալեքսանդր Մատինյանը հանդիսանում է Թբիլիսիի հայերի պատմության վառ անհատականություններից մեկը։
  • Թբիլիսիի պատմություն. քաղաքի պատմությունը կերտողներից է եղել նաև քաղաքագլուխ Մատինյանը։
  • Թբիլիսիի հայոց վանք. Մատինյանի կենսագրականը ուղղակիորեն կապված է նշված վանական համալիրի պատմության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 «Հովիւ», 1909, N 34, էջ 543։
  3. «Տարազ», 1902, N 2, էջ 7։
  4. “Известия Тифлисской Городской Думы”, N 8, Тифлис, 1909, ст. 3.(ռուս.)
  5. «Մշակ», 1902, N 9:
  6. «Մուրճ», 1891, էջ 529։
  7. “Новое Обозрение”, 1891, N 2427, ст. 1.(ռուս.)
  8. “Словарь Кавказских детелей” (приложение к справочной книге старожила “Кавказ”, N 1), Тифлис, 1890, ст. 50.(ռուս.)
  9. «Մշակ», 1891, N 5, էջ 1 (15 հունվարի):
  10. “Известия Тифлисской Городской Думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
  11. «Նոր-Դար», 1891, N 29, էջ 1։
  12. «Մուրճ», 1891, էջ 528։
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 “Тифлисский Листок”, 1909, N 220.(ռուս.)
  14. «Հովիւ», 1909, N 34, էջ 542:
  15. 15,0 15,1 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 35.(ռուս.)
  16. “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 36.(ռուս.)
  17. 17,0 17,1 17,2 17,3 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 37.(ռուս.)
  18. 18,0 18,1 18,2 18,3 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 38.(ռուս.)
  19. “Кавказский календарь на 1880г.”, Тифлис, 1879, ст. 157.(ռուս.)
  20. “Кавказский календарь на 1882г.”, Тифлис, 1881, ст. 214.(ռուս.)
  21. “Кавказский календарь на 1883г.”, Тифлис, 1882, ст. 180.(ռուս.)
  22. “Кавказский календарь на 1885г.”, Тифлис, 1884, ст. 178.(ռուս.)
  23. “Кавказский календарь на 1886г.”, Тифлис, 1885, ст. 170.(ռուս.)
  24. “Кавказский календарь на 1888г.”, Тифлис, 1887, ст. 309.(ռուս.)
  25. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст. 49.(ռուս.)
  26. «Հովիւ», 1909, N 36, էջ 562:
  27. «Հովիւ», 1909, N 37, էջ 591:
  28. «Արարատ», 1909, էջ 784։
  29. «Հովիւ», 1909, N 34, էջ 49-50:
  30. Նիկողոսեան Գ., Կտակներ քաղաքներին և ուտիացու բողոքը։
  31. «Հովիւ», 1909, N 39, էջ 614-615:
  32. “Кавказ”, 1914, N 31.(ռուս.)
  33. “Кавказское Слово”, 1914, N 71, ст. 2.(ռուս.)
  34. 34,0 34,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն։
  35. «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր)։
  36. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն։
  37. «Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]