Մուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուդ, Մուտ, Մութ, բերդաքաղաք Լեռնային կամ Քարուտ Կիլիկիայում, Սելևկիա գետի վտակներից մեկի (Կիրամայի հովտում) վրա։

Ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են հռոմեական Կլավդիանուպոլսին, այլք՝ սրբազան Ոլբա քաղաքին, ուր կառուցված էր Զևսի (Արամազդի) տաճարը։ Բերդը գտնվում էր քաղաքի հյուսիսային կողմի բլրին, որի պարիսպներն ամրացված էին քառակուսի աշտարակներով։ Բերդի արևմտյան մասում զետեղված էր կրկնապարիսպ դղյակը։ Այն ուներ բոլորաշին, եռահարկ աշտարակ, որի ստորին հարկի 14 որմնախորշերը սանդուղքներով կապվում էին վերին հարկերին։ Պահպանվել են տաճարներից մեկի կամարակապ դռներով սյունաշարը, խարիսխներ, շինարարական այլ բեկորներ։ Քաղաքի ավերակները տարածվում են բերդի հարավ և հարավարևմտյան կողմերում։ Հարավային մասում պահպանվել են մեծ դարպասի մուտքը և յոթ սյուն, հյուսիսարևմտյան կողմում՝ գերեզմանոցի ավերակները։ Մուդից ոչ հեռու՝ հյուսիսային կողմում գտնվում էր Մաղվայո բերդը (հուն․ Մելուոս, այժմ՝ Մաուղա կալեսի), իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ Պալեապոլիս բերդը (այժմ՝ Պալապոլ)։

Մուդը և հիշյալ բերդերը XIII դ․ սկզբին պատկանում էին իշխան կամ պարոն Սահակին (Կիռ-Սակ), որը 1217 թվականին Կապանի պաշարման ժամանակ այլ հայ իշխանների հետ գերի ընկավ սելջուկյան Քեյքաուզ սուլթանի ձեռքը, սակայն հաջորդ տարում փրկագնվեց Լևոն Բ Մեծի ջանքերով։ Կիլիկյան Հայաստանի կազմում Մուդը եղել է նույնանուն գավառի կենտրոնը և իր անկախությունը պահպանել մինչև 1382 թվականը, որից հետո նվաճել են թուրք կարամանները, իսկ XVI դարից՝ օսմանյան թուրքերը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Մուդ ավանը համանուն գավառակի կենտրոնն էր և ուներ շուրջ 1500 բնակիչ (հիմնականում՝ հայեր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 72 CC-BY-SA-icon-80x15.png