Մոդեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սիրամարգի սենյակ», Ֆրիրի արվեստի պատկերասրահ, (Լոնդոն, 1876-1877թթ․)

Մոդեռն (ֆր.՝ moderne - ժամանակակից, նորագույն, արդիական), արվեստի (կիրառական և հատկապե՝ս դեկորատիվ) և ճարտարապետության ոճ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին առաջացած եվրոպական և ամերիկյան արվեստի ոճական ուղղության անվանումներից մեկը։ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում հայտնի է որպես «Նոր արվեստ» (Art Nouveau), Գերմանիայում` «Յուգենդստիլ» (Jugendstil), Ավստրիայում՝ «Սեցեսիոն» (Sezession), Իտալիայում՝ «Լիբերտի ոճ» (stile Liberty), Իսպանիայում՝ մոդեռնիզմ (modernismo

Արվեստի այս ոճը, առաջացել է որպես նեոռոմանտիկական բողոքի տարատեսակ՝ ընդդեմ գռեհկության, քաղքենիության, հակաէսթետիզմի, պոզիտիվիզմի և պրագմատիզմի։ «Մոդեռն»-ի գեղագիտությունը ձևավորվել է սիմվոլիզմի և էսթետիզմի, Ֆրիդրիխ Նիցշեի «Կյանքի փիլիսոփայության» գաղափարների ազդեցությամբ։ Ըստ նրա մի շարք տեսաբանների, ինրպիսին էր օրինակ բելգիացի ճարտարապետ և նկարիչԱնրի վան դե Վելդեն, մոդեռնը պետք է դառնար իր իսկ ազդեցությամբ ձևավորվող նոր հասարակության կյանքի ոճը։ Գեղագիտորեն հագեցված, առարկայական տարածական ամբողջական միջավայր ստեղծեր, նոր, ոչ ավանդական ձևերով ու հնարներով օժտված արվեստների սինթեզի, ժամանակակից նյութերի ու կոնստրուկցիաների օգնությամբ արտահայտեր դարաշրջանի հոգևոր բովանդակությունը։ Մոդեռնը ամենից ավելի հետևողականորեն իրագործվել է մենատների ճարտարապետության մեջ, բայց կառուցվել են նաև վարչական շենքեր, կամուրջներ, կայարանատներ, թատրոններ։

Մոդեռնի գաղափարը, մերժում էր 19-րդ դարի մշակույթին բնորոշ գեղարվեստական և ուտիլիտար սկզբունքները։ Մոդեռն ոճի նպատակն էր, գեղագիտորեն իմաստավորել կառուցվածքային նոր համակարգերը, արվեստին հաղորդակցել կյանքի բոլոր ոլորտներն ու մարդուն դարձնել գեղարվեստական ամբողջության մասնիկ։ Կապիտալիստական հասարակության շրջանակներում, արվեստի միջոցով աշխարհը վերափոխելու ձգտումը խորապես ուտոպիստական էր։ Գործնականորեն այն դարձավ բուրժուական կենցաղը ձևավորող առաջին, համեմատաբար ամբողջական գեղարվեստական ոճը։ «Մոդեռն»-ը 19-րդ դարի էկլեկտիզմին հակադրել է ոճավորված, ընդհանրացված, ռիթմիկորեն կազմավորված ձևի միասնությունը, ամբողջականությունն ու զարգացման ազատությունը, որի խնդիրն էր շնչավորել նյութաառարկայական միջավայրը, արտահայտել բեկումնային դարաշրջանի տագնապն ու լարվածությունը։ Մոդեռնի կազմավորման շրջանին (19-20-րդ դարերի սահմանագիծ) բնորոշ են ազգային-ռոմանտիկական հովերը, միջնադարի և ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 664