Պրեռաֆայելիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրեռաֆայելիտներ (լատ.՝ prae - նախա և Ռաֆայել), նախառաֆայելականներ, 19-րդ դարի 2-րդ կեսի անգլիացի նկարիչներ և գրողներ, որոնց նպատակն էր վերածնել միջին դարերի և Վաղ Վերածննդի («մինչև Ռաֆայելը») արվեստի «անկեղծությունն» ու «միամիտ կրոնականությունը»։

«Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre-Raphaelite Brotherhood) 1848 թվականին հիմնադրել են բանաստեղծ և գեղանկարիչ Դ․ Գ․ Ռոսսետտին, գեղանկարիչներ Զ․ Է․ Միլլեսը և Հ․ Հանտը, որոնք կրել են Ֆ․ Մ․ Բրաունի (նրա միջոցով գերմ․ նազովրեցիների) ազդեցությունը, վայելել Զ․ Ռասկինի աջակցությունը։

Հանդես գալով բուրժ․ մշակույթի ռոմանտիկ, քննադատությամբ՝ Պրեռաֆայելիտների սառը ակադեմիզմին (որի արմատները տեսնում էին Բարձր Վերածննդի արվեստում) հակադրել են նոր ժամանակների Դ․ Դ․ Ռոսսևտտի․ «Դանթեի երազը» (1870-1871, Ուոկերի պատկերասրահ, Լիվերպուլ) գեղագիտության կողմից մերժված, այսպես կոչված՝ «սրբազան հուրը», «կենդանի հավատը»։

Միջին դարերի ոչ պատմական ջատագովությունը և սրա հետ կապված ժամանակակից կյանքի էսթետիգացիայի պահանջը Պրեռաֆայելիտներին հանգեցրել է ստեղծագործության մեջ ոճավորման և չափազանցված դեկորատիվության գերակշռության։

Պրեռաֆայելիտների պոեզիան (մասնավորապես Ռոսետտիի) աչքի է ընկնում գեղեցկի նկատմամբ զգայական վերաբերմունքով (որով բանաստեղծներ Ա․ Թեննիսոնը և Ռ․ Բրաունինգը, իսկ հետագայում՝ Ա․ Չ․ Սուինբեռնը մերձենում են Պրեռաֆայելիտներին) և միջնադարյան իտալական գրականությամբ պայմանավորված սիրո սպիրիտուալիստական պաշտամունքով։

«Եղբայրության» կազմալուծումից (1853) հետո, Պրեռաֆայելիտների շարժման նոր վերելքը սկսվել է 1850-ական թվականների վերջից, երբ Ռոսսետտիի շուրջ թարմ ուժեր են համախմբվել (նկարիչներ Ու․ Մոռիս, է․ Բյոռն-Ջոնս, Ու․ Կրեյն, Զ․ Ֆ․ Ուոտս և ուրիշներ)։ Պրեռաֆայելիտների գեղանկարչության կերպարային կառուցվածքը դարձել է բարդ միստիկական, զարդապատկերով պաճուճված (Ռոսսետտի, Բյոռն-Ջոնս)։ Առավել լայն գործունեություն է ծավալել համոզված սոցիալիստ Մոռիսը, որը, հակադրվելով մեքենայական անդեմությանը, ձգտել է վերականգնել ձեռքի «ոգեշունչ» արտադրությունը, գեղեցկացնել առօրյա կենցաղը։ Անգլիական դեկորատիվ-կիրառական արվեստը վերածնելու նպատակով նա իր շուրջն է միավորել բազմաթիվ արվեստագետների (դրանց թվում՝ Ֆ․ Մ․ Բրաունին, Ա․ Հյուգսին, ճարտ. Ֆ․ Ուեբբին)։

Պրեռաֆայելիտների գաղափարներն ու կենսափորձը գրականության մեջ (Ու․ Պատեր, Օ․ Ուայլդ) մեծապես ազդել են «դարավերջի» սիմվոլիզմի և էսթետիզմի զարգացման վրա, կերպարվեստում (Օ․ Բյորդսլի և ուրիշներ) ու դեկորատիվ արվեստում նպաստել «մոդեռն» ոճի հաստատմանը, դրվել սոցիալական պրոցեսում արվեստի «կենսաշինարար» ակտիվ դերի մասին տեսության հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 425 CC-BY-SA-icon-80x15.png