Անրի Ֆոսիյոն
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1881[1][2][3] Դիժոն |
---|---|
Մահացել է | մարտի 3, 1943[4][2][3] (61 տարեկանում) Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստագետ և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[5] և Փարիզի համալսարան |
Անդամակցություն | Comité national de l'estampe |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Հայր | Վիկտոր Լուի Ֆոսիլոն |
Henri Focillon Վիքիպահեստում |
Անրի Ֆոսիյոն (ֆր.՝ Henri Focillon, 1881 - 1943, մարտի 3), ֆրանսիացի արվեստաբան։
Ծնվել է Դիժոն քաղաքում փորագրիչ Լուի Վիկտոր Ֆոսիյոնի ընտանիքում։ Ֆոսիյոնը բանասիրություն է ուսանում Փարիզի Էկոլ Նորմալ Սյուպերիոր հաստատությունում, այնուհետև Բուրժ և Շարտր քաղաքներում, իսկ 1913-ից, շուրջ տասը տարի, աշխատում է որպես Լիոնի պատկերասրահի տնօրեն և միաժամանակ դասավանդում է արվեստի պատմություն։
Նրա առաջին ուսումնասիրությունները նվիրված են դասական արվեստին, մասնավորապես արձանագրություններին («Աֆրիկայի լատիներեն արձանագրությունները», 1904)։ Նա աշխատություններ է գրել Բենվենուտո Չելլինիի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Կալլոյի, Ալբրեխտ Դյուրերի, Ռեմբրանդտի, Տիեպոլոյի մասին։ Հետագայում Ֆոսիյոնը իր ուշադրությունը բևեռում է Արևելքի արվեստին («Հոկուսայ», 1914, «Բուդդհայական արվեստ», 1921)։ Նրան հատկապես հետաքրքրում են արևելյան և արևմտյան արվեստների կապերը։ Այս բոլոր աշխատությունները, որոնց կոնցեպտուալ հիմնավորումը պետք է դառնար «Ձևերի կյանքը», կազմում են միաձույլ և ամբողջական տեսություն։
1918-ին Ֆոսիյոնը Փարիզի համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը Պիրանզիի մասին, որը տպագրվել է նույն թվականին, 1930-ին՝ «Էստամպի վերպետները» աշխատությունները։ 1924-ին ստանում է պրոֆեսորի կոչում և դասավանդում Սորբոնի համալսարանում միջնադարյան հնագիտություն՝ ստանձնելով նախկինում Էմիլ Մալի ղեկավարած այդ հռչակավոր ամբիոնը։ 1925-ին դառնում է նույն համալսարանի նորաստեղծ Միջին դարերի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ կրթում է ֆրանսիացի գիտնականների մի ամբողջ սերունդ։
1931-ին Ֆոսիյոնը Պոլ Վալերիի հետ ներկայացնում է Ֆրանսիան Ազգերի Լիգայի գրականության և արվեստի մշտական կոմիտեում։ 1938-ին նա որպես արվեստի պատմության պրոֆեսոր դասավանդում է նաև Կոլլեժ դը Ֆրանսում։ Լույս է տեսնում Ֆոսիյոնի թերևս ամենահայտնի գիրքը՝ «Արևմուտքի արվեստը» (1937), որում հեղինակը հետազոտում է ռոմանական և գոթական ոճերի զարգացման պատմությունը։ Այս ծավալուն աշխատությունների հետ մեկտեղ Ֆոսիյոնը գրում է նաև բազմաթիվ հոդվածներ, գրախոսականներ, քննադատություններ արվեստի և գրականության ամենատարբեր հարցերի շուրջ։ 1938-ի հոկտեմբերին նա տեղափոխվի է Յեյլի համալսարան (Նյու Հեյվեն)։ 1940-ին դառնում է Վաշինգտոնի Դումբարտոն Օուքս հետազոտական կենտրոնի առաջին թղթակից անդամ գիտնականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտում է Ֆրանսիա վերադառնալուն, և նա մնում է ԱՄՆ-ում, որը դառնում է Ֆոսիյոնի երկրորդ հայրենիքը։ Այստեղ էլ կնքում է մահկանացուն։[6]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://data.bnf.fr/ark:/12148/cb11902990m
- ↑ 2,0 2,1 RKDartists
- ↑ 3,0 3,1 SNAC
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Անրի Ֆոսիյոն (1999)։ Ձևերի կյանքը, Գովք ձեռքին։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ VI-IX
|