Սովորական տատրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովորական տատրակ
Սովորական տատրակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Աղավնիներ
Լատիներեն անվանում
Streptopella turtur
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Սովորական տատրակ (լատ.՝ Streptopella turtur), աղավնիների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 47-53 սմ, կենդանի զանգվածը՝ 110-130 գ։ Հասունի փետրածածկը վերևից դարչնանարնջագույն է, փետուրների կենտրոնները՝ սև, թևի միջնամասը՝ մոխրակապույտ։ Վիզը և կուրծքը վարդագույն են՝ բաց մանուշակագույն երանգով։ Վզի կողքերին կան սև ու սպիտակ զոլավոր հատվածներ։ Պոչը սև է՝ երիզված սպիտակ շերտով։ Աչքերը կարմիր են, ակնօղակը՝ կարմրավուն։ Երիտասարդն ավելի խամրած է, իսկ վզի բծերը բացակայում են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքն արագ է, ճարպիկ, մեղմ ծափաթափահարումներով։ Թռչում կամ վայրէջք է կատարում՝ պոչը հովհարանման բացած, թևերի հաճախակի կարճ թափահարումներով։ Բնակվում է նոսրանտառներում, այգիներում և այլն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է հիմնականում սերմերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Բնադրում է ծառերի ճյուղերին, հաճախ՝ նաև բնակավայրերի ծայրամասերի ջրափնյա ուռուտներում։ Բույնը անփույթ (տրամագիծը՝ 12-20 սմ), նոսր հարթակ է՝ ճյուղերից։ Դնում է 30 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր (անազատ պայմաններում՝ 16-17 օր)։ 20-22 օրական ձագերը վստահ տիրապետում են թռիչքին և թողնելով բույնը, կազմում են երիտասարդ թռչունների ոչ մեծ խմբեր, այցելում ցանքատարածություններ։ Հաճախ հանդիպում են նաև փոքրիկ խմբերով (3-4 և ավելի թռչուն)՝ էլեկտրական լարերին նստած։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկիզբը։ Համարվում է սիրողական որսորդության թռչուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png