Տասներկուերորդ գիշեր
Տասներկուերորդ գիշեր անգլ.՝ Twelfth Night, or What You Will | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Տեսակ | պիես |
Ժանր | Կատակերգություն |
Կազմված է | O Mistress Mine? |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Կերպար(ներ) | Feste?, Viola?, Sebastian?, Orsino?, Olivia?, Malvolio?, Maria?, Toby Belch? և Andrew Aguecheek? |
Ստեղծման տարեթիվ | 1600-1601 (?) |
Հրատարակման տարեթիվ | 1623 |
Պարգև(ներ) | Լոուրենս Օլիվյեի պարգև |
Twelfth Night Վիքիպահեստում |
«Տասներկուերորդ գիշեր» (անգլ.՝ Twelfth Night, or What You Will[1]), պիես, կատակերգություն, որի հեղինակն է Ուիլյամ Շեքսպիրը: Ունի հինգ գործողություն, անվանվել է տասներկուերորդ գիշերվա տոնի պատվին, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան ժամանակ:
Առաջին բեմականացումը տեղի է ունեցել 1602 թվականի փետրվարի 2-ին Միդլ Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում, Լոնդոնում:
Թվագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրաբար, Շեքսպիրը պիեսը ավարտել է 1600-ից 1601 թվականներին: Տղամարդու գլխավոր կերպարը՝ Օրսինոն, հավանաբար ստեղծվել է դուքս Բրաչիանսկի խորհրդով՝ իտալացի արիստոկրատ, ով այցելել էր Լոնդոն 1600-1601 թվականների ձմռանը:
Պիեսը առաջին անգամ տպագրվել է 1623 թվականին:
Հերոսների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Վիոլա, Սեբաստիանի երկվորյակ քույրը: Նաև Ցեզարիո
- Օրսինո, Իլիրիայի դուքսը
- Օլիվիա, կոմսուհի
- Սեբաստիան, Վիոլայի եղբայրը
- Մարիա, Օլիվիայի աղախինը
- Սըր Թոբի Բելչ, Օլիվիայի հորեղբայրը
- Սըր էնդրյու Էգյուչիկ, Սըր Թոբիի ընկերը
- Մալվոլիո, Օլիվիայի կառավարիչը
- Դեստե, ծաղրածու
- Ֆաբիան, Օլիվիայի ծառան
- Անտոնիո, կապիտան, Սեբաստիանի ընկերը
- Նավապետ, Վիոլայի ընկերը
- Վալենտին և Կուրիո, ազնվականներ
- Քահանա
- Երաժիշտներ, լորդեր, նավաստիներ, և այլն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատակերգության գործողոթյունները տեղի են ունենում մտացածին երկրում՝ Իլիրիայում: Իլիրիայի դուքս Օրսինոն սիրահարված է կոմսուհի Օլիվիային, ով սգի մեջ է եղբոր և հոր մահից հետո և անգամ չի ընդունում դքսի դեսպաններին: Այդ անտարբերությունը ավելի է գրգռում դքսին: Օրսինոն ծառայության է ընդունում երիտասարդ Ցեզարիոյին: Վերջինիս ուղարկում է կոմսուհու մոտ իր սիրո մասին պատմելու: Իրականում Ցեզարիոն աղջիկ է: Նրա անունը Վիոլա է: Նա իր երկվորյակ եղբոր՝ Սեբաստիանի հետ ճամփորդելիս նավաբեկության արդյուքում հայտնվել է Իլիրիայում և հույս ունի, որ եղբայրը նույնպես փրկվել է: Նա տղայի հանդերձանքով ծառայության է անցնում դքսի մոտ, որին իսկույն սիրահարվում է:
Կոմսուհու երկարատև սուգը նրա հորեղբայր Թոբի Բելչի սրտով չէ: Թոբին գինեմոլ է ու զվարճասեր: Կոմսուհի Օլիվիայի սենեկապետուհին հայտնում է Թոբիին, որ իր տիրուհին դժգոհ է հորեղբոր և նրա բարեկամ Էնդրյու Էգյուչիկի անվերջ խնջույքներից: Էնդյուն, իմանալով դա, ուզում է հեռանալ, սակայն Թոբին համոզում է նրան մնալ ևս մեկ ամիս: Կոմսուհուն այցելում է Վիոլան, սակայն չի կարողանում կատարել իր առաքելությունը: Կոմսուհին չի սիրում դուքսին: Կոմսուհու ուշադրության կենտրոնում է հենց ինքը՝ Վիոլան: Օլիվիան հավանում է «տղային» և սկսում է համոզել իրենից որպես նվեր ընդունել մատանի:
Վիոլայի եղբայրը հայտնվում է Իլիրիայում իր կյանքը փրկած նավապետ Անտոնիոյի հետ: Կարծում է, թե քույրը մահացել է: Նավապետը գաղտնի ուղեկցում է երիտասարդին, որը որոշել է մնալ Իլիրիայում և բախտ որոնել դուքսի մերձավորությամբ: Օլիվիայի տանը սըր Թոբին և սըր Էնդրյուն գինի են խմում և երգեր են երգում: Մարիան զուր փորձում է նրանց հանգստացնել: Գալիս է ծառայապետ Մալվոլիոն, ով մանրախնդիր ու տհաճ անձնավորություն է: Չկարողանալով կարգի բերել հարբեցողներին՝ հեռանում է: Մարիան ասում է, որ հաճույքով չար կատակ կխաղար այդ «ավանակի» գլխին: Պատրաստվում է սիրային նամակ գրել նրան Օլիվիայի անունից:
Դուքսի պալատում ծաղրածուն փորձում է ուրախացնել իր տիրոջը: Օրսինոն շարունակում է կոմսուհու սիրտը գրավելու ծրագրեր մշակել: Համոզում է Վիոլային նորից գնալ կոմսուհու մոտ: Վիոլան ասում է, որ ինչ-որ մեկը կարող է սիրահարված լինել դուքսին, ինչպես որ դուքսը կոմսուհուն՝ ակնարկելով իրեն: Օրսինոն հայտարարում է, որ կնոջ կուրծքը չի կարող կրել իր տածած զգացմունքը:
Սըր Թոբին և համախոհները ծիծաղում են՝ լսելով, թե ինչպես է Մալվոլիոն բարձրաձայն խորհրդածում իր տիրուհու հետ ամուսնության մասին: Գտնելով Մարիայի կեղծ նամակը՝ նա անմիջապես եզրակացնում է, որ ընտրյալը, ում հասցեագրված է այն, ինքն է: Որոշում է անշեղորեն հետևել նամակում տրված խորհուրդներին, որոնք հորինել է Մարիան՝ Մալվոլիոյին հնարավորինս ավելի ծիծաղելի կացության մեջ դնելու համար:
Օլիվիայի այգում Վիոլան և Ֆեստեն սրամտություններ են փոխանակում: Այնուհետև Վիոլան զրուցում է Օլիվիայի հետ: Սըր Էնդրյուն վիրավորված է նրանից, որ իր ներկայությամբ կոմսուհին հաճոյախոսում է դուքսի ծառայի հետ, և սըր Թոբին խորհուրդ է տալիս նրան մենամարտի կանչել ծառային:
Անտոնիոն փողոցում հանդիպում է Սեբաստիանին և բացատրում է, որ չի կարող ուղեկցել նրան, քանի որ նա ժամանակին ծովում կռվել է դուքսի նավատորմի դեմ և նրան կարող են ճանաչել: Պայմանավորվում են հանդիպել մի ժամից հյուրանոցում: Անտոնիոն տալիս է ընկերոջը իր քսակը: Մալվոլիոն մեջբերում է Օլիվիային տողեր իբրև թե նրա նամակից: Օլիվիային թվում է, թե ծառայապետը խելագարվել է: Սըր Թոբին հանձնարարում է Մալվոլիոյին կարգի բերել գործը, և հորեղբայրը փակում է ծառայապետին նկուղում: Հետո մենամարտի է գրգռում սըր Էնդրյուին և «Ցեզարիոյին»: Մենամարտին է խառնվում մոտերքով անցնող Անտոնիոն: Կարծելով, թե Վիոլան Սեբաստիանն է, փրկում է նրան և կռվի է բռնվում սըր Թոբիի հետ, որը բարկանում է, որ իր կատակը չստացվեց: Վրա հասած ոստիկանները ձերբակալում են Անտոնիոյին: Անտոնիոն, որը կարծում է, թե Վիոլան Սեբաստիանն է, ետ է խնդրում իր քսակը, որը հիմա նրան պետք կգա: Նավապետին, որը զայրանում է, որ Վիոլա-Սեբաստիանը իրեն չի ճանաչում, տանում են: Վիոլան հասկանում է, որ եղբայրը ողջ է, անչափ ուրախանում է: Փողոցում սըր Էնդրյուն, տեսնելով իր հակառակորդին, որի հետ մենամարտն ընդհատվեց, մոտենում և ապտակում է նրան: Բայց դա ոչ թե Վիոլան է, այլ Սեբաստիանը: Սըր Էնդրյուն ծեծվում է: Սըր Թոբին ուզում է պաշտպանել նրան, բայց Սեբաստիանը մերկացնում է սուրը: Վրա հասած Օլիվիան ընդհատում է կռիվը և հեռացնում է հորեղբորը: Օլիվիան տուն է տանում Սեբաստիանին և կարծելով, թե դա «Ցեզարիոն» է, առաջարկում է ամուսնանալ: Ապշած երիտասարդը համաձայնում է: Օլիվիան առաջին իսկ հայացքից գերում է նրա սիրտը: Ուզում է խորհրդակցել Անտոնիոյի հետ, բայց սա անհետացել է: Այդ ընթացքում ծաղրածուն, խղճալով նկուղում փակված Մալվոլիոյին, նրան մոմ և գրելու պիտույքներ է բերում:
Օլիվիայի տան առաջ դուքսը և Վիոլան սպասում են կոմսուհուն: Ոստիկանները բերում են Անտոնիոյին, որին Վիոլան կոչում է փրկիչ, իսկ Օրսինոյին՝ հանրաճանաչ ծովահեն: Անտոնիոն մեղադրում է Վիոլային անշնորհակալության և երեսպաշտության մեջ: Տանից դուրս է գալիս Օլիվիան: Նա մերժում է դուքսին, իսկ «Ցեզարիոյին» մեղադրում է անհավատարմության մեջ: Քահանան հաստատում է, որ երկու ժամ առաջ ամուսնացրել է կոմսուհուն դուքսի դեսպանի հետ: Օրսինոն ցնցված է: Ի զուր է Վիոլան ասում, որ նա դարձել է իր կյանքի լույսը: Այգուց դուրս են գալիս ծեծված սըր Թոբին և սըր Էնդրյուն ու բողոքում են Ցեզարիոյից: Նրանց ետևից գալիս է Սեբաստիանը: Սեբաստիանը տեսնում է Անտոնիոյին և նետվում է նրա մոտ: Նավապետը և դուքսը ցնցված են երկվորյակների նմանությամբ: Ոչինչ չեն հասկանում: Քույր և եղբայր ճանաչում են իրար: Օրսինոն, հասկանալով, որ «Ցեզարիոն» իրականում իրեն սիրահարված աղջիկ է, լիովին հաշտվում է Օլիվիայի կորստի մտքի հետ, որին հիմա համաձայն է քույր կոչել: Չի համբերում Վիոլային աղջկա հանդերձանքով տեսնել: Ծաղրածուն բերում է Մալվոլիոյի նամակը: Ծառայապետի տարօրինակությունները ստանում են իրենց բացատրությունը: Սակայն Մարիան չի պատժվում: Նա հիմա լեդի է, քանի որ ամուսնանում է սըր Թոբիի հետ: Վիրավորված Մալվոլիոն հեռանում է կոմսուհուց: Դուքսը հրամայում է հասնել նրա ետևից և ետ վերադարձնել: Պիեսն ավարտվում է Ֆեստեի երգած ծաղրական-մելամաղձոտ երգով:
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Երկիր | Անվանում | Ռեժիսոր | Վիոլա / Սեբաստիան | Օրսինո | Օլիվիա | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
1955 | ![]() |
Տասներկուերորդ գիշեր | Յան Ֆրիդ | Կլարա Լուչկու | Վադիմ Մեդվեդև | Ալլա Լարիոնովա | Առաջին էկրանավորումն է ԽՍՀՄ-ում |
1978 | ![]() |
Տասներկուերորդ գիշեր | Պիտեր Ջեյմս Օլեգ Տաբակով Վիկտոր Խրամով |
Մարինա Նեյոլովա | Յուրի Բոգատիրյով | Անաստասիա Վերտինսկայա | Ֆիլմ-բեմադրություն |
1980 | ![]() |
Տասներկուերորդ գիշեր | Ջոն Գորրի | Ֆելիսիտի Քենդալ / Մայքլ Թոմաս | Քլայվ Առինդել | Շինեյդ Կյուսակ | |
1996 | ![]() ![]() ![]() |
Տասներկուերորդ գիշեր (անգլ.՝ «Twelfth Night: Or What You Will») | Թրևոր Նան | Իմոջեն Սթաբս / Սթիվեն Մակինտոշ | Թոբի Սթիվենս | Հելենա Բոնեմ Քարթեր | Ֆիլմի գործողությունները տեղափոխվել են XX դարի սկիզբ |
2006 | ![]() |
Նա տղամարդ է (անգլ.՝ «She's the Man») | Էնդի Ֆիքմեն | Ամանդա Բայնս | Չենինգ Թաթում (Դյուկ Օրսինո) | Լաուրա Ռեմսի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Use of spelling, capitalization, and punctuation in the First Folio:"Twelfe Night, Or what you will"
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Горнфельдъ А. Г. Двѣнадцатая ночь или Какъ вамъ угодно // Шекспир В. Полное собрание сочинений / Библиотека великих писателей под ред. С. А. Венгерова. СПб.: Брокгауз-Ефрон, 1903. Т. 2. С. 498—508.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|