Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: Ջոկատի շտաբը. Խեչո, Դրո, Արմեն Գարո:
Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 1-ին գումարտակ:
Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 2-րդ գումարտակ:
Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 3-րդ գումարտակ:
Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 4-րդ գումարտակ:
Համազասպ Սրվանձտյանի գունդն անցնում է Երևանի Կարմիր կամուրջը:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ։ Այդ նպատակի համար չէին խնայվում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բարոյական ու քաղաքական բնույթի խոստումներ[1]։

1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները (հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս[2]։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից[3][4][5]։

Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց։ Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակների արժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեց հայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում հայկական պետականության վերականգնմանը։ Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները։

Հայ ժողովրդի հույսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայության գերակշիռ մեծամասնությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին, հայկական կամավորական շարժմանը, որովհետև հուսախաբ էր եղել երիտթուրքերի խոստումներից և համոզված էր, որ կամավորները կարող էին պաշտպանել արևմտահայերին կոտորածներից[6]։

1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ Անտանտի անդամ երկրների՝ մասնավորապես՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։

Հայկական ազգային առաջնորդների համար հայերի մասնակցությունը համաշխարհային պատերազմին՝ Անտանտի կողմում և մասնավորապես՝ հայկական կամավորական շարժումը ունեին առավելապես քաղաքական, քան թե ռազմական նպատակ։ Քաղաքական տեսանկյունից՝ հայկական ազգային ղեկավարությունը հավատում էր, թե Անտանտի հաղթանակի դեպքում հայ ազգը իրավունք կնվաճի պահանջներ դնելու՝ իր երկրի ապագայի վերաբերյալ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Այս տեսակետին էր, հատկապես, նշանավոր հայ ազգային առաջնորդ Պողոս Նուբար փաշան։ Վերջինս գլխավորում էր Հայկական ազգային պատվիրակությունը։ Միքայել Վարանդյանին գրած իր նամակում 1915 թվականին Պողոս Նուբարը գրում էր. «...Այս կամավորականները, որոնք մարտնչում են Անտանտի կողմում... մեզ իրավունք կարող են տալ մեր ձայնը լսելի դարձնելու, երբ ժամանակը կգայ՝ յայտնելու մեր իրաւացի և համեստ պահանջները։»[7]

Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը[8]։

Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին հայերի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքով։ Ուստի պատերազմի սկզբից ևեթ սկիզբ առավ հայկական կամավորական շարժումը։ Ցարական իշխանությունը, օգտվելով հայ ժողովրդի ոգևորությունից որոշեց խրախուսել համար կամավորական շարժումը. նույնիսկ չզլացան հրապուրիչ խոստումներ տալ հայ ժողովրդին[9]։

«Մեր թուրքահայ եղբայրների դատը պաշտպանված և լուծված կլինի, եթե ներկա համաեվրոպական պատերազմի մեջ ռուսական զենքը հաղթող հանդիսանա, – նշել է այն տարիներին Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը իր 1914թ. հոկտեմբերի 10-ի համարում, – ուստի և մենք ամեն կերպ պետք է ապահովենք այդ հաղթանակը»[10]։ Քիչ ավելի ուշ հոկտեմբերի 25-ին «Մշակը» կոչ էր անում հայ ժողովրդին միահամուռ պաշտպանելու Ռուսաստանին՝ նրա մեծ և պատմական առաքելության մեջ։ «Աջակցելու համար հարկավոր է մի բան՝ ընդհանուր միաբանություն, համերաշխություն, հրաժարում կուսակցական պառակտումներից։ Այսօր այլևս չպետք է լինեն ո՛չ մշակական, ո՛չ դաշնակցական, ո՛չ հնչակյան, ո՛չ սոցիալ-դեմոկրատ հայկական հատվածներ, – գրում է թերթը, – այսօր ամենքը պետք է զգան իրենց հայության զավակներ, եղբայրներ, որոնց պարտքն է մտածել, հոգալ իրենց թշվառ թուրքահայ եղբայրների ազատագրության համար»[11]։

Այսպիսով, հայերը, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, հույս ունեին վերականգնելու իրենց ազատությունը և ազատագրել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։ Սակայն ցարական Ռուսաստանը նրանց ընդամենը օգտագործեց իր նվաճողական ծրագրերը իրականացնելու համար և անգամ չգնահատեց նրանց կատարած գործը։

Մյուս կողմից հայ ժողովուրդը ունեցավ մեծ ձեռքբերում։ Նա ստեղծեց ազգային ռազմական ուժերի սաղմը, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ և պատերազմի բոցերում՝ 543-ամյա ընդմիջումից հետո՝ ստեղծել անկախ հայկական ազգային պետականությունը՝ իր սեփական ազգային բանակով[12]։

Միջազգային դիվանագիտությունը և Հայոց հարցը պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Նուբար Փաշա (1851–1930), հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։ Նա ղեկավարել է Հայոց Ազգային Պատվիրակությունը, որը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մասնակցել է Անտանտայի հաղթանակած պետությունների Փարիզի վեհաժողովին:

Ռուսական կայսրությունը, ինչպես և Անտանտի պետություններր թեպետև բազմիցս հայտարարել էին, որ կօգնեն հայերին իրականացնելու նրանց ազգային ձգտումները, սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս օգտագործեցին հայերի թափած արյունը իրենց նվաճողական նպատակներին հասնելու համար։ Նրանք ամենևին էլ մտադիր չէին պատերազմի հաղթական ավարտից հետո անկախություն կամ ինքնավարություն տալ Արևմտյան Հայաստանին, ինչպես նաև Թուրքիայի լծի տակ հեծող մյուս ժողովուրդներին։ Այդ մասին են վկայում Անգլիայի ու Ֆրանսիայի, իսկ այնուհետև Ռուսաստանի միջև տեղի ունեցած գաղտնի բանակցություններն Օսմանյան կայսրության և, մասնավորապես, նրա արաբական տարածքնների, Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ետպատերազմյան բաժանման մասին։ Բանակցություններն սկսվեցին 1915 թ. դեկտեմբերին՝ Լոնդոնում։ Անգլիայի ներկայացուցիչն Էր մերձավորարևելյան հարցերի գծով փորձագետ Մայքլ Սայքսը, Ֆրանսիայինը՝ Բեյրութի նախկին գլխավոր հյուպատոս Ժորժ Պիկոն։ Բանակցությունները վեր հանեցին այն խոր հակասությունները, որոնք առկա Էին Անգլիայի ու Ֆրանսիայի միջև՝ արաբական տարածքների բաժանման հարցում։ Երկար սակարկությունից հետո, 1916 թ. փետրվարին կնքվեց մի համաձայնագիր, որով դաշնակիցների կողմից պատերազմը շահելու դեպքում ներքին և հարավային Միջագետքում (Բաղդադի հետ միասին) հաստատվելու Էր անգլիական տիրապետություն, իսկ արևմտյան Սիրիան, Լիբանանը, Կիլիկիան, Այնթափը, Ուրֆան (Ուռհա, Եդեսիա), Մարդինը, Դիարբեքիրը և Հեքյարիի սանջակը հանձնվելու Էին Ֆրանսիային։ Արևելյան Սիրիան ու Մոսուլի վիլայեթը կազմելու Էին Ֆրանսիայի ազդեցության ոլորտը, իսկ Պաղեստինը հանձնվելու Էր դաշնակիցների համատեղ կառավարման[13][14]։

1916 թ. փետրվարին ռուսական Կովկասյան բանակն արագ թափով առաջ շարժվելով, մոտեցավ Միջագետքի ու Սիրիայի սահմաններին։ Երկյուղ կրելով, որ ռուսական զորքերը հեշտությամբ կարող են թափանցել արաբական երկրները, Անգլիան ոլ Ֆրանսիան որոշեցին այդ երկրների բաժանման մասին ընդունած իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի հետ։ 1916 թ. գարնանը Սայքսը և Պիկոն Պետրոգրադում բանակցությունների մեշ մտան ցարական կառավարության ներկայացուցիչների հետ։ Արդյունքն այն եղավ, որ Ռուսաստանը, ստանալով Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների համաձայնությունը պատերազմի հաղթական ավարտից հետո կարող էր կայսրությանը միացնել էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի վիլայեթները, ապրիլի 26-ին իր ստորագրությունը դրեց Սայքս-Պիկոյի պայմանագրի տակ։ Այդ պայմանագրում ոչ մի տեղ «Հայաստան» անունը չէր երևում։ 1916 թ. օգոստոսից անգլո-ֆրանս-ոուսական պայմանագրին միացավ և Իտալիան, որը Թուրքիայի դեմ պատերազմի մեջ էր մտել Անտանտայի պե­տությունների կազմում։ Նախքան այդ պայմանագրին միանալը, բանակցու­թյունների ժամանակ Իտալիան պահանջում էր, որ պատերազմի հաղթական ավարտից հետո իրեն անցնի Փոքրասիական թերակղզու հարավային մասը՝ Կիլիկիայի Ադանա և Մերսին քաղաքներով։ Բայց քանի որ Կիլիկիան անցնելու էր Ֆրանսիային, ապա Անտանտայի պետությունները Իտալիային խոստացան Անատոլիայի հարավարևմտյան մասը՝ Զմյուռնիա, Այդին, Կոնիա և Ադալիա քաղաքներով։ Նշված պայմանագիրը կնքվեց արաբ և հայ ժողովուրդներից գաղտնի. այն լրիվ չեղյալ էր հայտարարում արաբական երկրների, Արևմտյան Հայաս­տանի և Կիլիկիայի անկախության մասին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաս­տանի արած բոլոր հայտարարությունները։ Անտանտայի գաղութարարներին ձեռնտու էր, որ թուրք ջարդարարներն Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան մաքրագործել էին հայերից և դրանով իսկ դյուրացրել «Հայաստանն առանց հայերի»[15] իրար մեջ բաժանելու և ուղղակի իրենց տիրապետություններին կցե­լու խնդիրը։ Չնայած այդ անդրկուլիսյան գործարքներին, Անտանտայի պետությունները շարունակում էին խաբել հայերին, թե կիրականացնեն նրանց ազ­գային ձգտումները։ «Հայանպաստ» պլատոնական ճառերով ու հայտարարու­թյուններով շարունակում էին հանդես գալ ֆրանսիական իմպերիալիստների պարագլուխներ Կլեմանսոն, Բրիանը, անգլիական գաղութակալական քաղա­քականության կենսագործողներ Լլոյդ Ջորջը, Բալֆուրը, Քերզոնը, ռուսա­կան կայսր Նիկոլայ II-ն ու նրա արտաքին գործերի նախարար Սազոնովը և շատ ուրիշներ։ Նրանք բոլորն էլ խոսքով հանդես էին գալիս «ինքնավար Հա­յաստանի» ստեղծման օգտին, հայերի «պաշտպանների» դերում, մինչդեռ իրականում հետամուտ էին միայն իրենց իմպերիալիստական նպատակնե­րին։ Այսպես, Սազոնովը բացեիբաց հայտարարում էր, «Մեր ուղղակի շահն է պաշտպանել հայերին։ Մենք դա անում ենք, իհարկե, ոչ թե ձեր (դիմելով հայերին) գեղեցիկ աչքերի համար, այլ ունենք մեր քաղաքական շահերը»[13][14]։ Մի այլ առիթով նա գրում էր Կովկասի փոխարքա Նիկոլայ Նիկոլաևիչին. «Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ Մեծ Հայաստանի մեջ, որն այժմ նվաճել Է Ռուսաստանը, հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել, իսկ այն պատժիչ միջոցներից հետո, որ թուրքերը գործադրեցին նրանց վերաբերմամբ պատերազմի ժամանակ թվական այս հարաբերությունն Է՛լ ավելի փոխվեց ի վնաս հայերի, որոնք ներկայումս դժվար թե կազմեն բնակչության նույնիսկ մասը»։ Այնուհետև արդարության այդ «պաշտպանը» գրում Էր, որ «այդպիսի պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես այն անարդար հետևանքը կունենա, որ փոքրամասնությունը կստրկացնի մեծամասնություն կազմող տարրը»:! Փոխարքան 1916 թ. հուլիսի իր պատասխանում լիովին համամիտ Էր Սազոնովի հետ, գտնելով, որ Արևմտյան Հայաստանի հարցը լուծված Է հայերի բնաջնջումով։ Հայկական հարցը լուծված Էին համարում նաև Ֆրանսիայի ու Անգլիայի պետական ու դիվանագիտական գործիչները, չնայած շարունակում Էին շա­հարկել այդ խնդիրը։ Արևմտ յան Հայաստանը և Կիլիկիան բաժանելուց hետո Բրիանը երեսպաշտորեն հայտարարում Էր. էթե հնչի արդար հատուցման ժամը, Ֆրանսիան չպիտի մոռանա հայ ժողովրդի ցավագին փորձություննե­րը և, իր դաշնակիցների հետ համախորհուրդ, ձեռք կառնի հարկ եղաձ միջոց­ները՝ ապահովելու համար նրան խաղաղություն և բարգավաճ կյանք»։ Նույն Բրիանը 1916 թ. մարտի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղած նամակում հավաստիացնում Էր. «Ձերդ սրբությունը կարող Է վստահ լինել և հավատացած, որ դաշնակից պետությունների համահաճությամբ այս միև­նույն զգացումներով կձեռնարկե նա հայ ժողովրդին ընձեռելու օրինական հատուցումներ, երբ հանգամանքներն այդ ներելու լինեն»։ Կլեմանսոն հայ­տարարում Էր, թե «Ֆրանսիան շարունակում Է հայ ազգը հաշվել այն ժողովուրդների շարքում, որոնց բախտը դաշնակիցները մտադիր են վճռել մարդ­կայնության և արդարության բարձրագույն կանոններին համեմատ»։ Անգլիայի վարչապետ Ասքվիթը 1916 թ. նոյեմբերին հայտարարում Էր թե իբր Անգլիայի նպատակն Է վերջ տալ թուրքական տիրապետությանը, ստեղծելով հայերի համար «ազատ երկիր»։ Իսկ Լլոյդ Ջորջը հուսադրում Էր հայերին, ասելով թե «Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի մոռանա իր պատասխանատվությունը Ձեր մարտիրոս ցեղի հանդեպ»[14]։

Հայ ազգային կուսակցությունները և տարբեր հասարակական կազմակերպությունները շարունակում Էին կուրորեն հավատալ Ռուսաստանի և Անտանտայի մյուս պետու­թյունների պետական և դիվանագիտական գործիչների հայասիրական կեղծ ճառերին և խոստումներին։ Այսպես, Ազգային պատվիրակությունը, որն ստեղծվել Էր տակավին բալկանյան պատերազմի տարիներին Հայկական հարցը բարձրացնելու նպատակով Պողոս Նուբար փաշայի նախագահությամբ ու Արշակ Չոպանյանի, Վահան Թեքեյանի, Գաբրիել Նորատունկյանի, Միհրան Տամատյանի և ուրիշների անդամակցությամբ, պատերազմի տարիներին բախում Էին Անտանտայի երկրների դռները և աղերսում, որ նրանք Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքից ստեղծեն Հայկական ինքնավարու­թյուն իրենց հովանավորության ներքո։ Պողոս Նուբար փաշան 1915 թ . հուլիսին անգլիական մի քանի գործիչ­ների հետ ունեցած հանդիպումներից ոգևորված գրում Էր. «Մեր դատը Ռու­սիոյ, Ֆրանսիայի և Անգլիոյ համակրութիւնը կվայելէ»։ Պողոս Նուբարը 1916 թ. դեկտեմբերի 14-ին Չորրորդ պետական դու­մայի անդամ Պապաջանյանին հղած իր նամակում գրում Էր» «Ես հանրա­պետության (Ֆրանսիայի—խմբ.) կառավարությունից ստացել եմ պաշտոնա­կան հավաստիներ, թե հաղթանակից հետո մեր ազգային ձգտումներր կստա­նան լիակատար բավարարություն», և վերջում ավելացնում, որ նրան հայտ­նի Է դաշնակիցների միջև կնքված համաձայնագիրը, որով վեց վիլայեթները և Կիլիկիան չեն կազմելու մի ամբողջություն, նրանց մի մասը տրվելու Է Ռուսաստանին է իսկ մյուս մասը (Կիլիկիա)` Ֆրանսիային. «Մենք կարող ենք հուսալ,— եզրակացնում Էր Պողոս Նուբարր,— որ Ֆրանսիայի հովանավորու­թյան տակ տրված տեղական լայն ինքնավարության շնորհումով այնտեղ կի­րագործվեն մեր բաղձանքները})^^։ Առաջին համաշխարհային պատերազմ ի ընթացքում դաշնակիցների արած խոստումնալից հայտարարությունները և հետագայում միջազգային տարբեր կոնֆերանսներում Հայկական հարցի մասին ընդունած մի շարք բանաձևերը ցույց տվեցին, որ մեծ տերությունները երբեք միտք չեն ունեցել իրապես օգնել արևմտահայերին ազատագրվելու թուրքական բռնակալությունից։ Նրանք մշտապես օգտագործում Էին Հայկական հարցը միայն Օսմանյան կայսրության նկատմամբ հեռուն միտող իրենց նվաճողական պլաններն իրա­գործելու նպատակով։ Հայկական հարցի մեջ կատարված այդ խաղը հանգեցրեց ո՛չ թե Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, այլ վերջին հաշվով օգ­նեց թուրքերին՝ բարբարոսաբար բնաջնջելու հայ ժողովրդի արևմտյան հատ­վածը[14]։

Հայերի մասնակցությունը ռուսական պետական զորքերի և կամավորական ջոկատների ստեղծմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ մասնակցում էին դեռևս պատերազմի նախօրյակին՝ 1914թ. հուլիսի 13-ին, Կովկասում սկսված զորահավաքին, ռուսական կառավարության թույլատրած կամավորական շարժման գործընթացին[8]։

Ռուսական կայսրության մեջ բնակվող երկու միլիոն 54 հազար հայերից ցարական բանակ տվեցին մոտ 250 հազար հայ զինվոր, որը կազմում էր արևելահայերի 13%-ը[16][17]։

Ըստ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Ա. Հ. Հարությունյանի՝ ռուսական բանակի Արևմտյան և Կովկասյան ռազմաճակատներում մարտնչել են շուրջ 300 հազար հայ ռազմիկներ[18]։

Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակններում զորակոչված հայ զինվորների թիվը անցնում էր 50 հազարից[16][17]։

Հայ քաղաքական գործիչները ինչպես հայկական գաղթօջախներում, այնպես էլ Անդրկովկասում (Այսրկովկաս, Հարավային Կովկաս) լայնորեն պրոպագանդա էին մղում արևմտահայությանը թուրքական լծից ազատվելու համար օգնել դաշնակից բանակներին նաև կամավորներով[8][14]։

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ։ Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով[8]։

Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության բարձր ակտիվությունը դրսևորվեց ոչ միայն ռուսական բանակին ավելի քան 250 հազար զինվոր տալով, այլև տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանակալից ճակատամարտերում և մարտական գործողությունների ժամանակ հայազգի զինվորականների ցուցաբերած հերոսությամբ, բարձր, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմում ունեցած հայերի բարձր տեսակարար կշռով[8]։

Ստեղծվել էր այսպես կոչված «Ռազմական խորհուրդ», որը հավաքագրում էր կամավորներին, կազմում ջոկատներ և ապահովում զենքով։ Այն իր ներկայացուցչներն ուներ Ռուսական կայսրության գրեթե բոլոր հայաբնակ վայրերում։ Կամավորական զորագնդեր կազմակերպելու գործին հիմնական նյութական օգնությունը տրվում էր ցարական կառավարության կողմից։ Սակայն հայերը ևս միջոցներ էին տրամադրում. միայն 1915 թվականին հանգանակած գումարը կազմում էր 1.444.000 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար) ռուբլի, որի 1.020.000 (մեկ միլիոն քսան հազար) ռուբլին հավաքել էին Ռուսական կայսրությունում բնակվող հայերը[14]։

Արևելյան Հայաստանից բանակ զորակոչվեց մոտ 120 հազար մարդ։ Եթե ռուսական կայսրությունում զորակոչվածները կազմում էին այդ երկրի ամբողջ բնակչության 8 տոկոսը, ապա Արևելյան Հայաստանում՝ 10 տոկոսը”[14][19]։

Բանակի կարիքների համար ձիերի և բանող այլ անասունների (գրաստ) հավաքագրման հետևանքով դրանց թիվը կրճատվեց ինչպես ամբողջ երկրամասում, այնպես էլ Արևելյան Հայաստանում։ Պատերազմի առաջին երկու տարվա ընթացքում ձիերի և ավանակների քանակը միայն Երևանի նահանգում պակասեց ավելի քան 18 հազար գլխով[14][20]։

Ռուսական բանակի բարձրաստիճան հայ զինվորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռուսաստանի բանակում ծառայող գեներալների և սպաների վերաբերյալ նյութերի, որոնք պահվում են Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվում և Ռուսաստանի պետական գրադարանի ռազմական բաժնում (ք. Մոսկվա), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերից՝

գեներալ-մայոր Յակով (Հակոբ) Գերասիմի Բագրատունին՝ Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետը (1917թ.):

Հայազգի զինվորականներից շատերը եղել են կորպուսի, դիվիզիայի, զորաջոկատի, բրիգադի, գնդի հրամանատարներ։

գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը՝ Երևանյան զորաջոկատի և նահանգի զորքերի պետը (1915-1917թթ.):

Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից`

  • մեկը՝ ինֆանտերիայի գեներալ Պետրոս Օհանյան,
  • մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով),
  • մեկը՝ հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով),
  • հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև, իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով),
  • քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով, Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև, Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև, Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով, Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ, Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև)։

Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին։

Եվրոպական ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էին 81-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ Լևոն Ֆադեի Տիգրանովը, գեներալներ Անդրեյ Ադամի Աթաբեկովը, Գեորգի Ալեքսանդրի Թումանովը։ Վերջինս 13-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից առաջ քաշվեց և նշանակվեց 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար, ստացավ հեծելազորի գեներալի աստիճան։ Աթաբեկովը նշանակվեց Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետ։

Հյուսիսային և հարավարևմտյան ճակատներում 1914թ. սեպտեմբերից մինչև 1915թ. մայիս Վիսլա, Պիլիցա, Ռադոմկե գետերի և Իվանգորոդ, Լոձ, Դրոգոբիչ, Պերեմիշլ, Ֆրեդրոպոլ, Բրեստ քաղաքների շրջանում մղված թեժ մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար Լևոն Տիգրանովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրով և ժապավենով, Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրով և ժապավենով շքանշաններով, թանկարժեք զենքով և շնորհակալագրերով։

Եվրոպական ճակատում 1915-1916թթ. ծավալված ռազմական գործողությունների ակտիվ մասնակցություն ունեցան փոխգնդապետներ Կոստանտին Դոլուխանովը, Քրիստափոր Գերասիմի Արարատովը, Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը, գեներալ-լեյտենանտ Արտեմի Վարտանովը, 46-րդ հրետանային բրիգադի հրամանատար Գեորգի Ավետիքի Պոզոևը, 78-րդ հրետանային բրիգադի շտաբս-կապիտան Նիկոլայ Սողոմոնի Աբամելիքովը, 3-րդ գրենադերական հրետանային բրիգադի պրապորշչիկ Նիկոլայ Իհանովը, փոխգնդապետ Կոստանտին Գերասիմի Յուզբաշևը (Յուզբաշյան), 52-րդ հրետանային բրիգադի կապիտան Բոգդասար Բոգդասարովը, 19-րդ հրետբրիգադի կապիտան Գեորգի Բաբաջանովը, Սիբիրյան 1-ին ծանր հրետանային բրիգադի պարուչիկ Գալուստ Արտեմի Մելիք-Հարությունյանը։

Եվրոպական ճակատում 1915թ. սկզբին մղված մարտերում արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար Կոստանտին Դոլուխանովն ստացավ գնդապետի աստիճան, իսկ Ժասլիկ-Վալիգրոդ հատվածում բռնկված մարտերում ցուցաբերած քաջության համար պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար պրապորշչիկ Նիկոլայ Օհանովը պարգևատրվեց Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ «Արիության համար» մակագրությամբ, պորուչիկ Դենիս Գեորգիի Պոզոևը՝ Սբ. Ստանիսլավի 3-րդ և Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով։ 1916թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 19-ը Մենարժե, Մալի, Պլոցկ և Վախ բնակավայրերի մոտ թեժ մարտերի ժամանակ ցուցաբերած սխրագործությունների համար Ք. Արարատովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ սրով և ժապավենով։ Խոլմյան և Գրոդնենսկի նահանգներում ու Նարոչյան օպերացիայի ժամանակ իրենց քաջությամբ և սխրագործություններով աչքի ընկած հայ սպաներից էին նաև գեներալ-մայոր Գեորգի Պոզոևը, պրապորշչիկ Արշակ Քոսյանը։ Վերջինս Նարոչյան օպերացիային ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով։ Գեորգի Պոզոևը 1916թ. Կարչևա գյուղի տարածքում տեղի ունեցած թեժ մարտերում ցուցաբերած քաջության և զորավարական տաղանդի դրսևորման համար պարգևատրվեց սրով և ժապավենով՝ ի հավելումն վաղօրոք ստացած Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանի[8]։

Կովկասյան ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան ճակատում պատերազմն սկսվեց 1914թ. հոկտեմբերի 31-ին։ Ռուսական զորքերի առաջին օրերի գործողությունների մասին նոյեմբերի 2-ին և 3-ին զեկուցվեց Նիկոլայ II-ին։ Այս ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էր Երևանյան հեծյալ ջոկատի շտաբի պետ Գավրիիլ Կորգանովը (Ղորղանյան), որը 1914թ. դեկտեմբերի 6-ին նշանակվեց 39-րդ դիվիզիայի շտաբի պետ։ Այդ դիվիզիայի 154-րդ գնդի զինվորները դեկտեմբերի 22-ին Սարիղամիշյան ռազմական գործողության հենց սկզբում Ղզըլ-Քիլիսայի շրջանում գերի վերցրին թուրքական 9-րդ կորպուսի հրամանատարին, 106 սպա և շատ ռազմավար։ Նկատենք, որ այդ գնդի սպաների մեկ երրորդից ավելին հայեր էին։ Դեկտեմբերյան մարտերի համար Գավրիիլ Ղորղանյանը պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով և Սբ. Աննայի շքանշանով՝ սրով և ժապավենով։ Գավրիիլ Ղորղանյանն առաջ քաշվեց Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ։

Հայտնի են Սարիղամիշյան, Ալաշկերտյան, Տրապիզոնի, Համադանի, Դիլմանի, Վանի և այլ գործողությունների ու ճակատամարտերի ակտիվ մասնակից շատ հայ սպաների անուններ։ Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն իր հաղթանակով աչքի ընկավ Դիլմանի ճակատամարտում, այստեղ սխրանքներ գործեց և Անդրանիկը։ Նազարբեկյանը նշանակվեց Մուշ-Բիթլիսյան, ապա՝ Կարամուջյան զորաջոկատի պետ։ Մովսես Սիլիկյանը 8-րդ գնդի հրամանատարն էր, 1915-1916թթ.՝ Վանի ռուսական զորաջոկատի պետը։ Հովհաննես Հախվերդյանը Տրապիզոնում տեղաբաշխված 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետն էր, գեներալ-մայորի աստիճան ստանալուց հետո՝ Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը։ Գնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր) Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ Կովկասյան 22-րդ հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Յուզբաշյան 201-րդ Նոտիյան հետևակային գնդի հրամանատարի տեղակալն էր, գնդապետ Լ. Չարուխչյանը 17-րդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարի տեղակալը։ Գնդապետ Ռուբեն Պոզոևը իր սխրագործություններով աչքի ընկավ Սարիղամիշյան գործողության ժամանակ, պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով՝ սրով, առաջ քաշվեց և նշանակվեց 6-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Կովկասյան ճակատում 1916-1918 թթ. ծավալված ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան Կովկասյան 1-ին առանձնացված հրետանային դիվիզիոնի կապիտան Իոսիֆ Ֆադեյի Տիգրանովը, 44-րդ հրետանային բրիգադի կապիտան Վալենտին Մխիթարի Դեմիրտաշևը, 21-րդ հրետանային բրիգադի փոխգնդապետ Քրիստափոր Գերասիմի Արարատովը, 19-րդ հրետանային բրիգադի գնդապետ Կոստանտին Բեգլարի Դոլուխանովը, կազակային պարտիզանական զորաջոկատի Կուբանյան հարյուրյակի շարքայիններ Լևոն Կասպարովը, Գրիգոր Ավանեսյանցը, Խաչատուր Քալամենյանցը, Իվան Առաքելովը։ Վերջիններս առաջինն էին Կովկասյան ռուսական բանակի կազակային զորամասերի հայ կամավորներից, որ արժանացան Սբ. Գեորգիի շքանշանին՝ «Թուրքերի դեմ մարտերում ցուցաբերած անձնազոհության և սխրագործ աշխատանքի համար»։ Մարտական գործողություններին Քյուրդամիրի ուղղությունում, Բաքվի, Դերբենդի և Պետրովսկի (ներկայումս՝ Մախաչկալա) շրջաններում «Թուրքական զորքերի դեմ ինքնազոհ աշխատանքի և սխրագործությունների համար» Գեորգիևյան խաչի 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվեցին նույն զորաջոկատի 1-ին Սահմանապահ հարյուրյակի ավագ ունտերսպա Մանուկ Խաղդաջևը, եֆրեյտորներ Արշակ Հարությունովը և Արզուման Մանուչարովը։ 1918թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին ծանր մարտերում կատարած սխրանքների համար Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի հրամանով Գեորգիևյան խաչի 4-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էին Զապարոժյան հարյուրյակի շարքայիններ Արշակ Աղաբեկովը, Մկրտիչ Մելքումովը, Բոգդան Ավագովը, զինվորներ Եղիշ Կասպարովը, Ստեփան Հարությունովը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ[8]։

Հայերի տեսակարար կշիռը Կովկասյան ճակատի զորքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ։ 1917թ. սկզբի դրությամբ՝

  • ռուսները կազմում էին Կովկասյան բանակի անձնակազմի 42 %,
  • ուկրաինացիները՝ 30 %,
  • հայերը՝ 10 %,
  • վրացիները՝ 8 %,
  • գերմանացիները՝ 4 %,
  • լեհերը՝ 1,5 %-ը։
  • Մնացած մասը (4,5 %) կազմում էին բելառուսները, թաթարները, հրեաները և լատիշները։

Նույնպիսին էր նաև բանակի սպայական կազմի պատկերը։

  • Ռուսները կազմում էին սպաների 60 %-ը,
  • ուկրաինացիները՝ 10 %,
  • հայերը՝ 8-9 %,
  • ապա հետևում էին մնացածները (21,5 %)` վրացիները, լեհերը և այլ ազգությունների ներկայացուցիչներ[8]։

Հայկական կամավորական զորամասերը Կովկասյան ճակատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի կայսրության պետական զորքերում կռվող հայկական վերոհիշյալ 300-հազարանոց զինվորական և սպայական հսկայական զանգվածից (հայ 29 գեներալների գլխավորությամբ), հայերը I Աշխարհամարտի մարտադաշտ հանեցին նաև կամավորական լրացուցիչ ուժեր։

1914թ. հուլիսի 23-ին ցարական կառավարությունն օրենք է հրապարակում ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին։ Սեպտեմբերին սկսվեց հայ կամավորական ջոկատների կազմումը։ Սկզբում կազմվեց 4 ջոկատ, հետագայում ևս չորսը։ Ջոկատների հրամանատարներ դարձան հայ ազատագրական պայքարի առավել աչքի ընկած ֆիդայիները[21]։

Արդյունքում հետագա տարիներին՝ 1914—1916 թթ. Հայկական Ազգային բյուրոյի (Թիֆլիս) նախաձեռնությամբ և ռուսական կառավարության թույլտվությամբ կազմակերպվեցին հայկական կամավորական ջոկատներ, որոնց շարքերում ընդգրկված Էին շուրջ 9000 հայ մարտիկներ[22]։ որոնք զգալի օժանդակություն ցույց տվեցին ռուսական զորքերին Արևմտյան Հայաստանի ազատագրման և թուրքական կոտորածներից հայ բնակչության մի մասի փրկության գործում[23]։

Հայկական կամավորական ջոկատների նկատմամբ ցարական և դեմոկրատական Ռուսաստանի քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թ. ամռանր ցարական կառավարությունը ցրեց հայկական կամավորական ջոկատները և նրանց հիման վրա կազմավորեց 5 հրաձգային գումարտակ, որոնք մտցվեցին ռուսական կանոնավոր բանակի կազմի մեջ։ 1917 թ. նոյեմբերին կազմավորվեց Կովկասյան ռազմաճակատի Հայկական կորպուսը, որն իր շարքերում ուներ շուրջ 20.000 մարդ[23][24], կորպուսի հ ր ա մ ան ա տ ա ր նշանակվեց գեներալ֊լեյտենանտ Թ. Հ. Նազարբեկովը[23]։

Ռուսական հրամանատարությունը և Հայկական Ազգային Բյուրոն սկզբնապես ծրագրել էին կազմավորել չորս կամավորական խմբեր[1]։

Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում։ Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին։ Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի[8]։

Խմբերը, սակայն չմիավորվեցին մեկ զորամասում[1]։

Հավանական է, ցարական կառավարությունը չէր վստահում հայերին և խուսափում էր նրանց ջոկատները խոշոր ռազմական ուժի մեջ միավորելուց։ Խմբերը գործում էին ռուսական տարբեր զորամիավորումներում և ռազմաճակատի տարբեր հատվածներում[1]։ Կամավորները գլխավորապես օգտագործվում էին հետախուզության համար[1]։

Խմբերը չկազմակերպվեցին կանոնավոր բանակային ստորաբաժանումների սկզբունքով[1]։ Ուստի նրանց կառուցվածքը համապատասխանեցվեց իրավիճակին[1]։ Ի դեպ, խմբերում հեծելազորը առանձնացված էր, որպես առանձին մարտավարական ստորաբաժանում[6]։

  • Հայկական կամավորական ջոկատները Կովկասյան ռազմաճակատում
Ջոկատ Հրամանատար Ուղղություն
1-ին ջոկատ Անդրանիկ (Անդրանիկ Թորոսի Օզանյան) Խոյ-Դիլման-Վան
2-րդ ջոկատ Դրո (Դրաստամատ Մարտիրոսի Կանայան) Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան
3-րդ ջոկատ Համազասպ (Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ
4-րդ ջոկատ Քեռի (Արշակ Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում
5-րդ ջոկատ Վարդան (Սարգիս Մեհրաբյան) Քանաքեռ-Բերկրի-Վան
6-րդ ջոկատ Գրիգոր Աֆշարյան (1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում
7-րդ ջոկատ Իշխան (Հովսեփ Արղության) հանդիսանում էր ջոկատների պահեստային ուժը. հետագայում 7-րդ ջոկատն անցավ հյուսիսային Իրան և աչքի ընկավ հատկապես Ռևանդուզի ճակատամարտում
8-րդ ջոկատ չի կռվել
«Արարատյան զորախումբ» (ստեղծվեց 1915թ. ապրիլին` 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատների միավորումից) Վարդան (Սարգիս Մեհրաբյան) 1915թ. մայիսի 6-ին առաջինը մտավ Վան՝ փրկելով մեկ ամիս շարունակ թուրք ջարդարարներին դիմադրող Վանի ժողովրդին
Հայկական 1-ին կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կամավորական ջոկատի հրամանատարը՝ Անդրանիկ Օզանյանը

Նախատըեսված էր, որ Առաջին խմբի մարտիկների թվաքանակը լինելու էր 1.200, իսկ մնացածներում՝ 400-ական[1]։ և, իրոք, կազմավորվելուց և մարտադաշտ մեկնելուց հետո Առաջին խմբում կամավորների թիվը 1.200 էր[1]։

Հայկական 1-ին կամավորական ջոկատը (հրամանատար Անդրանիկ), որը կազմավորվել էր 1914թ. հոկտեմբերի 23-ին, Սալմաստում, գեներալ Չերնոզուբովի զորաջոկատի կազմում գործում էր Սալմաստ-Վան ուղղությամբ։ Ջոկատի 1200-անոց անձնակազմի մեծ մասը արևմտահայեր էին։ Ջոկատը աչքի ընկավ հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915թ. ապրիլ), այնուհետև կամավորները ակտիվորեն մասնակցեցին Վանի ազատագրմանը և Բիթլիսի գրավմանը[8][9]։

Առաջին խումբը կազմված էր վաշտերից՝ յուրաքանչյուրում՝ 238 մարտիկ[1]։

Խմբի հրամանատար Անդրանիկի օգնականները կամ տեղակալներն էին Սեպուհը և Սմբատը[1]։ Խմբի բժիշկն էր Հ. Զավրիյանը[1]։ Շտաբի պետն էր Ա.Ջամալյանը[1]։

Հայկական 2-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը

Կամավորական խմբերում, բացի Առաջինից, պետք է լինեին 400-ական մարտիկներ։ Սակայն իրականում դրանց թիվը տարբեր եղավ՝ տարբեր պատճառներով։ Երկրորդ խմբի անձնակազմի թիվն էր 382[6]։ Այն կազմավորվեց Իգդիրում՝ Դրոյի հրամանատարությամբ[1]։ Դրոյի օգնականն էր Խեչոն, շտաբի պետը՝ Արմեն Գարոն։ Քաղաքական մասի կառավարիչն էր Ա.Տիգրանյանը[1]։

Հայկական 2-րդ կամավորական ջոկատը 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին գեներալ Նիկոլաևի Բայազետյան ռուսական զորաջոկատի կազմում մասնակցեց Վանի գրավմանը, Վանի հարավարևելյան շրջանների՝ Աղթամարի, Մոկսի, Շատախի, Ազատակերտի, Ջեյվայի, Արճեշի և այլ հայկական բնակավայրերի և գյուղերի ազատագրմանը, Մուշի և Բիթլիսի գրավմանը[8]։ Երկրորդ խումբը կազմված էր հիսնյակներից[1]։

Հայկական 3-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ խմբում անձնակազմի թիվն էր 430[1]։ Այն տեղակայվում է Կաղզվանում[1]։ Հրամանատարն էր Համազասպը, օգնականը՝ Վ.Վալադյանը[1]։

Հայկական 3-րդ կամավորական ջոկատը ռուսական Կարադերբետյան զորաջոկատի կազմում մասնակցեց Սարիղամիշի գործողությանը, այնուհետև Վանի, Մուշի և Բիթլիսի ազատագրման համար կռիվներին[8]։ Երրորդ խումբը ևս կազմված էր հիսնյակներից[1]։

Հայկական 4-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ, չորրորդ, հինգերորդ կամավորական ջոկատների հրամանատարները՝ Համազասպ (կանգնած), Վարդան (առաջին պլանում նստած), Քեռի:

Չորրորդ խմբում անձնակազմի թիվն էր 470[1]։ Խումբը կազմավորվում է Սարիղամիշում[1]։ Հրամանատարն էր Քեռին՝ Արշակ Գավաֆյանը[1]։ Օգնականն էր Մ.Արզումանյանը[1]։ Թե՛ չորրորդ, թե՛ երրորդ խմբերի քաղաքական մասի վարիչը Ն.Աղբալյանն էր[1]։

Սարիղամիշից մինչև Ռևանդուզ (Իրան) ձգվեց հայկական 4-րդ կամավորական ջոկատի մարտական ուղին։ 1914-1916թթ. ջոկատը հայկական 2-րդ և 3-րդ ջոկատների հետ միասին մասնակցեց Վանի, Մուշի, Բիթլիսի համար մղված ծանր մարտերին և նրանց գրավմանը։ Հայկական 4-րդ կամավորական ջոկատը 1916թ. հունվար-հունիս ամիսներին ռուսական բանակի Սուլդուլի զորաջոկատի կազմում մասնակցեց Ռևանդուզի (Իրան) գրավման մարտերին, որոնց ընթացքում մայիս 30-ին գրոհներից մեկի ժամանակ թշնամու գնդակից հերոսաբար զոհվեց ջոկատի հրամանատար, ժողովրդական հերոս Քեռին[8]։

Չորրորդ խումբը կազմված էր հարյուրյակներից[1]։

Հայկական 5-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սկզբում նախատեսված էր միայն չորս խմբի ստեղծում, սակայն հետագայում ստեղծվեց նաև 5-րդը՝ Վարդանի (Սարգիս Մեհրաբյանի) գլխավորությամբ[6]։ 1914-ի դեկտեմբերին այն պատրաստ էր ռազմաճակատ մեկնելու, սակայն զենք չլինելու պատճառով այն որոշ ժամանակ դեռևս մնաց թիկունքում[1]։

Հայկական 5-րդ կամավորական ջոկատը (հրամանատար Վարդան) կազմավորվեց Երևանում։ Նրա ձևավորման աշխատանքներն սկսվել էին դեռևս 1914թ. դեկտեմբերից, սակայն Կովկասյան բանակի զինապահեստներում հրացաններ չլինելու պատճառով ջոկատը չկարողացավ մասնակցել պատերազմի առաջին շրջանի մարտական գործողություններին[8]։

Հայկական 6-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեցերորդ կամավորական ջոկատի 2-րդ հարյուրյակի 3-րդ հիսնյակը:

1914 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Կարսում կազմակերպվում են կամավորական խմբեր՝ սպա Գեղամյանի և հնչակյան կուսակցության անդամ Հարություն Գասպարյանի գլխավորությամբ[1]։ Թվով 15 մարտիկներ՝ Հ.Գասպարյանի գլխավորությամբ մարտական գործողություններին մասնակցեցին Օլթիի շրջանում[1]։ 1915 հունվարի 20-23 խումբը ծանր մարտեր է մղել[1]։ Սակայն նշված երկու խմբերը լուծարվում են[1]։ Ռուսական բանակի սպա Ա.Ջանփոլադյանին հանձնարարվում է այս խմբերից կազմել նոր ստորաբաժանում[1]։ Նրա խմբին են միանում Պանդուխտի (Միքայել Սեֆերյանի) գլխավորած 350 մարտիկները[1]։ Այսպես կազմավորվում է հնչկայկան Վեցերորդ կամավորական խումբը[1]։

Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում։ Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը։ Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ։ Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը[8]։

Հայկական 7-րդ կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական 7-րդ հայկական ջոկատը (հրամանատար՝ իշխան Հ. Արղության) կազմավորվեց 1915թ. աշնանը Երևանում և հանդիսանում էր ջոկատների պահեստային ուժը։ Հետագայում այդ ջոկատն անցավ հյուսիսային Իրան և աչքի ընկավ հատկապես Ռևանդուզի ճակատամարտում[8]։

Հայկական կամավորական 8-րդ ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել էր նաև 8-րդ ջոկատը, որը սակայն մարտական գործողություններին չի մասնակցել[25]։

Հայկական կամավորական ջոկատների պահեստազոր և սպայական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան բանակի հրամանատարությունը թույլատրեց հայկական կամավորական ստորաբաժանումների պահեստազորը տեղակայել Քանաքեռում[1]։ Այնտեղ հիմնվեց նաև սպայական դպրոց, որտեղ դասավանդում էին Չորրորդ բանակային կորպուսի սպաները[1]։

Հայկական հատուկ հետախուզական ստորաբաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերը նշված 7 խմբերից՝ Չորրորդ բանակային կորպուսին կից կազմակերպվում է նաև հատուկ հետախուզական ստորաբաժանում[1]։ Հայ հետախույզներն ուղարկվում էին Օսմանյան կայսրության խորքերը՝ ընդհուպ մինչև Կոստանդնուպոլիս[1]։

Մարտերում աչքի ընկած հայ զինվորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտերում ցուցաբերած խիզախության և քաջության համար հայ կամավորներից շատերը պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, այդ թվում նաև Գեորգիևյան խաչով։ Այսպես, օրինակ՝ միայն 2-րդ կամավորական ջոկատի անձնակազմից (հրամանատար` Դրո) 1914թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1916թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեորգիևյան խաչով պարգևատրվեց 76 կամավորական (որից երկուսն առաջին աստիճանի), 138 մարդ պարգևատրվեց մեդալներով։ Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար Գեորգիևյան խաչի 2-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվեցին նաև «Արարատյան զորաջոկատի» կազմի մեջ մտնող (2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատներ) տասնյակ կամավորներ։ 1914-1916 թթ. Վանի, Բիթլիսի, Մուշի համար մղված մարտերում ցուցաբերած քաջության և հերոսության համար Գեորգիևյան խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էր հայկական 2-րդ կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ պորուչիկ Գարեգին Նժդեհը։ Ռազմի դաշտում զոհվեցին ավելի քան 700 կամավորականներ[8]։

Հայկական կամավորական զորքերի կազմացրումը և ջոկատների վերածումը ռուսական բանակի հրաձգային գումարտակների[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան էլ ռուսական առանձին զորամասերում բարձր էին գնահատում կամավորների քաջագործությունները, այնուամենայնիվ ցարական կառավարությունն անհավասարությամբ էր վերաբերվում Կովկասյան ռազմաճակատում գործող հայկական կամավորական ջոկատներին, երկյուղելով որ դրանք կարող են դառնալ հայկական բանակի հիմք։ Այդ պատճառով էլ 1915 թվականի վերջին որոշեցին վերակազմավորման անվան տակ ցրել հայկական զորաջոկատները և նրանց տեղափոխել ռուսական զորամասերում գործող հրաձգային գումարտակները[9]։

Այսպիսով, 1915թ. դեկտեմբերին ցարական հրամանատարությունը ցրեց կամավորական ջոկատները՝ ստեղծելով հրաձգային գումարտակներ ռուսական զորամասերի կազմում[26]։

1916 թվականի ամռանը ցարական հրամանատարությունը կամավորական ջոկատներից կազմվեց 5 գումարտակ։ Դրանցից մեկը միացվեց գեներալ Դե-Վիտտեի զորամիավորմանը, իսկ մնացած 4-ը` գեներալ Չերնոզուբովի Կովկասյան հեծելազորային կորպուսին[9]։

Ցարական հրամանատարության վարած քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջացրեց կամավորականների շարքում և արդյունքում նրանցից շատերը լքեցին ռազմաճակատը[9]։

1915թ. դեկտեմբերից 1916թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում կազմացրված հայ կամավորական ջոկատների հիմքի վրա հետագայում կազմավորվեցին հայկական վեց հրաձգային գումարտակներ, որոնցում 1917թ. հունվարի 1-ի դրությամբ ծառայում էր 5179 մարդ, որից 174-ը՝ սպա[8]։

Հայկական հրաձգային գումարտակների կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հրաձգային գումարտակներից յուրաքանչյուրն ուներ հետևյալ կազմը.

Ստորաբաժանում Զենք համազգեստ և ուսադիրներ
հեծյալ ստորաբաժանում, 100 հոգի համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
գումակային ծառայություն համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
գրասենյակային ծառայություն համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
սանիտարական ծառայություն համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
խոհանոցային ծառայություն համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
շարքային կազմ, 750 հոգի 3 գծանի հրացաններ համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
ոչ շարային կազմ, 250 հոգի «Մանլիխեր» տիպի զենք համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)
Ամբողջ անձնակազմ, 1.000 հոգի 3 գծանի հրացաններ` 750 հոգի, «Մանլիխեր» տիպի զենք՝ 250 հոգի համազգեստը՝ միասնական, ուսադիրները կանաչ գույնի (ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1)

Անձնակազմը – 1000 հոգի, որից 750-ը շարքային կազմը, զինված 3 գծանի հրացաններով և 250 հոգի՝ ոչ շարային կազմը՝ զինված «Մանլիխեր» տիպի զենքով։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ 100 հոգուց բաղկացած հեծյալ ստորաբաժանում` հետախուզության ու կապի համար, գումակային, գրասենյակային, սանիտարական և խոհանոցային ծառայություն։ Համազգեստը միասնական էր, ուսադիրները կանաչ գույնի ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… АД-1[26]:

Հայկական 1-ին հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական 1-ին գումարտակը 39-րդ դիվիզիայի կազմում մեծ սխրանքներ գործեց Քիլքիթի և Երզնկայի շրջանում 1916թ. հունիսի 25-ից 27-ը տևած կատաղի մարտերում։ Շտաբային զեկուցագրում ասված է. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրամայվեց գրոհել թուրքական անառիկ դիրքերի դեմ։ Հայկական 1-ին գումարտակն արագորեն կատարեց հանձնարարված առաջադրանքը, առաջանալով լեռնաշղթայի վրայով և միանալով հարևան զորամասերին՝ տիրեց Բալինթափակ գյուղի մոտ գտնվող 2300, 2350 և 2660 բարձունքներին։ Դրանից հետո թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ հեծելազորի պաշտպանությամբ սկսեցին նահանջել։ «Այս առաջին ճակատամարտի ժամանակ իր կազմավորումը նոր ավարտած գումարտակը դրսևորեց բարձր մարտական ոգի, հիանալի կարգապահություն և անդրդվելի տոկունություն։ Կորցնել ամբողջ անձնակազմի կեսից ավելին (55 տոկոսը) ու նորից գործը գլուխ բերել՝ հաճախ վեր է մինչև իսկ հին ու փորձված զորամասերի ուժերից»։ Հուլիսի 11-ին 39-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերի հետ հայկական 1-ին գումարտակը ծանր մարտերից հետո առաջիններից էր, որ մտավ և գրավեց Երզնկան[8]։

Հայկական 2-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական 3-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաճակատի պարսկական հատվածում լավագույնս դրսևորեց հայկական 3-րդ հրաձգային գումարտակը՝ գնդապետ Արտեմ Տեր-Նիկողոսյանի հրամանատարությամբ։ Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը գումարտակն անընդհատ արշավանքների, կռիվների ու ընդհարումների մեջ էր։ Օգոստոսի 2-ից 8-ը տեղի ունեցած մարտերում տալով 140 սպանված, 20 վիրավոր և անհետ կորած՝ գումարտակն արյունահեղ կռիվներից հետո թուրքերից ազատագրեց Քեմիշլու, Դուրու և Սիակով գյուղերը[8]։

Հայկական 4-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական ռազմաբեմում իրենց փայլուն դրսևորեցին 4-րդ և 6-րդ հայկական հրաձգային գումարտակները, որոնք մեծ սխրանքներ գործեցին հյուսիսային Իրանում և Իրանական Քրդստանում տեղի ունեցած մարտական գործողություններում։

Հուլիսի 31-ի լուսաբացին հայկական 4-րդ գումարտակը, ռուսական զորամասերի հետ թեժ մարտերում տիրելով շրջակա բարձունքներին, գրավեց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ Սագիզը։ Այդ հաղթանակի կապակցությամբ Սագիզի զորաջոկատի պետ, գեներալ Կուլեբյակինը փոխգնդապետ Հովսեփյանին հղել է հեռագիր, որում ասված էր. «Շնորհավորում եմ գումարտակին առաջին հաղթանակով և մարտական մկրտությամբ։ Շնորհակալություն մարտական փայլուն աշխատանքի համար։ Այսօր անձամբ եղա Ձեր գրաված անառիկ դիրքերում և տեղում գնահատեցի հաղթահարած հայ հրաձիգների ջանքն ու սխրագործությունը»։

Հայկական գումարտակի սխրագործությունը, անձնվիրությունը բարձր գնահատեց կորպուսի հրամանատար, գեներալ Չերնոզուբովը։

1917թ. հունիսի 18-ին 4-րդ գումարտակը հայկական 6-րդ հրաձգային գումարտակի հետ միասին գրավեց նաև ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող Փենջվինը։ Փենջվինի շրջանում հայկական 4-րդ գումարտակի մղած մարտական գործողությունների և անձնակազմի ցուցաբերած տոկունության ու սխրագործության մասին նրա հրամանատարը գրում է. «Կոշիկները, համազգեստները, սպիտակեղենը և զինամթերքը ամբողջովին մաշվել էին։ Բոլորը մերկ էին, կիսաքաղց։ Տրոպիկական շոգին մերկ մարմինները թաքցնելու համար կրում էին ձմեռային վերնաշապիկներ, հաճախ էլ՝ հագնում շինելներ։ Հրաձիգները հյուծվել էին մարտական ծանր առաջադրանքների կատարումից։ Չնայած այդ ամենին, տարած հաղթանակներից նրանց ոգին բարձր էր, և մարտիկները անտրտունջ կատարում էին իրենց պարտքը՝ քաջ գիտակցելով, որ անհրաժեշտ է վերջնականապես հաղթել դարավոր թշնամուն»[8]։

Հայկական 5-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողություններում իրեն լավագույնս դրսևորեց նաև հայկական 5-րդ հրաձգային գումարտակը՝ գնդապետ Պավել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, որը կազմված էր հիմնականում ղարաբաղցիներից։ Գումարտակը 1916թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի վերջը անընդհատ արշավանքների, կռիվների և ընդհարումների մեջ էր։ Օգոստոսի սկզբին գումարտակը Կովկասյան 7-րդ կորպուսի կազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Պարսկաստանի Դրիթկա-Ռայաթ գյուղի և Ասխաբա լեռան մոտ 1916թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած նշանավոր ճակատամարտում, որտեղ ռուսական զորքերը գլխովին ջախջախեցին թուրքական լավագույն 4-րդ (Դարդանելյան) դիվիզիան։ Այդ ճակատամարտում, բացի մեծ ռազմական պաշարից, ռուսական զորքերին գերի հանձնվեց 2000 թուրք զինվոր և 60 սպա։ Միայն օգոստոսյան մարտերի համար մարտական պարգևների ներկայացվեց գումարտակի ամբողջ սպայական կազմը, իսկ քիչ անց ևս 50 տոկոսը։ Գումարտակի շատ հայ զինվորներ պարգևատրվեցին Գեորգիևյան խաչերով ու մեդալներով։

1916 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 5-րդ գումարտակը գեներալ Կուլեբյակինի գլխավորած Սոուջ-Բուլադի զորաջոկատի կազմում հայկական 4-րդ և 6-րդ գումարտակների հետ գրավեց Բանե քաղաքը։

1916 թ. դեկտեմբերի 13-ից մինչև 15-ը տևած կռիվներում գումարտակը մյուս զորամասերի հետ միասին գրավեց Վանի շրջանի Աթաման գյուղը և Ոստանի ուժեղ ամրացված թուրքական դիրքերը։ Գեներալ Գ.Ղորղանյանի վկայությամբ զորասյան ռազմական գործողությունների և մարտերի ծանրությունը գրեթե ամբողջովին ընկել էր հայ հրաձիգների վրա, նրանց գործողությունները «ապացուցում են մարտիկների բարձր ռազմական ոգին, կուռ կարգապահությունը և իրենց վրա դրված պարտքի կատարյալ գիտակցությունը»[8]։

Հայկական 6-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական 6-րդ հրաձգային գումարտակը փոխգնդապետ Միքայել Մելիք-Մուրադյանի գլխավորությամբ 1916թ. օգոստոսի 6-ից 10-ը մեծ սխրանքներ գործեց Սագիզի շրջանում տեղի ունեցած կատաղի մարտերում, նախքան այդ նաև Փենջվինի շրջանում՝ հունիսի 15-ից 17-ը տևած արյունահեղ ճակատամարտում գումարտակը գրավեց Բիստանը և նրա անառիկ համատեղ դիրքերը[8]։

Հայկական հրաձգային գումարտակների աչքի ընկած զինվորականները և զոհերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն 1917թ. հունիսի 15-ից 17-ը տևած Բիստանի (Իրան) ճակատամարտին մասնակցելու համար Գեորգիևյան խաչի և այլ բարձր պարգևների է ներկայացվել ավելի քան 68 հայ հրաձիգ։ Քիչ չէր զոհերի թիվը։ Զոհված հայ սպաների մեջ էին 4-րդ գումարտակի պրապորշչիկ Հովհաննես Խաչիյանը, գումարտակի հրամանատար Սուրեն Բազյանը և շատ ուրիշներ[8]։

Հայկական հրաձգային զորագնդերի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունից հետո, ռուսական բանակում տարվող ազգայնացման քաղաքականության և ազգային զորամասերի կազմավորման արդյունքում հայկական կանոնավոր գումարտակներն ընդարձակվեցին և նրանց հիմքի վրա կազմակերպվեցին հայկական վեց հրաձգային գնդեր, որոնք մտան գործող բանակի կազմի մեջ։ Նրանցից դեռևս կազմավորման ընթացքում գտնվող 2-րդ և 5-րդ գնդերն իրենց հռչակեցին «մահապարտների գունդ» պատվավոր անունով։ «Մենք՝ հայկական 5-րդ հրաձգային գումարտակի բոլոր հրաձիգներս և սպաներս,- ասված է 1917թ. հուլիսի 15-ի 5-րդ գումարտակի ընդհանուր ժողովի որոշման մեջ,- հրամանատարի գլխավորությամբ միահամուռ որոշել ենք այսօրվանից անցնել մահապարտների գումարտակների շարքը և այսուհետև կոչվել մահապարտների 5-րդ հայկական հրաձգային գումարտակ։ Քաջ գիտակցելով, որ գործը ոչ թե անվան, այլ այն ծանրագույն խնդրի մեջ է, որը մենք մեզ վրա ենք վերցնում, ազատ Ռուսաստանի և Հայրենիքի առջև, մենք երդվում ենք՝ ազնվորեն և վեհանձնությամբ ծառայել հայրենիքին նրա համար դժվարին այս ժամանակներում։ Մենք մինչև արյան վերջին կաթիլը կկանգնենք և ցույց կտանք հակառակորդին մեր մահապարտ գումարտակի հարվածային ուժը»[8]։

Հայկական բանակային կորպուսի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917թ. նոյեմբերին հայկական այդ գնդերի զարգացման և ընդարձակման շնորհիվ և նրանց հիմքի վրա կազմավորվեց հայկական 20-հազարանոց Առանձին բանակային կորպուսը, որը ռուսական զորքերի հետ միասին, ապա՝ վերջինիս Կովկասյան ճակատից հեռանալուց հետո իր վրա կրեց ռազմաճակատի պաշտպանության ծանրագույն խնդիրը[24]։

Հայկական կորպուսի հրամանատարը ռուսական բանակի հմուտ և փորձված զորապետ, գեներալ-լեյտենանտ Ֆոմա (Թովմաս) Նազարբեկովն էր[23]։

Կորպուսի զորամասերը 1917թ. նոյեմբեր – 1918թ. մայիս ամիսներին անհավասար, ծանր, բայց հերոսական մարտեր էին մղել թուրքական թվով մի քանի անգամ գերազանցող զորաբանակների դեմ։ Նրա զորամասերը վճռական դեր էին խաղացել 1918թ. մայիսի 22-ից 29-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակներում[8]։

Արևմտահայ դիվիզիայի և հայկական մի շարք այլ զորամասերի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերոհիշյալ հայկական կորպուսից՝ Կովկասյան ճակատում կազմավորվեցին կամ ձևավորվեցին Անդրանիկի հայկական հավաքական ջոկատը (կոչվել է նաև Հայկական հատուկ հրաձգային դիվիզիա), մի շարք այլ՝ ոչ կանոնավոր զորամասեր, որոնց անձնակազմների զգալի մասը արևմտահայեր էին։ Այսպես, օրինակ՝ 1917թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Երզնկայում կազմավորվել էր կամավորական խումբը Մուրադի գլխավորությամբ, Էրզրումում կազմավորվեց բերդապահ գունդը Թորգոմի հրամանատարությամբ, որն ուներ 700-ից ավելի զինվոր, Բաբերդում կամավորական զորամասը՝ Սեպուհի գլխավորությամբ, Խնուսում՝ Սասունի գունդը Մուշեղի և Մանուկի հրամանատարությամբ, Ալաշկերտում՝ տեղական զորամասեր Սմբատի անմիջական գլխավորությամբ։ 1918թ. մարտի դրությամբ արևմտահայ կանոնավոր և անկանոն ուժերը միասին ունեին 25 հազար անձնակազմ[8]։

Արտերկրի հայ գաղթօջախների հայության մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհայինում Թուրքիայի դեմ պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև արտասահմանյան հայ գաղթօջախների հայերը։ Պատերազմի տարիներին նրանք նյութական և բարոյական օգնություն ցուցաբերեցին մարտնչող հայ մարտիկներին։ Բագրատ եպիսկոպոսի կազմած մի զեկուցագրից հայտի են դառնում որոշ նվիրատուների անուններ։ Այսպես, օրինակ՝ հայ կամավորական ջոկատների համար 5000 ռուբլի էր ստացվել Կահիրեի հայկական կոմիտեից։ 600 ռուբլի ստացվել էր Ժնևի հայ ուսանողներից, 175 ռուբլի Հյուսիսային Ամերիկայի Չելսի քաղաքի Վասպուրականի ուսումնական ընկերությունից, 250 ռուբլի Նյու Յորքի Երզնկաց ընկերությունից և այլն[8]։

Արտերկրի հայ կամավորների զորամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարավոր սփյուռքահայեր պատերազմին մասնակցում էին նաև զենքը ձեռքերին՝ մարտնչելով այն երկրների բանակների կազմում, որտեղ ապրում էին նրանք։ Առաջին համաշխարհայինի տարիներին Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվն անցնում էր 50 հազարից[16]։

Փորթուգալյանը կոչ հղեց գաղթօջախների հայությանը կամավորներ տրամադրել Թուրքիայի դեմ պատերազմող պետություններին՝ հայտարարելով, որ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան վարում են բարբարոսական, զավթողական, թալանչիական, իսկ Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան՝ ազատարար պատերազմ։ Իրենց հայրենիքի շահերը, արևմտահայության փրկության գործը պահանջում են, որ հայերը օգնեն վերջիններիս։ Նրանք չպետք է անտարբեր մնան և սպասեն, որ օտարը վճռի իրենց բախտը, բոլոր ազգերը արյունով են գրել իրենց պատմության ազատագրության էջերը։ Հայերը ևս պետք է այդպես վարվեն։ Գրեթե նույն դիրքերից հանդես եկավ նաև Արշակ Չոպանյանը։ Արևմտահայերի փրկությունը տեսնելով Անտանտի երկրների հաղթանակի մեջ, նա կոչ էր անում հայերին՝ ամենուրեք կամավորներ գրվել Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի բանակներում և արիաբար կռվել Եռյակ միության ու Թուրքիայի դեմ։ «Ընենք ինչ որ կըրնանք, – գրում էր Չոպանյանը, – որպէսզի մենք ալ, վաղը աշխարհիս վերև ծագելիս արդարութեան արևին տակ, ազատամարտիկ ազգերուն շարքին մէջ, ազատութեան արժանի քովը բարձրաճակատ կարենանք երևալ»։

Չոպանյանը խնդիր էր դնում՝ անպայմանորեն օգնել հատկապես Ռուսաստանին, որովհետև Թուրքիայի դեմ տարած նրա հաղթանակը ազատություն կբերի արևմտահայությանը։ 1914թ. դեկտեմբերի 24-ին, իր բարեկամներից մեկին հղած նամակում նա գրում Էր. «Ռուսահայ յարաբերութիւնները լաւ են, ինչպէս երբէք չեն եղած… նոյնիսկ եթէ Էրզրումէն մինչև Սիս ռուսը գրաւէ և պարզապէս կցէ, նորէն հայուն համար շատ լաւ է… Հայկական կեանքը, հայ լեզուն, կուլտուրան պիտի ծաղկին ու տիրապետեն»։ Չոպանյանը ենթադրում էր, որ ներկա պատերազմը հայերին բերելու է ոչ թե բարենորոգումների նոր ծրագիր, այլ «իրական, արմատական, վերջնական ազատում»։ Այդ ազատության տակ նա չէր հասկանում անկախություն, Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի վերականգնում, գտնելով, որ «…ատիկա անկարելի է…», այլ այնպիսի Հայաստան, որը Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի հովանու տակ կարողանա «ապրել ինքնավար կեանքով մը, հայ կեանքով մը»[8]։

Հայկական զորամասերի կազմավորմանը գաղթօջախներում ակտիվ մասնակցություն հանդես բերեցին ականավոր հասարակական գործիչներ՝ Մկրտիչ Փորթուգալյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ։ Մ. Փորթուգալյանը ռուս-թուրքական պատերազմի սկզբում «Արմենիա» թերթի «Թուրքահայերի վիճակը և մեր պարտքը» հոդվածում նշում է. «Ով որ հայ է, ով որ հայի անուն, հայի արիւն կկրէ, ինչ կուսակցութեան ալ կպատկանի, իր պարտքը պիտի համարի համերաշխութեամբ մասնակցել այս գործին, որ ընդհանուր հայութեան գործն է, ընդհանուր հայութեան պարտքն է։ Թուրքահայաստանը ոչ այս, ոչ այն կուսակցութեան կպատկանի, այլ ընդհանուր հայութեան, անոր օգտի համար չաշխատողը ոչ թէ այս կամ այն կուսակցութենէ դուրս, այլ հայութենէն դուրս պետք է համարի զինքը»։ Այնուհետև Փորթուգալյանը հայտարարում էր, որ հայ կամավորներին նյութապես օգնելու նպատակով Մարսելում արդեն ստեղծվել է «Կովկասի հայ կամաւորներուն նպաստող կոմիտէ»։ Թերթում նա պարբերաբար հրատարակում էր նվիրատուների ազգանուններն ու տված գումարները[8]։

1916 թ. նոյեմբերին Ֆրանսիայի բանակի կազմում կազմավորվեց նաև Արևելյան (հայկական) լեգեոնը[27], որի անձնակազմը համալրված էր Սվեդիայի (Սուետիա, Մուսա-Լեռ) հայերից, եգիպտահայերից, ամերիկահայերից և թուրքական բանակի հայ ռազմագերիներից։

Հայկական գումարտակներ Բրիտանական բանակի Եգիպտական էքսպեդիցիոն կորպուսի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կամ Արևելյան լեգիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեգեոնի ստորաբաժանումներից մեկը:
Հուշաքար Հայկական լեգեոնին՝ Կիպրոսում:
Պատկեր:Captain Jim Chankalian.jpg
Վաշտապետ Ջիմ Չանքալյան. Հայ ազատագրական շարժման հերոսը:

Այսպիսով, հիշյալ ժամանակամիջոցում գոյություն Է ունեցել հայկական մի առանձին զորամաս, որը գործել Է Մերձավոր Արևելքում՝ Պաղեստին—Լիբանան—Կիլիկիա ճակատում՝ ֆրանսիական բանակի կազմում ընդդեմ թուրքերի։ Դա Հայկական լեգեոնն Էր, որն սկզբնական շրջանում կոչվում Էր Արևելյան լեգեոն։ Նրա պատմությունր ինչպես խորհրդահայ, այնպես Էլ արդի հայ պատմաագրության կողմից դեռևս հատուկ գիտական ուսումնասիրության թեմա չի դարձել, սակայն քիչ թե շատ ուսումնասիրվել է սփյուռքահայ հեղինակների կողմիդ, որոնք հիմնականում հուշագրություններ են, ականատեսների պատմություններ և կարևոր սկզբնաղբյուրներ են հանդիսանում Հայկական լեգեոնի պատմությունն ուսումնասիրողների համար։ Այս առումով, հիշատակության են արժանի Տիգրան Պոյաճյանի, Ա. Գարամանուկյանի, Սարգիս Պողոսյանի հուշագրությունները, որտեղ փաստացի, հավաստի տեղեկություններ կան Հայկական լեգեոնի կազմավորման և գործունեության վերաբերյալ[28][29][30]։

Լեգեոնի մասին արժանահիշատակ տեղեկություններ են պարունակում Հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը, Հայկական սովետական հանրագիտարանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Գ. Սահակյանի և մի շարք այլ հեղինակների աշխատությունները[31][32][33][34][35][36]։ Արևելյան լեգիոնը կամ Հայկական լեգեոնը, զորամաս էր, որ կազմվել է 1916-ին, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (հոկտեմբերի 27)[37]։ Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916-ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։ Կամավորագրությունը սկսվեց 1916թ. նոյեմբերի կեսերից, Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգիոն մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (տես Արարայի ճակատամարտ 1918), իսկ այնուհետև, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ 1918-ի նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո (երբ Ֆրանսիան սկսեց մերձենալ քեմալականների հետ) լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920-ի օգոստոսին՝ վերջնական լուծարքի[28][38]։

1918 թ. մայիսին հայ լեգեոնականների թիվը հասել էր 4000-ի։ Պաղեստինյան ճակատում թուրքական զորաբանակների դեմ մղված Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 հայ մարտիկներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով։

Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1916 թվականին գաղտնի համաձայնագիր Էին կնքել, որի համաձայն պատերազմի հաղթական ավարտից հետո Կիլիկիան մտնելու Էր Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ և ոչ մի խոսք չկար հայերի ինքնավարության մասին։ Սակայն իր այդ քաղաքականությունը քողարկելու նպատակով Ֆրանսիան սիրաշահում Էր կիլիկիահայերին՝ ինքնավարություն շնորհելու կեղծ խոստումներով, որպեսզի նրանց ներգրավի Մերձավոր Արևելքում գործող իր բանակի մեջ, քանի որ այն շատ թույլ Էր և Ֆրանսիայից որևէ համալրում չէր սպասում[39][40]։

1916 թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի ռազմական նախարարությունը համապատասխան հրաման ընդունեց ալդ գորամասը կազմավորելու մասին, այն ստացավ Արևելյան լեգեոն անունը։ Նոյեմբերի 26-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ հաստատվեց այդ հրամանը։ Որոշման առաջին հոդվածում նշված էր, որ Կիպրոսում պետք է կազմավորվի արևմտահայերից ձևավորված Արևելյան լեգիոն, որի անձնակազմը իբրև օժանդակ ուժ ծառայելու էր ֆրանսիական դրոշի տակ և պատերազմի ժամանակ մարտնչելու էր «Ասիական Թուրքիոյ մէջ»[40][41]։

Լեգեոնի ծախսերր հոգալու էր Ֆրանսիայի կառավարությունը, զորամասը ղեկավարելու էհն ֆրանսիացի սպաներր։ Կազմավորման աշխատանքներն իրագործվելու էին Կիպրոսում։ Իսկ այդ կղզին պատկանում էր Մեծ Բրիտանիային։ Այնուհետև լեգեոնր պաղեստինյան ճակատում մասնակցելու էր օսմանյան Թուրքիայի դեմ մղվող մարտական գործողություններին[40][42]։

Պողոս Նուբարր ֆրանսիական կառավարության այդ որոշման առթիվ հեռագրեց բոլոր հալ գաղթավայրերի ու Կովկասի հայությանը, հաղորդելով հետևյալը. «Դաշնակիցներու հաղթանակէն վերջ, մեր ազգային բաղձանքները պիտի գոհացուին, կր յանձնարարեմ ձեզ ձեռք առնել տալ բոլոր միջոցները քաջալերելու և դիւրացնելու համար կարելի ամենամեծ թուով կամաւորներու զինուորագրութիւնը»[41]։

Արևելյան լեգեոնի հրամանատար նշանակվեց ֆրանսիական բանակի գնդապետ Ռոմիեոն, որը 1916 թ. նոյեմբերի վերջերին ժամանեց Կահիրե և Եգիպտոսի հայկական ազգային միության, հետ համատեղ ձեռնամուխ եղավ լեգեոնի կազմավորման աշխատանքներին։ Ագգային միության կոչով առաջինը լեգեոնի մեջ կամավորագրվեցին Մուսա լեռան լեգենդար պաշտպանները, որոնք ժամանակավորապես հանգրվան Էին գտել Եգիպտոսի Պորտ-Աաիդ նավահանգստային քաղաքում։ Նրանցեց 600 հոգի, ովքեր ակտիվորեն մասնակցել էին թուրքական բանակի դեմ 40 օր տևած հերոսական մարտերին՝ առաջինների թվում կամավորագրվեցին Արևելյան լեգեոնում։ Նրանց օրինակին հետևեցին 300 եգիպտահայեր և թուրքական բանակի 236 հայ ռազմագերիներ։ «Միջագետքի և Սիրիայի ճակատներէն անգլիացիներու կողմանէ թուրքական բանակէն առնուած հայ ռազմագերիները ևս կամաւոր արձանագրուեցան»,— իր հուշերում վկայում է թուրքական բանակի հալ սպա Սարգիս Պողոսյանը[43]։

Այսպիսով, Արևելյան լեգեոնի անձնակազմի մեջ արդեն կար 1.136 հայ զինվորական, որոնցից կեսից մի փոքր ավելին Մուսա-լեռան հերոսամարտերի մասնակիցներ էին, իսկ մնացածը՝ եգիպտահայեր և օսմանյան բանակի նախկին հայ զինծառայողներ։

Լեգեոնը Կիպրոս կղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսալեռցիներից, եգիպտահայերից և թուրքական բանակի հայ ոազմագերիներից կազմավորվեց լեգեոնի առաջին գումարտակը։ 1916 թ. նոյեմբերի վերջերին և դեկտեմբերի սկզբներին Ֆրանսիական բանակի հայկական լեգեոնի առաջին գումարտակը փոխադրվեց Կիպրոս կղզի և հաստատվեց Ֆամագուստա նավահանգստից 15 կմ հյուսիս-արևելք ընկած Մանարկա կոչվող ծովափնյա մի ամայի դաշտում[40]։

Նոր համալրումների ժամանումը Կիպրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Կիպրոս ժամանեցին Եգիպտոսից, Ֆրանսիայից, Ամերիկայից և այլ վայրերից հավաքագրված կամավորները և 6—7 ամսվա ընթացքում Արևելյան լեգեոնի անձնակազմը հասավ շուրջ 3000 հոգու։ Լեգեոնի մեջ կային նաև քեսապցիներ, սեբաստահայեր, արաբկիրցիներ, չնքուշ-ատիշցիներ և հայաշտա այլ վայրերից Մեծ եղեռնից հրաշքով փրկված վրիժառու այլ հայորդիներ[40]։

Լեգեոնի հոգևոր առաջնորդը և հրամանատարական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի հոգևոր առաջնորդ նշանակվեց վարդապետ Վաղարշակ Արշակունին։ Լեգեոնի հրամանատարական կազմի մի մասը համալրված էր հայերից։ Ընդ որում՝ Կրտսեր հրամանատարական կազմը (տեղակալներ՝ սերժանտներ) հիմնականում հենց հայերից էր համալրված։ Հայ հրամանատարների թվում Էին Վահան Փորթուգալյանը, Հակոբ Արևյանը, Ջիմ Չանգլյանը (en:Jim Chankalian)[44], Հայկ Ազատյանը, ճան Շիշմանյանը, Ռուբեն Հերյանը և ուրիշներ։ Նրանցից մեկը՝ Տիգրանակերտում ծնված Պետրոս Չանգալյանը (1879-1947), որի ընտանիքը հետագայում Արևմտահայաստանից արտագաղթել էր ԱՄՆ, դարձել էր ԱՄՆ բանակի կապիտան՝ Ջեյմս կամ Ջիմ Չանլգյան անուն ազգանունով[44][45]։

Լեգեոնի տեղակայումը և մարտական ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակամիջոցում լեգեոնականները բանակատեղում կանգնեցրին վրանատնակներ, ապա կառուցեցին զորանոցային շենքեր՝ անհրաժեշտ օժանդակ շինություններով, որից հետո ձեռնամուխ եղան կանոնավոր զինավարժությունների։ Փորձված հրամանատարների ղեկավարությամբ նրանք մասնակցում էին ֆիզիկական, մարտավարական, կրակային, շարային ամենօրյա պարապմունքներին, մարզվում հրացանաձգության, նշանառության, մենամարտի, վազքարշավի, մարմնամարզության և այլ բնագավառներում, անցկացնում զինավարժություններ, զորախաղ, զանազան մրցույթներ[40]։

Անվանում, թվաքանակ, կազմակերպչական կառուցվածք, մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական բանակի կազմում ստեղծված այդ զորամասը սկզբում կոչվում էր La Légion d’Orient (Արևելյան լեգիոն)[46]։ 1919 թ. փետրվարի 1-ին այն վերանվանվեց La Légion Arménienne (Հայկական լեգիոն)։

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի թվակազմը Առաջին աշխարհամարտի և նրան հաջորդած տարիների ընթացքում գնալով աճում էր։ 1916-1918 թթ. Հայկական լեգիոնի անձնակազմի թվաքանակը կազմել է 4 հազար 124 զինվոր և սպա[47]։ 1920-1921 թթ. 10 հազար 150 զինվոր և սպա[48]։

Կառուցվածք և մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնր սկզբնական շրջանում բաղկացած էր 4 գումարտակից) որոնցից մեկը գնդացրային և 37 մմ հրետանային մարտկոցից։ Առաջին գումարտակը ամբողջովին կազմված էր մուսալեռցիներից, երկրորդր՝ թուրքական բանակի հայ գերիներից, երրորդը՝ ամերիկահայերից, մնացած ստորաբաժանումները՝ տարբեր վայրերից ժամանած հայ կամավորներից, ավելի ուշ ձևավորվեցին նաև լեգեոնի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ գումարտակները[40]։

Ստորաբաժանում Ստորաբաժանման թվահամար և անվանում անձնակազմ կազմավորման ժամանակ կազմավորման վայր
1 Առաջին գումարտակ 1136 հոգի՝ 5 սպա, 1131 զինվոր և սերժանտ, սվեդահայեր, ամերիկահայեր, օսմանյան բանակի նախկին զինծառայող հայեր 1916թ. նոյեմբերի կեսեր Եգիպտոս, Պորտ-Սաիդ
2 Երկրորդ գումարտակ 800 հոգի, ամերիկահայեր 1916 դեկտեմբեր-1917 մայիս Մանարկա, Կիպրոս
3 Երրորդ գումարտակ 800 հոգի, ամերիկահայեր 1916 դեկտեմբեր-1917 մայիս Մանարկա, Կիպրոս
4 Չորրորդ գումարտակ 800 հոգի, հայեր, արաբներ 1918 հոկտեմբերի կեսեր Բեյրութ, Լիբանան
5 Հինգերորդ գումարտակ 800 հոգի, հայեր
6 Վեցերորդ գումարտակ 800 հոգի, հայեր
7 Յոթերորդ գումարտակ 800 հոգի, հայեր
8 Ութերերոդ գումարտակ 800 հոգի, հայեր
9 Հրետանային մարտկոց, 37-մմ 198 հոգի՝ 5 սպա, 193 զինվոր ? հայեր 1916 դեկտեմբեր-1917 մայիս Մանարկա, Կիպրոս
10 Ուսումնական հետևակային վաշտ 250 հոգի = 5 սպա, 245 զինվոր ? հայեր 1916 դեկտեմբեր-1917 մայիս Մանարկա, Կիպրոս
11 Գնդացրային վաշտ 250 հոգի = 5 սպա, 245 զինվոր ? հայեր 1916 դեկտեմբեր-1917 մայիս Մանարկա, Կիպրոս

1916-1918[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների թվաքանակը հավասար էր 6 գումարտակի, յուրաքանչյուրում՝ 800 մարտիկ։

ևս 6 գումարտակ նախատեսվում էր կազմավորել։

Համապատասխան հայկական կոմիտեներ էին կազմակերպվել՝ Հայկական լեգիոնի համար զինվորներ հավաքագրելու Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

1920-1921[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների թվաքանակը հավասար էր 8 գումարտակի՝ 10 հազար 150 զինվոր և սպա։

Հայկական լեգիոնի ռազմական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինյան ճակատում և Կիլիկիայի տարածքում գործած Հայկական լեգեոնի կազմավորման և գործունեության համառոտ պատմությունը հետևյալն Է։

Լեգեոնի հիմնական ուժերի փոխադրումը Կիպրոսից դեպի Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսում լեգեոնը մնաց ավելի քան 16 ամիս և 1918 թ. մայիսին փոխադրվեց Եդիպտոս՝ Պորտ֊Սաիդ, ապա՝ Քանթարա և Իսմայիլյե[17]։

Գործողություններ Կիպրոսից և Դանա կղզուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի հիմնական ուժերի՝ Եգիպտոս փոխադրվելուց հետո՝ Կիպրոսում մնաց միայն հայկական մեկ ուսումնական վաշտ, որը զբաղվում էր այլ երկրներից ժամանող հայ կամավորների ընդունման և վարժեցման գործով, ինչպես նաև կատարում էր հրամանատարության հատուկ առաջադրանքներ։ Այսպես, օրինակ, պաղեստինյան ճակատում մարտական գլխավոր գործողություններ սկսվելուց առաջ և նրա առաջին օրերին, հայկական վաշտի զինվորները ֆրանսիական հրամանատարության առաջադրանքով, քողարկվելով գիշերվա մթության մեջ, աննկատ դեսանտ իջեցըեցին թուրքական բանակի թիկունքում՝ Կիլիկիայի Տայ֊Ուճա ծովածոցի մոտ գտնվող Դանա Ադասըն լքված կղզյակում։ Այնուհետև, գիշերները Հայ կամավորների նավակներով աննկատ իջնում էին թուրքերի ձեոքում գտնվող ափամերձ շրջաններր և կատարում հանդուգն մարտական առաջադրանքներ, կտրատում էին հեռագրի և հեռախոսի լարերը, ականապատում ճանապարհները, պայթեցնամ թշնամու զինամթերքի պահեստներն ու զորանոցներր և այլն։ Սատանաների կերպարանքով քողարկված գիշերային այղ «անկոչ հյուրերը՝ կոտոշավոր, պոչավոր սև շեյթանները, ավելի քան 1,5 ամիս ահ ու սարսափի մեջ էին պահում շրջակա թուրքական կայազորների զինվորներին, նրանց պատճառում մարդկային և նյութական զգալի կորուստներ։ Այդ ընթացքում հայերր ոչ մի կորուստ չունեցան, իսկ թուրքերը տվեցին տասնյակ զոհեր, մեծ վնաս հասցվեց նրանց հաղորդակցության ու կապի ուղիներին, զենքի ու զինամթերքի պահեստներին։ Առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո՝ հայ լեգեոնական դեսանտայինները, ֆրանսիական մի ռազմանավի օգնությամբ հեռացան կղղուց և վերադարձան Կիպրոսի բանակատեղին[40][49]։

Լեգեոնի հիմնական ուժերը Պաղեստինյան ճակատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական 75-մմ հրետանային մարտկոցը Առաջին համաշխարհային պատերազմում: Նույնպիսին էր Արևելյան լեգեոնի հրետանին:

Կատարելով ֆրանսիական հրամանատարության առաջադրանքը, Արևելյան լեգեոնի հիմնական ստորաբաժանումները 1918 թ. հուլիսի 12֊ին հրաման ստացան շարժվել դեպի արևելք։ 1918-ի հուլիսի վերջին նրանք հասան Հորդանանի Մեճտել քաղաքը, որտեղ մտան անգլո֊ֆրանսիական դաշնակից զորքերի Պաղեստինյան զորաբանակի մեջ, որի գլխավոր հրամանատարը գեներալ Էդմոնդ Հենրի Ալենբին էր։ Մեճտելի մեջ Արևելյան լեգեոնին միացան սիրիացի արաբ կամավորներ՝ կազմելով աոանձին վաշտ[40][42]։

1918-ի օգոստոսի 30-ին լեգեոնր հասավ Պաղեստինի Ուադի Պալութի Ռաֆաթ կոչվող շրջանը։ Հենց այդ ժամանակ էլ զորամասը համալրվեց անգլիական «Սթոք» տիպի տվյալ ժամանակի համար կատարելագործված հրանոթներով, որոնք փոխարինեցին նախկին ֆրանսիական 37-մմ հին համակարգի հրանոթները։ Չնայած նոր զենքին վարժվելու համար համեմատաբար քիչ ժամանակ էր մնացել, այնուամենայնիվ հայ հրետանավորները կարողացան աիրապետել նրան և մեծ արդյունավետությամբ օգտագործել շուտով տեղի ունեցած մարտական գործողությունների րնթացքում։ 1918-ի սեպտեմբերի 14֊ի գիշերը լեգեոնը առաջ շարժվեց և հարձակման համար ելման դիրքեր գրավեց Ռաֆաթ գյուղի մոտ գտնվող Արարա բլրաշղթայի ձախ մասում՝ գեներալ Ալենբիի բանակի կենտրոնի առաջապահում։ Արարայի բարձունքները գտնվում էին հակառակորդի ձեռքում։ Անգլո֊ֆրանսիական դաշնակից զորքերր հարձակման համար դիրքեր էին գրավել Միջերկրական ծովի ափերից մինչև Հորդանան գետն ընկած տարածում։ Անգլո-ֆրանսիական զորքերը՝ ներառյալ հայերին, ունեին ավելի քան 76 հագար զինվոր և 500 հրանոթ։ Հակառակորդր՝ գերմանա֊թուրքական բանակը, որի գլխավոր հրամանատարր գեներալ Լիման ֆոն Սանդերսն էր, ուներ 50 հազար զինվոր և 300 հրանոթ[40][42]։

Հայկական լեգիոնը և Կիլիկիայի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հուշամեդալ՝ Կիլիկյան պատերազմաշրջանի համար:

1915-ի հերոսական ինքնապաշտպանությունից հետո մուսալեռցիները տեղավորվեցին Պորտ Սաիդի վրանավանում։ Չհամակերպվելով հայրենիքի կորստյան հետ, նրանք անընդհատ դիմում էին ֆրանսիական ռազմածովային ուժերի սպա, իրենց տարհանման ղեկավարներից Շառլ Տիրան Թեքեյանին՝ ներկայացնելով Դաշնակիցների կազմում թուրքերի դեմ կռվելու ծրագիր, և ի վերջո կամավորների համար գաղթակայանում զինավարժության պարապմունքներ կազմակերպվեցին։ Այս մուսալեռցիներն էլ դարձան Հայկական լեգեոնի միջուկը[50]։

1916-ին իրենց կողմը գրավելով արաբներին, դաշնակիցները լուրջ քայլեր ձեռնարկեցին տարածաշրջանի մյուս ազգերին ևս գերմանա-թուրքական դաշինքի դեմ հանելու համար։ Դրա արդյունքներից մեկն էլ Արևելյան լեգեոնի ստեղծումն էր։ Ֆրանսիական կառավարության 1916թ. նոյեմբերի 15-ի որոշման համաձայն՝ լեգեոնը ղեկավարվելու էր ֆրանսիական սպաների կողմից, բայց որպես օժանդակ զորամաս, ֆրանսիական բանակի մաս չէր կազմելու։ Հայ մարտիկները կռվելու էին միայն թուրքերի դեմ և Կիլիկիայի տարածքում։ Արևմտահայության բեկորներին չվտանգելու նպատակով լեգեոնն անվանվեց ոչ թե «Հայկական», այլ «Արևելյան»[50]։

Լեգեոնին անդամագրվեցին նաև Առաջին աշխարհամարտի բովով անցած բազմաթիվ մարտիկներ, թուրքական բանակից հայ գերիներ ու դասալիքներ, ինչպես նաև մինչ Մեծ եղեռնից փրկվելու համար ԱՄՆ պանդխտած արևմտահայ երիտասարդներ։ Երկար զինավարժանքներից հետո, 1918-ի գարնանը, շուրջ 4000 հայ և 1000 արաբ կամավորներից կազմված լեգեոնի երկու գումարտակները մեկնեցին Պաղեստինյան ճակատ և սեպտեմբերի 14-ի գիշերը տեղաբաշխվեցին առաջին գծում[50]։

Արարայի (Ռաֆաթի) բարձունքներն անվանում էին «Թուրքերի երկրորդ Դարդանել»։ Այն ողջ ռազմաճակատի ամենաանառիկ հատվածն էր, որն անգլիական մեծաքանակ զորքերը դեպի հյուսիս առաջանալու համար 1918-ի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ ապարդյուն փորձել էին գրավել։ Առանց Արարայի գրավման անհնար էր սկսել դաշնակիցների ընդհանուր հարձակումը, որի հաջող ելքի դեպքում ազատագրվում էին Լիբանանը, Սիրիան ու նաև՝ Կիլիկիան[50]։

Թուրքական հրամանատարությունը գերված ալժիրցի զինվորներից տեղեկանալով, որ իրենց դեմ հայ կամավորներ են, պաշտպանությունն ուժեղացրեց գերմանական 600 հոգանոց ընտիր ստորաբաժանումներով։ Սեպտեմբերի 19-ի լուսաբացին ընդամենը 600 հայ մարտիկները ռազմաճակատի շուրջ երկու մղոն ձգվող ամենադժվարին ու անմատչելի հատվածում անցան հարձակման` գրավելու երեք բարձր բլրաշղթա, որոնց ետևում թշնամու 1600 զինվորները բազմաէշելոն պաշտպանություն էին կազմակերպել։ Այդուհանդերձ, շուտով կռիվը տեղափոխվում է թշնամու խրամատներ։ Հայ մարտիկները գրոհում էին Ռաֆաթը, իսկ հարևան ալժիրական և հնդկական գումարտակները՝ Քաֆր-Քասիմի և Արարայի բարձունքները։ Առավոտյան ժամը 11-ին Արարան գրավված էր[50]։

Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը, չհամակերպվելով պարտության հետ, կեսօրից հետո հարձակվեց, բայց դրա դիմաց վճարեց երկրորդ պաշտպանական բնագիծը ևս հայ կամավորներին հանձնելով։ Իսկ գիշերը թշնամին թողնելով նաև թնդանոթները, առանց կռվի փախավ նաև երրորդ պաշտպանական բնագծից։ Լեգեոնականներն ունեցան 21 զոհ՝ բոլորն էլ կրծքից ու ճակատից խփված։ Մի քանի տեղից վիրավոր՝ շարունակել էին կռվել, մինչև ճակատագրական բեկորը կամ գնդակը գտել էր նրանց։ Վիրավորվեցին 76-ը, որոնցից 3-ը մահացան[50]։

Լեգեոնը գրոհով ազատագրեց Ռաֆաթը (Արարան ու Ռաֆաթը միևնույն շղթայի երկու գագաթներն էին), որի անկումով ազատագրվեցին Արարան ու մերձակա բարձունքները։ Իսկ անգլիական հեծելազորն առաջանալով Սարոնի դաշտավայրով՝ կտրեց թուրքական բանակի հաղորդակցության ուղիները, և Պաղեստինյան ռազմաճակատում մարտական գործողություններն ավարտվեցին։ Թուրքիայի հանձնվելուն մնացել էր մեկ ամսից քիչ ավելի ժամանակ։ Իսկ լեգեոնականները շարունակեցին առաջ շարժվել դեպի Կիլիկիա։ Բեյրութին մոտենալուն զուգընթաց սկսվեցին հանդիպումները վերապրած հայ բեկորների հետ։ Կմախքացած, ցնցոտիների մեջ, լուռ, արցունքն աչքերին՝ թերահավատ նայում էին ազատարար զորքերի երթին, հետո հայերեն հրամաններ ու խոսակցություն լսելով՝ ապշահար միմյանց ձայն տալիս՝ «Հայ են, հայ», և նետվելով զինվորական շարքերի մեջ՝ սկսում էին համբուրել մարտիկներին, նրանց համազգեստները, զենքերը…[50]

Հոկտեմբերի 12-ի երեկոյան լեգեոնն անապատներով 18-օրյա դժվարին երթով հասավ Բեյրութ։ Վերապրած հայերից ստեղծվեց ևս մեկ գումարտակ, լեգեոնը վերանվանվեց «Հայկական», իսկ Կիլիկիայում գտնվող թուրքական 2-րդ և 7-րդ բանակները Թուրքիայի հանձնվելուց հետո սկսեցին նահանջել դեպի հյուսիս։ Լեգեոնականները շուտով մտան Ալեքսանդրեթ, Չորքմարզվան (Դորթյոլ), ապա Կիլիկիայի սահմանին գտնվող Իսլահիե կայարան, իսկ մի քանի օր անց` Տարսոն և Ադանա, ուր հայ կյանքն արդեն վերընձյուղվում էր[50]։

Հայերը հուսավառ էին, թուրքերը՝ վախեցած ու ապշած՝ տեսնելով երեք տարի առաջ իրենց բնաջնջած ժողովրդի զորքերի հաղթական երթը։ Սակայն Ֆրանսիայի փոխվող քաղաքականության արդյունքում շուտով սկսվեցին տարբեր սադրանքներ՝ հիասթափեցնելով մարտիկներին, ովքեր սակայն, դիմանում էին, քանի որ իրենք էին Կիլիկիայում կենտրոնացող վերապրած բեկորների կյանքի երաշխավորը[50]։

Կիլիկիան ազատագրող բանակը մինչև 1919-ի մայիսի 28-ը կազմված էր միայն Հայկական լեգեոնից, իսկ հետո ժամանեցին նաև ալժիրցի զինվորները։ Ֆրանսիացիներն ասես լեգեոնը հնարավորինս թուլացնելու գործելակերպ էին որդեգրել։ Իսկ մայիսին մասնակի զորացրում կատարվեց, թեև այդ ամիսներին հնարավոր էր կամավորների թիվը հասցնել 20.000-ի։ Ապա լեգեոնը հեռացվեց հայաշատ քաղաքներից՝ իրականացնելու Ադանա-Հալեպ երկաթգծի պաշտպանությունը։ Բայց 1919-ի աշնանը, երբ անգլիական զորքերը լրիվ հեռացան Կիլիկիայից, լեգեոնի երկու ստորաբաժանումներ տեղակայվեցին Մարաշում, մեկը՝ Այնթապում[50]։

1919-ի վերջին Կիլիկիայում հայ կյանքը բավական կանոնավորվել էր, բայց ապագան առավել քան անորոշ էր… Այն որոշակիացավ 1920-ի հունվարի 21-ին, երբ սկսվեց Մարաշի աղետը։ Մարաշահայությունը լեգեոնականների մոտ փրկություն որոնեց, ու ստորաբաժանումների պաշտպանության շրջանները վերածվեցին ժողովրդի կուտակման վայրերի՝ դառնալով թուրքական հարձակման հիմնական թիրախները։ Լեգեոնը Մարաշի կռիվներում ու մինչև Իսլահիե նահանջում կորցրեց 50 մարտիկների, 100-ը վիրավորվեցին ու ցրտահարվեցին[50]։

Զորացրված կամավորներից շատերն անդամագրվեցին տեղի մարտախմբերին, և լեգեոնը, անգամ իր կազմակերպական կառույցից դուրս, շարունակեց կիլիկյան հողի պաշտպանությունը, հատկապես մեծ դերակատարություն ունենալով Սիսի և Ուրֆայի ինքնապաշտպանության ընթացքում[50]։

Սակայն Ֆրանսիան արդեն մեծ առևտուր էր սկսել` Սիրիան պահպանելու և Թուրքիայում ունեցած տնտեսական խոշոր առանձնաշնորհումների վերականգնման դիմաց Կիլիկիան հանձնելու համար։ Ուստի Մարաշում, Այնթապում, Սիսում, Իսլահիեում, Դյորթ Յոլում, Օսմանիեում, Հարունիեում, Միսիսում, Բաղչեում, Բոզանթիում, Ամանոսի և Տավրոսի լեռնաշղթաների երկայնքով Արարայի խելահեղ ճակատամարտից ավելի ծանր ու արյունալի մաքառումներ ունեցած Հայկական լեգեոնը, որն ապահովում էր Ֆրանսիայի ներկայությունը Կիլիկիայում, 1920-ի օգոստոսի 19-ին հայտարարվեց լուծարված։ Այլ տվյալներով՝ Հայկական լեգեոնի լուծարումը վերջնականապես ավարտվեց միայն սեպտեմբերի 14-ին[50]։

1920-ի վերջին և 1921-ի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից։ Մի մասն էլ մնաց և տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը։ Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որևէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արևմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, և կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն…[50]

Հայկական լեգեոնը հարված էր թրքությանը` ուժգին ու դիպուկ հարված, որն իր ռազմական և պատմաքաղաքական բոլոր յուրահատկություններով հանդերձ, համադրելի է թերևս միայն Վան-Վասպուրականի 1915-ի հերոսամարտի հետ։ Երկու դեպքում էլ հուսահատ ու դատապարտված ինքնապաշտպանության փոխարեն արևմտահայությունը զենքի ուժով կարողացավ ցեղասպան պետությունից անջատել իր հայրենիքի մի բավական ընդարձակ տարածք, իսկ հետո ապահովել ժողովրդի նահանջը[50]։

Հայկական բանակային կորպուսի մարտերը թուրքերի դեմ և հայկական անկախ պետականության վերականգնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի մայիսից ռուս-թուրքական ռազմաճակատում փաստացի զինադադարի վիճակ էր ստեղծված։ Պաշտոնապես զինադադարը ստորագրվեց 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում։ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Հետ մղելով ռազմաճակատը պահող փոքրաթիվ հայկական ազգային զորամասերը՝ թուրքերը վերագրավեցին Արևմտյան Հայաստանը, 1918 թվականի մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Վտանգված հայրենիքը փրկելու համար ոտքի ելած հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը (Սարդարապատի ճակատամարտ 1918 թվական, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918 թվական, Բաշ–Ապարանի ճակատամարտ 1918 թվական), կանխեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և պայմաններ ստեղծեց հայ պետականության վերականգնման համար (Հայաստանի Հանրապետություն 1918-1920)։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով Կարսից ու Արդահանից բացի, Թուրքիային էին անցնում Սուրմալուի, Շարուրի, Նախիջևանի գավառները. Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների մեծ մասը։ 1918 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։ Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը։

Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։

«Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

29.06.2015 թ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի շնորհանդեսը։ Կայքում տեղադրված են Առաջին աշխարհամարտին վերաբերող արխիվային փաստաթղթեր, որոնցում հստակորեն երևում են են հայ-ֆրանսիական կապերը։ Վիրտուալ թանգարանում հատուկ բաժին կա նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ որոշ փաստաթղթեր ներկայացվում են առաջին անգամ։ Կայքում օգտագործվում են Հայաստանի ազգային և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության արխիվների նյութերը։ Վիրտուալ թանգարանը ամբողջությամբ պատրաստ կլինի 2018 թվականին։ Մինչ այդ, այն անընդհատ լրացվելու և հարստացվելու է նոր նյութերով։ Վիրտուալ թանգարանի շնորհանդեսը ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ցանկում[51][52][53]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմություն, ՀՀ Գիտություններ ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք երկրորդ, Երևան, 2015 թ․:
  • Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հատոր 6, Երևան, 1981 թ․:
  • Ս ա ր գ ս յ ա ն Ե. Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ, Երևան, 1964 թ․:
  • Կիրակոսյան Ջ. Ս., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914-1916 թթ., Երևան, 1965 թ․:
  • Արզումանյան Մ. Վ, Հայաստան 1914-1917, Ե., 1969:
  • Ա ղ այ ա ն Ծ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976:
  • Ա․ Հ․ Հարությունյան, Կովկասյան ճակատ, 1914-1918 թթ․., Երևան, 1971 թ.:
  • Սահակյան Ռ., Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը /1914 թ. հուլիս-1917 թ. փետրվար/, Երևան, 2015։
  • Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ Փաստաթղթերի ժողովածու։ ՀՀ Ազգային արխիվ։ [15]
  • «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին»։ Հայ-ֆրանսիական վիրտուալ ցուցահանդես կանցկացվի` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին։ [16]
  • Առաջին աշխարհամարտի հայկական հետքը՝ հայ-ֆրանսիական օն-լայն թանգարանում։ Առաջին աշխարհամարտին հայերի մասնակցության պատմական փաստերն ու հանրությանը մինչև այժմ անհայտ դրվագները տեղ կգտնեն վիրտուալ դաշտում։ [17](չաշխատող հղում)
  • Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։ [18](չաշխատող հղում)
  • Armenian Legion to be Featured in ALMA Exhibit. Armenian Legion to be Featured in ALMA Exhibit</ref>[54]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 Հայոց պատմություն, ՀՀ Գիտություններ ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք երկրորդ, Երևան, 2015 թ․:
  2. ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918 թթ.: ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ։ «Հայ զինվոր», #16 (932) 26.04.2012 – 2.05.2012: [1]
  3. Геноцид армян в Османской империи. Сборник доку­ментов и материалов под редакцией М. Г. Нерснсяна, второе дополненное издание, составители: М. Г. Нерсисян, Р. Г. Саакян. Ереван, издательство «Айастан», 1982, 686 страниц.
  4. Հ. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 261-282։
  5. Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992 թ., թիվ 2-3 (101)։ [2](չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Տե՛ս Հայոց պատմություն, ՀՀ Գիտություններ ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք երկրորդ, Երևան, 2015 թ․:
  7. «Կամաւորական գործը և վսեմափայլ Պօղոս փաշա Նուպար»։ «Արև», Կահիրէ, 1915 թ. յուլիսի 5, էջ 3։ “Kamavorakan Gortze yev Vsemapail Boghos Pasha Nubar” (Volunteer work and Boghos Pasha Nubar), Arev, 5 July 1915, p. 3. Մեջբերումը ըստ՝ Արմէն Կրէտեան, Հայ համայնքը Եգիպտոսում. Առաջին համաշխարհային պատերազմ և 1914-1919 թթ. Հայոց ցեղասպանութիւն։ Անգլերեն՝ THE ARMENIAN COMMUNITY IN EGYPT: WORLD WAR I AND GENOCIDE 1914-1919. ARMIN KREDIAN. armin_kredian@yahoo.com. Հայկազեան Համալսարանի Հայագիտական ամբիոն։ Հայկազեան հայագիտական հանդէս, հատոր ԼԵ, Պէյրութ, 2015։ THE ARMENIAN DEPARTMENT OF HAIGAZIAN UNIVERSITY HAIGAZIAN. ARMENOLOGICAL REVIEW. VOLUME 35. HAIGAZIAN UNIVERSITY PRESS. BEIRUT, 2015. ISBN 978-9953-585-16-1
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, պատմական գիտությունների դոկտոր։ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ, «Հայ զինվոր», #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014:
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայ, Պատմության ինստիտուտ, 8 հատորով։ Հատոր 6, Երևան, 1981 թվական։
  10. «Մշակ» թերթ, 1914թ. հոկտեմբերի 10։
  11. «Մշակ» թերթ, 1914թ. հոկտեմբերի 25։
  12. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Հայաստանի ռազմական պատմութիւն, Երևան, 2013 թվական (անտիպ)։
  13. 13,0 13,1 «Раздел Азиатской Турции по секретным документам бывшего министерства иностранных дел». Под ред. Е. А. Адамова. Москва, 1924, док. № XXV.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով։ Հատոր 6, Երևան, 1981 թվական։
  15. Այս սկզբունքի հեղինակներից մեկն էր XIX դ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներից իշխան Լոբանով-Ռոստովսկին, որը ցինկիկաբար հայտարարել էր հայերի և Հայաստանի նկատմամբ ցարական կառավարության վարած քաղաքականության իմաստը. «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի»։
  16. 16,0 16,1 16,2 Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով։ Հատոր 6, Երևան, 1981 թվական, էջ 547։
  17. 17,0 17,1 17,2 Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։ [3](չաշխատող հղում)
  18. А. О. Aрутюнян. Кавказский фронт 1914 — 1917. Ереван, 1971, с. 296.
  19. Տե՜ս Մ. Հ. Ադոնց, Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին, Երևան, 1968, Էջ 445։
  20. Տե'ս «Кавказский календарь на 1915 год», Отдел статистический, стр. 332—334; Հայկական ՍՍՀ ԿՊՊԱ, ֆ. 94, д. 6, դ, 1694, թ. 4։
  21. ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ։ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918թթ.: «Հայ զինվոր», #16 (932) 26.04.2012 – 2.05.2012 [4]
  22. А. О. Aрутюнян. Кавказский фронт 1914 — 1917. Ереван, 1971, с. 297.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։
  24. 24,0 24,1 Հայաստանի Հանրապետության պատմության պետական կենտրոնական արխիվ (ՀՀ ՊՊԿԱ), ֆ. 121, д. 1 ղ. 30, թ. 7։
  25. ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ։ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918թթ.: «Հայ զինվոր», #16 (932) 26.04.2012 – 2.05.2012: [5]
  26. 26,0 26,1 ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918թթ.: ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ, ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918թթ.: «Հայ զինվոր», #16 (932) 26.04.2012 – 2.05.2012: [6]
  27. Համացանցում հայտնվել է «Հայաստանը և հայերը Առաջին աշխարհամարտում» վիրտուալ թանգարանը 15:5929 Հունիսի 2015։ Ամատունի Վիրաբյան. ՀՀ Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր. «Առաջին աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բանակի կազմում գործում էր Արևելյան լեգիոն, որը կոչվում էր նաև «Հայկական լեգիոն», որի կազմում հիմնականում պատերազմում էին հայ զինվորները»։ [7]
  28. 28,0 28,1 Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  29. Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974։
  30. Սարգիս Պողոսեան. Թրքահայ սպայի մր օրագիր, հ. Բ. Փարիզ, 1947։
  31. Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով։ Հատոր 6, Երևան, 1981 թվական, Էջ 561—565։
  32. Հայկական սովետական հանրագիտարան. հ. 1, 1974, Էջ 691։
  33. Հայկական սովետական հանրագիտարան. հ. 2, 1976, Էջ 33։
  34. Ռ. Գ. Ս ահ ա կ յ ա ն. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  35. Ա. Կ ե ն շ ե ա ն. Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը և Կիլիկեան ինքնավարութեան ակտը. Պեյրութ, 1958։
  36. Կ. Իզմիրլեան . Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցյալին և ներկայիս. Պեյրութ, 1964։
  37. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 33։ «Արևելյան լեգիոն». հոդված հեղինակ՝ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Շմավոն Թորոսյան։
  38. Veou P․ du, La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․
  39. Տե՛ս Ռ. Գ. Սահակյան. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  40. 40,00 40,01 40,02 40,03 40,04 40,05 40,06 40,07 40,08 40,09 Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101)։ [8](չաշխատող հղում)
  41. 41,0 41,1 Տե՛ս Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974։
  42. 42,0 42,1 42,2 Տե՛ս Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  43. Տե՛ս Սարգիս Պօղոսեան. Թրքահայ սպայի մր օրագիր, հ. Բ. Փարիզ, 1947։
  44. 44,0 44,1 Տե՛ս Մոռացված հերոսը՝ Ջիմ Չանկլեան։ The Forgotten hero: Captain Jim Chankalian. [9]
  45. Ավագեան Կ.Ռ., պատմական գիտությունների դոկտոր, Կիլիկահայերը ԱՄՆ-ում և նրանց ներդրումը հայկական բնօրրանում։ Անգլերեն՝ Avakian K. R., PhD in History THE CILICIAN ARMENIANS IN THE USA AND THEIR CONTRIBUTION TO THE NATIVE ARMENIAN CRADLE [10]
  46. [11] Արխիվացված Մայիս 27, 2006 Wayback Machine
  47. Տե՛ս Hamelin to Defense, document 53/G-11 of 12 January 1919, A.VA
  48. Տե՛ս Ahmet Hulki Saral: Türk İstiklal Harbi Güney Cephesi IV, Ankara 1996, page 47.
  49. Մ. Ճևահիրճեան։ Հայ կամաւորների լեգեոնի անցեալից։ «Հայ զինվոր», 1-7 ապրիլի 1995, թիւ 12, էջ 8։
  50. 50,00 50,01 50,02 50,03 50,04 50,05 50,06 50,07 50,08 50,09 50,10 50,11 50,12 50,13 50,14 ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ։ «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [12]
  51. «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում». վիրտուալ թանգարան:[13](չաշխատող հղում)
  52. «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում». վիրտուալ թանգարան։ [14]
  53. Հայաստանն ու հայերն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին(չաշխատող հղում)
  54. «Armenian Homeland». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։ Ամբողջությամբ այստեղ՝ [19](չաշխատող հղում)
  • «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում». վիրտուալ թանգարան։ [20](չաշխատող հղում)
  • Ժամանակի վկան/Համաշխարհային առաջին պատերազմը և հայերը։ 1914 թ հունիսի 28-ին Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը առիթ հանդիսացավ Համաշխարհային առաջին պատերազմը սանձազերծելուն։ Այն ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար։ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի "Ժամանակի վկան" հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ [21](չաշխատող հղում)
  • Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվել է պատարագ։ Նոյեմբերի 11-ը հատուկ օր է Մեծ Բրիտանիայի և Առաջին համաշխարհային պատերազմում նրա դաշնակից երկրների ժողովուրդների համար։ [22](չաշխատող հղում)
  • 16մլն զոհերի հիշատակի ոգեկոչում. լրացել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը։ [23](չաշխատող հղում)
  • ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ։ [24]
  • Համացանցում հայտնվել է «Հայաստանը և հայերը Առաջին աշխարհամարտում» վիրտուալ թանգարանը։ Ժամը 15:59, 29 Հունիսի 2015թ.: [25]
  • LES ARMÉNIENS au service de la France. [26] Արխիվացված 2016-08-21 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]