Պատմական աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական աշխարհագրություն, հասարակական գիտության ճյուղ է, որը համալիր ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Պատմական աշխարհագրությունը խիստ արտահայտված սահմանային գիտություն է։ Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, կլիման, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, օգտակար հանածոները և այլն), բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), գյուղատնտեսության աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների քաղաքների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, բերդերի ու ամրոցների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած քարտեզները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի ավանդություններն ու զրույցները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։

Ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աշխարհագրության մեջ առանձնացնում են երկու ինքնուրույն ուղղություններ, որոնք պայմանականորեն անվանում են պատմական և աշխարհագրական։

Պատմական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ուղղությունն զբաղվում է անցյալ ժամանակաշրջաններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային երևույթների տարածքային դիֆերենցման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտման ու մեկնաբանման խնդիրներով։ Պատմական գիտությունների կազմում պատմական աշխարհագրությունը սովորաբար այնպիսի օժանդակ դիսցիպլինի դեր է կատարում, ինչպիսիք են, օրինակ, հերալդիկան (զինանշանագիտությունը) կամ նումիզմատիկան (դրամագիտությունը)[1]։

Աշխարհագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղղության հետաքրքրությունների կենտրոնում գտնվում են անցյալ ժամանակաշրջաններում աշխարհագրական թաղանթի բնածին ոլորտների (բնական լանդշաֆտների) զարգացման օրինաչափությունները, որոնց բացահայտումը օժանդակում է նրանց ժամանակակից կառուցվածքի և զարգացման միտումների խորքային ուսումնասիրությանը։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աշխարհագրության գիտական արդյունքների սինթեզման շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել աշխարհագրական թաղանթի ամբողջական պատկերի ու լանդշաֆտների` մարդու ազդեցությամբ կրած փոփոխությունները, հասարակության և բնության տարածքային կազմակերպմաան առանձնահատկությունները, բնակչության, տնտեսության, մշակույթի, պետական կարգի ու սահմանների փոփոխությունները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և դրա միջոցով բացահայտել և բացատրել ներկա վիճակը և զարգացման միտումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ, Երևան, 2004 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 162