Քաղքենիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղքենիություն, քաղքենիներին բնորոշ ապրելակերպը, բարոյական նկարագիրը և աշխարհայացքը։ Հասարակության ստորին և վերին խավերի միջև քաղքենիների գրաված միջանկյալ դիրքը պայմանավորել է քաղքենիության հիմնական սոցիալական գծերի հակասականությունը, մի կողմից՝ թաքնված ճգնակեցություն և խնայողություն, ձևական ավանդապահություն, իր «փոքրիկ աշխարհի» հակադրումը ստորին խավերին (որոնց ատում է և, միաժամանակ, ձգտում նրանց, քանի որ նրանց շրջանում իրեն «բարձրության» վրա է զգում) և վերին խավերին (որոնց երազում է հասնել և ատում է, քանի որ իր համար անհասանելի են), մյուս կողմից՝ հարստությամբ փայլելու ձգտում (ինչ–որ մեկից «առաջ անցնելու» տենչ), այն ամենին հետևելը, ինչը համարվում է «նորաձև», իրեն անմիջականորեն չառնչվող «բարձրագույն» թեմաների շուրջը շաղակրատելը։ Քաղքենիություն դրսևորվում է արվեստում (ծայրահեղ սենտիմենտալություն, մելոդրամատիկություն, երջանիկ վախճանով սյուժեներ), բարոյականության մեջ (կեղծ բարեպաշտություն), կենցաղում (ունևորությունը ցուցադրելու նպատակով ձեռք բերված «հավերժական» իրերով իրեն շրջապատելը), մտածելակերպում (երևույթները ընկալելու և գնահատելու անքննադատականությունը), արժեքային կողմնորոշումներում և իդեալներում («մարդ դառնալ», «ապրել ինչպես բոլորը» ևն)։ Քաղքենիությանը բնորոշ է երկչոտ անսկզբունքայնությունը հասարակական–քաղաքական կյանքում։ Սոցիալիզմի օրոք վերացել են քաղքենիության սոցիալական արմատները, սակայն պահպանվել են դրա առանձին դրսևորումներ։ Քաղքենիությունն անհամատեղելի է կոմունիստական բարոյականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։