Պոզիտիվիզմ

Պոզիտիվիզմ (ֆր.՝ positivisme, լատին․՝ positivus - դրական, ռեալ, օգտակար, արժանահավատ), փիլիսոփայական ուղղություն և ուսմունք, որը իրական իմացության միակ աղբյուրը համարում է էմպիրիկ ուսումնասիրությունները։ Այս ուսմունքը ձևավորվել է 19-րդ դարի 30-ական թվականներին։ Պոզիտիվիզմ տերմինը գործածության մեջ է դրել ուղղության հիմնադիր ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտը։
Պոզիտիվիզմը մերժում է դասական մտահայեցողական փիլիսոփայության մետաֆիզիկական–գոյաբանական հավակնությունները՝ գտնելով, որ աշխարհի պատկերի ստեղծումը ոչ թե փիլիսոփայության, այլ մասնավոր՝ դրական, գիտությունների խնդիրն է․ դրական, ոչ մետաֆիզիկական փիլիսոփայությունը զբաղվում է ճանաչողության, հատկապես գիտության մեջ ծագող մեթոդաբանական և իմացաբանական խնդիրներով: Ընդսմին պոզիտիվիզմը փիլիսոփայության վրա տարածում է ճշգրտության գիտության չափանիշները (տես Սցիենտիզմ)։ Պոզիտիվիզմի զարգացումը բնութագրվում է հյումիզմի գծին հատուկ էմպիրիզմի, ագնոստիցիզմի և ֆենոմենալիզմի ուժեղացումով, որոնց արտահայտությունն են ընդհանուր տեսական մտակառուցումների և բացատրող հիպոթեզների օբյեկտիվ բովանդակության ժխտումը, գիտության հանգեցումը նկարագրության։
«Առաջին» պոզիտիվիզմը (Օ․ Կոնտ, Ջ․ Ս․ Միլ, Հ․ Սպենսեր, է․ Լիտրե, Հ․ Տեն են) դրական գիտությունների եղանակներով մշակել է ավանդական փիլիսոփայությունից օտարված առանձին բնագավառներ՝ տրամաբանություն, բարոյագիտություն, ստեղծել է սոցիոլոգիան։ Արլ․ Եվրոպայի երկրներում և հայ իրականության մեջ (Ս․ Պալասանյան, Ա․ Գարագաշյան, Գ․ Կոստանդյան, Մ․ Նալբանդյան ևն) որպես առաջադիմական և մատերիալիստական դիրքավորում ընկալվեցին Պ–ի կողմից դրական գիտելիքի ջատագովությունը և պայքարն ընդդեմ կրոնական գաղափարախոսության հետ կապված մտահայեցողական փիլիսոփայության։
«Երկրորդ» պոզիտիվիզմը էմպիրիոկրիտիցիզմի, մախիզմի համար բնորոշ են ճանաչողության սահմանափակումը զգայությունների աշխարհով և առհասարակ ճանաչողության հոգեբանական–կենսբանական մեկնաբանությունը։
«Երրորդ» պոզիտիվիզմը նեոպոզիտիվիզմը (տրամաբանական պոզիտիվիզմ, տրամաբանական էմպիրիզմ, վերլուծական փիլիսոփայություն), հանգեցրեց գիտության տրամաբանական վերլուծությանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոզիտիվիզմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 349)։ ![]() |