Հայկական ազգային հագուստ (տարազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կապույտը և հրո կարմիրը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ[1]։ Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Գյումրեցի տղամարդ չուխայով

Տարազն ըստ տարածաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է նրա ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում` ոչ միայն փոխառել, նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել` ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից[2]։

Ըստ տարածաշրջանների` տարազը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ արևմտահայերի և արևելահայերի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ առանձին տարածաշրջանների։

Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․

  1. Արևելյան նահանգների՝ հյուսիսում՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր Հայքի, Վասպուրականի և Բաղեշի շրջանները․
  2. Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։

Առաջին շրջանն ավելի հարազատ է պահել հայկական տարազի ավանդությունները․ երկրորդում զգացվում է անատոլիական որոշ ձևերի ազդեցությունը[3]։

Արևելահայ տարազը կարելի է բաժանել երեք շրջանի․

  1. Սյունիք-Արցախյան, Զանգեզուրի․
  2. Այրարատի
  3. Գողթան գավառի (Ագուլիս, Օրդուբադ), Գանձակի, Գուգարքի, Շիրակի, Ջավախքի։

Տղամարդու հայկական տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքն ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չուխան, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չուխայի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի փափախները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանացի հայկական տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով գրեթե նույնն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։

Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ` օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի հանդերձավորումը դարերի պատմություն ունի։ Եկեղեցին պահպանել է ավանդականը, որը հասել է մինչև մեր օրերը։ Կաթողիկոսի ամենօրյա հագուստը սև, մանուշակագույն ատլասով աստառապատված փարաջան էր, որի հետ գլխին կրում էր ճակատամասում խաչով վեղար (նույն կտորից), ծիսակատարությունների ժամանակ` մարգարտաշար, ոսկեթելով ասեղնագործած, թանկագին քարերով ելուզված վակաս, խույր։ Հագնում էր շատ լայն սպիտակ շապիկ, շուրջառ, եմիփորոն, գուլպաներ և ասեղնագործ հողաթափեր։ Կաթողիկոսը կապում էր գոտի, որից կախված էր կոնքերը։ Նրա շուրջառը հնում ասեղնագործում էին և աստառապատում ատլասե կտորով։ Հետագայում շուրջառը կարում էին ծաղկավոր ոսկեթել դիպակով[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաքել Պատրիկ (1979 թ). «Հայ ազգային տարազը». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 37.
  2. Պատրիկ, Առաքել (1967). Հայկական տարազ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջ 16.
  3. Պատրիկ, Առաքել (1967). Հայկական տարազ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 14–16.
  4. Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.