Քնած Վեներան, հայտնի է նաև որպես Դրեզդենի Վեներա, իտալական վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ Ջորջոնեին վերագրվող կտավ, չնայած երկար ժամանակ համարվում էր, որ այն ավարտել է Տիցիանը Ջորջոնեի մահից հետո 1510 թվականին։ Կտավի լանդշաֆտն ու երկինքը վերագրվում են նրան[3]։ 21-րդ դարում ուսումնասիրողները կարծիք են հայտնում, որ Վեներայի մերկ կերպարը ևս նկարված է Տիցիանի կողմից, ինչն անորոշ է թողնում Ջորջոնեի մասնակցությունը կտավին[4]։ Պահվում է Դրեզդենի պատկերասրահում։
Կտավը Ջորջոնեի վերջին աշխատանքներից մեկն է (եթե այն առհասարակ Ջորջոնեի աշխատանքն է). պատկերում է մերկ կնոջ, ում պրոֆիլն ասես անդրադարձնում է հետին պլանում պատկերված բլուրների գծերը։ Այն արևմտյան նկարչության մեջ առաջին հայտնի պառկած մերկ կերպարն է և «Հովվերգական համերգի» (պահվում է Լուվրում) հետ համարվում է Ջորջոնեի ու Տիցիանի հեղինակային վեճի առարկա հանդիսացող կտավներից մեկը[5]։ Այն համարվում է «էրոտիկ դիցաբանական հովվերգության» օրինակ[6]։ Մերկ կինը ցանկացած դիրքում անսովոր պատկեր էր այդ ժամանակվա նկարչության համար, չնայած դարեր անց այն տարածված է դարձել, երբ «պառկած մերկ կինը դարձել է Վենետիկյան նկարչության բնորոշ գծերից մեկը»[7]
Ի սկզբանե կտավի վրա, Վեներայի ոտնաթաթին պատկերված է եղել նստած Կուպիդոնը, որը, սակայն, ջնջվել է նկարի վրայից 19-րդ դարում[8]։ Դարերի ընթացքում փոփոխվել է նաև կտավի լանդշաֆտը։
Ըստ տարածված տարբերակի` կտավը Ջորջոնեի մահից առաջ դեռևս ավարտված չի եղել։ Լանդշաֆտն ու երկինքը հետագայում ավարտին են հասցվել Տիցիանի կողմից, ով 1534 թվականին նկարել է նմանատիպ Ուրբինյան Վեներան և մի քանի այլ պառկած մերկ կանացի կերպարներ։ Հետագայում Տիցիանի կողմից օգտագործված կտավի այլ տարրերից են ձախ կողմում պատկերված լեռները, որոնք կրկնվում են «Գնչուհի Մադոննա» (1511, Վիենա) կտավում և աջ կողմի շինությունը, որը երևում է Noli me tangere կտավում (1514, Ազգային պատկերասրահ)[9]։
Կտավը միշտ նույնականացվում է Կուպիդոնի պատկերով կտավի հետ և Մարկանտոնիա Միշիելի կողմից համարվում է Գիրոլամո Մարսելլոյի հավաքածուի մաս։ Մ. Միշիելը արվեստի սիրահար վենետիկցի էր, որ հուշեր է թողել 1521-1543 թվականներին իր կողմից դիտված կտավների մասին։ Նա գրել է, որ կտավը Ջորջոնեինն է, սակայն լանդշաֆտը պատկերվել է Տիցիանի կողմից։ Մարսելլոյի մոտ պահվող կտավի վրա պատկերված Կուպիդոնը նկարագրված է թռչունը ձեռքին, իսկ Դրեզդենի պատկերասրահում պահվող կտավը ռենտգենյան ճառագայթների տակ ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ նա ձգում է իր աղեղը, հնարավոր է` դիտորդի ուղղությամբ, սակայն նրա ճշգրիտ դիրքը դժվար է որոշել։ Հնարավոր է` Մարսելլոյի կտավն ու Դրեզդենում պահվողը նույնը չեն, հնարավոր է` ստույգ չէ Միշիելի տված տեղեկատվությունը կտավի հեղինակի վերաբերյալ[10]։
Մարսելլոն ամուսնացել է 1507 թվականին և ենթադրվում է, որ նա պատվիրել է այս կտավն ի պատիվ իր ամուսնության։ Ուրբինյան Վեներա կտավը ևս ենթադրաբար նվիրված է եղել հարսանիքի[11]։
Կտավը ֆրանսիացի միջնորդից գնվել է 1695 թվականին որպես Ջորջոնեի կտավ, սակայն 1722 թվականին կատալոգում ներկայացվել է որպես «Տիցիանի պառկած Վեներայի հայտնի կտավ»։ 19-րդ դարում համարվում էր, որ այն կրկնօրինակվել է Տիցիանից։ Նկարը տեղափոխվել է նոր կտավի վրա ենթադրաբար 19-րդ դարում, և ներքևի շերտի ցանկացած պատկեր անհետացել է[12]։
Կտավի վերաբերյալ էրոտիկ բնութագրումների առիթ են տալիս Վեներայի բարձրացված թևն ու աճուկին դրված ձախ ձեռքը։ Սավանները պատկերված են արծաթագույն, ինչն ավելի սառը գույն է` համեմատած սովորաբար անկողինը պատկերող մյուս տաք գույներին։ Շրջակա միջավայրն ասես կրկնում է կնոջ մարմնի կորություններն ու իր հերթին ցույց է տալիս մարդու մարմնի` բնության մի մասը լինելը։
Բնորդի դիրքը նմանեցվում է 1499 թվականի փայտե փորագություններից մեկի բնորդի դիրքին[13], սակայն այս չափսի մերկ մարմինն առաջին անգամ էր պատկերվում արևմտյան նկարչության մեջ։ Չնայած կանացի մերկ կերպարների շատ պահպանված օրինակներ կան, սակայն այս կտավի կինն առավել մոտ է Բոտիչելլիի երկու` Վեներայի ծնունդը և Վեներայի թագավորությունը կտավներին։ Բնության և գեղեցկության հանդեպ ուշադիր վերաբերմունքը հատուկ են Ջորջոնեին։
Այս կտավը մեծապես ազդել է այլ նկարիչների վրա, չնայած որ երկար դարեր նման պատկերները դատապարտվել են։ Կտավը մեծապես ազդել է Տիցիանի Ուրբինյան Վեներա, ՎելասկեսիՀայելիով Վեներան, ԳոյայիՄերկ Մախա, ՄանեիՕլիմպիա կտավների, Էնգրի ու Ռուբենսի տարբեր աշխատանքների վրա։
Վեներայի պատկերումը արևմտյան արվեստում (1520–1900)