Հոգոց վանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոգոց վանք (այլ կիրառումներ)
Հոգոց վանք
| |
Վանքային համալիր | |
---|---|
Տեղադրություն | Վասպուրական, Անձևացիք, Վանա լիճ |
Աշխարհ | Վասպուրական |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Ըստ ավանդության Բարդուղեմիոս առաքյալը |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 4-րդ դար |
Ավերում | Մեծ Եղեռն |
38°19′58″ հս․ լ. 43°09′55″ ավ. ե.HGЯO |
Հոգեաց վանք (Հոգվոց վանք, Հոգոց վանք), հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալ ը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․ Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն էր (1669-ին, 1670-ին ծաղկված ավետարանները, 1696-ի բժշկական ձեռնարկը ևն), 1730-65-ին՝ վերակառուցվել, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հյուսիսից հաղորդակից է Սուրբ Սիոն եկեղեցուն՝ արևելքից պայտաձև խորանով թաղածածկ դահլիճ, որի աղոթասրահը ընդլայնված է շնորհիվ հյուսիսային և հարավային կողմերում առաջացած, խորշանման թաղածածկ մասերի (հատուկ է Վասպուրականի միանավ դահլիճներին)։ Հոգեաց վանքը վանք-ամրոց է՝ պաշտպանական, երկշարք, 7-8 մ բարձրությամբ պատերով, որոնց անկյուններում և արևմտյան պատի կենտրոնում կիսաբոլոր աշտարակներ են։ Մուտքը հարավից է։ Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հյուսիսարևմտյան հատվածում՝ հարավարևելյան անկյունային աշտարակով։ Հարավային երկրորդ շարք պարսպապատերին ներսից կից են օժանդակ կառույցներ։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների (լուսավորվում են երդիկներից) և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 499)։ |