Բայաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բայաս (Պայաս), նավահանգստային քաղաք Կիլիկիայում, Այասի դիմաց, Կիլիկիայի կամ Հայոց ծոցի արևելյան ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանում մտնում էր Ճկեր գավառի մեջ, որի տերը Լևոն Բ-ի թագավորության հանդեսի ժամանակ հիշվում է առաջնակարգ իշխանների շարքում։ Խաչակիրները քաղաքը հիշատակում են Կուսանաց կամ Աղջկանց բերդ անունով։ Բայասի Ս․ Աստվածածին եկեղեցում 1216 թվականին գրված Մաշտոցի հիշատակարանում հիշվում է որպես գյուղ։ Թուրքական տիրապետության օրոք Բայասը կորցրեց իր երբեմնի դերը, ենթարկվեց հարձակումների, ավարառության ու կոտորածների։ 18-րդ դարի վերջերին Բայասը գրավեց Քյուչուկ Ալի բեյը, որն իր ավազակություններով սարսափի մեջ էր պահում Բայասի և շրջակայքի բնակիչներին։ Սակայն 19-րդ դարի 1-ին կեսին Բայասը․ հիշվում է որպես գեղեցկադիր քաղաք՝ շրջապատված ծառաստաններով։ Բայասում կար երկու բերդ, քարաշեն վաճառատեղի, իջևանատուն և բաղնիք։ Բերդերից մեկը (16-րդ դար) համեմատաբար փոքր էր, բազմանկյունի և անմատչելի, գտնվում էր ծովափից քիչ հեռու։ Մյուսը ծովին մոտ էր և ուներ քառակուսի հորինվածք։ Բայասի հարավային կողմում էր գտնվում «Դրունք Ասորվոց» լեռնանցքը, իսկ 30 կմ հյուսիս - արևմուտք՝ Իսոս քաղաքը։ Բայասը քարավանային ճանապարհներով կապված էր Ադանայի, Ալեքսանդրետի հետ։ 20-րդ դարի սկզբին ուներ մոտ 6000 բնակչություն, կեսը՝ հայ, կեսը՝ թուրք։ Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ և առևտրով։ 1915 թվականին թուրք կառավարությունը Բայասի հայերին տեղահանեց։ Նրանց մի մասը զոհվեց, փրկվածները տարագրվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 264 CC-BY-SA-icon-80x15.png