Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Sardarabad Memorial.jpg
Տեսակ Հարթավայր և memorial
Երկիր Հայաստան
Տեղագրություն Արաքս, Արմավիրի մարզ, Հայաստան Հայաստան
Հասցե Դանիել-բեկ Փիրումյան փողոց 1
Հիմնադրված է 1968
Տնօրեն Կարեն Արիստակեսյան
Կոորդինատներ: 40°5′37.05″ հս․ լ. 43°56′48.13″ ավ. ե. / 40.0936250° հս․. լ. 43.9467028° ավ. ե. / 40.0936250; 43.9467028
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Հայաստանում
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Memorial complex to the Battle of Sardarabad Վիքիպահեստում

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Արմավիրի մարզի Արաքս գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը օգնում է ճանաչելու և գնահատելու անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները, որպես ներկայի ու ապագայի հիմունք։

Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ։

1968 թվականի կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյան, Սամվել Մանասյան, Արա Հարությունյան։

Հուշահամալիրի կառուցման վայրն ընտրվել է մեծանուն ճարտարապետի կողմից։ Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը։ «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը։ Այն կատարված է նրբին արտիստականությամբ։ Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը։

Ուղղահայաց «Զանգակատունը» դրված է աստիճանաձև ստիլոբատի վրա, որով էլ ավելի է շեշտվում շարժումը, ձգտումը դեպի վեր։ Ողջ բնությունը ընդգրկված է ճարտարապետական տարածության մեջ։ «Զանգակատան» կուռ ուրվանկարը գծված է կապույտ երկնքում։ Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, որոնց արանքից երևում է երկինքի լազուրը՝ ողողելով «Զանգակատունը» բոլոր կողմերից։ Երեք շարքով կախված են զանգերը։ Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին։ Այդպես է եղել նաև այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի։ Ղողանջը տարածվում էր ամբողջ Արարատյան դաշտով։

Sardarapat Memorial Wall.jpg
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատկերով հայկական հուշադրամը

«Սարդարապատի ճակատամարտի» հուշահամալիրը հաստատում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, նրա ստեղծարար ոգու ուժը։ Հուշահամալիրի քանդակները սերտորեն առնչվում են ճարտարապետական մտահղացման հետ։ Պլաստիկայի հնչեղությունը ողջ ուժով արտացոլված է հատկապես Հաղթանակի պատին։ Հարթաքանդակային կոմպոզիցիաներում ներկայացված են հաղթության հանդիսավոր երգը, կյանքի ու Հայաստանի վերածնունդի հաստատումը։ Հարթաքանդակների պլաստիկական լուծումներում միտումնավոր կերպով օգտագործված է բազմամասշտաբայնության սկզբունքը, որը սակայն, ստեղծելով միասնական տարածական պատկեր՝ չի խաթարում կոմպոզիցիայի ամբողջականությունը։

Հայոց ազգագրության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի ազգագրության թանգարան

Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը։ Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում թանգարանը դարձել է պատմամշակութային հիշողության և տեղեկատվության շտեմարան։ Թանգարանում ցուցադրվում է հայոց ավանդական մշակույթի համակարգը՝ կենսապահովման, սոցիալական, հոգևոր մշակույթների տարրերով հանդերձ։ Ցուցադրության մեջ մշակութային երևույթները, տարրերը ներկայացվում են ըստ պատմազգագրական մարզերի՝ համահայկական ընդհանրություններին զուգահեռ ցուցադրվում են նաև մշակութային տեղական առանձնահատկություններ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի ավելի քան 70000 թանգարանային առարկաներից բաղկացած հավաքածու։ Թանգարանի 6500մ2 ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են Հայոց ազգային մշակույթին և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրությունները։ Թանգարանի հավաքածոները բաղկացած են հետևյալ բաժիններից.

  1. Հնագիտական (հնագույն, միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնա-պաշտամունքային առարկաներ)։
  2. Ազգագրական-աշխատանքային գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ և կարպետ, կահույք, ժանյակ և ասեղնագործություն, ազգային տարազ և զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ։
  3. Լուսանկարների, նկարների, փաստաթղթերի, արխիվային նյութերի հավաքածուներ։
  4. Դեկորատիվ կիրառական արվեստ։
  5. Այլ էթնիկ ընդհանրությունների մշակույթին վերաբերող թանգարանային առարկաներ։

Ուշագրավ է ավելի քան 7000 առարկաներից կազմված հնագիտական հավաքածուն։ Ցուցադրված առարկաներից հիշարժան են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի բրոնզե արձանիկները, մ.թ.ա. III հազարամյակի Հայկական լեռնաշխարհի բնակիչ ցեղապետի կիսանդրին, կավե կրակարանը, զենքի տեսակները և այլն։

Բրոնզեդարյան շերեփը կազմում է թանգարանի հնագիտական հավաքածուի զարդը։ Հայտնաբերվել է 1977 թ. Լոռի Բերդ գյուղի թիվ 21 ուշ բրոնզեդարյան դամբարանից (հնագետ Ս. Դևեջյան) օգտագործվել ծիսական արարողությունների ժամանակ նույն դամբարանում թաղված քրմի կողմից։

Եղջերուների արձանախումբը արձանադրոշ է՝ հայտնաբերված 1975 թ. Լոռի Բերդի դամբարանադաշտում։ Այն ձուլածո է, թեմատիկ և ոճական առանձնահատկություններով համապատասխանում է Հայաստանի ուշ բրոնզեդարյան արվեստին, պատրաստված է տեղական վարպետ-արվեստագետի ձեռքով։ Արձանադրոշն ունի պաշտամունքային նշանակություն, օգտագործվել է ծիսական արարողությունների ժամանակ։

Թանգարանի ազգագրական հավաքածուի կազմում ընդգրկված են հայ էթնիկ հանրույթի արևմտահայ և արևելահայ համալիրների, տարբեր պատմական ժամանակաշրջաններին վերաբերող մշակութային արժեքներ։

Գործվածքի հավաքածուն ամենախոշորն է թանգարանի մյուս հավաքածուների համեմատությամբ. գորգին, ասեղնագործությանը և ժանյակին, տարազին վերաբերող թանգարանային առարկաների ընդհանուր քանակը գերազանցում է 8000-ը։ Դրանցից հատկապես հիշարժան է գորգերի հավաքածուն, որի հնագույն նմուշը XVII դարից է։ Տարազի հավաքածուն՝ ավելի քան 1600 կտորից կազմված, ներառում է XIX դ. վերջի - XX դ. սկզբի Հայոց գյուղական և քաղաքային բնակչության առօրյա ու տոնական տարազի համալիրները։

Ժանյակների և ասեղնագործ սրբիչների, սփռոցների հավաքածուն /ավելի քան 2500 միավոր/ նույնպես ներկայացնում է պատմական Հայաստանի գեղարվեստական գործվածքի ինքնատիպությունը։ Ի թիվս այլ գործվածքի նմուշների, ուրույն տեղ ունի նաև գոբելենների հավաքածուն /թվով 150/ ։

Հարուստ է արծաթե գոտիների հավաքածուն պատրաստված Հայաստանի և Կովկասի հայտնի վարպետների ձեռքով։ Նույն հավաքածուի կազմում է ոսկով ու արծաթով պատված, փորագրված դաշույնների հավաքածուն, որը մեծ մասամբ հայ վարպետների ձեռքի գործ է։

Ավելի քան հազար առարկա ընդգրկող ճենապակու և ապակու հավաքածուի մեջ կարևոր են սեղանի սպասքի նմուշները, ինչպես նաև գեղարվեստական ոճավորմամբ առանձնացող կենցաղային առարկաները։

Հայոց ազգագրության թանգարանն ունի Կուտինայի խեցեգործության հարուստ հավաքածու, որը նվեր է հունահայ Հակոբ Ջելալյանից։ Թանգարանի հիմնական ցուցադրությունում ուրույն տեղ ունի ուտեստի ցուցադրանքը։ Ցուցադրության մեջ ներկայացված են հայոց ավանդական ուտեստի համակարգում մշակված և պահպանված էթնիկ ավանդույթներն ու առանձնահատկությունները։

Թանգարանում պահպանվում են հայ ժողովրդի տնտեսական հիմնական և օժանդակ զբաղմունքների, տնայնագործության ու արհեստների դարավոր ավանդույթներն արտացոլող ավելի քան 4500 գործիք և այլ առարկաներ։ Այս հավաքածուն թույլ է տալիս դիտողին պատկերացում կազմել Հայոց տնտեսական կյանքի և նյութական մշակույթի մասին։

Թանգարանում պահպանվում է 306 նվագարան, որից 290-ը հայկական ժողովրդական նվագարաններ են։ 100 լարային, 159 փողային, 31 հարկանային, իսկ 16-ը՝ աշխարհի ժողովուրդների։ Հավաքածուի ամենահին նվագարանները 1689 և 1696 թվականներով թվագրվող պղնձե ծնծղաներն են, որոնց վրա հայատառ արձանագրություններ կան։ Հավաքածուի զարդն են ճանաչված երաժիշտներ Լևոն Մադոյանի, Գուրգեն Միրզոյանի, Լևոն Կարախանի, Սողոմոն Սեյրանյանի, Վաչե Հովսեփյանի, Արամ Մերանգուլյանի, Սաշա Օգանեզաշվիլու նվագարանները։

Դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուի, ավելի քան 2000 ստեղծագործությունների մեծ մասը ներկայացնում է հայոց ավանդական մշակույթի, ինչպես նաև հայրենի երկրի ու բնության ոգին։

Աշխարհի ժողովուրդների ազգագրության հավաքածուի հիմնական մասը կազմում են Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրների (Գանա, Գամբիա, Գվինեա, Լիբերիա, Նիգերիա, Սենեգալ, Տանզանիա) փայտե արձանիկները, դիմակները և այլ առարկաներ։ Հավաքածուում փոքրաքանակ առարկաներով ներկայացված են նաև Օվկիանոսքի, Հնդկաստանի, Հարավ-արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Վիետնամ) ժողովուրդների մշակույթի տարրեր[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռիփսիմե Սիմոնյան (2008)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 320–343։ ISBN 978-99930-4-959-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]