Պիեռո դելլա Ֆրանչեսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիեռո դելլա Ֆրանչեսկա
իտալ.՝ Piero Della Francesca
Delle vite de' più eccellenti pittori, scultori, et architetti (1648) (14799608033).jpg
Ծնվել է1415[1] կամ 1416
ԾննդավայրՍանսեպոլկրո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1492[2][3]
Մահվան վայրՍանսեպոլկրո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[2]
Մասնագիտություննկարիչ և մաթեմատիկոս
ՈճՎաղ Վերածնունդ
Թեմաներերկրաչափություն
Ուշագրավ աշխատանքներMadonna di Senigallia, Քրիոստոսի հարությունը և Madonna del Parto
ՈւսուցիչԱնտոնիո դի Անքիարի
ԱշակերտներԼուկա Սինյորելլի[4][5]
Piero della Francesca Վիքիպահեստում

Պիեռո դելլա Ֆրանչեսկա, (իտալ.՝ Piero della Francesca, մոտ 1420-1492), իտալացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1439 թվականին աշխատել է Դոմենիկո Վենեցիանոյի արվեստանոցում։ Կրել է Մազաչչոյի, Ֆ․ Բրունելեսկիի, ինչպես և նիդերլանդական արվեստի ազդեցությունը։ Աշխատել է Ֆեռարայում (մոտ 1448-1450), Ռիմինիում (1451 և 1482), Հռոմում (1459), Արեցցոյում (մինչև 1466), սակայն հիմնականում՝ Սան Սեպոլկրոյում և Ուրբինոյում։ Արդեն 1450-ական թվականների աշխատանքներում ի հայտ են եկել Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստի հիմնական գծերը՝ կերպարների վեհությունը, ձևերի ծավալայնությունը, գունապատկերի թափանցիկությունը, տարածությունը հեռանկարչորեն կառուցելու հետևողականությունը («Քրիստոսի մկրտությունը», 1450-1455, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Մադոննա դելլա Միզերիկորդիա», մոտ 1450—1462, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ 1452-1466-ին Պիեռո դելլա Ֆրանչեսկան Արեցցոյի Սան Ֆրանչեսկո եկեղեցում ստեղծել է «կենարար խաչափայտի» լեգենդի թեմայով որմնանկարների շարք։ Այդ որմնանկարներն ունեն բաց վարդագույնի, մանուշակագույնի, կարմրի և կապույտի նրբագույն երանգներ, ընդհանրացնելով մարմինների ծավալաձևերը, պատի հարթության վրա զուգահեռաբար ծավալելով ռիթմիկ կոմպոզիցիան՝ Պիեռո դելլա Ֆրանչեսկան հասել է գործողության հանդիսավորության։ Այս հատկանիշներն առավել ցայտուն են դարձել «Քրիստոսի հարությունը» որմնանկարում (մոտ 1463, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ Մոտ 1465 թվականին Պիեռո դելլա Ֆրանչեսկան ստեղծել է քանդակային բնութագրումներով աչքի ընկնող Ուրբինոյի դուքս Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի և նրա կնոջ՝ Բատիստա Սֆորցայի դիմանկարները (Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), որոնք առանձնանում են լույսով և օդով հագեցած համայնապատկերային ֆոնով։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի ուշ շրջանի գործերում («Ծնունդ», մոտ 1475, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) լուսաստվերը ավելի մեղմ է դարձել, հորինվածքի կառուցվածքում առավել նշանակություն է ձեռք բերել ցրված արծաթագույն լույսը։ Կյանքի վերջին տարիներին գրել է գիտական երկու տրակտատ՝ «Հեռանկարը գեղանկարչությունում» և «Գրքույկ հինգ կանոնավոր մարմինների մասին»։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստը Միջին և Հյուսիսային Իտալիայի գեղանկարչությունում արմատավորել է Վերածննդի սկզբունքները, ազդել վենետիկյան և ֆլորենցիական դպրոցների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 291 CC-BY-SA-icon-80x15.png