Վանի թագավորության քաղաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուրարտական քաղաքներից)
Jump to navigation Jump to search

Վանի թագավորության քաղաքներ. Երկրագործության, անասնապահության, արհեստների ու առևտրի աննախընթաց զարգացման, երկրի սահմանների ընդլայնման, ավարառության, ռազմատուգանքների, ստրկական էժան աշխատանքի կիրառման շնորհիվ, պետական կենտրոնացված իշխանության հզորացման պայմաններում սկսվեց Վանի թագավորության արքաների քաղաքաշինական բուռն գործունեությունը։ Մ.թ.ա 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի առաջին քառորդում մեկը մյուսի ետևից հանդես եկան ուրարտական նորանոր քաղաքներ։ Այս շրջանից սկսած Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում հարյուրավոր բնակավայրերի կառուցման մասին, որոնք բոլորն էլ քաղաքներ են անվանվում։ Սակայն հնագիտական աշխատանքներից պարզվել է, որ քաղաք կոչվածներից շատերը պարզապես ռազմական նպատակներով կառուցված բերդ-շեներ էին և իսկական իմաստով քաղաքներ չդարձան։ Սրանց թիվն իրոք հարյուրների էր հասնում՝ սփռված լինելով թագավորության ամբողջ տարածքով՝ Մալաթիայից մինչև Թավրիզ։ Բավական է նշել, որ միայն Վանա լճի շրջակայքում և Մշո դաշտում 50-60 այդպիսի քաղաքներ և քաղաքային ավաններ կային։ Մյուս կողմից, Հին Ալևելքի այդ հզոր, աշխարհակալ պետությունը չէր կարող գոյություն ունենալ առանց խոշոր քաղաքների՝ երկրի վարչատնտեսական և ռազմական իսկական կենտրոնների։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, էջ 351։ Հեղինակներ՝ Ժ. Պ. Աղայան, Բ. Ն. Առաքելյան, Գ. Ա. Գալոյան, Ս. Տ. Երեմյան, Լ. Ս. Խաչիկյան, Ա. Մ. Հակոբյան, Ա. Գ. Հովհաննիսյան, Մ. Գ. Ներսիսյան